ՏԵՏ-Ա-ՏԵՏ-Ի ԾՈՒՂԱԿԸ

...

Բաղադրություն

  • Իրար հակասող հայտարարություններ
  • Բարձր վարկանիշ ունեցող ուժին թիրախավորելու միջոցով սեփական ուժին կշիռ հաղորդելու փորձ

 

ԴԵՏԵԿՏՈՐՆ իր նախորդ հոդվածներից մեկում արդեն նկատել էր, որ ՀՀԿ-ն փորձում է դիրքավորվել և ներկայանալ որպես միակ ընդդիմություն: Այդ թեզը շարունակում և դեկտեմբերի հինգի՝ նախընտրական  բանավեճի ընթացքում որպես կայացած իրողություն էր փորձում ներկայացնել ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը՝չնայած այն իրողությանը, որ ՀՀԿ-ն ունի չափազանց ցածր վարկանիշ և չի կարող դիտարկվել որպես գերբարձր վարկանիշ ունեցող «Իմ քայլի» մրցակից։

Ըստ ԴԵՏԵԿՏՈՐԻ, մարքեթինգային տեսանկյունից ՀՀԿ-ի ամբողջ քարոզարշավը կառուցված էր որպես հստակ հակադրություն՝ Նիկոլ Փաշինյանին և իր թիմակիցներին։ Այսպես՝  սեւ ու սպիտակ պաստառները հղում էին անում քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ավելի վաղ արված հայտարարությանը, թե՝ «կան սև և սպիտակ ուժեր», ապա քարոզչական հոլովակը շարունակում էր թեման, թե ինչու սև-սպիտակ համադրությունը դրական երևույթ է՝ բերելով հոգևորականների, մոր որովայնի մեջ գտնվող պտղի առաջին պատկերների, սև թանաքով սպիտակ թղթի վրա գրվածքների օրինակները և այլն։ Ու չնայած այս ամենին, Վիգեն Սարգսյանը բանավեճի ընթացքում պնդում էր, թե իրենք մերժում են «սև-սպիտակի» գաղափարն առհասարակ, դա մեր ընտրությունը չի եղել»,-ասաց նա՝ հավելելով, թե քարոզարշավի սև-սպիտակը նրանք «էպոտաժի տեսքով» վերադարձրել են Փաշինյանին։ Սարգսյանը և իր թիմը, այսպիսով, հակասում են իրենք իրենց՝ մի կողմից մերժելով սև-սպիտակի գաղափարը, մյուս կողմից՝այն դարձնելով ամբողջ քարոզարշավի հենասյունը։

 

Հանրապետականը նաև իր կարգախոսն էր ուղղել դեպի «հակափաշինյանություն»։ «Եթե մտահոգ ես»-ը փորձ է թիրախավորել մարդկանց, որոնք դեռ բավարարված չեն երկրի ու անձամբ իրենց կարգավիճակով, ներկայացնելով  նրանց որպես հիասթափված՝ և իրենց միակ հույսը հանրապետականին ընտրելու մեջ տեսնող ընտրազանգված։

 

Հանրայինի եթերում ևս, Վիգեն Սարգսյանը դիրքավորվել  և բանավեճն ամեն կերպ ջանում էր կառուցել այնպես, կարծես Հանրային հեռուստաընկերության հսկայական տաղավարում միայն ինքն ու Նիկոլ Փաշինյանն են՝ մնացածին դիտարկելով որպես հանդիսատես։

 

Սարգսյանն, առհասարակ, դժգոհ էր բանավեճի ձևաչափից։ Իր համար, կարծես, անընդունելի և անհարմար էր երեք և կես ժամ ուղիղ եթեր ձևաչափում կանգնել ու բանավիճել տասնմեկ հոգու հետ այն դեպքում, երբ իր կարծիքով, ինքն արժանի էր տետ-ա-տետ, էքսկլյուզիվ բանավեճի՝ երկրի վարչապետի հետ։ ԴԵՏԵԿՏՈՐԸ կարծում է, որ նրանք հենց այդ հույսով էլ կառուցել և անցկացրել են իրենց ամբողջ քարոզչական մարտավարությունը։

«Ֆորմատի հետ կապված էլ ուզում եմ ասել. ես կարծում եմ՝ Դուք[Նիկոլ Փաշինյան-հեղ.]անարդար վարվեցիք՝ չընդունելով հրավերս առանձին բանավեճի, որովհետև ձեր ողջ քարոզարշավը կառուցված էր ՀՀԿ-ին փնովելու վրա։ Եթե Դուք ունեիք ՀՀԿ-ին ասելու բան, Դուք կարայիք գտնեիք Ձեր բազմազբաղ, ես ասացի Ձեզ հարմար օրն ու ժամը, հնարավորություն՝որևէ տեղ նստելու։ Կարծում եմ՝ երկու օր դեռ կա, նույնիսկ եթե Դուք ունեք դեռ այց վաղը, եթե նույնիսկ մյուս օրը ամսի յոթն ա, ես պատրաստ եմ ձևաչափը գտնեմ, բայց կարծում եմ հանրությունը մեզանից լսելիքներ ունի։ Մենք էսօր բոլորի ժամանակը զբաղեցրեցինք, որովհետեւ հիմնական բանավեճը, այնուամենայնիվ, մեր մեջ էր»,- ևս մեկ, կարելի է ասել վերջին փորձ՝ առանձին բանավեճի հրավիրել Նիկոլ Փաշինյանին:

Սարգսյանի այս հրավեր-հնարքը ոչ այլ ինչ է, քան քաղաքական թակարդ։ Այն պահին, երբ Փաշինյանը համաձայներ նստել Սարգսյանի հետ բանավեճի՝ ՀՀԿ-ն ստանում էր պաշտոնական  ընդդիմախոսի տիտղոս՝ իրեն դիրքավորելով որպես  բաղձալի «միակ ընդդիմություն»։ Ի դեպ,  բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ Սարգսյանի հետ առանձին բանավեճը անհարգալից կլիներ մյուսների նկատմամբ, «քանի որ նրանք էլ իրավունք ունեն բանավիճելու կառավարության հետ»։

«Բանավեճը մեր երկուսի մեջ է ու գաղափարական է», -  վերջում ասաց Վիգեն Սարգսյանը՝ կարծես ամփոփելով բանավեճը։

ԴԵՏԵԿՏՈՐԸ հիշեցնում է, որ ՀՀԿ իշխանության տասը տարիների ընթացքում  համազգային, նույնիսկ քաղաքային իշխանությունների նախընտրական շրջանում երբևէ Հանրապետականն իր առաջին դեմքերի ձևաչափով չի բանավիճել։ Առհասարակ, լրատվամիջոցների և հանրության հետ անմիջական կապ, հարցազրույց, բանավեճ գոյություն չի ունեցել։ Հայաստանի նախկին նախագահ, ապա վարչապետ Սերժ Սարգսյանը ելույթ էր ունենում մի քանի ամիսը մեկ՝ իր կուսակիցների կամ աջակիցների ներկայությամբ՝ միայն նախապես տեսագրված, մոնտաժված ու անցանկալի հարցերը բացառող ձևաչափով։ Նույնիսկ նրա մամուլի խոսնակները հայտարարություն էին անում տարին միայն մի քանի անգամ՝ հիմնականում արցախյան հարցի բանակցությունների առիթով։ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարցազրույցներն է'լ ավելի հազվադեպ էին, հարցուպատասխաններն ու բանավեճերը՝ անհնարին։ Իսկ քանի՞ անգամ էր Վիգեն Սարգսյանը շփվել մեդիայի, էլ չասենք՝ հանրության հետ։ Ե՞րբ էր իշխանության ղեկին նստած Հանրապետական կուսակցության առաջին դեմքը հարիր համարել բանավիճել որևէ ընդդիմախոսի հետ։ Անգամ ապրիլյան հեղափոխության ընթացքում Սերժ Սարգսյանը հարմար չէր գտնում հանդիպել ընդդիմության առաջնորդի հետ՝ քննարկելու իրավիճակը, իսկ երբ հանդիպեց, իրական՝ ոչ պալատական մամուլի ու հանրության  ներկայությունից և ընդդիմախոսի անմիջական խոսքից շփոթվեց ու բանակցությունները չավարտած՝ լքեց դահլիճը։  Այսպիսին է եղել հանրապետականի բանավեճի մշակույթը, իսկ այժմ նրանք բողոքում են, որ չեն արժանացել երկրի առաջին դեմքի հետ բանավիճելու արտոնությանը։

 

Իհարկե, միայն երկու թեկնածուների բանավեճի ֆորմատը նորություն չէ: Այն վաղուց հաստատված ձևաչափ է դեմոկրատական երկրներում: Սակայն նման ձևաչափով իրար կարող են հանդիպել միայն հանրության աջակցությունը վայելող քաղաքական ուժերը: Օրինակ, ՄիացյալՆահանգներում նախագահական դեբատների հանձնաժողովը սահմանում է, որ դեբատներին մասնակցել կարող են միայն նրանք, ովքեր ունեն հանրության առնվազն տասնհինգ տոկոսի աջակցությունը։ Այդ աջակցությունը հաշվարկվում է հանրային կարծիքը հաշվարկող հինգ տարբեր կազմակերպությունների կողմից, այլ կերպ ասած՝ սոցհարցումների միջոցով։Եթե պարզվեր, որ ՀՀԿ-ն ունի բարձր վարկանիշ, այդ դեպքում Վիգեն Սարգսյանի դժգոհություն-ցանկությունըմիգուցե լեգիտիմ լիներ, սակայն սոցհարցումները, մեղմ ասած, ՀՀԿ-ի օգտին չեն խոսում: Այսպես՝  Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները փաստում են, որ հարցվածների միայն 2% է պատրաստ կողմ քվեարկելՀՀԿ-ին, իսկ 61%-ը նշել է, որ երբևէ չի քվեարկի

 ՀՀԿ-ի  օգտին։ Սակայն առանց հարցումների էլ պարզ է, որ ոչ բռնի, դեմոկրատական հեղափոխության արդյունքում ժողովրդի կողմից կտրականապես մերժված և իշխանություն կորցրած քաղաքական ուժը չէր կարող նույնիսկ միջին վարկանիշ ունենալ:

 

Ամփոփելով՝ ԴԵՏԵԿՏՈՐՆ արձանագրում է, որ.

·         Ամբողջ քարոզարշավի և վերոնշյալ բանավեճի ընթացքում ՀՀԿ-ն փորձեց ներկայանալ՝ որպես իշխանություններին ընդդիմացող միակ և հավասար կողմ, ինչը նրան հնարավորություն կտար բարձրացնել սեփական քաղաքական կշիռը:

·         «Միակ ընդդիմության» թեզի շուրջ ՀՀԿ-ն կառուցեց իր ողջ գաղափարական ու վիզուալ արշավը՝ թիրախավորելով միայն «Իմ Քայլին» և Նիկոլ Փաշինյանին:

·         ՀՀԿ-ն, «եթե մտահոգ ես...» լոզունգի միջոցով, փորձեց ներկայիս իշխանությունների հետ կապված մտահոգություն կամ դժգոհություն ունեցող մարդկանց իր համակիրների շարքում լինելու պատրանք ստեղծել՝ բացառելով, որ նրանք բացի հանրապետականից, կարող են համակրել նաև որևէ այլ քաղաքական ուժի;

·         Վիգեն Սարգսյանն իրենց այս հնարքի հաջողությունը և քարոզարշավի ամփոփումը տեսնում էր Նիկոլ Փաշինյանի հետ առանձին բանակցություններում և մինչև վերջին պահը փորձ կատարեց Փաշինյանին տանել դեպի տետ-ա-տետ բանավեճի ծուղակը։

 

P.S. Բանավեճի ձևաչափը ոչ բոլոր մասնակիցների համար էր շահեկան, այդուամենայնիվ, վերջին տասնամյակում այն եզակի էր, և վստահաբար կարելի է ասել՝ քաղաքական մշակույթի նոր տարր էր հայկական իրականությունում։

 

Հեղինակ՝ Էլինա Չիլինգարյան

07-12-2018