Օրերս Հանրային խորհրդի և «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանն իր հարցազրույցներից մեկում խոսել է Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակի, անցումային արդարադատության, դատաիրավական համակարգի բարեփոխումների ու հասարակական կյանքի մասին:
ԴԵՏԵԿՏՈՐԸ տվյալ հարցազրույցում հնչած մտքերում արձանագրել է մանիպուլյացիոն հետևյալ հնարքները. «Էմոցիայի շահարկում», «Հասկացությունների նենգափոխում» «Երկակի ստանդարտների կիրառում», «Անհիմն պնդում և ապատեղեկատվություն»։
Մեր հիմնավորումները
Վազգեն Մանուկյանը, խոսելով «Քաղաքական երկխոսության ակումբ» ստեղծելու իր նախաձեռնության մասին, մասնավորապես նշել է. «Արևմուտքում քաղաքական ակումբները շատ են տարածված, որոնք հասարակության հյուսվածքն են և թույլ չեն տալիս, որ հասարակությունն անկայուն լինի, անընդհատ հեղափոխություն, հեղաշրջում, տեռոր լինի։ Կարծում եմ՝ հիմա Հայաստանում շատ արդիական է ունենալ մի այնպիսի կառույց, որտեղ իշխանության և ընդդիմության տարբեր շերտերը կկարողանան իրար հետ քննարկում իրականացնել»։ Հետագայում, կտրուկ մերժելով «Անցումային արդարադատության» անհրաժեշտությունը, նա անուղղակիորեն «բացասականացնում» է հեղափոխությունը, որի արդյունք է համարում անցումային արդարադատությունը։ Վ. Մանուկյանն առանց որևէ ապացույց ներկայացնելու՝ պնդում է, որ «Հիմա դատական համակարգը շատ ավելի վախեցած է, հատկապես հեղափոխությունից հետո, հեղափոխությունն այդ տեսակետից շատ վախենալու է»։
Նա կիրառում է «Էմոցիայի շահարկում», «Հասկացությունների նենգափոխում» հնարքները, երբ Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին խոսակցության համատեքստում, անհիմն կերպով «վախենալու» բան համարելով այդ փոփոխությունները, օգտագործում է «տեռոր», «հեղաշրջում» բառերը՝ անուղղակիորեն նույնականացնելով հայաստանյան թավշյա հեղափոխությունն այդ հասկացությունների հետ:
Դետեկտորը Վազգեն Մանուկյանի հետևյալ խոսքերում հայտնաբերել է «Անհիմն պնդումները որպես փաստ ներկայացնելու» մանիպուլյատիվ հնարքը. «Հիմա իշխանության մեջ շատ-շատ են..., որոնք որ գրանտներ էին ստանում դրսից, իրանք պատրաստվում էին, համապատասխան կուրսեր էին անցնում, իրանց քարոզչությունն էր արվում և իրանց նկարագրվում էր մի հատ պետություն, որը իրականում աշխարհում գոյություն չունի։ Եվ իրանց գծագիրը՝ ուղեղի, թե ինչ պետություն է պետք կառուցել, այդպիսի պետություն գոյություն չունի։ Լիբերալ, ազատամիտ, կանոնավոր մի հատ պետություն, որ գոյություն չունի»։ Այսպիսով, կրկին առանց որևէ հիմնավորման՝ Վազգեն Մանուկյանը թավշյա հեղափոխությունը և դրա հետ կապված գաղափարները ներկայացնում է որպես «օտարածին», «արտաքինից մեզ պարտադրված», «անիրական», «գոյություն չունեցող» և այլն։
Հարցազրույցի մեկ այլ հատվածում, կրկին խոսելով անցումային արդարադատության անհրաժեշտության և հայաստանյան իրականության մասին, հավելում է. «Հայստանում չկա անցումային արդարադատության ոչ մի նախադրյալ։ Արևելյան Եվրոպայում մի քանի երկիր անցան անցումային արդարադատության կոմունիստական ռեժիմներից հետո՝ առանձնապես ոչ մի օգուտ չստանալով։ Հայաստանում, ես կարծում եմ, որ հակացուցված է ընդհանրապես մտցնել անցումային արդարադատություն, որովհետև նախադրյալներ չկան։ ... Անցումային ասելով, դա նշանակում է, որ եղել է բոբոների մի պետություն։ Ոչ միայն նախադրյալներ չկան, այլև մեր պետությանը շատ վտանգավոր է և եթե դա լինի, դա բացի վնասից մեր պետությանը ոչ մի օգուտ չի բերելու։ ...Անմեղության կանխավարկածը երբեք պետք չի խախտել, դա շատ վտանգավոր է։ Մեր օրենքները, դատական համակարգը թույլ են տալիս առանց ոչ մի անցումային արդարադատության, առանց ոչ մի ֆինտուֆլյուշկաների այդ հարցերը լուծել։
Իր խոսքին կշիռ հաղորդելու համար հեղինակը հղում է անում միջազգային փորձին՝ շեշտելով, որ Արևելյան Եվրոպայի երկրները «ոչ մի օգուտ չեն ստացել» անցումային արդարադատությունից։ Այստեղ Վազգեն Մանուկյանը կիրառում է «Փաստերի կեղծում և աղավաղում» հնարքը: Նա իր խոսքերը հիմնավորող որևէ ապացույց չի բերում և փաստացի՝ կեղծ տեղեկատվություն է տարածում: Իրականում, օրինակ՝ Լեհաստանի կամ Չեխիայի ներկայիս տնտեսական ցուցանիշները և նրանց զարգացման դինամիկան ցույց են տալիս, որ անցումային արդարադատության և տնտեսական ռեֆորմներից հետո նրանք այժմ Եվրոպական միության ամենազարգացած տնտեսություններով և ժողովրդավարական համակարգ ունեցող երկրներից են: Ըստ ՀՆԱ նոմինալ ցուցանիշի մակարդակի՝ նախորդ տարում Լեհաստանը զբաղեցրել է 8-րդ, իսկ Չեխիան՝ 14-րդ հորիզոնականը։ Լեհաստանի պարագայում՝ երկրի տնտեսությունը 1990թ.-ից ի վեր աճել է 8 անգամ՝ 65 մլրդ-ից հասնելով 526 միլիարդ դոլարի։ Վերոնշյալից երևում է, որ «առանձնապես ոչ մի օգուտ չստանալու» մասին պնդումը մանիպուլյատիվ է և անհիմն:
Հեղինակը նաև կիրառում է «Երկակի ստանդարտներ» և «Կեղծ պատճառահետևանքային կապ» հնարքները, երբ նշում է՝ «...մարտի 1-ի գործը պետք էր սկսել ներքևից, այլ ոչ թե վերևից։ Ե՞րբ ա զորքը առաջին անգամ մտել Երևան՝ 1996թ. Այսինքն, հաշվի առնելու նախադեպը կար։ Հենա 96թ-ից սկսեք, ինչու եք Մարտի 1-ից սկսում։ Իմ կարծիքով՝ Քոչարյանին ամեն ինչում կարելի ա մեղադրել, բայց ոչ Մարտի 1-ի գործով, որովհետև հակառակ կողմն էլ կար»։ Այս տրամաբանությամբ ստացվում է, որ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրելն անհիմն է, քանի որ գոյություն է ունեցել «հակառակ կողմ»՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի: Բայց Վազգեն Մանուկյանը չի ընդունում 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքները և առանց «հակառակ կողմի»՝ իր և իր կողմնակիցների դերակատարումը հաշվի առնելու (պառլամենտ ներխուժելը, իշխանության ներկայացուցիչներին որոշ ցուցարարների կողմից ծեծի ենթարկելը), մեղավոր է համարում այն ժամանակվա իշխանություններին։
Ամփոփելով՝ հարկ է նշել, որ անցումային արդարադատության կիրառելիության ու դրա հանրային պահանջի, Թավշյա հեղափոխության և Մարտի 1-ի գործով պատասխանատվության վերաբերյալ Վազգեն Մանուկյանի հայտարարությունները ունեն ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ։
Հեղինակ՝ Գոռ Մադոյան
17-05-2019