Վերջերս սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տարբեր ձեւաչափերի միջոցով առաջ է քաշում թեզեր, որոնք լայն տարածում ունեն տարբեր երկրների հակաժողովրդավարական դիսկուրսում, պսեւդոգիտությունում, կոնսպիրոլագիական տեսություններում: Այդպիսի թեզերը շատ հաճախ մատուցվում են գիտական ճշմարտությունների տեսքով, գիտական եզրույթների կիրառման միջոցով եւ այդ իսկ պատճառով ոչ մասնագետների համար երբեմն կարող են համոզիչ թվալ ու այդ առումով որոշակի վտանգ են նեկայացնում հատկապես նոր ժողովդավարական հասարակությունների համար, ինչպիսին է նաեւ Հայաստանը, երբ դեռ արմատավորված չեն ժողովրդավարական մշակույթը եւ ժողովրդավարական ինստիտուտները:
Այդ իսկ պատճառով Դետեկտորը որոշել է անդրադառնալ Ռ.Քոչարյանի այդ տեսակի թեզերին, դեկոնստրուկցիայի ենթարկել դրանք: Հարկ է նշել նաեւ, որ նմանատիպ թեզերը հնչեցվում են եւ կարող են շրջանառվել նաեւ այնպիսիների կողմից, որոնց նկատմամբ հասարակությունում կա որոշակի դրական վերաբերմունք կամ, առնվազն, չկա վառ ընդգծված վերաբերմունք, ինչը, կարծում ենք, կարող է ավելի նպաստավոր լինել այդ թեզերի տարածման համար:
Քոչարյանը հարզազրույցներից մեկում պնդում է, թե այսօր աշխարհում նկատվում է մի նոր միտում (trend)՝ ազգային արժեքների ու ազգային յուրահատկությունների համար պայքար։ «Այսօր եթե նայենք ամբողջ աշխարհում կա շատ հետաքրքիր մեկ նոր թրենդ՝ հենց նման ազգային արժեքների համար պայքարելու թրենդ և առաջատարները այս գործընթացում այսօր Չինաստանն է և Ռուսաստանը»,- ասել է Քոչարյանը։ Այդ նոր միտման դրսևորումներից մեկն էլ, ըստ Քոչարյանի, այն է, որ Եվրոպայում «ազգային ուժերի» դիրքերը բարելավվել են։ «Նույնիսկ եվրոպական բոլոր ընտրությունների արդյունքներում մենք տեսնում ենք, որ ազգային ուժերը էապես բարելավում են իրենց դիրքերը խորհրդարաններում, կան երկրներ որ այդ ուժերը արդեն կառավարող ուժեր են»,- ասել է Քոչարյանը։
Իրականում, ազգային ուժեր ասելով, ի՞նչ նկատի ունի Քոչարյանը, ինչո՞ւ է նա դրա մասին խոսում եւ ի՞նչ կոնտեքստում է խոսում: Իր նշած «ազգային արժեքների» համար պայքարի գործում Չինաստանի եւ Ռուսաստանի առաջատար լինելու մասին հիշատակումից հասկանում ենք, որ խոսքը այդ երկրների իշխող ուժերի մասին է: Հարկ է նշել, որ երկու երկրներում էլ հաստատված են ավտորիտար քաղաքական ռեժիմներ, այսինքն, կարող ենք ասել, որ այդ պետությունների հիմքում գտնվող ազգերը զրկված են քաղաքական որոշումներ կայացնելուց, որ այդ ազգերը կազմող քաղաքացիների հիմնարար իրավունքները ոտնահարվում են համակարգային կերպով: Հասկանալի է, որ չի կարող սեփական ազգին իրավունքներից զրկած իշխանությունը պայքարել ազգային արժեքների համար:
Հիմա տեսնենք, թե այդ ինչ «ազգային ուժեր» են, որ ըստ Քոչարյանի, բարելավել են իրենց դիրքերը եվրոպական խորհրդարաններում:
Նախ նշենք, որ Եվրոպայում վերջին 15-20 տարիների ընթացքում երկու տիպի ուժեր են բարելավել իրենց դիրքերը։ Դրանցից մեկը աջ-ազգայնական ուժերն են, որոնք համարվում են նաև պոպուլիստ ու ծայրահեղ ազգայնական, իսկ մյուսը՝ ծայրահեղ ձախ ուժերը, որոնցից ոմանք ևս համարվում են պոպուլիստ։ Ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ կուսակցությունների ուժեղացումը տեղի է ունեցել կենտրոնի՝ ավանդական կուսակցությունների թուլացման հաշվին։ Հետևաբար, երբ Քոչարյանն ասում է՝ «ազգային ուժերը բարելավում են իրենց դիրքերը», ամենայն հավանականությամբ, նկատի ունի հենց ծայրահեղ աջ-ազգայնական ուժերին, ոչ թե, ասենք, կանաչներին։
Եվրոպայի ծայրահեղ աջ-ազգայնական պոպուլիստների բնորոշ գծերից են՝ ավտորիտարիզմը, նեյթիվիզմը (հակաէմիգրանտական քաղաքականությունը), նրանց հաճախ հատուկ է քսենոֆոբիան, ռասիզմը, սեքսիզմը: Նրանց հռետորաբանությունում գերիշխում է ատելության խոսքը, ծայրահեղական գնահատականները, անհանդուրժողականությունը:
Հարկ է նաեւ նշել, որ չնայած որոշակի ծայրահեղ աջ պոպուլիստական կուսակցությունների դիրքերի բարելավմանը, Եվրոպայում չկա ծայրահեղ ազգայնականության թրենդ՝ մեյնսթրիմային, հիմնական ուժերը, որպես կանոն, ծայրահեղ աջ-ազգայնականությանը հակառակ դիրքորոշում ունեցողներն են: Կան որոշակի բացառություններ, օրինակ, Եվրամիության մակարդակով դրանք, որոշ առումներով, Լեհաստանը եւ Հունգարիան են, որոնք սակայն անընդհատ քննադատվում են եվրոպական կառույցների, ժողովրդավարական հանրությունների, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, խոշոր համաեվրոպական կուսակցությունների կողմից: Ի դեպ, Կրեմլը (կամ Կրեմլի որոշ շրջանակներ) հովանավորում է Եվրոպայի որոշ (ոչ բոլոր) պոպուլիստ աջ-ազգայնականների։ Այդ հովանավորությունը արտահայտվում է տարբեր ձևերով, այդ թվում՝ ֆինանսական օժանդակությամբ (օրինակ՝ Ֆրանսիայի Ազգային Ճակատի ֆինանսավորումը չեխական մի բանկի միջոցով, ինչը լավ փաստագրված է), ռուսական RT ու Sputnik մեդիաների կողմից լայնորեն ու դրական ֆոնով լուսաբանմամբ (Bieber 2018։ 534)։ Այնուամենայնիվ այդ հովանավորության արդյունքները, ու ընդհանրապես՝ Եվրոպայի պոպուլիստ աջ-ազգայնականների հաջողությունները, ընդհանուր առմամբ, ինչպես ցույց է տրվում ներքևում, այնքան էլ տպավորիչ չեն։
Կախված գնահատման մեթոդաբանական տարբերություններից, Եվրոպայում պոպուլիստ աջ-ազգայնականների վարկանիշը ու խորհրդարաններում կշիռը այսօր միջինում գնահատվում է 13-23%-ի շրջանակներում։ Դա, ընդհանուր առմամբ, ավելին է, քան կար 15-20 տարի առաջ։
Աղյուսակ 1[1]-ի ավանդական կուսակցությունների տակ խմբավորված են 2019 թվականի ընտրությունների արդյունքներով երկու ամենախոշոր քաղաքական ուժերի՝ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ` EPP) և Առաջադեմ Սոցիալիստների ու Դեմոկրատների ալյանսի (S&D), ինչպես նաև Լիբերալ-դեմոկրատների (Renew Europe) խմբակցության պատգամավորները։ Աջ-ազգայնականների տակ խմբավորված են պոպուլիստ համարվող ծայրահեղ ազգայնական (ID) և պահպանողական (ECR) խմբակցությունների պատգամավորները։ Կանաչների տակ խմբավորված են Հյուսիսային Եվրոպայի Կանաչների (GUE/NGL) ու այլ Կանաչների (Greens/EFA) խմբակցությունների պատգամավորները։
Եվրոպական խորհրդարանում պոպուլիստ աջ-ազգայնականների ունեցած տեղերի մեկ այլ հաշվարկ[2] ցույց է տալիս, որ նրանց կշիռը Եվրոպառլամենտում այսօր մոտ 21% է՝ 2014-ի՝ մոտ 17%-ի փոխարեն (Fella et al.: 67)։
Եվրոպայի երկու ամենախոշոր ավանդական ուժերը՝ EPP-ն և S&D-ն, սովորաբար միասին ստանում էին ձայների կեսից ավելին։ 2019-ի Եվրոպառլամենտի ընտրությունների արդյունքներով նրանք չկարողացան հավաքել ձայների կեսից ավելին։ Բավականին լավ արդյունք գրանցեց մեկ այլ ավանդական ուժ՝ լիբերալ-դեմոկրատները՝ մասամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ստեղծած նոր շարժման շնորհիվ (Uberoi et al.)։ Բոլոր դեպքերում այս երեք ավանդական կուսակցությունների կշիռը միասին վերցրած նվազել է, իսկ պոպուլիստ աջ-ազգայնականների ու ավելի քիչ չափով՝ կանաչների կշիռը՝ աճել։
Ազգային խորհրդարաններում պոպուլիստ աջ-ազգայնականների գրանցած հաջողությունները ավելի համեստ են։ Ըստ ընտրությունների արդյունքներում ստացած քվեների՝ նրանց վարկանիշը 13-14% է (Pinker 2018: 338; Bershidsky 2019)։ Ընդ որում՝ վերջին տարիներին այդ թիվը շատ չի փոխվել. պոպուլիստ աջ-ազգայնականները որոշ երկրներում բարելավել են իրենց դիրքերը, իսկ որոշներում՝ վատթարացրել։
Կա տեսակետ, ըստ որի՝ թեև պոպուլիստ աջ-ազգայնականները Եվրոպայում հազվադեպ են 20%-ից շատ ձայներ հավաքում, բայց երբեմն կարողանում են ազդել որոշ հիմնական կուսակցությունների վրա ու նրանց մղել աջ-ազգայնական դիրքեր (Bieber 2018։ 532)։ Բայց եթե նույնիսկ սա ճիշտ է, կա նաև հակառակ պրոցեսը՝ պոպուլիստ աջ-ազգայնականները դառնում են ավելի պակաս ծայրահեղ։ Օրինակ՝ Ֆրանսիայի ու Իտալիայի պոպուլիստ աջ-ազգայնականները հրաժարվել են ԵՄ-ից դուրս գալու իրենց նախկին պահանջներից (Fella et al.: 73): Մյուս կողմից էլ, ավանդական սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներսում ծայրահեղ ձախական թևը հաջողություններ է գրանցում, ինչպես երևում է, օրինակ, Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության (Labour party) գործող ղեկավարի՝ Ջերեմի Քարբոնի օրինակով։
Բավականին հետաքրքիր է նաև պոպուլիստ աջ-ազգայնականների ընտրողների տարիքային կազմը։ Պարզվում է, որ Եվրոպայում երիտասարդները հակված չեն ընտրել պոպուլիստ աջ-ազգայնականներին։ Վերջիններիս ամենաշատը ընտրում են Բեյբիբումի սերնդի այն տղամարդ ներկայացուցիչները, որոնք հաճախ նախկինում չեն էլ քվեարկել (Pinker 2018: 341-342)։ Այդ պատճառով որոշ հետազոտողներ պոպուլիստ աջ-ազգայնականների համեստ հաջողությունը անվանում են ծեր տղամարդկանց շարժում։ Մյուս կողմից էլ, որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ տարիքի հետ Եվրոպայում մարդիկ հակված չեն դառնալ ազգայնական (հակառակը ավելի հավանական է) (Pinker 2018: 342)։ Այդ պատճառով էլ, ըստ այս գնահատականների, ազգայնականության այսօրվա համեստ աճը կկանգնի ծեր տղամարդկանց մահանալուն զուգահեռ, ինչպես նաև շարունակվող ուրբանիզացիայի պատճառով (Pinker 2018: 343)։
Ամփոփենք՝ Ռ.Քոչարյանի նշված «ազգային ուժեր» հասկացության տակ իրականում թաքնված են ավտորիտար եւ/կամ ծայրահեղ աջ պոպուլիստական՝ սովորաբար քսենոֆոբ, անհանդուժող հռետորաբանություն ունեցող ուժերը: Փաստացի Ռ. Քոչարյանը դիմելով մարդկանց էմոցիաները շահարկելու քարոզչական հնարքի՝ կոնկրետ «ազգ», «ազգային արժեքներ»՝ շատերի համար դրական կոննոտացիա ունեցող հասկացությունների շահարկմանը, փաստացի զբաղվում է հակաժողովրդավարական պրոպագանդայով, քանի որ դրական լույսի ներքո է ներկայացնում վերոնշյալ քաղաքական ուժերին եւ այն ենթատեքստով, որ հենց այդպիսի գաղափարախոսություն ունեցող ուժը պետք է կառավարի Հայաստանում: Քոչարյանը նաեւ այդ պրոպագանդան կառուցել է հետեւյալ կիսաճշմարտության վրա՝ օրինակ, Եվրոպայում իրոք ծայրահեղ աջ-պոպուլիստական ուժերի դիրքերի որոշակի բարելավում է տեղի ունեցել, սակայն դոմինանտ, մեյնսթրիմային ուժերը շարունակում են մնալ ծայրահեղ աջ պոպուլիզմը մերժող ուժերը, ավելին, ծայրահեղ աջ պոպուլիզմը շարունակում է խիստ քննադատելի լինել Արեւմուտքի ակադեմիական շրջանակների, մեդիայի, իրավապաշտպան կառույցների, եւ, ընդհանուր առմամբ, քաղաքացիական հանրությունների կողմից: Աջ-ազգայնական պոպուլիզմը որպես թրենդային ներկայացնելու Քոչարյանի ձգտումը հավանաբար պայմանավորված է նրանով, որ վերջինս փորձում է հանդես գալ «ազգային արժեքների» համար պայքարողի դիրքերից եւ այդպիսով ձգտում է իրեն եւս թրենդային ներկայացնել:
Հրայր Մանուկյան
19.09.2020
Օգտագործված Գրականություն
- Bershidsky, L․ (2019). Europe’s Far Right Has Stalled. Bloomberg.com https://www.bloomberg.com/opinion/articles/2019-12-31/europe-s-far-right-nationalist-movements-have-stalled.
- Bieber, F. (2018). Is nationalism on the rise? Assessing global trends. Ethnopolitics, 17(5), 519-540.
- Fella S․, Uberoi E․, Cracknell R․ (2019). European Parliament Elections 2019: results and analysis: The full report. House of Commons library.
- Pinker, S. (2018). Enlightenment now: The case for reason, science, humanism, and progress. Penguin.
- Uberoi E․, Cracknell R․, Fella S․ (2019). European Parliament elections 2019: results and analysis. House of Commons library https://commonslibrary.parliament.uk/research-briefings/cbp-8600/ .
[2] Հաշվի է առնվում, որ այս տարի Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ից, որ ECR-ի մեջ է եղել Բրիտանիայի պահպանողական կուսակցությունը (որը չի համարվում ծայրահեղական), որ Հունգարիայի իշխող կուսակցությունը աջ-ազգայնական է, բայց անդամակցում է EPP-ին (այդ անդամակցությունն այսօր սառեցված է), որ որոշ ծայրահեղ ազգայնականներ չասոցացված պատգամավորներ են և այլն։