ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅՈՒՆԸ, «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ» ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

...

Բաղադրություն

  • Ներքին գործերին միջամտելու անհիմն, անուղղակի մեղադրանք
  • «Հասարակական բարոյականության սկզբունքի» անհարկի վկայակոչում

 

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանություններն ապրիլի 9-ին համատեղ հայտարարություն տարածեցին, որում մասնավորապես հորդորում էին «Հայաստանում բոլորին, որոնք խթանում են և հավատում են մարդու իրավունքների հիմնարարության սկզբունքին՝ դատապարտել ատելության խոսքը»: Հայտարարությունում նաև կոչ էր արվում իրավապահ մարմիններին՝ «ձեռնարկել անհապաղ քայլեր՝ ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ և քննություն անցկացնել ատելության հանցագործություններ հրահրելու մեջ կասկածվող անձանց դեմ ներկայացված ենթադրյալ մեղադրանքների վերաբերյալ»: Ապրիլի 10-ին նմանատիպ հայտարարություն տարածեց նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:

Ի պատասխան առաջին հայտարարության, Հայաստանի ԱԳՆ խոսնակը ապրիլի 9-ին տարածեց մի հայտարարություն, որում մասնավորապես նշված էր. «ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ: Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։ Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։»

ԴԵՏԵԿՏՈՐԸ համարում է, որ Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հայտարարությունում չկա որևէ արտահայտություն, որը թույլ կտար եզրակացնել, որ հայտարարության հեղինակները հայկական հասարակության հանդեպ  անհարգալից վերաբերումունք են ցուցաբերել և որ «հասարակական քննարկումները» «անհարկի ուղղորդել են», ինչպես ակնարկել է ԱԳՆ-ն: ԱԳՆ-ի հիշատակված դրույթը, որ «հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել», այս պարագայում անտեղի է հիշատակված, քանի որ ԵՄ հայտարարության մեջ խոսքը ատելության խոսքի, սպառնալիքների, այդ թվում՝ մահվան սպառնալիքների մասին է, և «հասարակական բարոյականության սկզբունքը» չի կարող հիմք լինել, որ պետությունը ատելության խոսքի, սպառնալիքների, այդ թվում մահվան սպառնալիքների նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերի: Բացի այդ, դիտարկվող հայտարարությունների առիթ դարձած օրինակում «հասարակական բարոյականության սկզբունքը»  ընդհանրապես բացակայում է. խորհրդարանում մարդու իրավունքների լսումների ժամանակ հնչած որևէ  ելույթ, որում հիշատակվում է կոնկրետ խմբի իրավունքների մասին՝ հասարակության ուշադրությունը այդ իրավունքների ոտնահարման խնդրին սևեռելու նպատակով, և որը չի պարունակում  հակասահամանադրկան որևէ կոչ, չի կարող դիտարկվել «հասարակական բարոյականության սկզբունքը» խախտող երևույթ:

 «Հասարակական քննարկումների անհարկի ուղղորդման» մեղադրանքի վերաբերյալ հարկ է նշել, որ բռնության սպառնալիքները, ատելության խոսքը դատապարտելուն ուղղված կոչը չի կարող դիտարկվել որպես քննարկումների անհարկի ուղղորդում: Ժողովրդավարական, հատկապես՝ եվրոպական երկրներում չի կարող գոյություն ունենալ հանրային քննարկում, որտեղ կարող է արդարացվել մարդու նկատմամբ բռնությունը կամ բռնության սպառնալիքը: Հայաստանը և Եվրամիությունը ստորագրել են ԵՄ և Հայաստանի միջև գործընկերության  գերակայությունների մասին համաձայնագիր, որից բխում է, որ կողմերը փոխադարձաբար պարտավորություն են ստանձնում հարգել մարդու իրավունքները: Սրանից էլ բխում է, որ այդ պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իր գործընկերոջը իրավունք ունի դիտարկումներ և առաջարկներ ներկայացնել մարդու իրավունքներին առնչվող տարատեսակ հարցերի վերաբերյալ, ինչը չի կարող դիտարկվել որպես ներքին գործերին միջամտություն: Փաստացի, Հայաստանի եվրոպացի գործընկերները, նկատելով, որ վերջին շրջանում, հատկապես՝ վերջին մի քանի օրվա ընթացքում,  Հայաստանում մեծ տարածում են գտել առանձին անձանց և խմբերի կողմից որոշ մարդկանց և խմբերին ուղղված ատելության խոսքի և բռնության սպառնալիքի դրսևորումները, որոշել են ահազագել այդ մասին: Կարող ենք նաև ենթադրել, որ եթե պատկան մարմինների կողմից լիներ հատուկ հայտարարություն վերոնշյալ դրսևորումների վերաբերյալ, և եթե քրեական գործեր հարուցված լինեին (ինչպես, օրինակ, «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» կեղծ օգտատերի դեպքում է եղել), հավանաբար, միջազգային կառույցների հայտարությունները կամ չէին լինի, կամ էլ  այլ շեշտադրումներ կունենային:

Հարկ ենք համարում նշել, որ միջազգային պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ միջազգային կառույցների կողմից  պետությունների խմբին կամ կոնկրետ պետությանը կոչ է արվել քայլեր ձեռնարկել ատելության խոսքի, բռնության սպառնալիքների բացառելու ուղղությամբ:

Օրինակ, 1997-ին ընդունված՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ռեկոմենդացիան անդամ երկրներին կոչ է անում ատելության խոսքը արգելող քաղաքականություն իրականացնել: Առկա են օրինակներ, երբ միջազգային կազմակերպությունները դիմում են կոնկրետ պետությանը՝ հորդորելով նրան ընդունել ատելության խոսքը դատապարտող օրենսդրություն: Ամենաթարմ օրինակներից կարող ենք նշել Ճապոնիայի կառավարությանն ուղղված ՄԱԿ-ի դիմումը, որի համար առիթ էր դարձել կորեացիների և այլ փոքրամասնությունների դեմ հաճախակի դարձած ցույցերը:

   Միջազգային պրակտիկայում հաճախ են հանդիպում նաև ժողովրդավարական արժեքները հրապարակայնորեն չընդունող քաղաքական կազմակերպությունների գործունեության արգելքներ: Ամենահայտնի օրինակներից են՝ 1952-ին դատական ընթացակարգով Գերմանիայի նեոնացիստական «Սոցիալիստական կայսերական կուսակցության», 1956-ին` «Գերմանիայի կոմունիստական կուսակցության» գործունեության արգելումը:

Իհարկե, հաշվի առնելով «թավշյա հեղափոխության» շրջանակներում իրականացված մի շարք դեմոկրատական բարեփոխումներ՝ մենք հիմքեր չունենք կասկածելու, որ ՀՀ կառավարությունը, պատկան մարմինները հետամուտ չեն լինելու Հայաստանում բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությանը: Դրա պատրաստակամության մասին նշված է նաև հենց ԱԳՆ վերոնշյալ հայտարարությունում, որտեղ մասնավորապես ասվում է. «ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները»:

 Ամփոփելով, Դետեկտորը փաստում է, որ անընդունելի է միջազգային կառույցների արդարացի, Հայաստանի պարտավորություներից բխող հորդորներն ու առաջարկները ներկայացնել որպես ներքին գործերին միջամտելու փորձ և բռնության սպառնալիքները, ատելության խոսքը դիտարկել «հասարակական բարոյականության սկզբունքի» համատեքստում:

 

Հեղինակ՝ Էդգար Վարդանյան

10-04-2019