Հատկապես Երևանի ավագանու ընտրություններում գրանցված արդյունքից հետո քաղաքական հրատապություն է ձեռք բերել շուտափույթ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրակարգը: Սակայն, սույն օրակարգին տարաբնույթ փաստարկներով հակաճառում են Ազգային ժողովի ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները:
ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրում է, որ սույն համատեքստում մանիպուլյատիվ բնույթի պնդումներով են հանդես եկել նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ, որոնցից առանձնացրել ենք Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամներ Էդուարդ Շարմազանովի, Գալուստ Սահակյանի եւ Կարինե Աճեմյանի հայտարարությունները:
«Azatutyun.am» լրատվական կայքին տված հարցազրույցում Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ռելեվանտ չէ իրենցից ակնկալել արտահերթ ընտրությունների անցկացում, քանի որ իրենք Ազգային Ժողովում կազմում են փոքրամասնություն. «ժողովուրդ ջան մենք փոքրամասնություն ենք պառլամենտում, 51 հոգի մենք չկանք, Փաշինյանն իրա կողմնակիցներով 53 հոգի ունի, ուզում է գնա արձակի-չարձակի, հրաժարական տա-չտա, ի՞նչ եք մեզնից ուզում, բայց կրկնում եմ՝ մենք մեծամասնություն չենք, ձեզ խաբել են, որ ասել են՝ «բոբո Հանրապետականները չեն թողնում», թողողն էլ է ինքը, չթողողն էլ, մեխն էլ, չագուչն էլ իրա ու իրա կոալիցիայի ձեռքում է, ի՞նչ է մեզնից ուզում»,- նշել է նա:
«Armtimes.com» լրատվական կայքի լրագրողի հարցին ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Ազգային Ժողովի լուծարումը համարում է պետության համար վտանգավոր: «Ինքնալուծարումը պետության համար վտանգավոր երեւույթներից մեկը կլինի, դա խայտառակություն է: Չեմ կարծում, որ խորհրդարանական մեծամասնությունը պիտի գնա այն ճանապարհով, որն առաջարկում է, ուզում է կառավարությունը»,- ասել է նա:
«News.am» լրատվական կայքին տրված հարցազրույցում Կարինե Աճեմյանը հայտարարել է. թե ՀՀԿ-ն պետք է թույլ չտա ԱԺ լուծարումը, քանի որ դա հարվածում է ժողովրդավարությանը և բազմակարծությանը: «ՀՀԿ–ն ճանապարհ անցնելիս՝ միայնակ չէ որոշում կայացրել, ամեն ինչ արել է, որ դրանք լինեն կոնսենսուսով, սա է ժողովրդավարական ուղին։ Եթե հիմա որևէ ուժ ցանկանում է միայնակ գործել, երևի թե, մենք դա պետք է թույլ չտանք, որովհետև մեր երկրում պետք է լինի բազմակարծություն»,- նշել է նա:
Մեր հիմնավորումները.
1. Էդուարդ Շարմազանովը, իրավական բնույթի հարցին առօրեական-կենցաղախոսական տեսք հաղորդելով, փորձում է անտեսել հարցի իրավական կողմը և բովանդակությունը: Այսպես, Շարմազանովը պնդում է, թե իրենք Ազգային Ժողովում մեծամասնություն չեն, իսկ Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները մեծամասնություն են: Չնայած այն հանգամանքին, որ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների շարքին է դասում նաև «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և ՀՅԴ կուսակցության անդամներին, ինչը, ըստ էության, փաստերի ոչ լրիվ, աղճատված ներկայացում է, քանի որ նրանք կառավարություն են ներառվել Փաշինյանի ձեւավորած «համաձայնության կառավարության» տրամաբանությունից ելնելով, դրա վրա այստեղ հարկ չենք համարում կենտրոնանալ:
Հարկ ենք համարում վեր հանել հետևյալ կարևոր հարցերի պատասխանները. 1/ արդյո՞ք «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը և «ՀՅԴ» կուսակցությունը միասին ունեն 53 պատգամավորական տեղեր, 2/ համարվու՞մ են նրանք «կոալիցիա» և 3/ արդյո՞ք կազմում են խորհրդարանական մեծամասնություն:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա (2017թ. ապրիլի 9) որոշմամբ` Ազգային Ժողովի մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ. «ԵԼՔ» դաշինքը ստացել է 9 մանդատ (ըստ որում՝ մանդատները զբաղեցնողներից միայն 4-ն են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ), «Ծառուկյան» դաշինքը՝ 31, իսկ ՀՅԴ կուսակցությունը՝ 7 մանդատ: Այսինքն, «ԵԼՔ» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ կուսակցությունը միասին, ունեն 47 մանդատ:
«Ծառուկյան» դաշինքը, «ԵԼՔ» դաշինքը և ՀՅԴ կուսակցությունը ոչ միայն չունեն 53 մանդատ, այլ նաև ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, չունեն կուսակցությունների կոալիցիա կազմելու իրավունք:
Սահմանադրական օրենք հանդիսացող՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումից հետո 6 օրվա ընթացքում, ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ՝ առավելագույնը երկու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության՝ վարչապետի թեկնածուի վերաբերյալ: Այսպիսով, սահմանադրական օրենք հանդիսացող ՀՀ ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն՝ «Ծառուկյան», «Ելք» դաշինքները և ՀՅԴ կուսակցությունը միասին, պետք է ունենային 105 պատգամավորական տեղերի առնվազն 51 տոկոսը, այսինքն՝ 53 մանդատ, որպեսզի հավակնեին կնքել կոալիցիոն համաձայնություն և դառնալ խորհրդարանական կայուն մեծամասնություն: Քանի որ ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածով երաշխավորվում է «խորհրդարանական կայուն մեծամասնության» գաղափարը, ապա՝ «Ծառուկյան», «Ելք» դաշինքներին և ՀՅԴ կուսակցությանը ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, համամասնորեն կտրամադրվեին նաև լրացուցիչ մանդատներ ( նվազագույն թվով լրացուցիչ այնքան մանդատներ, որի արդյունքում կոալիցիայի մանդատների ընդհանուր քանակը տոկոսային արտահայտությամբ կդառնար ոչ պակաս, քան՝ 54 տոկոս):
Սակայն, ինչպես տեսնում ենք, իրականությունը հակադրվում է սրան. «Ծառուկյան», «Ելք» դաշինքները և ՀՅԴ կուսակցությունը միասին չունեն պատգամավորական տեղերի առնվազն 51 տոկոսը, հետևապես՝ չեն էլ կարող հավակնել դառնալ կոալիցիա:
Իսկ 2018թ. մայիս-հունիս ամիսներից հետո, երբ «Հանրապետական» կուսակցության՝ Ազգային Ժողովի խմբակցությունը լքեցին թվով 8 անդամներ, կուսակցությունը, որին հատկացվել էր 58 մանդատ, արդյունքում ունեցավ 49-ը և, զրկվելով խորհրդարանական կայուն մեծամանսություն լինելուց, զրկվեց նաև Ազգային ժողովի պատգամավորական տեղերի առնվազն 51 տոկոսը զբաղեցնելուց՝ պահպանելով, սակայն, փաստացի հարաբերական մեծամասնություն: Նման իրավիճակներում, երբ Ազգային Ժողովում չի ձևավորվում կայուն խորհրդարանական մեծամասնություն կամ չկան դրան հավակնող ուժ (ուժեր)՝ ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասը հետևյալ լուծումն է առաջարկում. եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Սակայն, վերջինիս կենսագործման համար որպես պայման, ՀՀ ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է հետընտրական կարճ շրջան. քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը: Ճիշտ է, ընտրական օրենսգիրքը, ունենալով որակական խնդիրներ, չի նախատեսում համապատասխան քայլեր՝ կայուն խորհրդարանական մեծամասնության պառակտման դեպքերի համար, սակայն ընդհանուր սահմանադրաիրավական կարգավորման տրամաբանությունը հուշում է, որ նման իրավիճակի միակ սահմանադրական լուծումը ԱԺ լուծարումն է: Այլ կերպ ասած, խորհրդարանական ուժերի՝ ներկայիս հարաբերակցության գոյությունը սահմանադրական կարգավորմանը հակասող է, ինչն իրավական առումով հիմնավոր պայման է՝ ԱԺ ինքնալուծարման համար:
Ամփոփելով այս ամենը, ակնհայտ է դառնում, որ Շարմազանովի կողմից «53 մանդատների», «խորհրդարանական մեծամասնության», «կոալիցիայի» մասին պնդումներն ունեն ակնհայտ մաինպուլյատիվ բնույթ: Շարմազանովի մանիպուլյացիան հիմնված է իրավական հարցին առօրեական-կենցաղախոսական բնույթ հաղորդելու և այդ կոնտեքստում փաստարկներ բերելով՝ առարկայական դիսկուրսը խոտանելու վրա:
2. Գալուստ Սահակյանի պնդումը ևս հիմնված է կենցաղախոսական-էմոցիոնալ արժևորումների վրա: Նրա կարծիքով, իրենց՝ խորհրդարանական մեծամասնության (չնայած, ինչպես տեսանք, Շարմազանովն այդ կարծիքին չէր – ԴԵՏԵԿՏՈՐ), կողմից ԱԺ ինքնալուծարման օգտին քվեարկելը խայտառակություն է: Ինչպես վերը նշեցինք, ՀՀԿ-ն ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգրքի իմաստով, չունի խորհրդարանական մեծամասնություն: Սակայն, նման մեծամասնություն ներկայումս չունի և ոչ մի խորհրդարանական ուժ կամ ուժեր: Հանրապետականն ունի միայն փաստացի հարաբերական մեծամասնություն, ինչը նույնական չէ «խորհրդարանական մեծամասնություն» հասկացության հետ: Խորհրդարանական մեծամասնությունը իրավական բովանդակություն ունեցող հասկացություն է, ինչը, ՀՀ ընտրական օրենսգրքի իմաստով՝ ենթադրում է առնվազն 53 մանդատների առկայություն, գումարած լրացուցիչ հատկացված մանդատներ՝ կայուն մեծամասնություն լինելու համար (եթե կուսակցությունը պատգամավորական տեղերի տոկոսային արտահայտությամբ չունի 54 տոկոս և ավելի տեղեր): Այսպիսով, Գալուստ Սահակյանը արհամարհում է հարցի իրավական բովանդակությունը և անհիմն կերպով «խայտառակություն» համարում սահմանադրական հնարավոր կարգավորումը:
3. Ինչ վերաբերում է Կարինե Աճեմյանի այն պնդումներին, թե « (…)ՀՀԿ–ն ճանապարհ անցնելիս միայնակ չէ որոշում կայացրել», «(…)մեր երկրում պետք է լինի բազմակարծություն», ապա սրանք ևս ունեն մանիպուլյատիվ բնույթ: Այսպես, փորձ է արվում հարցի վերաբերյալ ճշմարտանման, սակայն ոչ ռելեվանտ փաստարկներ ներկայացնելով՝ ազդել հասարակական կարծիքի վրա: Նմանատիպ հռետորաբանությունը համարվում է տրամաբանական սխալ և կոչվում է «deepity» (խորամտություն):
Փաստ է, որ ՀՀԿ-ն միայնակ որոշում չի կայացրել, անվիճարկելի է նաև այն, որ երկրում պետք է լինի բազմակարծություն, և քաղաքական կարևոր հարցերը միանձնյա որոշումներով չպետք է լուծվեն: Սակայն, այս ամենն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոնտեքստում նշելն իռելեվանտ է, աննպատակ, քանի որ այդ կոնտեքստում չեն քննարկվում քաղաքական բազմազանության և բազմակարծության հարցեր: Խոսքը հետհեղափոխական քաղաքական իրավիճակի մասին է, երբ մի քաղաքական ուժ, ունենալով հանրային ծանրակշիռ աջակցություն (ինչը նաև ցույց տվեց Երևանի ավագանու ընտրությունները), Ազգային Ժողովում պատգամավորական 105 տեղերից ունի ընդամենը 4-ը, իսկ իշխանազուրկ քաղաքական իշխանությունը, ինչպես նաև մյուս կուսակցությունները միասին, ունեն մնացած՝ 101 պատգամավորական տեղերը: Սույն հանգամանքը խոչընդոտում է հանրային ժողովրդավարությանը, քանի որ հեղափոխության և Երևանի ավագանու ընտրությունների փաստով՝ հանրային լայն զանգվածների մոտ, արդեն իսկ կասկածի տակ են դրված ներկա Ազգային Ժողովի իրավահեղինակությունը և գործունեության շարունակման նպատակահարմարությունը:
P.S. Սույն հոդվածը հրապարակման հանձնելուց հետո հայտնի դարձավ, որ վարչապետի կայացրած քաղաքական որոշման արդյունքում ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն այլեւս կառավարության մաս չեն
Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան
04-10-2018