Փետրվարի 20-ին «5-րդ ալիքի» հարցազրույց» հաղորդաշարի եթերում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, խոսելով 2018 թվականի արդյունքներով 1000 խոշոր հարկատուներից հավաքագրված հարկերի մասին, անդրադարձ կատարեց նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարկային վճարումներին` մասնավորապես նշելով. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն անցած տարի, նկատի ունեմ 2017թ., վճարել է 18 միլիարդ հարկ, իսկ 2018 թվականին վճարել է 42 միլիարդ հարկ։ Դուք պատկերացնո՞մ եք ինչ է տեղի ունենում։ Դուք լսո՞ւմ եք ինչ եմ ասում։ 18 միլիարդ և 42 միլիարդ։ Էստեղ խոսքը ոչ թե 70, այլ 300 տոկոսի մասին է խոսքը։ Հարկերի պատճառով եկամուտներն են թաքցրել»:
ԴԵՏԵԿՏՈՐԸ վերոնշյալ հրապարակման մեջ հայտնաբերել է մանիպուլյատիվ դատողություններ: Պատգամավոր Հովիկ Աղազարյանի մեկանաբանությունը, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից 2017 և 2018 թվականներին վճարված հարկերի տարբերությունը վկայում է եկամուտները թաքցնելու մասին, զուրկ է մասնագիտական հիմքերից և կարող է ապակողմնորոշել հանրությանը:
Մեր հիմնավորումը
Նախքան ապակողմնորոշիչ բնույթ ունեցող բուն հայտարարությանն անդրադառնալը, տեղին է նշել, որ համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված՝ 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ցանկի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից 2018թ.-ին կատարված ընդհանուր վճարումները կազմել են ոչ թե 42, այլ շուրջ 41 միլիարդ դրամ: Արդյո՞ք այս անճշտությունը վրիպակ է. դժվար է ասել, սակայն այսօրինակ թվաբանական «վրիպակ» առկա է նաև Հ. Աղազարյանի կողմից ներկայացված տոկոսային ցուցանիշներում. իսկ ավելի կոնկրետ՝ 41 միլիարդը չի կարող լինել 18 միլիարդի 300 տոկոսը:
Անդրադառնալով պատգամավորի այն մեկնաբանությանը, որ եթե 2017 թվականին կոմբինատը վճարել է 18 միլիարդ հարկ, իսկ 2018 թվականին՝ 41 միլիարդ, ապա նախկինում եկամուտները թաքցվել են, պետք է նշենք, որ այն զուրկ է մասնագիտական հիմնավորումներից և ունի ապակողմնորոշող բնույթ:
ԴԵՏԵԿՏՈՐԸ չի բացառում, որ եկամուտները թաքցնելու գործոնն էլ կարող է առկա լինել այս ամենում, սակայն տվյալ դեպքում՝ վճարված հարկերի ծավալի կտրուկ ավելացումը մեծամասամբ պայմանավորված է այլ գործոններով, որոնք կներկայացվեն ստորև:
Մեր հիմնավորումները
Մեր երկրում պղնձի և մոլիբդենի հանքանյութերի վերամշակում չի իրականացվում, այն ամբողջությանբ արտահանվում է, ուստի, եկամուտները թաքցնելու համար, կոմբինատը պետք է թաքցներ նաև արտահանման ծավալները: Վիճակագրական վարչության տվյալներին համաձայն՝ 2018 թվականին թե՛ պղնձի, և թե՛ մոլիբդենի արտահանումը զգալիորեն կրճատվել է, իսկ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալները վկայում են, որ վճարված մաքսատուրքերը նույնպես նվազել են 240 միլիոն դրամով, կամ 18 տոկոսով:
Այստեղից հետևություն, որ 2018 թվականին կոմբինատի գործունեությունը արտադրանքի արտահանման ծավալային մասով ոչ միայն դրական փոփոխությունների չի ենթարկվել, այլև 2017 թ.-ի համեմատ նվազել է, և սա այն դեպքում, երբ հարկային վճարումների հավելաճը 2018 թվականին կազմել է 22 միլիարդ դրամ, որն ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից 130 տոկոսով:
Մեր ընթերցողների մոտ կարող է հարց առաջանալ. ինչո՞վ է պայմանավորված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից 2018 թվականին վճարված հարկերի նման աճը: Չժխտելով Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված որոշակի քայլերի դրական ազդեցությունն այս հարցում, այդուհանդերձ, պետք է փաստենք, որ հարկերի նման հավելաճը հիմնականում պայմանավորված է եղել, ոչ այնքան ՊԵԿ վարչարարությամբ, որքան գնային գործոններով. այսինքն՝ պղնձի և մոլիբդենի համաշխարհային գների բարձրացմամբ:
Ինչպես երևում է գծապատկերից, դիտարկվող ժամանակահատվածում արտահանման և բորսայական ամենացածր գներն արձանագրվել են 2016 թվականին, իսկ հաջորդ տարիներին դրանք շարունակաբար աճել են: Գաղտնիք չէ, որ երբ համաշխարհային շուկայում նկատվում է ապրանքերի գների բարձրացում, արտադրողներն սկսում են ավելացնել վաճառքի ծավալները՝ նպատակ ունենալով ավելացնել իրենց շահույթը: Վերոնշյալ հանգմանքներով պայմանավորված՝ 2018 թվականին կոմբինատն արտահանված պղինձը վաճառել է նախորդ տարվա համեմատ ավելի բարձր գնով: Տրամաբանական է, որ դրա արդյունքում ընկերությունն ստացել է ավելի շատ հասույթ և վճարել ավելի շատ հարկեր:
Ինչպես երևում է այս գծապատկերից, 2018 թվականին վճարված հարկերի շեշտակի աճը, որը 2017 թվականի համեմատ ավել է եղել 22.3 մլրդ. դրամով, կամ շուրջ 120 տոկոսով, պայմանավորված է նաև այլ հարկերի և վճարների ավելացմամբ, առավելապես՝ բնօգտագործման և բնապահպանական վճարներով: Վերջինիս մասով՝ կոմբինատը 2018 թվականին 2017- ի համեմատ ավել է վճարել շուրջ 13.9 մլդ. դրամ, կամ հավելաճը կազմել է 156 տոկոս:
Վճարված հարկերի ընդհանուր ծավալի աճի հաջորդ կարևոր բաղադրիչը շահութահարկն է: Վերը ներկայացված գնային գործոնների փոփոխության պայմաններում կազմակերպությունը ստացել է ավելի մեծ շահույթ, ինչի արդյունքում էլ վճարել է ավելի շատ հարկ: Ընդ որում, բորսայական գների աճին զուգահեռ, որոշակիորեն աճել է նաև արտահանման գինը (այն գինը, որով ապրանքը հատել է ՀՀ մաքսային սահմանը), ինչը նշանակում է, որ նախ՝ արտահանված 1 տոննա հանքանյութի համար ընկերությունն ավելի շատ մաքսային վճարումներ է կատարել, իսկ արդեն բորսայական գների աճով պայմանավորված՝ ստացել է ավելի մեծ շահույթ ու վճարել ավելի շատ շահութահարկ: 2018 թվականին, միայն շահութահարկի գծով ընկերությունը պետական բյուջե 10.5 միլիարդ դրամ ավելի է վճարել, կամ հավելաճը կազմել է 168 տոկոս:
Եվս մի կարևոր հանգամանք. համաձայան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական վիճակի մասին հաշվետվության, գունավոր մետաղների համաշխարհային գների տատանումներով պայմանավորված՝ ընկերությունը 2016 թվականը ամփոփել է 41.1 միլիարդ դրամ վնասով, իսկ 2017 թվականին ունեցել է ընդամենը 10.8 միլիարդ դրամի շահույթ: Սա նշանակում է, որ 2016 և 2017 թվականներին կոմբինատը լուրջ ֆինանսական խնդիրներ է ունեցել, ինչը ևս ազդել է այդ տարիներին ընկերության կողմից վճարված հարկերի ծավալի վրա: Այս փաստը ևս մեկ անգամ ամրապնդում է ԴԵՏԵԿՏՈՐԻ հիմնավորումը, որ կոմբինատի՝ 2018 թվականի հարկային վճարումների աճը ոչ թե բացառապես վարչարարության արդյունք է, այլ պայմանավորված է նաև այլ գործոններով:
Ամփոփելով՝ ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրում է, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությունը ապակողմնորոշող է. պղնձի և մոլիբդենի համաշխարհային գների բարձրացմամբ պայմանավորված ՝Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից վճարված հարկերի աճը ներկայացվում է բացառապես իբրև նախկինում հարկերի և եկամուտների թաքցնելու հետևանք, ինչը զուրկ է մասնագիտական հիմնավորումներից և երևույթը բնորոշում է միակողմանիորեն:
Հեղինակ՝ Հայկ Բեջանյան
12-04-2019