Սույն թվականի հունիսի 6-ին Թերթ.ամ կայքում հրապարակվեց Հրայր Թովմասյանի հարցազրույցը, որտեղ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահը անդրադառնում է մայիսի 20-ին դատաիրավական համակարգի վերաբերյալ վարչապետ Ն. Փաշինյանի ելույթին և դրան առնչվող իրադարձություններին: Վարչապետի ելույթում նշված դատաիրավական համակարգի փոփոխությունների իրականացման հիմքերով և հնարավորություններով հետաքրքրված քաղաքացիների համար, անշուշտ, կարևոր և սպասված էր ՍԴ նախագահի անդրադարձը, և շատերը ակնկալում էին հայաստանյան համատեքստի մեջ դատաիրավական խնդիրների վերաբերյալ հստակ փաստարկումներ և առաջարկություններ: Փոխարենը՝ Հարցազրույցում կարելի է հանդիպել շահարկման բազմաթիվ հնարքների, իրավական ֆորմալիզմների, խնդիրների կենցաղայնացման, բացասական փորձի շեշտադրման և դրականի սքողման բազմաթիվ դրսևորումների:
Քանի որ Հարցազրույցի տեքստում վերոհիշյալ դրսևորումները բավականին շատ են, ընթերցողին սույն տեքստի մեջ շարունակ վերուվար անելու ծանր գործից ազատելու համար, դրանք ներկայացվում են նախադասությունների և պարբերությունների միջոցով, հետո ի ցույց են դրվում շահարկումները՝ մեջբերելով նաև հարցազրուցավար-լրագրողի հարցերը: Մեր կողմից նման մանրախնդիր մոտեցումը հիմնավորվում է հետևյալ կերպ. հարցազրույց տվողը բարձրաստիճան պաշտոնյա է, ընդ որում, դատաիրավական ոլորտի, ինչը ենթադրում է որոշակի մասնագիտական դիսկուրսին (տվյալ դեպքում՝ իրավական) բնորոշ ձևակերպումների հստակություն, միանշանակություն և հետևողականություն: Մյուս կողմից, քանի որ քննո առարկա հարցազրույցում շահարկումները բազմաթիվ են, ընթերցողի գործը հեշտացնելու համար դրանց վերհանումն ու վերլուծությունը բաժանել ենք երկու մասի: Սա վերլուծության 2-րդ մասն է:
Լրագրողի հետևյալ հարցին, թե՝ «Օրեր առաջ մի խումբ մարդիկ հավաքվել էին նաև Սահմանադրական դատարանի առաջ, ինչի՞ց էին նրանք դժգոհ», Հ. Թովմասյանը պատասխանում է.
Ես ինքս մեծ ցանկություն ունեմ իմանալու, թե հավաքվածներն, ընդհանրապես, Սահմանադրական դատարանի ո՞ր որոշումներից էին դժգոհ և, մասնավորապես, իմ պաշտոնավարման ընթացքում ընդունված ո՞ր որոշումներից էին դժգոհ: Կցանկանայի նաև իմանալ` Սահմանադրական դատարանի առաջ հավաքված անձանցից քանի՞սն էին իրավաբան, քանի՞սն էին ՍԴ որևէ որոշում կարդացել ընդհանրապես: Իսկ եթե դժգոհ չեն կամ իրավաբան չեն, ապա կարո՞ղ եմ ես արդյոք մտածել, կամ օբյեկտիվորեն մարդկանց մոտ կարո՞ղ է նման տպավորություն ստեղծվել, որ այդ հավաքի նպատակը ոչ թե նախորդ որոշումներից դժգոհելն էր, այլ ապագա ընդունվելիք որոշումների վրա ազդելը: Եթե այդպես է, ապա դա հանցագործություն է, եթե որևէ մեկը մտածում է, որ իմ կամ Սահմանադրական դատարանի այլ դատավորների վրա նման կերպ կարող է ազդել, ապա մեծապես սխալվում է: Սահմանադրական դատարանի դատավորները նման դրսևորումներից ճնշվողը չեն, իզուր ջանքեր մի գործադրեք, նման վարքագիծը լավ տեղ չի տանելու: Ես չեմ պատրաստվում խորհրդակցական սենյակի պատուհանից նայել, թե բակում քանի մարդ կա հավաքված, ու որ մասը` ինչ որոշում է ուզում, որ ընդունեմ: Որոշում կայացնելիս՝ ես և դատարանի մյուս դատավորները մեկ տեղ ունենք նայելու` Սահմանադրությանը: Բացի Սահմանադրությունից, այլ տեղ նայելու իրավունք չունենք, այլ տեղ նայելը իրավական պետության վերջն է, այլ տեղը, միգուցե, ժամանակի կարճ հատվածում դատարանի դիմացը հավաքվածների մի մասի հարգանքին արժանանալն է, սակայն երկարաժամկետ առումով այդ նույն ժողովրդի շահերի ոտնահարում է, եթե չասեմ՝ դատավարություններ, բախումներ: Ի վերջո, ժողովրդի հավաքական կամքի արտահայտման այլ ձև, քան հանրաքվեն է, ինձ հայտնի չէ:
Դետեկտորը համարում է, որ մեջբերված պարբերության՝ մեր կողմից ընդգծված հատվածներից առաջինում առկա են անհիմն կասկածներ և հարցի անձնականացում, իսկ երկրորդ և երրորդ մասերում՝ դեմագոգիա: Առաջին մասով պետք է նշել, որ ազատ կամարտահայտման համար քաղաքացիներից չի պահանջվում լինել ոլորտի (տվյալ դեպքում՝ իրավունքի) մասնագետ: Բացի այդ, քաղաքացիներն իրենց բողոքը արտահայտել են առհասարակ դատական հիմնարկությունների՝ այդ թվում նաև Սահմանադրական դատարանի դեմ հավաքվելով: Ուստի, եթե նույնիսկ լրագրողն իր կամքով մասնավորեցրել է հարցադրումը, Հ. Թովմասյանը կարող էր ուշադրություն հրավիրել բողոքի համապարփակ լինելու՝ առհասարակ, բոլոր դատարանների դեմ ուղղված լինելու հանգամանքի վրա: Ինչ վերաբերում է Սահմանադրությունը որպես միակ ուղենիշ հայտարարելուն և հանրաքվեն կամարտահայտման միակ ձև համարելուն, ապա պետք է հիշեցնել, որ այն գրվել է որոշակի կուսակցախմբի ու նրա առաջնորդի վերարտադրության համար և ընդունվել է հանրաքվեի արդյունքները կեղծելով: Լինելով այդ Սահմանադրության ճարտարապետը և քաջատեղյակ լինելով դրա ընդունման առիթով կազմակերպած հանրաքվեի կեղծ լինելուն վերաբերող հրապարակումներին և այդ ամենին այլընտրանք չտեսնելով՝ Հ. Թովմասյանը, ըստ էության, զբաղվում է դեմագոգիայով:
Լրագրողը հարցնում է՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում անցումային արդարադատությանը, վեթինգին», Հ. Թովմասյանն արձագանքում է.
Միջազգային փորձագետները պնդում են, իսկ միջազգային փորձը վկայում է, որ վեթինգը ծայրահեղ միջոց է, ու այն կարող է կիրառվել, երբ մնացած գործիքակազմերն ի զորու չեն այլևս առկա խնդիրները լուծելու:
Դետեկտորը համարում է, որ Հ. Թովմասյանը՝ հղելով փորձագետներին ու միջազգային փորձին, տալիս է վեթինգի վերաբերյալ միանշանակ գնահատական, այսինքն, որ այն ծայրահեղ միջոց է, ինչը ենթադրում է, որ այն հազվադեպ պրակտիկա է: Այնինչ, կան երկրներ, որտեղ որոշակի համակարգերում վեթինգը տևական և պարբերաբար անցկացվող պրակտիկա է (1, 2, 3), որոշ դեպքերում՝ նույնիսկ չհայտարարված: Բնականաբար Հ. Թովմասյանը սրա մասին նույնպես չի կարող չիմանալ, բայց միանշանակ դատողություններ վերագրելով միջազգային փորձագետներին ու միջազգային փորձին՝ նա, ըստ էության, շահարկում է ընթերցողների մեծ մասի՝ այդ փորձից անտեղյակությունը:
Լրագրողի հաջորդ հարցին, թե՝ «Ինչպե՞ս վարվել այն դատավորների հետ, որոնք նախորդ իշխանություններին ծառայություններ են մատուցել», Հ. Թովմասյանը պատասխանում է.
«Բոլորին նույն կաթսան գցելու փորձը վտանգավոր է: Կարծում եմ` վտանգավոր է նաև մի ողջ համակարգ անվանել նախորդ իշխանությունների մնացորդ, այդ դեպքում, նույն հաջողությամբ նախորդ իշխանության մնացորդ կարելի է անվանել ոստիկանությանը, դատախազությանը, քրեակատարողական ծառայությանը, դիվանագիտական կորպուսը, քննչական մարմիններին և այլն. դա, կարծում եմ, սխալ է»:
Դետեկտորը նկատում է, որ վերոհիշյալ մեջբերման մեջ Հ. Թովմասյանը դիմում է «վերագրվող մեղադրանքի մերժման» հնարքին, ինչը շահարկման հնարքներից մեկն է: Տվյալ դեպքում մեղադրանքը ինչ-որ մեկին՝ «բոլորին նույն կաթսայի մեջ գցելու» ցանկություն վերագրելն է, որը մերժվում է «վտանգավոր է» ձևակերպման միջոցով: Մինչդեռ լրագրողը հարցնում էր նախորդ իշխանություններին ծառայություն մատուցած դատավորների մասին: Բացի այդ, ինչպես վերն արդեն նշել ենք, վեթինգը հնարավորություն է նաև մյուս դատավորների՝ իրենց պաշտոններին համապատասխանությունը բացահայտելու համար: Ուստի՝ «բոլորին նույն կաթսան գցելու» փոխաբերությունը անհիմն մեղադրանք է իշխանության հասցեին:
Լրագրողի մյուս հարցին, թե՝ «Արամ Օրբելյանը Ձեր սանի՞կն է, եթե այո, ապա այն փաստը, որ նա Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպանն է, չի՞ ազդի Ձեր դիրքորոշման վրա», ՍԴ գործող նախագահը պատասխանում է.
«Այո՛, Արամ Օրբելյանն իմ սանիկն է, ես իր և՛ մկրտության, և՛ պսակադրության քավորն եմ: Արամը, իր ընտանիքի մյուս անդամներն ինձ շատ հարազատ մարդիկ են, այդքանը: Արամ Օրբելյանը այս գործում նշանակություն, ազդեցություն չի կարող ունենալ, այնպես, ինչպես որևէ մեկը չի կարող ունենալ, այդ թվում՝ հայրս ու մայրս, կինս, երեխաններս: Այն պահին, երբ անձնական կյանքս, ընկերներիս, հարազատներիս չկարողանամ տարանջատել դատավորի անաչառ լինելու պարտականությունից, մեկ րոպե անգամ չեմ աշխատի որպես դատավոր: Ի վերջո, իմ անաչառությունը առաջին հերթին իմ ընտանիքին, իմ հարազատներին է պետք: Հայաստանը փոքր երկիր է, իրավական հանրությունում շատերն են իրար ընկեր, բարեկամ, իսկ մենք էլ այլ երկրներից դատավորներ չենք կարող ներմուծել (ժպտում է – Հեղ.), ուստի, յուրաքանչյուր դատավոր պետք է տարանջատի ընկեր-բարեկամն իր պարտականությունից՝ արդարադատություն իրականացնելիս»:
Դետեկտորը համարում է, որ հանուն ընտանիքի և հարազատների՝ ՍԴ նախագահի անաչառ լինելը ոչ միանշանակ և տարընկալում առաջացնող հիմնավորում է, ինչպես նաև՝ Հայաստանի փոքր երկիր լինելով և արտերկրից դատավորներ ներմուծելու անկարողությամբ արդարադատություն իրականացնելու անհնարինությունը: Այստեղ Հ. Թովմասյանը դիմում է կեղծ փաստարկումների, ինչն ընթերցողին շահարկելու հերթական նպատակ ունի: Ի դեպ, ոչ պատահաբար լրագրողը արձանագրել է Թովմասյանի ժպիտը՝ վերոհիշյալ մտքերն արտահայտելիս, ինչը ենթադրել է տալիս, որ Թովմասյանն ինքը չի հավատում իր ասածներին: Քանի որ ժպիտը, ինչպիսի ոչ վերբալ կոնֆիգուրացիա էլ այն ունենա (անկեղծ, հեգնական, բարեկրթական կամ ստրոուքսալ և ագրեսիվ), չի կարող հայտնվել (կոդավորվել) լուրջ փաստարկներ ներկայացնելու ժամանակ: Լուրջ փաստարկներ ներկայացնելը, որպես կանոն, պահանջում է դեմքի մկանների լարվածության կենտրոնացում դեմքի որևէ հատվածում: Այնինչ, ժպիտի ժամանակ գործ ունենք դեմքի մկանների մասնակի կամ ամբողջական թուլացման և ապակենտրոնացման երևույթի հետ:
Լրագրողի հետևյալ հարցին, թե՝ «Իշխանության բոլոր ճյուղերին էլ քննադատում են, ինչո՞ւ են դատավորներն այդքան ցավագին տանում իրենց հասցեին արված քննադատությունը», Հ. Թովմասյանը պատասխանում է.
«Դատական իշխանությանը քննադատելուց առաջ, կարծում եմ, պետք է լուծել մի շարք հարցեր: Առաջին հերթին պետք է լուծել դատավորների գերծանրաբեռնվածության խնդիրը, ես դժվար եմ պատկերացնում այն դատավորի վիճակը, ում վարույթում մի քանի տասնյակ քրեական գործեր են, մի քանի հարյուր քաղաքացիական գործեր կամ հազարի հասնող վարչական գործեր: Մենք պետք է անդրադառնանք նաև դատավորների սոցիալական երաշխիքներին, գործադիր իշխանության տարբեր մարմիններ, ինչպես տեսանք, միլիոն դրամների հասնող պարգևավճարներ են կարողանում տալ, ես դրան դեմ չեմ, բայց ինչպե՞ս դա բացատրել դատավորին, որը, կարող է պարզվի, մեկ այլ մարմնի քարտուղարուհուց ցածր եկամուտ ունի»:
Դետեկտորը համարում է, որ Հ. Թովմասյանի կողմից մատնանշած խնդիրը չի կարող դատական համակարգը և դատավորների քննադատությունը բացառող փաստարկ լինել, որովհետև նախ՝ գերծանրաբեռնվածության հարցը կարելի է լուծել դատավորների թվի ավելացմամբ, ինչի կադրային բազան կա: Երկրորդ՝ ծանրաբեռնվածությունը հավասար բաշխելով: Ոոլորտի փորձագետների մի շարք հաղորդումներ (օրինակ նախկին օմբուդսմենի 5:20 – 7:00) վկայում են, որ դատարանի նախագահը կաշառքի դիմաց «յուղոտ» գործերը փոխանցել է իր մոտիկներին, իսկ մյուսներին՝ «անփող» գործերը, որոնք քանակապես մի քանի անգամ ավելի են: Ինչ վերաբերում է դատավորների սոցիալական երաշխիքների մասին Հ. Թովմասյանի մտահոգությանը, ապա պետք է հիշեցնենք, որ դատավորները դասվում են պետական ծառայություն իրականացնող ամենաբարձր աշխատավարձ ստացող սոցիալական խմբերի շարքին և սոցիալական արդարության առումով նրանք ավելի ապահովված են: Նաև հայտնի է, որ կայուն բարձր աշխատավարձը շատ դեպքերում ավելի նախընտրելի է, քան նվազ աշխատավարձ ունենալն ու պարգևավճարների հույսով ապրելը: Այսինքն, Հ. Թովմասյանը կրկին դիմում է շահարկման, վարչապետի հայտարարած վեթինգին ամեն կերպ ընդդիմանալու, դրա կարևորությունը նվազեցնելու նպատակով:
Ամփոփելով Հարցազրույցի վերլուծությունը՝ պետք է նշենք, որ Հ. Թովմասյանի կիրառած շահարկումները և դեմագոգիան ունեն մեկ գլխավոր նպատակ. պահպանել ՍԴ նախագահի իր պաշտոնը, ինչի մասին նա ակնարկում է Հարցազրույցի տարբեր մասերում: Բանն այն է, որ վարչապետի ելույթին հաջորդեցին ԲԴԽ նախագահի և մի շարք անդամ դատավորների հրաժարականները, և այս գործընթացը վերընթաց զարգանալու միտում ունի: Նկատենք նաև, որ այդ պաշտոններում վերոհիշյալ դատավորների հայտնվելու գործում Հ. Թովմասյանը գործուն մասնակցություն է ունեցել: Բացի այդ, Հ. Թովմասյանը, ըստ որոշ վերլուծությունների, ՍԴ անդամ և նախագահ է ընտրվել օրենքի խախտումներով (1, 2), ինչը կարող է անմիջական խոցելի փաստարկներից մեկը լինել Հ. Թովմասյանի համար՝ վեթինգի գործարկման պարագայում:
Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան
27-06-2019