ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ VS ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

...

Բաղադրություն

  • Էմոցիայի շահարկում
  • Արդարադատությունը որպես վրեժխնդրություն ներկայացում
  • Անվտանգության և արդարադատության հակադրում
  • Ոչ ռելեվանտ զուգահեռների անցկացում

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  փետրվար ամսին ԱԺ հարց ու պատասխանի, ապա նաև՝ մարտի 19-ի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Հայաստանում առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմի հնարավոր կիրառմանը` որպես անցումային արդարության գործիքակազմի բաղադրիչ։ Փաշինյանը մասնավորապես նշել էր. «...Ես հասկանում եմ, որ սա կարող է տարօրինակ թվալ: Բայց ուզում եմ ասել, որ մենք ունենք հիմնավորում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներում սա համարվում է նորմալ պրակտիկա կոռուպցիայի դեմ պայքարում, և չի համարվում մարդու իրավունքների խախտում: Դա համարվում է անցումային արդարադատության էլեմենտ: Մարդը պետք է բացատրի իր գույքի ծագման աղբյուրը: Այս դեպքում չի գործում անմեղության կանխավարկածը, այլ կոպիտ ասած՝ մեղավորության կանխավարկածը, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ այդ գույքը օրինական է ձեռք բերել, այն համարվում է ապօրինի»։

Փաշինյանի այս հայտարարությանը արձագանքեցին ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ԼՀԿ, ԱՕ և այլ ուժեր։  Ի թիվս այլ քաղաքական ուժերի և գործիչների, իր ֆեյսբուքյան գրառման մեջ դրան էր անդրադարձել  նաև «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Նա մասնավորապես նշել էր. «...այս իշխանությունը, փոխանակ կենտրոնանալու երկրի անվտանգության և զարգացման վրա, շարունակում է մտասևեռվել իր քաղաքական հակառակորդներին պատժելու վրա, վատնելով դրա վրա ամբողջ հասարակության ժամանակը և միջոցները։ Եթե նույնիսկ այդ հակառակորդները արժանի են պատժի իրենց կոնկրետ գործողությունների համար, դրա համար կան նորմալ իրավական մեխանիզմներ, որոնք պետք է լիարժեք գործի դնել, մի կողմից հասարակությանը վստահություն տալով, որ անցյալի հանցագործությունները չեն մոռացվելու, սակայն մյուս կողմից էլ վստահություն տալով, որ հասարակությունը չի ընկղմվելու խավարի և վրեժխնդրության մեջ, և կորցնելու իր ապագան կառուցելու հնարավորությունը։ Այլապես, մենք, առանց ինքներս մեզ հաշիվ տալով, աստիճանաբար հետ կվերադառնանք բոլշեվիզմին, և "արդարության վերականգնման" լոզունգների ներքո, կվերականգնենք այն մռայլ հասարակարգը, որում ապրել ենք դեռևս նախորդ դարի ընթացքում։ Եթե կարծում եք, որ դա մեզ մոտ հնարավոր չի, հիշեք, որ բոլշեվիկյան հեղափոխությունն էլ է սկսել մեծ խանդավառությամբ և պայծառ ապագայի մասին վարդագույն խոստումներով, և որ պատմությունը տարբեր ձևերով կրկնվելու հակում ունի»։

 

ԴԵՏԵԿՏՈՐԸ վերոնշյալ գրառման մեջ նկատել է հետևյալ մանիպուլյացիոն հնարքները. արդարադատությունը որպես վրեժխնդրություն ներկայացում, արդարադատության և անվտանգության հակադրություն, էմոցիայի շահարկում, ոչ ռելեվանտ զուգահեռների անցկացում։

 

Մեր հիմնավորումները

Ավետիք Չալաբյանը, խոսելով առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմի հնարավոր կիրառման մասին, այն անվանում է «քաղաքական հակառակորդներին պատժելու մտասևեռում» և ավելացնում, որ դրա փոխարեն պետք է կենտրոնանալ երկրի անվտանգության և զարգացման վրա։ Ըստ էության՝ հեղինակն ուղղակիորեն ակնարկում է, որ արդարադատության փոխարեն տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար, և ավելին, որ այդ հաշվեհարդարն արդեն իսկ կատարված փաստ է: Հաշվի առնելով, որ կառավարող ուժի կողմից հռչակված է «տնտեսական հեղափոխության» գաղափարը, հեղինակն իր խոսքերին կշիռ հաղորդելու նպատակով հատուկ է անդրադառնում տնտեսության խնդրին՝ ակնարկելով, որ հռչակված գաղափարը և իրական քաղաքականությունը չեն համապատասխանում իրար։ Իսկ անվտանգության դիսկուրսի վկայակոչումը, որը մեր հասարակության գերակա դիսկուրսն է, կոչված է հավելյալ ուժ ու արժեք հաղորդել խոսքին և անուղղակիորեն մատնանշել, որ արդարադատությունը անվտանգությունից պակաս կարևոր է, և որ Փաշինյանը կենտրոնացել է պակաս կարևոր ոլորտի վրա՝ անտեսելով ամենակարևորները՝ անվտանգությունը և տնտեսությունը։ Իր մեկ այլ հարցազրույցում Ավետիք Չալաբյանը նույն մանիպուլյացիոն տրամաբանության մեջ նշում էր. «...Պետք է հասկանանք որ արդարության վերականգնումը կարևոր ա, բայց դա միակ խնդիրը չի, որովհետև կա առնվազն 2 խնդիր որոնք էլ ավելի կարևոր են։ Մեկը երկրի անվտանգության խնդիրն է. երկրում խորացող բևեռվածությունը բերում ա նրան, որ երկրի պաշտպանողունակությունն ընկնում է։ Անվտանգությունը երբեք չզոհաբերենք ներքին օրակարգին»։ Կրկին նույն տրամաբանությամբ հակադրվում են արդարադատությունն ու անվտանգությունը և անվտանգությունը որակվում է որպես  «ավելի կարևոր» քան արդարադատությունը։

 «Անվտանգության և արդարադատության  հակադրում» հնարքում առկա է տրամաբանական, գիտական բնույթի հակասություն։ Երբ խոսվում է տնտեսական զարգացման մասին, ենթադրվում է, որ  առաջնային քայլերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի։ Այս առումով՝ չփաստաթղթավորված և անօրինական ձեռք բերված գույքի բռնագանձումը  կարող է դիտարկվել որպես սեփականության իրավունքի վերականգնման, բիզնես դաշտի առողջացման, հասկանալի տնտեսական միջավայրի ձևավորման երաշխիք, ինչն ուղղակի կամ աննուղակի կնպաստի տնտեսական զարգացմանը։    

Մյուս հնարքը «արդարադատությունը որպես վրեժխնդրություն» ներկայացնելն  է։ Օգտագործելով իմաստային առումով բացասական կոնոտացիա ունեցող բանալի բառեր և փոխաբերություններհակառակորդներ», «խավար և վրեժխնդրություն», «բոլշևիզմ»), Չալաբյանը, արդարադատության իրականացումը առանց դատավճռի գույքի բռնագանձման տեսքով, որակում է «աննորմալ» պրակտիկա այն պարագայում, երբ ինքը՝ Չալաբյանը, ընդունում է, որ Վարշավայի միջազգային պայմանագրով՝ գույքի բռնագանձումը տարածվում է հենց կոռուպցիոն ճանապարհներով ձեռք բերված ունեցվածքի վրա: Ասում է. «...Նախ, Հայաստանի կողմից ստորագրված՝ Վարշավայի 2005 թ կոնվենցիան, որին հղում է կատարում վարչապետ Փաշինյանը, վերաբերում է գույքի արտադատական բռնագանձմանը, եթե ապացուցված է, որ այդ գույքը օգտագործվում է ահաբեկչության ֆինանսավորման, և կամ հանցագործ ճանապարհով ստացված փողերի լվացման համար, ուստի՝ որպես այդպիսին, դեռ անհրաժեշտ է ապացուցել, որ խնդրո առարկա գույքի սեփականատերը ֆինանսավորում է ահաբեկչությունը, կամ զբաղված է հանցագործ ճանապարհով ձեռք բերած փողերի լվացմամբ, մինչև նրանից ինչ որ գույք բռնագանձելը»։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում չի մերժում վերոնշյալ հանգամանքը՝ նշելով, որ այդ պրակտիկան հավելյալ ու օգտակար գործիք է դատական գործընթացի համար, ուղղակի, ոչ թե պետությունը պետք է ապացուցի գույքի անօրինականությունը, այլ սեփականատերը՝ օրինականությունը։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ հնարավոր չէ այլ կերպ գույքի բռնագանձում իրականացնել: Օրինակ՝ սեփականատերը մահացել է կամ թաքնվում է քննությունից, իսկ նրա կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը հայտնի է: Խոսքը քաղաքացիական դատավարության կարգով իրականացվող գույքի բռնագանձման մասին է: Փաստացի, Չալաբյանը Փաշինյանի նախաձեռնությանը վերագրում է գոյություն չունեցող տարրեր՝  փորձելով արժեզրկել նախաձեռնությունը:

 «Արդարադատությունը որպես վրեժխնդրություն» ներկայացնելու  հնարքի միջոցով  ստեղծվում է «հակառակորդի» կերպար: Պետությունը ներկայացվում է  տնտեսվարողների նկատմամբ թշնամաբար վերաբերվող, պատերազմող կողմ:  «Վրեժխնդրություն» ու «բոլշևիզմ» բառերի օգնությամբ արդարադատությունը ներկայացվում է որպես «քաղաքական հաշվեհարդար»։ Այս բառերն, իրենց բացասական ծանրաբեռնվածությամբ, անհրաժեշտ հուզականության ապահովման և էմոցիայի շահարկման հարմար գործիքներ են: Բոլշևիզմն ասոցացվում է մասսայական ջարդերի և թալանի, կուլակաթափության և աքսորի,  վրեժխնդրությունը՝ հակաօրինականության  և պետական մտածողության բացակայության հետ։ Փաստացի, Չալաբյանի կողմից՝ տնտեսական հանցագործություններ թույլ տված քաղաքացիների նկատմամբ պետության՝ իրականում իրավական մոտեցումը նույնականացվում է «քաղաքական հակառակորդների» հանդեպ ավտորիտար պետություններում կիրառվող պրակտիկաներին:

             

Հեղինակ՝ Գոռ Մադոյան

10-04-2019