«Հանքարդյունաբերական կազմակերպությունները ... հաճախ չեն պահում իրենց խոստումները», Ստյուարտ Կիրշ (2014, էջ 7)
ԴԵՏԵԿՏՈՐԸ նկատել է, որ Թեղուտի հանքի վերագործարկման հետ կապված՝ վերջերս հաճախ հայտարարություններ են արվում, որոնք անտեսում են հանքի պոչամբարի շահագործման լուրջ վտանգները: Հաճախ անտեսվում է նաև ստեղծված իրավիճակի հետաքննության անհրաժեշտությունը: Օրինակ, 2019թ. հունվարի 30-ին Հանրային ռադիոյի եթերում հնչեցվել է «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ տնօրեն Արամ Բաղդասարյանի կարծիքը Թեղուտի հանքի վերագործարկման մասին՝ հանքարդյունահանման ոլորտի թափանցիկության բարձրացման համատեքստում: Ըստ նրա, «կարևորը, որ հանքաքարին հասել են: Ինչը որ պիտի կտրեին, կտրել, վերջացրել են, հանքաքարն այժմ այսպես ասենք ոտքերի տակ դրված է, սա և պետությանն է օգուտ, և բոլորին, եթե շահագործվի: Այն, ինչ արվել, արվել է, շահագործումն այժմ անվտանգ է, անիմաստ կլինի, եթե չշահագործվի»:
Ըստ ԴԵՏԵԿՏՈՐԻ, այն պնդումը, որ «շահագործումն այժմ անվտանգ է» ոչ միայն ակնհայտորեն սխալ է, այլ նաև մանիպուլյատիվ, քանի որ այն անտեսում է պոչամբարի հետ կապված լուրջ խնդիրները և Շնող գետի շարունակական աղտոտումը: Բացի դրանից, «ինչ արվել, արվել է» խոսքերն ակնարկում են, որ նախկին գործողությունների բացասական հետևանքները պետք է ընդունել, ըստ էության, անտեսվում է մեղավորներին պատասխանատվության կանչելու անհրաժեշտությունը: Նույն կերպ, Թեղուտի հանքի բացումից առաջ «Վալլեքս» ընկերության հայտարարություններում գործունեությունը ներկայացվում էր դրական կերպով, մինչդեռ վտանգներն անտեսվում, քողարկվում կամ ժխտվում էին:
ԴԵՏԵԿՏՈՐՆ այս հայտարարություններում բացահայտել է ժամանակի քաղաքականության տարրեր, ինչը շատ տարածված մանիպուլյատիվ ռազմավարություն է: Ըստ հետազոտողների, բազում կորպորացիաներ «ժամանակի քաղաքականություն» են վարում՝ նախնական փուլում սեփական գործունեությունը ներկայացնելով որպես անվտանգ ու պատասխանատու, և հնարավորինս երկար թաքցնելով վերջինիս բացասական ազդեցությունները (Kirsch 2014, Benson and Kirsch 2010): Հանքարդյունաբերության ոլորտում ժամանակի քաղաքականությունն արդյունավետ է, քանի որ գործունեության բացասական կամ երբեմն աղետալի հետևանքները հաճախ ի հայտ են գալիս տարիներ կամ տասնամյակներ անց: Այդ առումով, հանքարդյունահանող կազմակերպությունների կարևորագույն նպատակը շահագործման մեկնարկն է. մեկնարկից հետո դժվար է լինում կանգնեցնել հանքերի շահագործումը, նույնիսկ եթե վերջիններս ի հեճուկս տրված խոստումների սկսում են աղտոտել շրջակա միջավայրը և սոցիալ-տնտեսական լուրջ վնասներ հասցնում համայնքներին: Պատճառն այն է, որ շահագործման մեկնարկից հետո մեծ գումարներ են պահանջվում շրջակա միջավայրի մաքրման և վերականգնման համար. հենց դա էլ կարող է որպես փաստարկ օգտագործվել հանքի հետագա շահագործումն արդարացնելու համար: Գործող հանքի փակումը կապվում է նաև ազդակիր համայնքներում սոցիալ-տնտեսական խնդիրների և բյուջեի եկամուտների անկման հետ:
Մեր հիմնավորումները
Ըստ հետազոտողներ Պիտեր Բենսոնի և Ստյուարտ Կիրշի (2010), այն կորպորացիաները, որոնց գործունեությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին կամ հասարակությանը, տարբեր կերպ են արձագանքում քննադատությանը: Գործունեության սկզբում, երբ բացասական ազդեցությունները մեծ մասամբ աննկատ են, կազմակերպությունները սովորաբար ներկայանում են որպես պատասխանատու և հերքում են, որ քննադատությունը հիմնավոր է՝ վնասների և էքստերնալների համար ծախսերից խուսափելու համար: Սովորաբար նրանք փորձագիտական հետազոտություններ են ծառայեցնում այդ նպատակին՝ գերագնահատելով սեփական գործունեության անվտանգությունը: Երբ խնդիրներն այնքան ակնառու են դառնում, որ այլևս անհնար է լինում դրանք հերքելը, կորպորացիաները հաճախ, ընդունելով դրանց առկայությունը, փոքրածավալ բարելավումներ իրականացնելու քայլերի են դիմում՝ պատասխանատու ներկայանալու համար: Եթե սնանկացման վտանգ է առաջանում, կազմակերպությունը կարող է համագործակցել քննադատների հետ և ավելի լայնածավալ ռեֆորմներ իրականացնել: Ձախողումների և վնասների համար ֆինանսական պատասխանատվությունը հաճախ փոխանցվում է մեկ այլ կազմակերպությանը և ծախսերի զգալի մասը դրվում է հասարակության ուսերին:
Թեղուտի հանքի դեպքում, նախնական փուլում հանրության աջակցությունը ստանալու նպատակով, շահագործող կազմակերպությունը շեշտում էր նախագծի՝ աննախադեպ և անվտանգ լինելը: 2012 թ. «Վալլեքս» խմբի ընկերությունների նախկին փոխնախագահ Գագիկ Արզումանյանը հեռուստատեսությամբ հայտարարել էր. «Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը աննախադեպ է: ... Ինչի՞ց կարող է առաջանալ ջրի հետ կապված վտանգը մի ձեռնարկությունում, որը որ աշխատում է փակ շրջանառվող եղանակով: Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունում չկա այդպիսի հանքարդյունաբերող ձեռնարկություն առայժմ, որտեղ որ ջուրը 100%-ով շրջապտույտի մեջ է գտնվում: Այսինքն տեխնոլոգիան, որ մենք առաջարկում ենք ներդնել Թեղուտում այն է, ինչ որ աշխարհի զարգացած երկրները հասել են դրան, դա նշանակում է, որ արտադրական ջրերի արտահոսք որևէ ստորերկրյա կամ բաց ջրային ավազան տեղի չի ունենալու»:
Սակայն, ինչպես ժամանակը ցույց տվեց, «Վալլեքսի» ծրագրերն ու գնահատականներն իրականությանը չէին համապատասխանում, չափազանց լավատեսական էին և անտեսում / քողարկում էին բազում ռիսկեր: Ըստ փորձագետ Սեյրան Մինասյանի հետազոտության, Թեղուտի հանքավայրի գործունեությունը խիստ բացասաբար է անդրադարձել Շնող գետի ջրի որակի վրա. «արդեն նախապատրաստական փուլում ... «լավ» դասին պատկանող ջրային մարմինը 3-4 տարում վերածվել է «ռիսկային» կամ 5-րդ՝ «վատ» [խիստ աղտոտված] դասի ջրային մարմնի»: Շնող գետի աղտոտվածության մասին են փաստել նաև չեխ հետազոտողները: Ըստ Համաշխարհային բանկի 2016թ. գնահատման, «պոչամբարի նախագիծը համարժեք չէ թե՛ բնապահպանական, թե՛ ֆիզիկական կայունության առումով: ... Այս խնդրին համարժեք ուշադրություն չի դարձվել...: Միջազգային չափանիշների համեմատությամբ՝ պոչամբարի ներկայիս նախագիծը կհամարվեր անընդունելի ֆիզիկական անկայունության առումով (վերընթաց բարձրացման նախագիծ սեյսմիկ վայրում):»:[i]
Բացի դրանից, 2017 թ. Դանիացի ներդրողները դուրս եկան նախագծից՝ պահանջելով վերադարձնել շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի ներդրումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, ֆինանսավորման պայման էր հանդիսանում Վալլեքսի կողմից Համաշխարհային բանկի սահմանած չափանիշների ապահովումը: Սակայն, ըստ ներդրողների, 2016թ. «հանքը չէր համապատասխանում պայմաններին», նրանց մտահոգությունները հիմնականում վերաբերում էին 3 խնդրի.
· հանքի ջրհավաք ավազանից տեղի էր ունենում արտահոսք, ինչն առաջացնում էր խնդիրներ ջրային միջավայրի համար.
· կազմակերպությունը չկարողացավ փաստաթղթերով ապացուցել, որ պոչամբարը համապատասխանում է միջազգային չափանիշներին.
· Ալավերդու պղնձաձուլարանում «աշխատանքային առողջության եւ անվտանգության պայմանները լիովին անընդունելի» էին:
Մինչ աշխատանքների դադարեցումը «Վալլեքսը» հանդես չէր գալիս պաշտոնական հաղորդագրություններով, որոնցում բացահայտորեն խոսվեր պոչամբարի անհամապատասխան նախագծի, միջավայրի աղտոտման կամ աշխատանքային առողջության ու անվտանգության «անընդունելի» պայմանների մասին և չէր ստանձնում պատասխանատվություն այդ խնդիրների համար: 2018թ. հունվարի 12-ին «Վալլեքս» ընկերությունը դադարեցրեց հանքի շահագործումը: Հունվարի 24-ին, երբ բնապահպաններն ահազանգում էին հանքից թափոնների արտահոսքի մասին, ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որում ասված էր.
«2014թ. վերջին գործարկված «Թեղուտ» ՓԲԸ նոր լեռնահարստացուցիչ կոմբինատը, երեք տարվա անընդմեջ նախագծա-նորմատիվային բարձր ցուցանիշներով աշխատանքներից հետո, 2018թ. հունվարի 12-ից դադարեցրել է պղնձի և մոլիբդենի խտանյութի արտադրությունը՝ պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքների նպատակով։ Աշխատանքների դադարը կարող է տևել 2 ամիս և ավելի, քանի որ այդ ժամանակահատվածում պետք է լուծվի նաև պոչամբարի մեջ լցվող պոչանքների տեխնոլոգիական պարամետրերը նոր ստանդարտներին համապատասխանեցնելու խնդիրը»։
Ինչպես տեսնում ենք, ճգնաժամային իրավիճակում անգամ ընկերությունը բացահայտորեն չընդունեց, որ աշխատանքների դադարեցումը պայմանավորված է պոչամբարի տեխնիկական խնդիրներով և վթարի վտանգով: Սակայն, հետագայում ընկերության ներկայացուցիչները ստիպված եղան ընդունել, որ հիմնական խնդիրը պոչամբարի տեխնիկական վիճակն է, թեև նույնիսկ այս փուլում կազմակերպությունը չստանձնեց պատասխանատվություն սեփական գործունեության (պոչամբարի ոչ-«համարժեք», «անընդունելի» նախագծի և միջավայրի աղտոտման) համար: Մասնավորապես, 2018թ. հունիսի 20-ին տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Պոչամբարի պատվարի կայունության բարելավման աշխատանքների համար անհրաժեշտ են լրացուցիչ երկրաբանա-տեխնիկական աշխատանքներ, լաբորատոր փորձարկումներ, ... դրանց հիման վրա նախագծերի պատրաստում … Արդյունքում, Ընկերության ղեկավարությունը կայացրեց միակ հնարավոր և պատասխանատու որոշումը: Այն է՝ չվերագործարկել լեռնահարստացուցիչ կոմբինատը, քանի դեռ պոչամբարի կայունության ցուցանիշները չեն համապատասխանացվել ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին»:
Այս հայտարարությունը նշանակում է, որ ընկերությունը նախօրոք չէր իրականացրել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և անսարք ու միջազգային չափանիշներին չհամապատասխանող պոչամբար է կառուցել, որի շահագործումը վտանգավոր է: Արդյո՞ք անպատասխանատվություն չէ սա, եթե ոչ՝ ավելին: Սակայն նույնիսկ այս պարագայում, ընկերությունը փորձում է սեփական գործունեությունը ներկայացնել որպես պատասխանատու՝ նշելով, որ ղեկավարությունը կայացրել է կոմբինատը չվերագործարկելու «միակ ... պատասխանատու որոշումը»:
Ըստ ԴԵՏԵԿՏՈՐԻ, մեջբերված հայտարարությունը համապատասխանում է «ժամանակի քաղաքականության» տրամաբանությանը: Երկու դեպքում էլ, շահագործումն ու վերաշահագործումը հիմնավորելու համար հայտարարություններ են արվում, որոնք կամա թե ակամա անտեսում կամ քողարկում են առկա բնապահպանական ռիսկերը և վնասների համար պատասխանատվությունը: Ավելին, Վալլեքսի հայտարարությունները համապատասխանում են հանքարդյունահանող կազմակերպությունների՝ փիառ ռազմավարության ներկայացված փուլերին: Նախ, երբ բնապահպանական ռիսկերն ու վնասները մեծ մասամբ տեսանելի չէին լայն հանրության համար, կազմակերպությունն իր գործունեությունը ներկայացնում էր որպես աննախադեպ, անվնաս և միջազգային ստանդարտներին համապատասխանող: Այնուհետև, միջազգային ներդրողների և Համաշխարհային բանկի քննադատությունն անտեսելով, կազմակերպությունն իր հայտարարություններում շարունակեց անտեսել շրջակա միջավայրի աղտոտումը և բնապահպանական ռիսկերը: Նույնիսկ ճգնաժամային իրավիճակում այն չստանձնեց պատասխանատվություն հանքի աշխատանքների ձախողման համար՝ փոխարենը սեփական գործունեությունը ներկայացնելով որպես պատասխանատու: Հարց է առաջանում, թե ով է կրելու հասցված վնասների բեռը:
Ըստ հետազոտողների, նույնիսկ ԱՄՆ-ում հանքարդյունաբերողները սիստեմատիկ կերպով թերագնահատում են հանքերի ազդեցությունը միջավայրի վրա իրենց նախնական փորձագիտական գնահատումներում (Kuipers et al 2006, Maest et al 2006): Սա հանգեցնում է հետևյալ եզրակացությանը. թեև հանքարդյունահանող կազմակերպությունները գործունեության սկզբում պարտավորվում են գործել անվնաս և պատասխանատու կերպով, հասարակությունը չունի երաշխիքներ, որ գործունեության արդյունքը չի տարբերվի նախնական գնահատականներից: Այդ մասին է վկայում նաև Թեղուտի հանքի օրինակը: Կանխատեսումների չիրականացման դեպքում, ծախսերի և վնասների զգալի մասը կրելու է երկրի քաղաքացին (Կիրշ և Բենսոն):
[i] Համաշխարհային բանկի հետազոտության մեջ նաև նշված էր, որ կառուցվածքի բարձրացման արագությունը, որն ըստ միջազգային ընդունված չափանիշների տարեկան 3 մետր պետք է կազմեր, այս դեպքում «կարծես տատանվում է սկզբնական տարեկան 42 մետրից մինչև տարեկան 4, 3 մ՝ պոչամբարի ծառայության ժամկետի ավարտին»:
Հեղինակ՝ Միլենա Բաղդասարյան
12-03-2019