«ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՀԻՄՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

...

Բաղադրություն

  • Անհիմն քննադատություն
  • Սովորականից տարբերվող իրավիճակին ոչ տարբերակված մոտեցման ցուցաբերում

ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրել է, որ քաղաքական-հասարակական գործիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը «1in.am» լրատվական կայքին տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ ՀՀ-ում «անցումային արդարադատության» ինստիտուտը հնարավոր է միայն իր վերականգնողական-հատուցողական ասպեկտով և գործնականորեն անհնար՝ պատժողական արդարադատության  ասպեկտով: Ջհանգիրյանը սա հիմնավորում է այն հանգամանքով, որ պատժողական արդարադատության միջոցով «անցումային արդարադատության» իրականացման համար անհրաժեշտ են Սահմանադրության, ՀՀ գործող օրենսդրության որոշակի փոփոխություններ, ինչը երկարատև գործընթաց է: Միաժամանակ, Ջհանգիրյանը կարծում է, որ «անցումային արդարադատության» պատժողական գործառույթի իրականացումը  կարող է հանգեցնել մարդու հիմնական իրավունքների և ազատությունների խախտմանը, քանի որ այդ դեպքում «ռետրոակտիվության» (իմա՝ օրենքի հետադարձ կիրառելիության) սկզբունքով պետք է քրեական հետապնդման և պատժի ենթարկել այն անձանց, որոնց կատարած արարքի վաղեմության ժամկետներն անցել են (հոսել են), կամ տվյալ ժամանակում գործող քրեական օրենքով դրանք հանցագործություն չեն համարվել: Եվ հետո՝ ՀՀ-ում առկա է կայացած դատական իշխանության համակարգ, որին Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահված է իրականացնել պատժողական արդարադատության ֆունկցիան:

ԴԵՏԵԿՏՈՐԸ սույն պնդումներում արձանագրել է անհիմն քննադատության, սովորականից տարբերվող իրավիճակին ոչ տարբերակված մոտեցում ցուցաբերելու տարրեր:

 

Մեր հիմնավորումները

 

«Անցումային արդարադատության» ինստիտուցիոնալ ընթացակարգի` բուն «արդարադատության» իրականացման ասպեկտը կապված է միմյանց հետ փոխկապակցված՝  հատուցողական և պատժողական (ընդհանուր պրևենտիվ) նպատակների իրականացման հետ: Քանի որ «անցումային արդարադատությունը» ինստիտուցիոնալ ընթացակարգ է՝ միմյանց հետ փոխկապակցված գործընթացների և դրանք կարգավորող ընթացակարգային պայմանական կանոնների ամբողջությամբ, ապա հատուցողական և պատժողական  նպատակների իրականացումը ինքնանպատակ չէ և ծառայում է պետության և հասարակության՝ մի քաղաքական-իրավական վիճակից մյուսին իմաստավորված անցնելու («անցումաբանության») նպատակին: Եթե այդ որոշակի նպատակները չեն իրականացվում, ապա ինստիտուցիոնալ ընթացակարգը կարելի է համարել ոչ ամբողջական: Ուստի՝ մեկուսի պատկերացնել «անցումային արդարադատության» արդարադատական ընթացակարգի մի ասպեկտը՝ կտրելով այն ամբողջ «անցումային արդարադատության» ինստիտուցիոնալ-ընթացակարգային համատեքստից, սխալ է:

«Անցումային արդարադատության» հիմնանպատակը արդյունավետ իրավական միջոցներով  նախկին քաղաքական ռեժիմի գործունեության հետևանքով թույլ տրված՝ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների ծայրահեղ և լայնամասշտաբ խախտումներին անդրադարձ կատարելն է՝ տալով դրանց հանրային-իրավական (այդ թվում՝  քրեաիրավական) գնահատական:

Նշված «անցումաբանության» համատեքստում, օրենքի «ռետրոակտիվ» կիրառության տեսակետից, հետաքրքրական է վերջին 30 տարիների՝ գերմանական և արևելաեվրոպական այլ երկրների փորձը:

1990-97թթ. ընթացքում Բեռլինի քրեական դատարանը, քննության առնելով շուրջ 270 գործ՝ կապված  Արևելյան Բեռլինից Արևմտյան Բեռլին անցնել («փախչել») ցանկացող անձանց վրա արձակված կրակոցների, ինչպես նաև՝ այդ կրակոցների և դրված ականների հետևանքով պատճառված մահվան դեպքերի հետ, ԳԴՀ քրեական օրենսգրքով նախատեսված տարբեր պատիժների դատապարտեց Արևելյան Գերմանիայի պաշտպանական խորհրդի (իմա՝ Nationaler Verteidigungsrat der DDR) և սահմանային պահպանության ծառայության շուրջ 75 աշխատակիցների: 

Դատապարտվածներից 4-ը գանգատ ներկայացրեց Սահմանադրական դատարան՝ պատճառաբանելով, որ դատարանների իրավակիրառ ակտերը հակասահմանադրական են, որովհետև Արևելյան Գերմանիայում գործող «Սահմանի մասին» օրենքով (Grenzgesetz)  թույլատրելի էր սահմանախախտ «փախչողի» նկատմամբ կիրառել համաչափ ուժ, այդ թվում՝ նրա վրա կրակել: Հետևապես,  այդ ակտերը հակադրության մեջ են մտնում ԳԴՀ Հիմնական Օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի հետ, համաձայն որի՝ «արարքը համարվում է պատժելի, եթե մինչև այդ արարքի կատարվելը օրենքով այն որոշարկվել է որպես քրեական իրավախախտում»:   Նրանք հղում էին անում «nullum crimen/ nulla poena sine lege» (չկա հանցանք, չկա պատիժ՝ առանց դրա համար նախատեսված օրենքի) իրավական պետություններում առկա հիմնարար սկզբունքին (այս դեպքում՝ ԳԴՀ Հիմնական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասին), ինչը բացառում է քրեաիրավական նորմի ռետրոակտիվությունը (հետադարձ կիրառելիությունը): 1996թ. հոկտեմբերի 24-ի որոշմամբ (BVerfGE 95, 96 – 143) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական դատարանը, մեկնաբանելով ԳԴՀ հիմնական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը, նշեց, որ սույն իրավանորմն ունի բացարձակ բնույթ, բայցևայնպես, տարածելի չէ մարդուն կյանքի իրավունքից զրկելու՝ թեկուզև օրենքից բխող, սակայն անարդար և անմարդկային դեպքերի վրա: Սահմանադրական դատարանն իր փաստարկներում,  հիմնվելով գերմանացի իրավագետ Գուստավ Ռադբրուխի կողմից ձևակերպված «վերօրինական իրավունքի» (übergesetzliches Recht) կանոնի վրա, համաձայն որի՝ երբ կիրառվող օրինական միջոցը ծայրահեղ անարդար է, այն անվավեր է և չի կարող լինել հանդուրժելի կիրառման համար, նշեց, որ հրահանգ կատարող զինվորների համար բնական և ենթադրելի պետք է լիներ, որ չպետք է ի կատար ածվեին «Սահմանի մասին օրենքից բխող»՝ «կրակելու» անարդար հրահանգները: Այդպիսով՝ վերոնշյալ 4  գանգատները մերժվեցին:

Գրեթե նմանօրինակ իրավիճակում, 1993թ Չեխոսլովակիայի (մինչև բաժանումը՝ երկու ինքնիշխան միավորների) Սահմանադրական դատարանը պատգամավորների դիմումի հիման վրա քննարկելով՝ «Կոմունիստական ռեժիմի հանիրավության վերաբերյալ» օրենքը, սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց  տվյալ օրենքում նշված դրույթն առ այն, որ 1948-1989թթ. տեղի ունեցած արարքները  քրեորեն պատժելի են, և դրանք իրականացրած անձանց նկատմամբ պետք է իրականացվի քրեական հետապնդում՝ հիմնավորելով, որ նմանօրինակ հատուկ միջոցը անհրաժեշտ է՝ դեմոկրատական իրավակարգի հիմնարար սկզբունքները և արժեքները պաշտպանելու համար:

Այս համատեքստում նշանակալի է նաև Հունգարիայի օրինակը. 1992թ. Հունգարիայի Սահմանադրական դատարանը, Հունգարիայի նախագահի դիմումի հիման վրա, հակասահմանադրական ճանաչեց «կոմունիստական բռնապետության» ժամանակ՝ 1948-1990թթ,  պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրականացված՝ այլախոհների սպանությունների և խոշտանգումների համար  քրեական պատիժ նախատեսող    օրենսդրական  նորմերը: Սակայն, 2011թ. տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ, և արդեն 2012թ. ուժի մեջ մտած հունգարական սահմանադրության պրեամբուլայում, որը կոչվում է «Ազգային դրժում», նշվեց. «Մենք դրժում ենք նացիոնալ-սոցիալիստական և կոմունիստական ռեժիմների օրոք հունգարացի ազգի դեմ կատարված անմարդակային հանցագործությունների նկատմամբ հետապնդման վաղեմության կիրառությունը...()»: Միաժամանակ, 2011թ. ընդունվեց օրենք՝ «Կոմունիստական դիկտատուրայի օրոք մարդկության դեմ ուղղված հանցագործությունների պատժելիության և դրանց նկատմամբ որևէ սահմանափակման կիրառման բացառման» մասին, ինչը հիմք հանդիսացավ Հունգարիայի գլխավոր դատախազի համար՝ քրեական հետապնդում իրականացնել կոմունիստական կուսակցության  վերջին կենդանի գործիչ Բելա Բիցկուի նկատմամբ, որը 1957-1961թթ. եղել էր Հունգարիայի ներքին գործերի նախարարը:

Այսպիսով, վերը նշված օրինակներից երևում է, որ «անցումաբանությունն» ամբողջական է, երբ այն պարունակում է նաև հատուցողական ու պրևենտիվ (կանխարգելիչ)  նպատակների իրացում, ինչը, որպես կանոն, կատարվում է պատժողական արդարադատության միջոցով: Պատժողական արդարադատությունը՝ որպես անցումային արդարադատության ինստիտուցիոնալ գործիք, կիրառվել է նաև 1944թ.-ին՝ Բելգիայում,  Ֆրանսիայում և Իտալիայում, 1945թ.-ին՝ Դանիայում, Գերմանիայում և Ճապոնիայում,  1974թ.-ին՝ Հունաստանում և  Պորտուգալիայում, 1983թ.-ին՝ Արգենտինայում, 1989թ.-ին՝ Չիլիում և  Լեհաստանում, 1991թ.-ին՝ Լիտվայում, 1992թ.-ին՝ Բուլղարիայում, 1987թ.-ին՝ Հարավային Կորեայում:

Այսպիսով, պատժողական արդարադատությունը՝ որպես հատուցողական և կանխարգելիչ նպատակների իրացումը երաշխավորող պրոցես, դեմոկրատական հասարակության համար անհրաժեշտ, արդարացված  և պիտանի  միջոց է: Անցումային արդարադատության մաս կազմող պատժողական արդարադատության կիրառումը միջազգային պրակտիկայում չի  համարվում մարդու իրավունքների ոտնահարում: 

Ուստի՝ ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրում է, որ մտահոգությունները՝ կապված Հայաստանում անցումային արդարադատության պատժողական ասպեկտի հետևանքով մարդու իրավունքների և ազատությունների հնարավոր խախտումների հետ, անհիմն են:

 

Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան

24-11-2018