«ԵՐՐՈՐԴ ԺԱՄԿԵՏԸ» ՈՐՊԵՍ ԱՆՁՆԱԿԵՆՏՐՈՆ ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻ ՊՐՈՊԱԳԱՆԴԱ. Էդգար Վարդանյան

...

Բաղադրություն

  • Պնդումների կառուցում խեղաթյուրված կամ համատեքստից կտրված փաստերի հիման վրա
  • Էմոցիայի շահարկում
  • Հակասահմանադրականություն
  • Անձնակենտրոն ավտորիտարիզմի պրոպագանդա

 

«Երրորդ ժամկետը» որպես անձնակենտրոն ավտորիտարիզմի պրոպագանդա

 

 

 

2014թ. ապրիլի 10-ին, Սերժ Սարգսյանը, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, խոսելով նախատեսվող սահմանադրական փոփոխությունների մասին, մասնավորապես, հայտարարեց. () «…պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում…»:

 

2018թ. մարտի 19-ին Սերժ Սարգսյանն արդեն հնարավոր համարեց իր թեկնածության առաջադրումը.  «…եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին»: Նա նաեւ մեղադրանքներ հնչեցրեց այն մարդկանց հասցեին, ովքեր համարում են, որ Սերժ Սարգսյանը կդրժի իր խոստումը, եթե ստանձնի վարչապետի պաշտոնը՝ «վաղուց արդեն ժամանակն է հրաժարվելու համատեքստից դուրս մեջբերումային լեզվակռիվների պարզունակ մարտավարությունից և ժամանակն է լսելու քաղաքական խոսքը, ընկալելու այն և քննարկելու հենց այդ մակարդակում»։

 

Սերժ Սարգսյանը երկրի ղեկին իր մնալը հնարավոր համարելը փորձեց արդարացնել ներքին եւ արտաքին սպառնալիքների առկայությամբ: Նա, մասնավորապես նշեց. «…Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ և համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար… չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են. մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե՝ ոչ»: ()

 

ԴԵՏԵԿՏՈՐԸ պնդում է, որ հայաստանյան ներկայիս իրավիճակում փաստացի երրորդ ժամկետով երկրի ղեկավար դառնալը չբացառելը, արդեն իսկ, անկախ ամեն ինչից, անընդունելի է ժողովրդավարական պետության տեսանկյունից: Խնդիրն այն է, որ փաստացի երրորդ ժամկետը հնարավոր է դարձել սահմանադրական փոփոխությունների շնորհիվ եւ, եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ապա լիովին կհիմնավորվի տարիներ շարունակ հանրության լայն շրջաններում տարածում գտած համոզմունքը, որ սահմանադրական փոփոխությունները հիմնականում կատարվել են երկրի կառավարման ղեկին Սերժ Սարգսյանի մնալն ապահովելու համար:

 

Իշխող քաղաքական վերնախավի նման պահվածքը ցույց է տալիս, որ Հայաստանում Սահմանադրությունը, իրավական կարգը ցանկացած պահի կարելի է հարմարեցնել եւ ծառայեցնել կոնկրետ անձի, խմբի շահերին: Սերժ Սարգսյանի համար արդարացված է սահմանադրություն փոխելու միջոցով փաստացի երրորդ ժամկետով երկրի ղեկին մնալը, մի բան, որը մինչ այժմ բացակայում էր հայաստանյան քաղաքական կյանքում եւ բնորոշ էր, օրինակ, միջինասիական ավտորիտար ռեժիմներից շատերին, Ադրբեջանին, Բելառուսին եւ այլն:

 

Հայաստանում իրականացվողը տարբերվում է վերոնշյալ երկրներում կատարվածից միայն այն բանով, որ դրանցում կառավարման երրորդ ժամկետը հնարավոր է դարձել ոչ թե սահմանադրությունների մեջ այդ ժամկետի արգելքը ինչ-որ կերպ վերացնելու, այլ կառավարման համակարգի ֆորմալ փոփոխության արդյունքում: Սակայն էությունը նույնն է՝ տեղի է ունենում Սահմանադրության փոփոխությամբ երկրի գործող ղեկավարի պաշտոնավարման ժամկետի երկարացում: Ի դեպ, նույնիսկ ավտորիտար Ռուսաստանի ղեկավար Պուտինն իր պաշտոնավարման ժամկետը երկարացնելու համար չի փոխել Սահմանադրությունը՝ այդ խնդիրը նա լուծել է նախագահական մեկ շրջան իր մերձավորներից մեկին՝ Մեդվեդեւին հանձնելու եւ այդ ժամանակահատվածում ֆորմալ առումով վարչապետի պաշտոնում հանդես գալու միջոցով:

 

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխող քաղաքական վերնախավը նաեւ փորձում է համոզել բոլորին, որ եթե Սերժ Սարգսյանը չմնա կառավարման ղեկին, ապա կվտանգվի երկրի կայունությունն ու անվտանգությունը, չի ապահովվի պետության զարգացումը: Այսինքն փորձ է արվում քաղաքացիների շրջանում տագնապի, վախի զգացողություն առաջացնելու միջոցով նրանց համոզել առնվազն չընդդիմանալ Սերժ Սարգսյանի՝ փաստացի երրորդ ժամկետով պաշտոնավարմանը:

 

Բացի այդ ԴԵՏԵԿՏՈՐԸ, վերլուծելով խնդրի շուրջ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները, դրանցում հայտնաբերել է նաեւ մի շարք մանիպուլյացիոն տարրեր, որոնք կոչված են սրբագրելու Սերժ Սարգսյանի 2014-ի հայտարարությունը:

 

Նախ պետք է հիշել, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնին չհավակնելու իր հայտարարությունն արել է սահմանադրական փոփոխությունների գործընթացի համատեքստում՝ նպատակ ունենալով ցրել կասկածները, թե փոփոխությունները կոչված են երկարացնելու իր պաշտոնավարման ժամկետը: Հենց ինքն է նշում այդ մասին, երբ մինչև նախագահի պաշտոնին չառաջադրվելու եւ վարչապետի պաշտոնին չհավակնելու հայտնի հայտարարությունն անելն, ասում է. «...ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով»:

 

Մինչդեռ Սարգսյանը իր վերջին հայտարարության մեջ արդեն նշում է, որ, եթե ասում է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, դա դեռ չի նշանակում, որ չի առաջադրվելու այդ պաշտոնին: Նա մասնավորապես նշում է՝ «Երբ գործիչն ուզում է քաղաքական հայտարարություն անել այն մասին, որ չի լինելու ինչ-որ տեղում, նա ասում է՝ ես չեմ լինելու այսինչ տեղում, ինչպես ես հստակ հայտարարել եմ, որ չեմ լինի Հայաստանի Հանրապետության նախագահ։ Բայց երբ պնդումը քաղաքական համատեքստ է պարունակում և խոսվում է հավակնությունների ու պատկերացումների մասին, ուրեմն ասելիքն այլ հարթությունում է։ Դժվար չէ սա տարբերել։ Ինչ վերաբերում է հավակնություններին։ Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել…»:

 

ԴԵՏԵԿՏՈՐԸ ուշադրություն է դարձնում Սարգսյանի հայտարարությունների հետ կապված հետեւյալ նրբություններին՝

 

Նախ, հարկ է նկատել, որ, երբ Սարգսյանը նշում է, որ «…ես հստակ հայտարարել եմ, որ չեմ լինի Հայաստանի Հանրապետության նախագահ» նա, իրականում, խմբագրում է իր ասածը՝ 2014-ին նա չի ասել, որ չի լինի ՀՀ նախագահ, այլ ասել է. «չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար»:

 

Վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին 2014-ի հայտարարությունը, ինչպես հենց ինքը՝ Ս. Սարգսյանն է նշել, «սահմանադրական բարեփոխումների քննարկումներն իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով» է արվել եւ եթե հանրությունը հայտարարությունից չպետք է հասկանար, որ Սերժ Սարգսյանը չի լինելու վարչապետ, ապա այդ հայտարարությունն ամբողջությամբ իմաստազրկվում է: Սարգսյանը 2014-ին հանրությանը համոզում էր, որ ինքն այլեւս երկրի ղեկավար չի լինելու, որպեսզի հանրությունը սահմանադրական փոփոխությունները չդիտարկի որպես Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարացնելու քողարկված միջոց: Հենց այդ նպատակով է նաեւ նա ասում, որ երկու անգամից ավելի չպետք է հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին:

 

Սերժ Սարգսյանը, երբ 2014-ին ասում է, որ չի հավակնի վարչապետի պաշտոնին, օգտագործում է «նաեւ» բառը, ինչն այս համատեքստում միանշանակորեն է՛լ ավելի մեծ հավասարության նշան է դնում «առաջադրվել» եւ «հավակնել» բառերի միջեւ: Սարգսյանն ասում է. «այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար» եւ որոշ ժամանակ հետո ավելացնում. «ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»: Նախագահի պաշտոնին չառաջադրվել նշանակում է որպես թեկնածու չմասնակցել նախագահական ընտրություններին, իսկ վարչապետի պաշտոնին չհավակնել նշանակում է չառաջադրվել որպես վարչապետի թեկնածու: Ըստ «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանի» «հավակնել» բառի հոմանիշներից է «թեկնածել» բառը, իսկ «թեկնածել», ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի» նշանակում է «հանդես գալ որպես թեկնածու» (ռուս. выставить кандидатуру).

 

Հարկ է նաեւ նշել, որ ասելով՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ առաջադրվի, չեմ հավակնի, գործիչն իր վրա չառաջադրվելու պարտավորություն է վերցնում, այսինքն՝ խոստում է տալիս: Ինչ-որ բան չանելու պարտավորություն վերցնելը հավասարազոր է ինչ-որ բան չանելու խոստում տալուն: Եվ բացարձակապես անհիմն են հանրապետականների՝ պարբերաբար հնչեցրած տեսակետները, թե Սերժ Սարգսյանը խոստում չի տվել, ընդամենն իր կարծիքն է ասել: Որպեսզի ասելիքը դիտարկվի որպես խոստում, բնավ պարտադիր չէ ասել՝ «խոստանում եմ», «խոսք եմ տալիս»: Բավական է ասել՝ «այսպես եմ անելու», իսկ եթե ասում ես «պաշտոնապես հայտարարում եմ» ապա է՛լ ավելի ես շեշտադրում խոստումդ, ինչը եւ արել է Սերժ Սարգսյանը 2014-ի իր ելույթում:

 

Ուստի, ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրում է՝ գործիչը չի կարող վարչապետի պաշտոնը ստանձնել առանց այդ պաշտոնին հավակնելու: Եթե գործիչը, ով նախկինում հայտարարել էր, թե չի հավակնում այդ պաշտոնին, սակայն ինչ-ինչ պատճառներով ստանձնում է այդ պաշտոնը, ապա, նշանակում է, որ ստանձնելուց առաջ նա ինչ-ինչ հանգամանքներից դրդված մտքափոխ է եղել, չի կատարել խոստումը, ստանձնած պարտավորությունը, և որ նա, ի վերջո, հավակնել է այդ պաշտոնին:

 

Այսինքն, միանշանակ է, որ եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ուրեմն նա դրժել է իր խոստումը եւ առնվազն վերջին պահին հավակնել վարչապետի պաշտոնին: Վարչապետի պաշտոնի ստանձնումը կամավոր ակտ է, որեւէ մեկը չի կարող ստիպել մարդուն դառնալ վարչապետ, որեւէ մեկը չի կարող մարդու կամքին հակառակ նշանակել նրան այդ պաշտոնին, որեւէ մեկը չի կարող մարդուն սպառնալիքով ընտրել/նշանակել վարչապետ:

 

ԴԵՏԵԿՏՈՐԸ եզրակացնում է. Սերժ Սարգսյանի՝ փաստացի երրորդ ժամկետի օգտին քարոզը, մի կողմից, անձնակենտրոն ավտորիտարիզմի պրոպագանդա է, մյուս կողմից՝ այլեւս երկրի ղեկավար չլինելու Սերժ Սարգսյանի՝ խոստումը դրժելու անհիմն արդարացում՝ հագեցած տարաբնույթ մանիպուլյատիվ հնարքներով:

 

 

 

Հեղինակ՝ Էդգար Վարդանյան