2019թ. մարտ-ապրիլ ամիսները հայաստանյան մի շարք լրատվամիջոցների համար անցան Սերժ Սարգսյանից սենսացիոն հարցազրույց վերցնելու ակնկալիքով: Այս ընթացքում ՀՀԿ-ական տարբեր ներկայացուցիչների հետ բազմաթիվ հարցազրույցներում (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11), լրագրողներին հետաքրքրող առանցքային հարցերից մեկը վերաբերում էր 2018թ. ապրիլի 23-ին Ս. Սարգսյանի հայտնի հրաժարականի տեքստի վերաբերյալ՝ հեղինակի արձագանքին: Նույնիսկ լուր տարածվեց, որ Ս. Սարգսյանը հարցազրույց է տալու ոչ թե հայաստանյան, այլ ռուսական մի հեռուստահաղորդման: Ս. Սարգսյանի հարցազրույցն այդպես էլ չկայացավ, սակայն մեկնաբանությունները, որ ՀՀԿ-ական տարբեր ներկայացուցիչներ հնչեցրին ակնկալվող հարցազրույցի առիթով, արժանի են ուշադրության:
Ապրիլի 2-ին Եռաբլուրում լրագրողի հարցին ի պատասխան՝ ՀՀԿ փոխնախագահ Ա. Աշոտյանն ասում է. «Ես հասկանում եմ, որ նախագահ ՍՍ-ի խոսքը սպասված է, պահանջված է: Հատկապես, մենք էլ շատ լավ գիտենք, որ ինքն էլ շատ լավ գիտի, որ հետևում է քաղաքական գործընթացներին, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ ժողովուրդն ակնկալում է լսել իր կարծիքը, ակնկալում լսել իր գնահատականը»: Իսկ ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի տարելիցի օրը, Ա. Աշոտյանը պատասխանելով 5TV-ի լրագրողի այն հարցին, թե՝ խոսե՞լ եք նրա հետ (Ս. Սարգսյանի), ի վերջո ո՞ր հարցում էր Փաշինյանը ճիշտ, Սարգսյանը՝ սխալ, ասում է. «Իհարկե, հաճախ ենք խոսել: Բայց կարծում եմ՝ ավելի ճիշտ, կոռեկտ կլինի, երբ որ նախագահը որոշի վերադառնա հանրային քաղաքականություն, նա քաղաքականությունը երբեք չի էլ լքել: Բայց հանրային, հասարակական կյանքում իր խոսքը սպասվում է և ակնկալվում է: Մենք պարբերաբար այդ պահանջարկը զգում ենք: Նաև բազմաթիվ հարցեր կան, որոնք հետաքրքրում են հասարակությանը» (տես 4:52 -8:18):
Գրեթե նույն կարծիքն է հայտնել նաև ՀՀԿ մամլո խոսնակ և գործադիր մարմնի անդամ Է. Շարմազանովն ավելի վաղ՝ հունվարի 29-ի մամլո ասուլիսի ժամանակ: Լրագրողը հարցնում է. «Պարոն Սարգսյանը վերադառնալու նպատակ ունի՞ արդյոք քաղաքականություն, … Ի՞նչ եք կարծում, մերժված կուսակցության նախագահի դերում արդյո՞ք նրա կարծիքը, մտորումները ընդունելի կլինեն ժողովրդի համար>>: Է. Շարմազանովը պատասխանում է. <<Ես համամիտ չեմ Ձեր ասած թեզերի հետ՝ մերժված նախագահ…»: Լրագրողն արձագանքում է. «Ժողովուրդն է էդպես ասում»: Շարմազանովը շարունակում է. «Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովրդի կարծիքը շատ արագ փոխվում ա: Եվ մի տարի հետո կտեսնենք. ով է մերժված, ով՝ չէ: Սա առաջին: Երկրորդ՝ պարոն Սերժ Սարգսյանը, այո՛, մեր կուսակցության նախագահն է, Արցախի հերոս է, և իմ կարծիքով և համոզմամբ՝ և՛ ասելիք ունի, և՛ անելիք՝ քաղաքականության մեջ » (տես 19:10-20:18 ):
Դետեկտորի կարծիքով՝ Ս. Սարգսյանի խոսքի նկատմամբ հանրային պահանջի և ասելիքի առկայության վերաբերյալ ՀՀԿ ներկայացուցիչների հայտարարությունները պարունակում են ապատեղեկատվության և շահարկման որոշակի միտումներ. ի մասնավորի՝
· Չհիմնավորված կարծիքի ներկայացում:
· Կեղծ ակնկալիքների վերագրում հանրությանը:
Մեր հիմնավորումները
ՀՀԿ-ի ներկայացուցիչները որևէ կերպ չեն հիմնավորում Ս. Սարգսյանի վերադարձի կամ հանրային խոսք ասելու պահանջը: Դրա համար առնվազն անհրաժեշտ են որոշակի հարցումների արդյունքներ, կամ նման պահանջ ներկայացնող հանրային բողոք-ելույթների հղումներ: Հրապարակում չկա էլ որևէ քաղաքական կամ ոչ քաղաքական ուժի կողմից իրականացված նման ուսումնասիրություն, որին կարելի կլիներ հղել: Իսկ իրականությունն այն է, որ հանրության մեծամասնության կողմից ընդամենը մեկ տարի առաջ մերժվել է Սերժ Սարգսյանը, ինչը արձանագրված է նաև նրա հրաժարականի տեքստում («Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»): Ավելին, 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում հանրության մեծամասնությունը մերժել է նաև Ս. Սարգսյանի քաղաքական հենարան և նախկին՝ ոչ լեգիտիմ ռեժիմի հետ նույնականացվող կուսակցությունը՝ զրկելով վերջինիս ԱԺ-ում մանդատներ ունենալու հնարավորությունից: Նշենք նաև, որ այդ ընտրությունները կայացել են հանրային մեծամասնության պահանջով, որպեսզի որքան հնարավոր է արագ ազատվեն Ս. Սարգսյանի թիմակիցների՝ սաբոտաժ ենթադրող գործողություններից: Իսկ այդ ընտրություններից ընդամենը մի քանի ամիս է անցել:
ՀՀԿ-ականները անցած մեկ տարում (մինչև լրագրողների հետաքրքրվելը) երբևէ չեն հայտարարել, որ Ս. Սարգսյանը կարևոր ասելիք ունի: Նրանք սկսեցին խոսել այդ մասին այն բանից հետո, երբ լրագրողները հետաքրքվեցին Սարգսյանի ասելիքով՝ կապված հիմնականում ապրիլյան հեղափոխության և Քաղաքացու օրվա հռչակման հետ: Լրագրողների այդ հետաքրքրությունն, ըստ էության, կարելի է համարել զուտ մասնագիտական, որովհետև «ակնկալվող» հարցազրույցի առթիվ արված հարցադրումներից ոչ մեկում լրագրողներն այն չեն ներկայացնում իբրև հանրային հետաքրքրություն, քանի որ նրանք ևս քաջատեղյակ են, որ անցած մեկ տարում Հայաստանում չի եղել հանրային որևէ ելույթ կամ ընդվզում, որտեղ հնչել է Սարգսյանի վերադարձի կամ կարևոր ասելիքի ներկայացման պահանջ:
Ի վերջո, պետք է նկատենք նաև, որ նույնիսկ իր իշխանության տարիներին Ս. Սարգսյանը աչքի չի ընկել հանրության հետ պարբերաբար հանդիպումներ ունենալու և սեփական ասելիք ներկայացնելու ջանքերով: Նրա բացառիկ հրապարակային հանդիպումները եղել են մերձավոր կուսակիցների կամ կառավարության ներկայացուցիչների հետ: Իսկ լրագրողների հետ եզակի ասուլիսները եղել են շատ միապաղաղ, ձանձրալի ու վստահություն չներշնչող: Այսինքն, հանրության մեջ որևէ հիշողություն կամ կախվածություն Ս. Սարգսյանի խոսքի և ասելիքի հանդեպ՝ դժվար է արձանագրել:
Այն, որ Սերժ Սարգսյանը չունի հանրային ասելիք, լրագրողների հետ կարճատև հանդիպումների ժամանակ անուղղակի խոստովանել է հենց ինքը՝ Ս. Սարգսյանը: 2019թ. ապրիլի 22-ին Ա. Մարգարյանի քաղաքական դպրոցում երիտհհկականների հետ հանդիպման ժամանակ նա, կանխելով ներկա լրագողի հարցադրումը, ասում է. «Ես էս պահին ձեզ շատ ասելիք չունեմ, ուղղակի հարկ համարեցի բարձրանալ, շնորհավորել ձեզ ձեր ցանկության համար՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու առումով»: Հետո շարունակում է. «Ես անկեղծ եմ ասում՝ շատ ասելիք չունեմ ձեզ: Կունենամ այն ժամանակ, երբ որ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ կամ կպատասխանեմ շատ մեզնով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին»: Այն բանից հետո, երբ այնուամենայնիվ, լրագրողը հարցնում է, թե ինչ է փոխվել նրա պաշտոնաթողությունից մեկ տարի անց, Ս. Սարգսյանը արձագանքում է. «Երբ որ ժամանակը գա, ես բոլոր հարցերին պատասխանալու եմ»: Հետո շրջվում է դեպի երիտհհկականները և կրկնում. «Նույն բանն էլ ձեզ եմ ասել, որ ժամանակը գա, բազում հարցեր՝ խնդրեմ»: Այսինքն, ստացվում է՝ Սարգսյանը ասելիք չունի ո՛չ լրագրողների, ո՛չ յուրայինների համար: Իսկ ասելիք չունի, որովհետև չկա դրա հանրային պահանջարկը: Սա Ս. Սարգսյանը շատ լավ է գիտակցում: Հետևաբար՝ ժամանակը դեռ չի եկել, և նա կխոսի, երբ ժամանակը գա:
Ի տարբերություն Ս. Սարգսյանի, որը որևէ ակնարկ չի անում, թե երբ կգա ժամանակը, նրա կուսակիցները նշում են ժամանակի որոշակի սահմաններ: Ընդ որում՝ դրանք տարբեր են: Օրինակ՝ Գալուստ Սահակյանն ասում է, որ ժամանակը կգա մեկ-երկու ամսից (տես 35:56 րոպեից): Ա. Աշոտյանը հայտարարում է, որ ժամանակը կգա շուտով: Իսկ Է. Շարմազանովը նշում է 2019 թվականը (տես 42:18 – 43:26): Այսինքն, ՀՀԿ-ականների մեծ ցանկությունն է, որ ժամանակը որքան հնարավոր է շուտ գա, և իրենց հարցազրույցներում հաստատում են, որ այսօր էլ՝ ժամանակն է (տես 1՝ 4:52 -8:18, 2՝ 00:00-1:10):
Ինչու՞ են շտապում ՀՀԿ-ականները և ինչու՞ են փորձում հանրային պահանջի կեղծ օրակարգ ձևավորել: Անցած տարեվերջին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանական ընդդիմություն դառնալու փորձի ձախողումից հետո, ՀՀԿ-ական ակտիվը հայտարարեց արտախորհրդարանական թիվ 1 ընդդիմություն լինելու հավակնության մասին: Սակայն, ժամանակը ցույց տվեց, որ նույնիսկ այս դաշտում նրանք կորցնում են իրենց կշիռը՝ նոր մրցակիցներ ի հայտ գալու պատճառով: Մյուս կողմից՝ շարունակաբար ավելանում է ՀՀԿ շարքերն ինքնակամ լքողների թիվը: Այս ձախողումների պատճառներից մեկը ՀՀԿ-ական վերնախավը համարում է հայաստանյան քաղաքական դաշտում իրենց փաստացի նախագահի՝ Սերժ Սարգսյանի աննկատ մնալը: ՀՀԿ-ն հատկապես վերջին տասնամյակում եղել է խիստ անձնակենտրոն քաղաքական կուսակցություն, որի հեղինակությունը նույնականացվել է նրա նախագահի հեղինակությանը: Ի տարբերություն հիշյալ ՀՀԿ-ականների, Ս. Սարգսյանն անցած մեկ տարում որևէ հրապարակային-քաղաքական ակտիվություն չի ցուցաբերել, ինչը, ըստ ՀՀԿ-ական որոշ գործիչների, կարող էր նպաստել քաղաքական դաշտում իրենց կուսակցության հեղինակության բարձրացմանը և ակտիվ ՀՀԿ-ականների խոսքի կշռի աճին: Ահա այդ պատճառով է, որ փորձելով Ս. Սարգսյանին ներգրավել ակտիվ քաղաքականության մեջ, ՀՀԿ-ականները մի կողմից հանրային պահանջի կեղծ օրակարգ են ձևավորում, մյուս կողմից՝ հանրությանը «նախապատրաստում» իրենց կուսակցության վերադարձին:
Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան
11-05-2019
Լուսանկարը՝ panorama.am