ԱՐԺԵՔԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԻՆՔՆԱՀՌՉԱԿ ԳՐԱՔՆՆԻՉՆԵՐԸ. ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ «ԱՎԱՆԴԱԿԱՆ» ՈՒ «ԱԶԳԱՅԻՆ» ԵԶՐՈՒՅԹՆԵՐԻ ԾԻՐՈՒՄ

...

Բաղադրություն

  • Մասը որպես ամբողջ ներկայացնելը
  • «Հակազգային»-ով պիտակավորում

 

Հունիսի 1-ին «Հպարտ» երիտասարդական շարժումը բողոքի ակցիա իրականացրեց «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի» գրասենյակի առջև, որն ուղղված էր «այլասերումից» հայ երեխաների պաշտպանությանը:  Ցույցի մասնակից երիտասարդների ձեռքերում պահած ցուցապաստառները բովանդակում էին կոչեր՝ ուղղված հայկական ավանդական ընտանիքում երեխաների դաստիարակությանը, «այլասերումից» երեխաների պաշտպանությանը, «օտարամոլության» մերժմանը, հայ երեխաներին ազգային արժեքներով դաստիարակությանը: Դրանց բովանդակությունը հիմնականում ամփոփված էր  ֆեյսբուքյան իրենց էջում արված գրառման մեջ. «Մեր երեխաներն ապրելով ազատ, անկախ երկրում պետք է պաշտպանված զգան իրենց և ոչ ոք չպետք է փորձի զրկել նրանց արժանապատիվ մանկությունից՝ ոտնահարելով և խեղաթյուրելով նրանց պարզ և անբասիր մանկությունն ու արժեքային համակարգը։ Հայ մանուկը պետք է մեծանա ավանդական ընտանիքում՝ ազգային արժենքներն իր մեջ կրելով։ Նրանց պետք է զերծ պահենք այլասերվածության քարոզչությունից և այդ ամենը հնարավորինս հեռու լինի նրանց տեսադաշտից»:

 Այս ցույցին նախորդել էր մեկ այլ միջադեպ,  երբ ազգային արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող մի խումբ մարդիկ իրենց գործողություններով խոչընդոտել էին երեխաների իրավունքների պաշտպանությանը և երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների կանխարգելմանն ուղղված՝ «Իմ մարմինն անձնական է» գրքույկի ներկայացմանը: Խնդրին անդրադարձավ նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   

Դիտարկելով ներկայացված կոչերի տեքստերն ու մասնակիցների հայտարարությունները և փորձելով հասկանալ ազգային և ավանդական արժեքներ հասկացությունների շահարկման իմաստը՝ կարելի է ասել, որ դրանք զուրկ են հստակ բովանդակությունից և խիստ վերացարկված են: Անհասկանալի է, թե ինչ են նկատի ունենում ցույցի մասնակիցները՝ շրջանառելով ազգային և ավանդական հասկացությունները. արդյո՞ք 18-19-րդ դարերի կամ 20-րդ դարասկզբի, թե՞ խորհրդային շրջանում հայկական իրականության մեջ ձևավորված արժեքներն ու ավանդույթները: Նկատենք նաև, որ հունիսի 1-ին իրականացված այս ցույցը ժամանակագրությամբ ու հռետորաբանությամբ տեղավորվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի»  գրասենյակի մոտ նախկին իշխանությունների համակիր ուժերի կողմից՝ մայիսի 31-ին, հունիսի 3-ին և հունիսի 11-ին կազմակերպած բողոքի այլ հավաքների համատեքստում: Հատկանշական է, որ ցույցի ընթացքում կիրառվող լոզունգներն ու կոչերը կրկնում են մնացած հավաքների հռետորաբանությունը՝  իրավունքն ավանդական արժեքներին հակադրելը, ընտանեկան հարաբերությունների շրջագծում իրավունքի պաշտպանությունը օտարամոլություն գնահատելը, սեռականությանը վերաբերող որևէ խնդրի բարձրաձայնումն անբարոյականություն ու այլասերում հայտարարելը, ընտանիքում բռնությունը և սոցիալական տարբեր միջավայրերում երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունները տեսանելի դարձնելն ու բարձրաձայնելը, այդ մասին երեխաներին գիտելիքներ փոխանցելը օտարամոլություն և հակազգային համարելը և նոր իշխանություններին՝ որպես այդ ամենի մեղավոր դիտարկելը:

Նկատելի է, որ ցուցարարների մոտ ազգային արժեքներն ավելի շատ ներկայացվում են կոչերի ու հայտարարությունների ձևով և հանգեցվում՝ բովանդակային առումով հստակություն չունեցող, պահպանողական բնույթի ընդհանուր դիտարկումների: Դրանք որպես ահազանգ են հնչեցվում և ուղղված են հասարակության՝ հատկապես պահպանողական մոտեցումներ ունեցող հատվածի մոտ   «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կամ, ինչպես իրենք են կոչում,  «Սորոսի» հիմնադրամի դեմ բացասական տրամադրությունների ձևավորմանը, ինչն էլ   երկրորդված ձևով ուղղորդվում է նոր իշխանությունների դեմ՝ վերջիններիս որակելով որպես  ապազգային և օտարամոլ:  

Այն, որ ցուցարարները խոսում են խիստ ընդհանրացված և միայն հասարակության ծայրահեղ պահպանողական հատվածի արժեհամակարգի դիրքերից՝ փորձելով բարձրաձայնված մտքերը ներկայացնել ողջ ազգի անունից, ինքնին արդեն մանիպուլյատիվ է: Իրականում ազգը շատ ավելի լայն երևույթ է: Այն ունի էթնիկական և քաղաքացիական մակարդակներ: Եթե այս խնդրին մոտենանք էթնիկական ազգի տեսանկյունից, ապա կարելի է ասել, որ թե՛ Հայաստանում,  թե՛ սփյուռքում բնակվող հայերի մեջ կա զգալի մի հատված, որը մարդակենտրոն արժեքների կրող է, և որի համար մարդու իրավունքներն առաջնային կարևորություն ունեն: Այսինքն, խոսել ծայրահեղ պահպանողական արժեքների մասին այնպես, կարծես դրանք բնութագրական են և ներկայացուցչական՝ ողջ ազգի համար, ակնհայտ մանիպուլյատիվ հնարք է.  դրանք նախ՝ այնպիսի ազգային արժեքներ չեն, որոնք ընդհանրական են ամբողջ հայության համար և երկրորդ՝ ներկայացուցչական չեն նաև Հայաստանում ապրող բոլոր հայերի համար, քանի որ չեն ներկայացնում հասարակության բոլոր շերտերի դավանած արժեքները: Այսպիսով՝ այն, ինչ անվանվում է ազգային արժեք,  չի ընդգրկում ազգայինը ո՛չ էթնիկական ազգայինի և ո՛չ էլ պետական-քաղաքացիական ազգի տեսանկյունից:

Դրանք նաև շատ քիչ աղերսներ ունեն ազգայինի պատմաազգագրական կտրվածքի հետ, քանի որ հստակ չէ, թե ազգային արժեքների, ավանդական արժեքների կամ ավանդական արժեքներով ապրող հայկական ընտանիքի մասին բարձրաձայնողներն այդ արժեքներից ո՞ր մեկի կրողներն են: Եթե նկատի ունեն ավանդական ժողովրդական արժեքները, որոնք ներկայացված են ազգագրական գրականության մեջ[i], ապա, այդ տեսանկյունից՝ «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» գրասենյակի մոտ ցույց անող աջիկների արտաքին տեսքը կհամարվեր «այլասերվածության» ցցուն նմուշ և ավանդական սոցիալական նորմերով սահմանված՝ կնոջ հագուստի և հանրային վարքագծի կոպիտ խախտում: Աղջիկներից որոշները հագել էին պատառոտված տաբատներ, մինչդեռ ավանդական  արժեհամակարգի համաձայն, կինը չէր կարող տաբատ հագնել, առավել ևս՝ տաբատի պատռվածքներից ի ցույց դնել ազդրերի մերկ հատվածները: Մարմնի մերկության ցուցադրումը հանրային տարածքում՝ ավանդապահ կնոջ համար մահվան համարժեք մեղք էր: Ներկայումս, օրինակ, պահպանողական արժեհամակարգի վրա հենվող շատ հասարակություններում կնոջ կողմից ավանդական հագուստի նորմի խախտումը հանրային տարածքում այլասերվածության նշան է ու պատժվում է օրենքով:

Ցուցարար աղջիկներն իրենց ցուցապաստառներով դատապարտում էին օտարածին արժեքները, դրանց հետևորդներին համարում «այլասերվածներ», խոսում այն մասին, որ հայ երեխան պետք է մեծանա ավանդական արժեքներով ապրող ընտանիքում և ազգային համարում միայն ավանդականը: Մինչդեռ, ավանդական արժեքների տեսանկյունից իրենք էլ կարող են համարվել «այլասերվածներ»: Այնուամենայնիվ, իրենք իրենց իրավունք են վերապահում  «այլասերված» անվանել մարդկանց, ովքեր երեխաների համար իրականացնում են կրթադաստիարակչական միջոցառումներ, որոնց նպատակն է՝ երեխաների հանդեպ իրականացվող սեռական ոտնձգությունների ձևերի մասին իրազեկելը՝ նպաստելով երեխաների պաշտպանվածության աստիճանի ավելացմանը: Իրենց հանդեպ իրականացված սեռական ոտնձգությունների վերաբերյալ կանանց պատմությունները վկայում են, որ դրանք հաճախ հենց փոքր տարիքում են կիրառվել: Այսինքն, միջոցառումը, որն ունի կրթադաստիարակչական բնույթ և ուղղված է երեխաների պաշտպանվածության մեծացմանը,  «ազգային արժեքների  պաշտպան» ինքնահռչակ մի խմբակի կողմից պիտակավորվում է որպես «այլասերվածություն» և «հակազգային» այն դեպքում, երբ պիտակավորողներն իրենք չեն համապատասխանում ազգայինի ու ավանդականի՝ իրենց իսկ սահմանած չափանիշներին: Այստեղ նորից գործ ունենք պերֆորմատիվ խոսույթի կոնվենցիոնալության խնդրի հետ, համաձայն որի, խոսքն ասողը պետք է ապահովի որոշակի պայմանականություններ, որպեսզի այն լինի արժանահավատ և չհամարվի մանիպուլյատիվ[ii]: Այս տեսանկյունից՝ ցուցարարները չեն ապահովում անհրաժեշտ պայմանականությունները: Ավելին, մանիպուլացնելով հասարակության՝ իրենց կողմից թիրախավորած հատվածը, նրանք փորձում են օժանդակել «Սորոսի» հիմնադրամի դեմոնիզացման նպատակով ձևավորված ճակատին և, որպես վերջնանպատակ, տրամադրում հասարակության պահպանողական հատվածին նոր իշխանությունների դեմ[iii]՝  իրենց համար էլ, զուգահեռաբար, ձևավորելով հայրենասեր ու ազգանվեր խմբակի վարկանիշ:

Կարևոր գործոններ կարող են դիտակվել նաև միջոցառման տեղը և ժամանակը: Այն իրականացվել է նախկին բռնատիրական համակարգի ղեկավարների հանդեպ ընթացող դատական գործընթացների ժամանակահատվածում, երբ ակտիվացել են այնպիսի  խմբավորումներ, որոնք փորձում են նոր իշխանություններին ներկայացնել որպես ապազգային, օտարամոլ, այլասերվածության հովանավոր և այլն: Այսինքն, ազգային արժեքների ու ավանդականության անվան տակ հանդես եկող այս խմբակն, իրականում, գործում է նախկին իշխանություններին սատարող հակահեղափոխական ուժերի խոսույթի ծիրում: Գործողության տեղը նույնպես համընկնում է՝  նախկին ավտորիտար համակարգի մնացուկներին սատարող  հակահեղափոխական ուժերի կողմից թիրախավորված՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի»  գրասենյակի մոտ:

Ամփոփում

Ներկայացված դեպքի քննարկումը թույլ է տալիս բացահայտել ազգային արժեքների շուրջ պահպանողական խոսույթի խաղարկման միջոցով մանիպուլյացիայի բավականին տարածված մի երևույթ, որտեղ առանցքային դերակատարում ունեն մի քանի հնարքներ.

·         Մասը, որպես ամբողջ ներկայացնելը: Իսկ ավելի որոշակի՝ հայաստանաբնակ պահպանողական որոշ խմբերի արժեքային ընկալումները որպես ազգային ներկայացնելու և ողջ ազգի վրա ընդհանրացնելու փորձը:

·         Ազգային արժեք հասկացության բովանդակության ու համատեքստի խեղաթյուրված ներկայացումը:

·         Հորինովի, իրական կյանքում գոյություն չունեցող՝  «ազգային» ու «ավանդական» երևակայական արժեքների տեսանկյունից ուրիշներին «հակազգային» պիտակավորումն ու նրանց հանդեպ գրաքննության գործադրումը:

·         Սեփական դիրքորոշումը որպես անբասիր ազգային ներկայացնելը և ազգայինի դիրքից՝ իրենց գնահատման իրավունքի վերապահումը:

·         Իրենց իսկ հանրահռչակած արժեքների դաշտում անհրաժեշտ պայմանականությունների պահպանման սկզբունքի խախտումը:

·         Իրականության մեջ մարդկանց կողմնորոշման վրա ազդող հանգուցային և դրանց բովանդակության ձևավորման վրա ազդող էկվիվալենտ նշանների տեղերի խաղարկումը[iv] և այդ միջոցով նոր իշխանություններին հանրային կարծիքում որպես «օտարամոլ», «հակազգային», «այլասերված» պիտակավորելու փորձերը:

 

 

Հեղինակ՝ Աղասի Թադեւոսյան

 10-07-2019

 

 



[i] Բդոյան Վ., Հայ ազգագրություն (Համառոտ ուրվագիծ), Երևան, 1974:

[ii] Austin J. 1999. How to do things with words. Oxford: Clarendon press. 12-18.

[iii] Այս խնդրին անդրադարձել եմ մեկ այլ հոդվածում:

[iv] Այս խնդրի մասին մանրամասն տես՝ Jorgensen Ph. 2002. Discourse analyses: A theory and method. London-Thousand Oaks-New Delhi: Sage publication 42-43.