Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի առաջին ասուլիսը՝ 2018թ․ «թավշյա հեղափոխությունից» ի վեր։ Թեպետ ասուլիսում հնչեցին բազմաթիվ վիճելի թեզեր, որոնք կարող են որպես էմպիրիկ օրինակ ծառայել խոսքի և մտքի աղճատման տարբեր տեսությունների համար, սակայն այս հոդվածի հիմնական նպատակն է անդրադառնալ Սերժ Սարգսյանի ասուլիսի, ավելի շուտ ասուլիսների շարքի համար ընտրված մարտավարությանը։
Ասուլիսի մասին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պաշտոնական հայտարարությունում ասվում էր, որ ասուլիսը տեղի է ունենալու «2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին՝ ս. թ. ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ»։ Սակայն ինչպես պարզվեց բուն ասուլիսում, Սերժ Սարգսյանը նախատեսում է տարբեր թեմատիկ ասուլիսներ, որոնց շարքում ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված ասուլիսը սոսկ առաջինն էր։
Թե՛ բանախոսը, թե՛ վարողը պարբերաբար հորդորում էին լրագրողներին հարցեր տալ միայն բուն ասուլիսի թեմայով՝ ապրիլյան քառօրյայի մասին։ Սերժ Սարգսյանը հետաձգեց բազմաթիվ այնպիսի հարցերի պատասխաններ, որոնք նրա ներկայացմամբ այլ ասուլիսի թեմա պետք է դառնան և ոչ մի կերպ չեն առնչվում տվյալ թեմային՝ ապրիլյան քառօրյային։
Սարգսյանը ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքը հաղթանակ համարեց հայկական կողմի համար՝ այն հիմնավորելով Սանկտ-Պետերբուրգում և Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններով՝ շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների մասին, և Իլհամ Ալիևի հետագա հայտարարությամբ, թե փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Սակայն երբ լրագրողը հարց տվեց այդ նույն Սանկտ-Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին, Սարգսյանը խոստացավ այդ հարցին պատասխանել հետագա ասուլիսում, որը նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Այդ թեմայով ասուլիսին թողեց նաեւ «անվտանգության գոտու» մասին հարցը։
Երբ հարց հնչեց ապրիլյան քառօրյայում և տավուշյան մարտերում Թուրքիայի դերակատարության մասին, Սարգսյանը հարցի պատասխանը հետաձգեց մեկ այլ ասուլիս, այդ անգամ՝ ՀՀ արտաքին քաղաքականության մասին։
Խնդրեցին մեկնաբանել այն պնդումները, որ Սերժ Սարգսյանը միակն է ՀՀ երեք նախագահներից, որի օրոք Հայաստանը տարածքային կորուստներ է ունեցել (ասուլիսի տեսագրությունում տե՛ս 3։20։18-ից)։ Սարգսյանը այս հարցի պատասխանն էլ հետաձգեց մեկ այլ ասուլիսի, որը պետք է նվիրված լինի 2018թ․ «ապրիլյան իրադարձություններին»։ Այդ նույն թեմայով ասուլիսին թողեց նաեւ այն հարցը, թե արդյո՞ք եթե չլիներ ապրիլյան քառօրյան, տեղի կունենար ՊՊԾ գրավումը և կարագացներ Սարգսյանի իշխանության գահավիժումը։
Վերոհիշյալ օրինակներով չսահմանափակվեց հարցերի պատասխանների հետաձգումը․ Սարգսյանը հետաձգեց նաեւ համավարակի կառավարման, նախագահ Արմեն Սարգսյանի գործունեության, իր հրաժարականի տեքստի և նման այլ հարցեր, սակայն վերոհիշյալ օրինակներում է, որ տեսնում ենք լրագրողների ձգտումը՝ համատեքստավորելու ապրիլյան քառօրյան, և Սերժ Սարգսյանի համառ ճիգերը՝ քառօրյան կտրելու իր քաղաքական համատեքստից (նկատենք, որ, այնուամենայնիվ, հանգամանալից պատասխաններ տրվեցին ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի դերակատարության հարցին, ինչպես նաեւ՝ մասնակի անդրադարձ Թուրքիայի դերակատարությանը քառօրյայի ընթացքում)։
Ինչպես ցույց ենք տալիս հետագա վերլուծությունում, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը և Սերժ Սարգսյանը ընտրել են ասուլիսների մի մարտավարություն, որը ժխտողականության վարքաբանները կոչում են «կեռասի քաղ» (cherry-picking, հայերեն՝ պարզապես «քաղ» կամ «պտղաքաղ»)։ Այսինքն, իրականությունը նկարագրելիս անձն ընտրում է միայն այն փաստերը, որոնցով ուզում է կառուցել իրեն շահավետ պատկեր՝ դիմացինին ներկայանալու համար։ Ճիշտ այդպես այգեպանն էլ շուկա տանելու համար ընտրում է հասուն, կարմիր պտուղները՝ անտեսելով խակ, որդնած, ծառի տակ թափված պտուղները, տերևները, ծառի բունը, միջավայրը։ Ուստիև, իրականությունը ներկայացվում է միայն պատմողին հաճելի դրվագներով, որոնք կտրվում են ընդհանուր համատեքստից՝ թույլ չտալով ամբողջական պատկերացում կազմել իրականության մասին։
Այստեղ խոսքը ոչ միայն մեկ առանձին իրադարձությունը շահավետ կողմերից ներկայացնելու մասին է, այլև իրադարձությունների շղթան մասնատելու, դրանց պատճառահետևանքային կապերը խախտելու և ամբողջական պատկերը խաթարելու ակնհայտ միտման մասին։ Թեպետ Սարգսյանը խոստացավ հերթով անդրադառնալ բոլոր թեմաներին, բայց ակնհայտ է, որ հաջորդ թեմայի անդրադարձի ժամանակ հրաժարվելու է պատասխանել ապրիլյան քառօրյային վերաբերող որեւէ հարցի, ինչպիսիք են իր կառավարման շրջանում բանակում առկա կոռուպցիան, Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունները 800 հեկտարի մասին և դրան հաջորդած ՊՊԾ գրավումը, 2018-ի թավշյա հեղափոխության ընթացքում իր իշխանության դեմ զանգվածային բողոքի դրսեւորումը և այլն։ Դրանով տպավորություն է ստեղծվելու, թե օրինակ զանգվածային բողոքը և Սարգսյանի իշխանության տապալումը բնավ կապ չունեն քառօրյայի հետ։
Կիրառվող հնարքի տրամաբանության մեջ է, որ Սարգսյանը հետաձգեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների մասին հարցերը այդ թեմայով մեկ այլ ասուլիսի՝ տարանջատելով հակամարտության այդքան լուրջ դրսեւորումից, ինչպիսին քառօրյա պատերազմն էր։ Նույն տրամաբանությամբ, բանակցությունների թեմային անդրադառնալով՝ Սարգսյանը, հավանաբար, կհրաժարվի պատասխանել քառօրյայի մասին հարցերին, քանի որ այդ թեմայով արդեն ասուլիս է ունեցել։
Այս մոտեցմամբ Սերժ Սարգսյանը միտումնավոր մոլորության մեջ է գցում ունկնդիրներին՝ տպավորություն ստեղծելով, թե քառօրյա պատերազմը առանձին վակուումային պայմաններում տեղի ունեցած իրադարձություն է, որը չէր կարող կապ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ներքին ու արտաքին, ինչպես նաեւ տարածաշրջանային ու գլոբալ քաղաքականությունների հետ։
Երբ հարցադրում է արվում, թե ինչու Սարգսյանը քառօրյան հաղթանակ չէր համարում այն օրերին և այդպիսին է համարում միայն հետահայաց, բանախոսը պատասխանում է, որ նախընտրում էր հաղթանակի մասին «շեփորահարելով» «չգրգռել» հակառակորդին, որպեսզի բանակցություններում նա կարծր դիրքորոշում չընդունի։ Այս պատասխանով Սարգսյանը դիմում է խոսքի շահարկման հերթական տեխնիկային՝ կեղծ երկընտրանքին, կարծես ընտրությունը այդ երկուսի մեջ էր՝ կամ հասնել Ալիևի զիջմանը, կամ հաղթանակ շեփորահարել, կարծես մեկը մյուսին անպայման ժխտելու էին, և չէր կարող լինել քառօրյան գնահատելու այլ տարբերակ, որը չէր հանգեցնի Ալիևի կարծր դիրքորոշմանը։
Ապրիլյան քառօրյայի համատեքստին առնչվող հարցերը այլ թեմաներով ասուլիսների բաժանելով՝ Սարգսյանի թիմը ջանադրաբար ժխտում է խնդրի պատմա-աշխարհաքաղաքական համատեքստերը։ Նախատեսվող ասուլիսների թեմաները ներկայացվում են որպես իրարից առանձին, վակուումի մեջ գոյություն ունեցող իրողություններ։ Համատեքստի ժխտումը լսարանին թույլ չի տալիս տեսնել լայն պատկերը, համադրել փաստերը եւ ինքնուրույն կապեր գծել պատճառների և հետեւանքների միջեւ։ Ավելին, Սարգսյանը հավակնում է վերահամատեքստավորել հարցերը այնպես, որ կտրվեն դրանց միջև կապերը և նոր, խորազնին հարցադրումների պատճառ չդառնան։
Եթե համեմատենք փղին շոշափող կույր իմաստունների մասին հայտնի առակի հետ, երբ իմաստուններից յուրաքանչյուրը «տեսնում է» անձամբ իր և միայն իր շոշափած հատվածը՝ օձ, հովհար, պատ, բաոբաբ, խողովակ, բայց ոչ մի կերպ չի միավորում պատկերը՝ փիղ «տեսնելու» համար, ապա նույն կերպ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ իր լսարանը «տեսնի» պատկերի միայն մի մասը՝ նմանեցնելով մեկ ուրիշ բանի, և այդպես էլ չտեսնի ամբողջական պատկերը։
Խրթին խնդիրների այսպիսի բաժանումը թեմաների և հատվածական անդրադարձը փորձ է՝ խուսափել այդ խնդիրների խորքային վերլուծությունից և այն խորտակել ծանծաղ ջրերում։
Ծովինար Նազարյան
08-09-2020