ԱՎԱՆԴԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄ՝ ԱՎԱՆԴԱԿԱՆՈՎ (ՄԱՍ 2-ՐԴ). ԱՎԱՆԴԱԿԱՆ ՍԵՌԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ

...

Բաղադրություն

  • Անհիմն պնդում և ապատեղեկատվություն
  • «Ավանդական» եզրի շահարկում

 

  Վերջին տասնամյակում հայաստանյան հրապարակախոսական տեքստերում ավանդույթ է դարձել ավանդականից խոսելը, «ավանդականն» իբրև փաստարկ ներկայացնելը: Ընդ որում, «ավանդականն» իբրև փաստարկ և իբրև հղում օգտագործվում է ինչպես քաղաքական ու կրոնական գործիչների, այնպես էլ տարբեր լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների և գիտնականների հրապարակային տեքստերում: Ուշագրավն այն է, որ հաճախ այդ փաստարկումներն ու հղումներն օգտագործվում են առանց կոնկրետ ձևակերպումների և հետազոտական հիմքերի: Այսինքն, կարելի է ասել՝ գործ ունենք դեմագոգիայի և շահարկման դրսևորումների հետ: Հաշվի առնելով նշված հանգամանքը, ինչպես նաև հրապարակախոսական լսարանին հետագա շահարկումներից զերծ պահելու հեռանկարը, առաջարկվող մի քանի հոդվածներում կանդրադառնանք ավանդականի շահարկման տարբեր դրսևորումներին:

    Թեմայով հերթական՝ 2-րդ հոդվածը[i], վերաբերում է ավանդական սեռակրթությանը: Ս.թ. մայիսի 7-ին Live News-ին տված հարցազրույցի ժամանակ, խոսելով ավանդական ընտանիքի և սեռական դաստիարակության մասին, «Կամք» (Հայկական արժեքների պահպանություն) հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Չախալյանն ասաց հետևյալը. «Հազարավոր տարիներ ավանդույթ է ձևավորվել մեր մոտ, թե ինչպես մեծացնել լավ մարդ, առողջ երեխաԵվ հանկարծ հիմա մեկը պիտի մեզի դրսից սովորեցնի, թե ինչպես մեծացնենք մեր երեխաների՞ն: Չենք ուզում, ձեր ցավը տանեմ: Հայաստանի Հանրապետությունից հեռու խաղացեք» (տես 23:20-23:45 րոպեներ):

   Երեք օր դրանից հետո՝մայիսի 10-ին, նույն կայքին տված հարցազրույցում սեռաբան Նարինե Ներսիսյանը, խոսելով միևնույն թեմայի վերաբերյալ, հայտարարեց. «Այո՛, սեռակրթության ծրագրեր չկան: Ինչի՞ չկան: Որովհետև հենց հայերն իրենց պատմամշակութային ժառանգությամբ, իրենց մեջ կրելով այդ առողջ հատիկը, էն հայերը, ովքեր իրենց արմատներին մոտ են կանգնած, ինքնությանը հավատարիմ են, իրենք էսպես կրում են, իրենց պետք չի բացատրել, թե ինչպես քո երեխային դաստիարակես: Իրենք, ոնց որ կրելով իրենց ներսում՝ փոխանցում են, հաղորդում ենԲայց, քանի որ էսօր շատ հայեր, ցավոք, իրենց արմատներից կտրված և իրենց ինքնությունից  նույն այդ ազդեցությունների տակ կտրված են.. Այ, իրենց համար պետք է երևի այդ ծրագրերը լինեն, որպեսզի իրենք վերադառնան իրենց ակունքներին: Մեր երկրում սեռակրթությունը ես պատկերացնում եմ վերադարձ մեր ակունքներին: Այսինքն՝ մեր հիշողության թարմացումը: էնտեղ մենք ամեն ինչը ունեցել ենք, բայց մոռացել ենք: Մեր սեռական կրթությունը պետք է վերհիշել: Ոչ թե նայենք, թե դրսում ինչ է կատարվում»: Այդուհետ, լրագրողի այն հարցին թե՝ ի՞նչ ակունքների կամ արմատների մասին է խոսքը, արդյո՞ք կան գրականություն, աշխատություններ, Ն. Ներսիսյանն արձագանքեց. «Հացունու՝ «Հայուհին պատմության մեջ» և «Հայոց դաստիարակություն», որից մեկը վերաբերում է օրիորդների սեռական դաստիարակությանը, մյուսը` ասպետների: Եվ, անշուշտ, մի գիրք էլ կա, որը իմ համար սեռակրթության ամենան է, դա մեր էպոսն է, այսինքն` «Սասունցի Դավթի» մասին է խոսքը»: /տես 44:50-46:30/

Դետեկտորի կարծիքով, ավանդական սեռակրթության գոյության մասին նշված բանախոսների հայտարարությունները ապատեղեկատվություն են, և վերոհիշյալ հարցազրույցներում կրկին գործ ունենք «ավանդական» բառի շահարկման հետ:

Մեր հիմնավորումները

   Նախ նշենք, որ Վ. Հացունու աշխատությունների ճշգրիտ անվանումներն են՝ «Հայուհին պատմության առջև» և «Դաստիարակությունը հին հայոց  քով»[ii]:Համարենք, որ  հարգելի սեռաբանը կարող էր մոռանալ Վ. Հացունու աշխատությունների ճիշտ վերնագրերը, սակայն, իր խոսքից երևում է, որ նա նոր է սկսել ծանոթանալ դրանց և տակավին չի հասցրել ամբողջությամբ կարդալ: Այլապես, եթե նա ծանոթացած լիներ նշված երկու աշխատություններին, պիտի բացահայտած լիներ, որ այնտեղ գեթ մի խոսք չկա երեխաների սեռակրթության մասին: Այդ գրքերում, անշուշտ, խոսվում է տղաների և աղջիկների դաստիարակության մասին, սակայն, թե ինչ է սեռական կապը, որն է դրա արդյունքը, ինչպես խուսափել հիվանդություններից  և այլ վտանգներից՝ գրքերում որևէ ակնարկ չի արվում: Ավելին, այդ երկու աշխատությունները վերաբերում են բացառապես հայ ազնվատոհմիկ ընտանիքներին, այսինքն՝ նրանց, ում մասին պատմագիրներն ու հիշատակագիրները նախընտրել են գրել: Վ. Հացունին նույնիսկ իր աշխատությունների տարբեր էջերում ափսոսանք է հայտնում, որ իր ուսումնասիրած աղբյուրներում ռամիկների կյանքի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են կամ շատ հազվադեպ են (տես էջ 7, 109): Շատ կարևոր է նաև հաշվի առնել, որ Վ. Հացունին կրոնական գործիչ է, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, ով  հայերի դաստիարակության վերաբերյալ վկայությունների մասին խոսելիս՝ կողմնակալ հիացմունքով է շեշտադրում կանացի ու տղամարդկային վարքի և դաստիարակության այն հիշատակումները, որոնք քրիստոնեական բնույթ ունեն:

   Վ. Հացունին իր աշխատություններում անդրադառնում է ամուսնական տարիքը կարգավորելու, վաղ (խակ) ամուսնությունները և առևանգումները թույլ չտալու մասին եկեղեցական տարբեր ժողովների (447թ.՝ Շահապիվանի, 719թ՝ Դվինի, 1246թ՝ Սսի, 1276թ.՝ Ձագի) որոշումներին, սակայն վաղ տարիքում երեխաներին սեռական կրթություն տալու մասին հորդորները դրանցում բացակայում են (տես էջ 30-31): Այդուհանդերձ, նշանավոր հոգևորականների աշխատություններից Հացունու կողմից մեջբերված զանազան որոշումներ վկայում են, որ ռամիկ ժողովրդի կյանքում սեռական բնույթի խնդիրները բավականին տարածված են եղել (տես էջ 186-188): Ընդհանուր առմամբ, Վ. Հացունու աշխատությունները շատ մեծ պատմական ժամանակահատված ընդգրկող աղբյուրների, ցաքուցրիվ մեջբերումների՝ կամայական մեկնաբանություններով ուսումնասիրություններ են, որոնք, եթե նույնիսկ սեռակրթության մասին տեղեկություններ հաղորդեին, ապա կրկին պետք է վիճարկվեր դրանց գիտական հավաստիությունը:

    Ինչ վերաբերում է «Սասունցի Դավիթ» էպոսին, ապա այն ավանդական սեռակրթության ամենակարևոր աղբյուր հայտարարելով՝ Ն. Ներսիսյանը գոնե մեկ մեջբերում չի անում, թե Էպոսի՝ կոնկրետ որ տարբերակի որ դրվագը նկատի ունի: Ասել է թե՝ գործ ունենք նույն անհետևողականության հետ, ինչն առկա է նրա կողմից Վ. Հացունու աշխատությունների հիշատակման դեպքում: Ինձ համար, որպես Էպոսի գոնե մի քանի տարբերակների քաջածանոթ ընթերցողի, դժվար է մտաբերել որևէ դրվագ, որը կարող էր վկայել Դավթին կամ էպոսի կերպարներից մեկին՝ վաղ տարիքում սեռական փորձ փոխանցելու և սեռակրթական բնույթ ունեցող խորհրդատվություն մատուցելու մասին: Այսինքն, ի վերջո բաց է մնում այն առանցքային հարցի պատասխանը, թե ըստ վերոհիշյալ բանախոսների՝ այդ ի՞նչ փորձ և ավանդույթ է, որ կրում ենք մեր մեջ և հազարավոր տարիներ դաստիարակում առողջ երեխաներ, և որը ավելորդ է դարձնում ուրիշներից սովորելը: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ ուրիշ փորձառության կամ գիտելիքի նկատմամբ հակաքարոզչություն, որը հիմնավորվում է  մեկ այլ՝ իբրև թե  սեփական փորձի գոյությամբ: Ընդ որում, հիմնավորվում է առանց փաստարկման տրամաբանությանը հետևելու. նույն հարցազրույցում Ն. Ներսիսյանը հաստատում է, որ այո՛, սեռակրթության ծրագրեր չունենք, բայց հետո հանկարծ որոշում է հիշատակել Վ. Հացունու աշխատություններն ու ժողովրդական էպոսը՝ որպես այդպիսի ծրագրերի վկայություն:

    Իսկ իրականությունն այն է, որ քիչ թե շատ համակարգված ուսումնասիրության ենթարկված սեռակրթություն, որպես այդպիսին՝ ավանդական ընտանիքում չի եղել: Օբյեկտիվ ուսումնասիրության համար մեզ հասանելի այն  ավանդական ընտանիքը, որը ներկայանում է 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի ազգագրական հետազոտությունների միջոցով, առանձնահատուկ հետաքրքություն չուներ զավակներին սեռական փորձառություն փոխանցելու առումով (այլապես, դրա մասին հիշատակումներ կլինեին): Նախորդ հրապարակման մեջ անդրադարձել ենք, որ նշված ժամանակահատվածում  հայկական ընտանիքների մեծ մասում տարածված էին վաղ ամուսնությունները, որոնք, աղջիկների դեպքում, կարող էին տեղի ունենալ նույնիսկ մինչև նրանց սեռահասուն դառնալը: Այս առումով` գեղջուկ ծնողներն  առանձնահատուկ խնդիր չունեին սեռական դաստիարակություն տալու, պարզապես,  6-7 տարեկանից դուստրերին ու որդիներին արգելում էին միմյանց հետ խաղալ: Կենսաբանական ծնողների ընտանիքում, ըստ Ջավախքում, Գանձակում և այլուր գրանցված ազգագրական հաղորդումների, դուստրերին ընդհանրապես քիչ բաներ էին սովորեցնում, հիմնականում՝ տունը ավլել, աման լվանալ, կար անել ու գուլպա գործել: Կերակուր եփել, յուղ հալել, պանիր շինել՝ սովորում էին հարս ժամանակ՝ սկեսուրից (էջ 175-176, էջ 377-378): Այսինքն, բանախոսները ավանդականը շահարկելով՝ հորդորում են հավատալ իրենց ապատեղեկատվությանը, իսկ նրանք, ովքեր չեն հավատում, կարող են հայտնվել ավանդական «սեռակրթության բավիղներում» և վայելել մեծ մոլորության պատրանքը:

Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան

31-05-2019

 

 

 

 

 



[i]1-ին հոդվածը տես լինքը

[ii]Վարդան Հացունի, Հայուհին պատմութեան առջեւ, Վենետիկ 1936;
Վարդան Հացունի,
Դաստիարակութիւնը հին հայոց քով, Վենետիկ 1923