«ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ» ԱՆՀԻՄՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

...

Բաղադրություն

  • Առանց բավականաչափ հիմքերի և հիմնավորումների` «վատ» կանխազգացումը որպես իրողության մեջ առկա ակտուալ վտանգ ներկայացնելը.
  • Մասնագիտական (պրոֆեսիոնալ) գիտակցության դիտանկյունից, դիրքից՝ ակնհայտ անփաստարկ և հիմնազուրկ խոսելը՝ հանրային կարծիքի վրա որոշակի մանիպուլյացիոն բնույթի ազդեցություն գործելու նպատակով.

 

Սույն թվականի oգոստոսի 17-ին կայացած հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում պետք է լուրջ քննարկում տեղի ունենա անցումային արդարադատության մարմինների ստեղծման մասին:

ԴԵՏԵԿՏՈՐՆ արձանագրել է, որ մեդիատիրույթում վարչապետի մտքի շուրջ տրամաբանական կոպիտ սխալմունքներով կարծիքներ են հայտնվել, որոնք ըստ էության, ունեցել են մանիպուլյատիվ բնույթ և խոչընդոտել են հարցի բովանդակության ճիշտ ընկալմանն ու առողջ բանավեճի ծավալմանը:

Այդպիսի կարծիքներից առանձնացրել ենք Արա Զոհրաբյանի և «Հրապարակ» օրաթերթի անանուն «դատական համակարգի ներկայացուցչի»  թեզերը:

Արա Զոհրաբյանի թեզը հետևյալն է. «Եթե գործադիր իշխանությունը փորձի մեր երկիրը տանել «անցումային արդարադատության» ճանապարհով, ապա պետք է առնվազն հաշվի առնի հետեւյալը.

– ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 1-ին հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է: Հետեւաբար, Հայաստանում ճանաչվում է իրավունքի գերակայությունը՝ պետական իշխանության նկատմամբ.

– ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածի համաձայն, հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք.

– ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն, պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Եթե իշխանությունը գնա «անցումային արդարադատության» ճանապարհով վերոհիշյալ նորմերի խախտումներով եւ առանց լուրջ հիմնավորման, ապա իշխանության թիմին նրա քաղաքական հակառակորդները հնարավորություն կունենան մեղադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով(ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի համաձայն,  Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ(ԴԵՏԵԿՏՈՐ)՝նախատեսված սահմանադրական կարգը տապալելու արարք կատարելու մեջ...»

 «Հրապարակ» օրաթերթն իր 24.08.2018թ. համարում հրապարակել է «Հայաստանը Սոմալի չէ» հնչեղ վերնագրով մի հոդված, որում ներկայացված է «անցումային արդարադատության» վերաբերյալ անանուն «դատական համակարգի մի ներկայացուցչի» կարծիքը: «Հրապարակում» տեղ գտած այդ կարծիքը հետևյալն է. «Անցումային արդարադատություն չի կարող լինել Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում, նման բան անելու դեպքում մեզ ուղղակի կհանեն ԵԽ-ից. չէ՞ որ մենք միացել ենք եվրոպական կոնվենցիային, մի շարք կարեւոր միջազգային իրավական ակտերի, ինչպե՞ս կարող ենք խոսել անցումային արդարադատության մասին: Դա լինում է այն երկրներում, որտեղ ընդհանրապես արդարադատություն, դատական համակարգ գոյություն չունեն, օրինակ՝ հեղափոխություն է եղել, եւ ամբողջը կազմալուծված է, ժամանակավոր դատարաններ են ստեղծում։ Դա բնորոշ է աֆրիկյան երկրներին, Սոմալիի, Ռուանդայի նման երկրներին»:

ԴԵՏԵԿՏՈՐԸ  վերոնշյալ հայտարարությունների առումով նշում է, որ փաստաբան Արա Զոհրաբյանը կատարում է փաստարկման և փաստարկների ներկայացման կոպիտ սխալներ, իսկ «Հրապարակ» օրաթերթի չբացահայտված աղբյուրը ներկայացնում է իրականության հետ որևէ աղերս չունեցող, փաստազուրկ դատողություններ: Վերջիններս ապակողմնորոշում են ընթերցողին, ստեղծում են սխալ պատկերացում «անցումային արդարադատության» վերաբերյալ:

 

Մեր հիմնավորումները

Արա Զոհրաբյանի փաստարկում առաջ են գալիս  մանիպուլյատիվ բնույթի մի շարք տարրեր: Նախ՝ Զոհրաբյանը «անցումային արդարադատություն» դիսկուրսում իր փաստարկները հիմնավորելու համար առաջ է բերում Սահմանադրության 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածները: Զուտ ցիտելով սահմանադրությունը՝ նա տպավորություն է ստեղծում ոչ իրավագետ (դոկտրինալ կամ մասնագիտական իրավագիտակցության կրող) անձի մոտ, թե իբրև առերևույթ կամ առաջին հայացքից՝ առկա է նշյալ սահմանադրական կարգավորումների խախտման վտանգ: Ընդ որում, բացատրություն չներկայացնելով, թե իր կողմից վկայակոչված իրավանորմերի ինչպիսի՞ չափանիշների (դոկտրինալ չափանիշների) ներքո կատարված մեկնաբանության արդյունքում է նման եզրահանգման եկել, նա չարագուշակում է քրեական պատասխանատվություն` վերը նշված սահմանադրական իրավանորմերը «խախտողների» համար: Չասելով, թե «անցումային արդարադատություն» եզրույթը ինչպես կարող է չտեղավորվել Սահմանադրության 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածների իրավաբովանդականության տրամաբանության շրջանակներում, նա միանգամից անցում է կատարում «հնարավոր քրեական պատասխանատվության վերաբերյալ» եզրահանգման, ինչը առանց նախորդ փաստարկը որոշարկելու և հիմնավորելու, դարձնում է իր խոսքը ոչ ռելեվանտ և ապակողմնորոշող:

ԴԵՏԵԿՏՈՐԸ նշում է, որ իռացիոնալ է առանց բավականաչափ հիմքերի՝ վատ կանխազգացումը որպես առկա վտանգ ներկայացնելը:

Արա Զոհրաբյանի փաստարկը ռացիոնալության տեսանկյունից ունի մեկ այլ խնդիր ևս: Զոհրաբյանը թիրախավորում է  գաղափարի կենսագործման մեխանիզմը,  ինչի վերաբերյալ որևէ կարծիք կամ բացատրություն չի հնչել գործող քաղաքական իշխանության կողմից: Այսինքն, թիրախավորում է մի բան, որի վերաբերյալ դեռևս պետք է հնչեն կարծիքներ և պարզաբանումներ: 

Ինչ վերաբերում է «Հրապարակ» օրաթերթի հրապարակմանը, ապա կարող ենք նշել, որ օրաթերթին իր կարծիքը հայտնած «դատական համակարգի ներկայացուցիչներից մեկը», խոսելով մասնագիտական իրավագիտակցություն կրողի դիրքերից՝ անում է մի շարք պնդումներ, որոնք որևիցե իրավանորմով և փաստով հիմնավորված չեն: Օրինակ. «Անցումային արդարադատություն չի կարող լինել Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում, նման բան անելու դեպքում մեզ ուղղակի կհանեն ԵԽ-ից…», «Դա լինում է այն երկրներում, որտեղ ընդհանրապես արդարադատություն, դատական համակարգ գոյություն չունեն, օրինակ՝ հեղափոխություն է եղել, եւ ամբողջը կազմալուծված է, ժամանակավոր դատարաններ են ստեղծում: Դա բնորոշ է աֆրիկյան երկրներին, Սոմալիի, Ռուանդայի նման երկրներին»:

Վերոնշյալի կապակցությամբ ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրում է.

1.  Չկա որևիցե կոնվենցիոն իրավանորմ, ինչը կբացառի Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում «անցումային արդարադատության» կիրարկումը.

2. «Անցումային արդարադատություHYPERLINK "https://pdfs.semanticscholar.org/69d6/ed3fb2fa7071827c5e31920cd820ff3783c2.pdf"նը» հանրային-իրավական ինստիտուտցիոնալ ընթացակարգ է, որի անհրաժեշտությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ նախկին քաղաքական ռեժիմի կողմից մարդու հիմնական իրավունքների և ազատությունների խախտումները եղել են այնչափ ծայրահեղ, որ տվյալ պետության մեջ գործող դատական իշխանության մարմիններն ու համակարգը նոր իրողությունների պայմաններում չեն կարող համաչափ լուծում տալ անձանց խախտված իրավունքերի վերականգման խնդրին: Այլ կերպ ասած՝ կա ձևավորված, օբյեկտիվացված հանրային իրավական  ծանրակշիռ այնպիսի շահ, ինչը չի կարող բավարարվել տարբեր դատարանների կողմից կայացվող՝ առանձին գործերով դատական ակտերով.

3. «Անցումային արդարադատության» գոյության պարտադիր պայման չէ կազմալուծված դատական համակարգը.

4/ «HYPERLINK "https://www.ictj.org/about/transitional-justice"Անցումային արդարադատությունըHYPERLINK "https://www.ictj.org/about/transitional-justice"» բնորոշ չէ միայն աֆրիկյան երկրներին, կան այլ երկրների օրինակներ ևս՝ Հունաստան, Արգենտինա, Պերու, Թունիս, Կոլումիբա և այլն, որոնցում գործել է «անցումային արդարադատությունը»:

Ակնհայտ է, որ դատական համակարգի որևէ ներկայացուցիչ չի կարող չիմանալ այս ամենը, ուստի՝ «Հրապարակ» թերթի «դատական համակարգի ներկայացուցիչներից մեկի» դատողությունները ոչ այլ ինչ են, քան ընթերցողին ապակողմնորոշելու նպատակ ունեցող պարզ մանիպուլյացիա:

 

Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան

05-09-2018