Սույն թվականի հունիսի 6-ին Թերթ.ամ կայքում հրապարակվեց Հրայր Թովմասյանի հարցազրույցը, որտեղ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահը անդրադառնում է մայիսի 20-ին դատաիրավական համակարգի վերաբերյալ վարչապետ Ն. Փաշինյանի ելույթին և դրան առնչվող իրադարձություններին: Վարչապետի ելույթում նշված՝ դատաիրավական համակարգի փոփոխությունների իրականացման հիմքերով և հնարավորություններով հետաքրքրված քաղաքացիների համար, անշուշտ, կարևոր և սպասված էր ՍԴ նախագահի անդրադարձը, և շատերն ակնկալում էին հայաստանյան համատեքստում դատաիրավական խնդիրների վերաբերյալ հստակ փաստարկումներ և առաջարկություններ: Փոխարենը՝ Հարցազրույցում կարելի է հանդիպել շահարկման բազմաթիվ հնարքների, իրավական ֆորմալիզմների, խնդիրների կենցաղայնացման, բացասական փորձի շեշտադրման և դրականի սքողման բազմաթիվ դրսևորումների:
Քանի որ Հարցազրույցի տեքստում վերոհիշյալ դրսևորումները բավականին շատ են, ընթերցողին սույն տեքստի մեջ շարունակ վերուվար անելու ծանր գործից ազատելու համար, դրանք ներկայացվում են նախադասությունների և պարբերությունների միջոցով, հետո ի ցույց են դրվում շահարկումները՝ մեջբերելով նաև հարցազրուցավար-լրագրողի հարցերը: Մեր կողմից նման մանրախնդիր մոտեցումը հիմնավորվում է հետևյալ կերպ. հարցազրույց տվողը բարձրաստիճան պաշտոնյա է, ընդ որում, դատաիրավական ոլորտի, ինչը ենթադրում է որոշակի մասնագիտական դիսկուրսին (տվյալ դեպքում՝ իրավական) բնորոշ ձևակերպումների հստակություն, միանշանակություն և հետևողականություն: Մյուս կողմից, քանի որ քննո առարկա հարցազրույցում շահարկումները բազմաթիվ են, ընթերցողի գործը հեշտացնելու համար, դրանց վերհանումն ու վերլուծությունը բաժանել ենք երկու մասի:
Եվ այսպես, լրագրողի հարցին, թե՝ «Ինչպես կգնահատեք երկրում ստեղծված քաղաքական վիճակը և ինչ կասեք դատարանների շուրջ ստեղծված իրավիճակի մասին», Հ. Թովմասյանը պատասխանում է.
«Անկախության առաջին տարիներից սկսած՝ ես չեմ կարող առանձնացնել թեկուզ կարճատև որևէ ժամանակահատված, որի ընթացքում մենք դատական իշխանության ոլորտում արձանագրած լինենք հետընթաց: Բոլոր կառավարությունների, արդարադատության բոլոր նախարարների առաջնահերթ խնդիրը եղել է դատաիրավական բարեփոխումները: Եթե համեմատենք 90-ականների դատական իշխանությունը այսօրվա հետ, ապա դրական առումով փոփոխությունները ակնառու են` օրենսդրության որակը, դատավորների գիտելիքները, ընդունված որոշումների որակը, հիմնավորվածությունը, դատական իշխանության կազմավորման կարգը, շենքային պայմանները և այլն: Սակայն ոչ մի կառավարություն, ոչ մի արդարադատության նախարար չի ասել, որ դատական իշխանությունում առկա վիճակը մեզ գոհացնում է (նույնը, բնականաբար, կարելի է ասել նաև իշխանության մյուս ճյուղերի մասին) ու այլևս ոչինչ չկա անելու: Դատաիրավական բարեփոխումները շարունակական գործընթաց են, այդ մասին խոսում են անգամ Գերմանիայում և ԱՄՆ-ում և, բնականաբար, Հայաստանում և՛ս պետք է արձանագրենք, որ նման բարեփոխումների անհրաժեշտություն կա նաև այսօր»:
Դետեկտորի դիտարկմամբ՝ լրագրողի հարցադրման մեջ բացակայում է բարեփոխումների մասին պատասխան լսելու ակնկալիքը: Սակայն Հ. Թովմասյանը հարցադրումը տեղափոխում է այդ հարթություն, ինչը թույլ է տալիս խոսել ավելի շատ գործոններից (օրենսդրության որակ, դատավորների գիտելիքներ, շենքային պայմաններ և այլն) և դրանցում չեզոքացնել վարչապետի ելույթում բարձրացված ամենառանցքային մտահոգությունը՝ դատավորների անկախության հարցը: Բացի այդ, վարչապետի ելույթում չի խոսվում բարեփոխումների հետընթացի մասին: Սակայն <<հետընթաց>> հասկացության ներդրմամբ Հ. Թովմասյանը հարթակ է ստեղծում մի կողմից՝ վարչապետի խոսքում չօգտագործված ձևակերպումը մերժելու համար, ինչը միտված է հակադրվելու միջոցով սեփական դրական իմիջ ձևավորելուն: Մյուս կողմից՝ հնարավորություն է տալիս դատաիրավական համակարգի անցյալի ձեռքբերումներից խոսելու, ինչին մասնակից է եղել նաև ինքը՝ Հ. Թովմասյանը, այդ համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցնելով, ընդհուպ մինչև՝ Արդարադատության նախարար: Սա ևս սեփական իմիջը բարձրացնելու հնարք է:
Լրագրողի այն հարցին, թե՝ «Ցանկանում եք ասել, որ բոլոր դատավորները բանիմաց են ու անկաշա՞ռ», Հ. Թովմասյանը պատասխանում է.
«Ես նման բան չասացի: Բոլոր իշխանությունների ժամանակ`մի դեպքում մի քիչ շատ, մյուս դեպքում քիչ, եղել են դատավորներ, որոնք դատապարտվել են հենց կոռուպցիոն հանցագործությունների համար, այն կարծիքին չեմ, որ այսօր նման դատավորներ ընդհանրապես այլևս չկան Հայաստանում: Բայց դատական իշխանության վերաբերյալ ընդհանրական դատողությունները վտանգավոր են, միգուցե այլ դեպքերում՝ ևս, սակայն այստեղ մենք գործ ունենք իշխանության մի ճյուղի հետ, որն, ի տարբերություն քաղաքական իշխանության, չունի ամբիոն հրապարակայնորեն բոլոր մեղադրանքներին պատասխանելու համար»:
Դետեկտորը նկատում է, որ ՍԴ նախագահը, ըստ էության, չի պարզաբանում, թե ինչու են ընդհանրական դատողությունները վտանգավոր: Այսինքն, եթե օրինակ կրթական համակարգում կան արատավոր երևույթներ, վտանգավո՞ր է հայտարարել, որ կրթական համակարգը վատն է: Բացի այդ, ի՞նչ է նշանակում, թե դատավորները ամբիոն չունեն՝ հրապարակայնորեն մեղադրանքներին պատասխանելու: Այո, նրանք չեն կարող հրապարակայնորեն քաղաքական դիրքորոշում հայտնել և իրենց գործերի մասնավոր հանգամանքներ հրապարակել, բայց իրավունք ունեն իրենց աշխատանքի որակի վերաբերյալ մեղադրանքներին արձագանքել և դատական գործեր հարուցել: Մյուս կողմից, Փաշինյանի հայտնի ելույթում չի ասվում, որ չկան ազնիվ ու անկաշառ դատավորներ: Ասվում է, որ բոլորը պետք է անխտիր վեթինգի ենթարկվեն, ինչը, ըստ էության, թույլ կտա զատել կախվածներին ու կաշառակերներին՝ անկախ ու անկաշառներից: Այնինչ, Հ. Թովմասյանը փորձում է պաշտպանել դատական համակարգը՝ «թացն ու չորը» արհեստականորեն իրար խառնելով և դատական համակարգի անհավասար պայմանների մասին շինծու տպավորություն ստեղծելով, որպեսզի խուսափի դատավորների կադրային խնդիրներից, ինչը՝ վեթինգ անցկացնելու վերաբերյալ վարչապետի ելույթի բովանդակային առանցքն էր:
Լրագրողի հաջորդ հարցին, թե՝ «Ինչով եք պայմանավորում դատական իշխանության նկատմամբ ցածր վստահությունը», Հ. Թովմասյանը պատասխանում է.
«Բնավ էլ այն կարծիքին չեմ, որ այդ վստահությունը ցածր է կամ ավելի ճիշտ` ավելի ցածր է, քան այլ ոլորտների` ասենք առողջապահության, կրթության կամ ոստիկանական համակարգերի հանդեպ: Ես ճշգրիտ չգիտեմ, թե բնակչության քանի տոկոսն է վստահում դատարաններին, սակայն, հաշվի առնելով հայցերի, դիմումների թվի անընդհատ աճը, հաշվի առնելով հանրային իշխանության դեմ կայացրած դատական ակտերի թվի աճը, կարելի է փաստել, որ վստահությունը բարձրանում է, արդյոք բավարա՞ր տեմպերով, չեմ կարող ասել: Հետաքրքիր է պարզել, թե դժգոհների քանի տոկոսն է դատարանի հետ շփվելու արդյունքում դժգոհ դատարանից և քանի տոկոսն է լսելով, կարդացածով ձևավորել իր դժգոհությունը. վստահ եմ, որ երկրորդ խումբն ավելին է, քան առաջինը: Մյուս կողմից ակնկալել, որ ազատազրկման դատապարտողից, հօգուտ ուրիշի՝ քեզանից գումար գանձողից պետք է գոհունակություն սպասել, միամտություն է: Կա նաև մեկ այլ երևույթ, երբ այդ կարծիքը ձևավորում են առանձին փաստաբանները, որոնք ցանկացած պարտված գործի մեղավոր (իրենց հաճախորդի մոտ առնվազն) համարում են դատավորներին: Պիտի նկատեմ միաժամանակ, որ այս երևույթը փաստաբանական պալատի հետևողական աշխատանքի արդյունքում փոքրանում է: Մյուս կողմից` չի կարող չէ՞, որ բոլոր դատական ակտերից բոլորը դժգոհ լինեն, կան չէ՞ նաև մարդիկ, որոնք գոհ են, բայց նրանք դա չեն բարձրաձայնում. միգուցե և դրա անհրաժեշտությունը չկա, իսկ դժգոհողները բարձրաձայնում են ու ստացվում է, որ բոլորը դժգոհ են, ինչն էլ բերում է այդ վստահության նվազմանը»:
Դետեկտորի դիտարկմամբ` վերոհիշյալ պատասխանում Հ. Թովմասյանը, շարունակելով խուսափել կոնկրետ պատասխանից, անհիմն կասկածներ է հայտնում առողջապահական և կրթական համակարգերի (ոստիկանականից ձեռնպահ ենք մնում) նկատմամբ առավել բարձր վստահության առկայությամբ, քան՝ դատականի, ինչը, դատելով այդ ոլորտների վերաբերյալ հանրային արձագանքներից, այդպես չէ: Իսկ այն կարծիքը, թե դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը հիմնավորվում է ներկայում դատական հայցերի քանակի աճով, կարող է պատճառաբանվել Թավշյա հեղափոխության շնորհիվ քաղաքացիների ինքնավստահության բարձրացմամբ. մարդիկ նոր իշխանության պայմաններում հավատում են, որ կարող են արդարության հասնել: Չնայած, կոնկրետ Մարտի 1-ի գործով դատական հայցի և ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի դեմ հարուցված դատական գործի <<շնորհիվ>> այդ վստահությունը կտրուկ անկում է ապրում` դատելով նույն հանրային արձագանքներից: Ինչ վերաբերում է Հ. Թովմասյանի հետևյալ պատասխանին՝ «Հետաքրքիր է պարզել, թե դժգոհների քանի տոկոսն է դատարանի հետ շփվելու արդյունքում դժգոհ դատարանից և քանի տոկոսն է լսելով, կարդացածով ձևավորել իր դժգոհությունը. վստահ եմ, որ երկրորդ խումբն ավելին է, քան առաջինը», ապա այստեղ գործ ունենք կասկածի և պնդման համատեղման մանիպուլյացիայի հետ, որտեղ՝ տեքստի վերջում հնչող պնդումը (<<վստահ եմ>>) ընթերցողի կողմից ընդունվելու և հիշվելու ավելի մեծ հնարավորություն ունի, քան տեքստի սկզբում արտահայտվող կասկածը («հետաքրքիր է պարզել»): Բնականաբար, եթե ինչ-որ հանգամանք պարզաբանման կարիք ունի, ինչպե՞ս կարող ենք «վստահ լինել», քանի դեռ չենք պարզել: Ուշագրավ է, որ նույն պարբերության մեջ, սակայն, Հ. Թովմասյանը կասկածի տակ է դնում նաև վստահության աճի մասին իր հիմնավորումը, ընդունելով, որ այնուամենայնիվ դատաիրավական համակարգի նկատմամբ վստահությունը նվազում է:
Լրագրողի հետևյալ հարցին, թե` «Նկատի ունեք դատական իշխանությունը և՞ս անցնի այն քաղաքական ուժին, որը մեծամասնություն է օրենսդիրում և գործադիրում», ՍԴ նախագահը պատասխանում է.
«Եթե առաջնորդվում ենք այն կանխավարկածով, որ օրվա քաղաքական իշխանությունը պետք է իշխանություն լինի նաև դատարանում, ապա պետք է ազնիվ լինել ու Սահմանադրության մեջ այդպես էլ գրել, որ խորհրդարանական ընտրություններից կամ կառավարություն կազմավորելուց հետո, վարչապետը մեկ ամսվա ընթացքում նշանակում է բոլոր դատավորներին. դա կլինի ազնիվ, բայց կլինի մեծագույն սխալ: Դա կլինի իրավական պետության տապանաքարը: Դատական իշխանության անկախությունն առաջին հերթին քաղաքական անկախությունն է, անկախ օրվա քաղաքական իշխանություններից: Հենց դրանով է պայմանավորված, որ դատավորների լիազորությունների ժամկետները շատ ավելի երկար են, քան նրանց նշանակող մարմնի լիազորությունների ժամկետը, և, ամենակարևորը, դատավորները անկախ են, քանի որ ի տարբերություն քաղաքական իշխանության ներկայացուցիչների` դատավորներին քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատել չի կարելի»:
Դետեկտորը համարում է, որ Հ. Թովմասյանի պատասխանը պարունակում է արդարադատության՝ ՀՀ Սահմանադրությունից կտրված, մեկուսի հիմնավորում և իրավական ֆորմալիզմի շահարկում: Նախ՝ ՀՀ Սահմանադրությամբ (հոդված 2) հռչակվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իսկ դատական իշխանությունը այդ իշխանության մասն է: Պատասխանում անտեսվում է հայաստանյան այն համատեքստը, որի ներկա վիճակի արտակարգության թելադրմամբ է առաջացել դատաիրավական համակարգում փոփոխությունների պահանջ: Ի մասնավորի, գործող դատական իշխանությունը գերազանցապես ձևավորվել է նախորդ իշխանությունների կողմից, որոնք ընտրվել և վերարտադրվել են տարբեր մակարդակների համապետական ընտրությունների կեղծմամբ և չունեն հանրային լեգիտիմություն: Հետևաբար, սա տարածվում է նաև նրանց կողմից դատական համակարգում նշանակված կադրերի և վերջիններիս կայացրած որոշումների վրա: 2018թ Հայաստանում, համաժողովրդական աջակցությամբ և նաև ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջոցով, ձևավորվել են նոր գործադիր և օրենսդիր իշխանություններ, իսկ դատական համակարգը մնացել է նախորդ իշխանությունների ձևավորածը և ակնհայտորեն որոշակի խոչընդոտներ է հարուցում Հայաստանում ժողովրդի իշխանության ամբողջական իրացման համար: Հրապարակում առկա են պաշտոնաթող դատավորների և դատական համակարգի հետ առնչվող փաստաբանների ու իրավաբանների բազմաթիվ հաղորդումներ (1, 2, 3, 4, 5), առ այն, որ նախորդ իշխանությունների օրոք նշանակված դատավորների զգալի մասն իրապես անկախ չի եղել քաղաքական իշխանություններից և բազմաթիվ անօրինական դատավարություններ է կազմակերպել ու քաղաքական պատվերով վճիռներ կայացրել: Որպես դատաիրավական համակարգում երկար տարիներ պատասխանատու բարձր պաշտոններ զբաղեցրած անձ՝ Հ. Թովմասյանը չէր կարող այդ բողոքների և դժգոհությունների մասին տեղյակ չլինել: Հետևապես, իրավական ֆորմալիզմի դիմելն ու կոնկրետ քաղաքական համատեքստը միտումնավոր շրջանցելը կարող է դիտվել իբրև շահարկում: Թեև անցած մեկ տարում հնարավորություն տրվել է նախորդ իշխանությունների կողմից նշանակված դատավորներին անկախ գործել, սակայն մի շարք հանրային դատավարությունների օրինակով (Մարտի 1-ի), ցույց տրվեց, որ նախորդները շարունակում են պահպանել իրենց ազդեցությունը: Միայն Մարտի 1-ի գործով և ի մասնավորի Քոչարյանի գործով արդեն մի քանի դատավոր է փոխվել: Կարծիքներ կան, որ նույնը սպառնում է հերթական հաջորդ դատավորին: Այդ տեսանկյունից պատահական չէ նաև Ռ. Քոչարյանի հնչեցրած այն հորդոր-սպառնալիքը դատավոր Արմեն Դանիելյանին՝ իր գործից «յախան թափ տալու» վերաբերյալ, հիշեցնելով նաև, որ ինքն է նրան նշանակել դատավոր:
Նույն հարցին տրված պատասխանի երկրորդ մասում Հ. Թովմասյանն ասում է.
«Հարցն ունի այլ ասպեկտ: Տեսեք, կայացած իրավական, ժողովրդավարական պետություններում, որտեղ իշխանափոխությունը սովորական երևույթ է, որևէ մեկի մտքով չի անցնում քաղաքական իշխանության գալուն պես փոխել ողջ դատական համակարգը: Դուք պատկերացնու՞մ եք` այդ դեպքում ինչ կկատարվեր»:
Դետեկտորը համարում է, որ այս դեպքում Հ. Թովմասյանը նույպես դիմում է շահարկման, քանի որ իր մոտեցումը հաստատելու համար իբրև համեմատության օրինակ է բերում անհամեմատելին՝ կայացած իրավական, ժողովրդավարական պետություններին: Ինչպես արդեն նշեցինք ՀՀ նախորդ իշխանական ռեժիմները չեն կարող կայացած ժողովրդավարական ու իրավական համարվել, որովհետև ընտրվել և վերարտադրվել են բոլոր մակարդակի համապետական ընտրությունները կեղծելու ճանապարհով: Հենց ժողովրդավարության կայացման համար են անհրաժեշտ վեթինգն ու դատաիրավական բարեփոխումները, որովհետև, այնուամենայնիվ, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների շնորհիվ ձևավորվել են գործադիր և օրենսդիր իշխանական մարմիններ, իսկ դատականը դեռ նախորդ՝ ավտորիտար ռեժիմի պայմաններում ձևավորվածն է:
Նույն պատասխանի երրորդ մասում Հ. Թովմասյանն ասում է.
«Սակայն նորանկախ երկրներում կամ հետխորհրդային երկրներում քաղաքական իշխանափոխության արդյունքում դատական իշխանափոխության դրսևորումներ կան: Դա առկա է եղել Վրաստանում, Ուկրաինայում, Չեխիայում, Ալբանիայում և մի շարք այլ երկրներում: Ակնհայտ է, որ այդ արագ փոփոխությունների փորձն այս երկրներում ոչ միայն առկա խնդիրները չի լուծել, այլ երբեմն հանգեցրել է ավելի բարդ, անգամ անլուծելի խնդիրների: Լուծման բանալին ոչ ոք չգիտի»:
Ըստ դետեկտորի՝ իրականում Հ. Թովմասյանի կողմից հիշատակված տարբեր երկրներում դատական իշխանափոխության դրսևորումները գրանցել են տարբեր արդյունքներ՝ մասնակի ձախողումից սկսած մինչև արդյունավետ կիրառում, և այդ տարբեր փորձառությունների մասին ընդհանրական արտահայտվելն, ըստ էության, ընթերցողի ուշադրությունը հաջողություններից շեղելու և անհաջողությունների վրա կենտրոնացնելու միտում ունի, որի վերջնանպատակը փոփոխությունների նկատմամբ ընթերցողների մոտ բացասական վերաբերմունքի ձևավորումն է: Մեջբերված պարբերության վերջին նախադասության մեջ Հ. Թովմասյանի կողմից՝ վերապահություն («երբեմն»), բացասական գերադրություն («ավելի բարդ») և ժխտական ածականների, դերանունների ու բայերի («անլուծելի», «ոչ ոք», «չգիտի») օգտագործումը ծառայում են հենց այդ նպատակին:
Նույն պատասխանի չորրորդ հատվածում Հ. Թովմասյանը նշում է.
«Եթե օրվա քաղաքական իշխանության նպատակը դատական իշխանությանն իրեն հնազանդեցնելն է կամ ժողովրդահաճո քայլեր կատարելը, ապա վստահեցնում եմ` երկարաժամկետ ապագայում դա փակուղային ու հետընթացի ճանապարհ է: Եթե խնդիրը դատական իշխանության բարեփոխումն է, ապա այստեղ տեղին է հին չինական իմաստնությունը՝ «դանդաղ շտապիր» կամ «անհանգստացիր հերթականությամբ»: Այստեղ հավասարակշռված, կշռադատված, խորը ուսումնասիրված քայլերի, գործողությունների ամբողջություն է անհրաժեշտ, որում շատ կարևոր է հենց դատական իշխանության ներգրավվածության հարցը: Բոլորին թվում է, թե իրենք գիտեն դատական իշխանությունում առկա խնդիրների լուծման բանալին: Վստահեցնում եմ` դատավորներից լավ այդ խնդիրների լուծման բանալին ոչ ոք չգիտի»:
Դետեկտորը կարծում է, որ այս պարբերության մեջ ակնհայտ շահարկման երկու դրսևորում կա: Նախ՝ անտեսելով բարեփոխումների անհրաժեշտության համատեքստը և ՀՀ վարչապետի հիմնավորումները դրանց անցկացման մասին, Հ. Թովմասյանը կասկած է հայտնում ՀՀ ներկա իշխանությունների այլ նպատակների գոյության վերաբերյալ և անմիջապես այդ կասկածն ամրապնդում է հաստատող («վստահեցնում եմ») բառի և մի քանի բացասական բառ, արտահայտությունների («փակուղի», «հետընթացի ճանապարհ») օգնությամբ: Հատկանշանական է, որ նույն պարբերության հաջորդ երկու նախադասություններում, որտեղ Հ. Թովմասյանը ներկայացնում է իր համար նախընտրելի բարեփոխումների տարբերակը, որևէ կասկածելի կամ ժխտական բառ չի օգտագործում: Եվ այս տրամաբանության հնարամիտ զարգացումը, անշուշտ, մեջբերված պարբերության վերջին երկու նախադասություններն են, որտեղ «բոլորի» և «միայն»-ի շահարկումով, ՍԴ գործող նախագահը երկընտրանքը լուծում է «միայն»-ի, այսինքն, դատավորների օգտին: Թե ովքեր են բոլորը կամ ինչու է նրանց նույն բանը թվում, կամ ինչու նրանց մեջ չեն կարող լինել մարդիկ, որոնց ճիշտ բաներ են թվում, և ինչպիսի փաստերի վրա է «բոլոր» բառը հղվում, չի նշվում: Բնական հարց է առաջանում՝ արդյոք ՍԴ նախագահի համար պատշաճ է նման ձևակերպումներով հարցերի պատասխանելը, թե՞ նա որպես սովորական ֆիզիկական անձ է հարցազրույց տալիս: Մյուս կողմից՝ անհրաժեշտություն կա ճշգրտելու, թե հատկապես որ դատավորներն ավելի լավ գիտեն խնդիրների լուծման բանալին, քանի որ ըստ Հ. Թովմասյանի վերը նշված մտքերի՝ կան ոչ բանիմաց ու անարդար դատավորներ: Արդյո՞ք նրանք ևս մտնում են խնդիրների լուծման բանալին լավ իմացողների թվի մեջ:
Շարունակելի…
Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան
27-06-2019