ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԳՆԱՃԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց․ «Հայաստանում գնաճը 2.6% է, բայց դուք ամեն ինչ համեմատության դաշտում նայեք։ Տարածաշրջանի երկրներում գնաճը տատանվում է 6.8-7.6% շրջանակներում»[1]։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պնդումներում ԴԵՏԵԿՏՈՐԸ հայտնաբերել է որոշակի մանիպուլյացիոն տարրեր։ Մի կողմից, հնչեցնելով իրականությանը համապատասխանող հայտարարություն, թե տարածաշրջանում՝ Վրաստանում և Ադրբեջանում գնաճի մակարդակն ավելի բարձր է Հայաստանի հետ համեմատ, մյուս կողմից, չշեշտելով աշխատավարձերի աճի տարբերությունը վերոհիշյալ երկրների և Հայաստանի միջև, փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ գների բարձրացման հետևանքները Հայաստանում շատ ավելի մեղմ են, քան հարեւան երկրներում, ակնարկելով, որ դա ՀՀ կառավարության արդյունավետ գործունեության շնորհիվ է։
Մեր հիմնավորումները
Հաշվի առնելով, որ Ադրբեջանը հանդիսանում է նավթային երկիր, իսկ 2017 թվականի ողջ ընթացքում նավթի համաշխարհային գների բարձրացում է տեղի ունեցել՝ Ադրբեջանում առկա գնաճային գործընթացները համադրելի չեն էներգակիր ռեսուրսներ ներկրող Վրաստանի և Հայաստանի գնաճային գործընթացների հետ։ Ի գիտություն ընդունելով վերոհիշյալը՝ ճիշտ ենք համարում անդրադառնալ հայտատարության մեջ նշված միայն Վրաստան-Հայաստան գնաճային համեմատականին։ Ըստ Վրաստանի Ազգային Վիճակագրական ծառայության տվյալների՝ 2017 թ․ դեկտեմբերին գնաճը կազմել է 6.7%[2] նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ։ Գնաճի հիմնական աղբյուրներն են՝ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գների 17.5 բարձրացումը, տրանսպորտային ծառայությունների գների 14.9% բարձրացումը, ինչպես նաև, պարենային ապրանքների գների 7.3% բարձրացումը[3]։ Մյուս կողմից, ըստ Հայաստանի Ազգային Վիճակագրական ծառայության տվյալների՝ 2017 թ․ դեկտեմբերին գնաճը կազմել է 2.6%[4] նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ։ Գնաճի հիմնական աղբյուրներն են՝ պարենային ապրանքների գների 5.5% բարձրացումը, տրանսպորտային ծառայությունների գների 5.2% բարձրացումը, ինչպես նաև, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գների 4% բարձրացումը[5]: Այսպես, եթե Հայաստանում գնաճի բարձր ցուցանիշը ձևավավորվել է հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացմամբ, ապա Վրաստանում բարձր ցուցանիշը ապահովվել է հիմնականում երկրորդական անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման հետևանքով։ Այսպես, հղում անելով 2017թ․ դեկտեմբերին դրամ/լարի փոխարժեքին[6] և, օգտագործելով համապատասխան վիճակագրական տվյալները, ստորև բերված աղյուսակում ներկայացնում ենք մի շարք հիմնական ապրանքների գները Հայաստանում և Վրաստանում․
Աղյուսակ 1. Միջին գների համեմատական Հայաստանում և Վրաստանում |
|||
Ապրանք |
Վրաստան |
Հայաստան |
|
Բրինձ, 1 կգ․ |
645 |
350 |
|
Հնդկացորեն, 1 կգ․ |
455 |
540 |
|
Շիլաներ նախաճաշի համար, 1 կգ․ |
1080 |
1270 |
|
Հաց, 1 հատ |
180 |
200 |
|
Մակարոնեղեն, 1 տուփ |
295 |
550 |
|
Ալյուր, 1 կգ․ |
390 |
540 |
|
Խոզի միս, 1 կգ․ |
2520 |
4200 |
|
Հավի պաղեցրած միս, 1 կգ․ |
1530 |
1570 |
|
Կաթ, 1 լ․ |
680 |
430 |
|
Յոգուրտ, 1 հատ |
190 |
170 |
|
Պանիր, 1 կգ․ |
1330 |
1350 |
|
Ձու, 12 հատ |
660 |
840 |
|
Կարագ, 1 հատ |
690 |
1100 |
|
Արևածաղկի յուղ, 1 շիշ |
770 |
790 |
|
Կարտոֆիլ, 1 կգ․ |
100 |
130 |
|
Շաքար, 1 կգ․ |
340 |
690 |
|
Սուրճ, 1 հատ |
820 |
790 |
|
Հանքային ջուր, 1 շիշ |
100 |
150 |
|
Գինի, 1 շիշ |
2850 |
2550 |
|
Ընդհանուր |
15 625 |
18 210 |
|
Այսպիսով, վերոհիշյալ ապրանքատեսակների համար Վրաստանում ծախսվում է 15 625 դրամ, իսկ Հայաստանում՝ 18 210։ Միայն բացարձակ մեծությունների հիման վրա եզրահանգումներ անելուց խուսափելու համար, դիտարկենք ծախսերի միջին անվանական աշխատավարձի տեսանկյունից։ Հայաստանում միջին անվանական աշխատավարձը 2017թ․ երրորդ եռամսյակի ավարտին կազմել է 191.000 դրամ[7], մինչդեռ նույն ժամանակահատվածի համար Վրաստանի միջին անվանական աշխատավարձը եղել է 1069 լարի, կամ՝ 209.000 դրամ[8], ինչը 9.4% բարձր է հայաստանյան ցուցանիշից։ Այսպիսով, հիմք ընդունելով աղյուսակ 1-ի տվյալները, կարելի է փաստել, որ Վրաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների համար ծախսվող գումարը կազմում է վաստակած միջին աշխատավարձի 7.4%, միչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 9.5%:
Վերոհիշյալ նկատառումներից ելնելով, ԴԵՏԵԿՏՈՐԸ հերթական անգամ արձանագրում է, որ սոցիալ-տնտեսական բնույթի հարցերի շուրջ ՀՀ իշխանությունների հրապարակային ելույթներում բացարձակ կարեւորություն է տրվում առանձին վերցրած մեկ դատողությանը, որը համատեքստից դուրս արժեք չունի, բայց վերացական առումով տրամաբանական է թվում (տվյալ դեպքում՝ Վրաստանում գնաճն ավելի բարձր է, քան Հայաստանում), և, ըստ այդմ, անտեսվում են բազմաթիվ հանգամանքներ, այլ փաստեր, որոնք ի զորու են ամբողջապես զրոյացնել ներկայացվող դատողությունը։
Հեղինակ՝ Հովսեփ Պատվականյան
[2] http://www.geostat.ge/index.php?action=page&p_id=128&lang=eng
[3] http://www.geostat.ge/index.php?action=page&p_id=128&lang=eng
[4] http://armstat.am/file/article/sv_12_17a_130.pdf
[5] http://armstat.am/file/article/sv_12_17a_130.pdf
[6] http://rates.am/am/armenian-dram-exchange-rates/banks/non-cash/2017/12/15/13-30
[7] http://armstat.am/am/?nid=12&id=08001
[8] http://www.geostat.ge/index.php?action=page&p_id=149&lang=eng