«ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ» ՔՎԵԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ՎՏԱՆԳԸ

...

Բաղադրություն

  • Կեղծ պատճառահետևանքային կապ
  • Օրենսդրական դրույթի՝ ոչ ռելեվանտ դիտանկյունից վերլուծություն
  • «Քաղաքականություն» հասկացության ոչ պատշաճ մեկնաբանում

 

 

ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրել է, որ որոշ հանրային և քաղաքական գործիչներ պնդում են, որ գործող Ընտրական օրենսգրքով սահմանված, այսպես կոչված՝ «ռեյտինգային» կարգով առաջադրված թեկնածուների ընտրությունը կատարվում է ոչ այնքան քաղաքական ծրագրի, որքան տարածքներում ճանաչվածութան, միջանձնային կապերի և ապաքաղաքական այլ բնույթի գործոնների հիման վրա: Ուստի՝ «ռեյտինգային» ցուցակներով ընտրությունների անցկացումը պատճառ է հանդիսանալու «կիսաքաղաքական» կամ, նույնիսկ, ապաքաղաքական Ազգային ժողովի ձևավորմանը, ինչպես դա տեղի էր ունենում նախկինում:

ԴԵՏԵԿՏՈՐԸ սույն պնդման մեջ արձանագրել է քաղաքացուն ապակողմնորոշող այնպիսի տարրեր, ինչպիսիք են՝ «օրենսդրական դրույթի ոչ ռելեվանտ դիտանկյունից քննադատությունը», «կեղծ պատճառահետևանքային կապը» և «քաղաքականություն» հասկացության ոչ պատշաճ մեկնաբանումը: Իսկապես, տարածքային ցուցակներով ընտրությունը շատ հաճախ կատարվում է ապաքաղաքական բնույթի գործոնների հիման վրա, սակայն, ինքնին այս փաստը չի նշանակում, որ այդ ընտրակարգի պահպանման արդյունքում Հայաստանում կձևավորվի ապաքաղաքական խորհրդարան: 

 

Մեր հիմնավորումները

ՀՀ Ընտրական օրենսգրքի 77-րդ հոդվածը սահմանում է, որ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների համապետական և տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից (հայտնի՝ որպես «ռեյտինգային»- Տ.Ղ.):  Առերևույթ, սույն իրավանորմը  թերի չէ և չի կարող պատճառ հանդիսանալ անձնական հարաբերություններով կամ անձնական բնույթի այլ գործոններով պայմանավորված՝ տարածքային ցուցակների քվեարկության համար: Նման պատճառ կարող են հանդիսանալ քաղաքացիների ցածր իրավագիտակցությունը, նրանց ոչ բավարար պատկերացումներն օրենսդիր իշխանության մարմնի կարևորության և իրավազորության մասին, ինչպես նաև՝ դրանցից բխող մի շարք այլ հանգամանքներ: Այլ կերպ ասած, ուղղակի պատճառահետևանքային կապ՝ Ընտրական օրենսգրքի նորմի, որով նախատեսվում է համամասնական ընտրակարգով տարածքային ցուցակների առկայությունը և քաղաքացիների կողմից կատարվող ընտրության, կամ, այսպես ասած,  «ընտրության որակի» միջև, գոյություն չունի: Այսինքն, «ռեյտինգային քվեակարգի» պատճառով չէ, որ քաղաքացիները կարող են ընտրել «վատ» քաղաքական խոսք ունեցող, նույնիսկ՝ քաղաքական «խոսք» արտաբերելուն ոչ ունակ անձանց:

Ռեյտինգային համակարգը առավելագույնը կարող է նպաստել՝ ցածր իրավագիտակցության տեր քաղաքացիների քվեն տարբեր հեղինակությունների և մեծահարուստների կողմից ավելի հեշտ ճանապարհով «գնվելուն»: Նախորդ համապետական ընտրությունները ցույց են տվել, որ մարդիկ, թեև չեն սատարել հանրապետական կուսակցությանը, սակայն, շատ տարածքներում նրա տարածքային ցուցակով առաջադրված որոշ թեկնածուների՝ տարբեր, շատերի կարծիքով՝ ոչ քաղաքական պատճառներով համակրել  և քվեարկել են: 

Թեև, այդպիսի անձանց խորհրդարան «մուտք գործելու» տեսական հնարավորությունը չէր սահամափակվի, նույնիսկ եթե ընտրություններն անցկացվեին միմիայն կուսակցական համապետական ցուցակների հիման վրա: Տեսականորեն հնարավոր էր, որ այդպիսի անձինք ստեղծեին իրենց կուսակցությունները, կամ անդամագրվեին տարբեր կուսակցությունների, կամ որպես անկուսակցականներ՝ մտնեին համամասնական ցուցակների մեջ և իրենց միջանձնային կապերի միջոցով քվեներ «բերեին» այդ կուսակցությանը՝  ստանալով անուղղակի քվեներ:

«Ռեյտինգային քվեակարգի» առկայությունը նաև առիթ չէ՝ նախկինում անցկացված ընտրությունների հետ համեմատությունների անցկացման համար: Նախկինում ընտրական գործընթացի նկատամամբ  բավականաչափ հանրային վստահություն չկար, հետևաբար, այն  բացակայում էր նաև  ընտրական գործընթացի արդյունքում ձևավորված ներկայացուցչական մարմինների նկատմամբ: Պատճառն այն էր, որ քաղաքական իշխանությունը կաշկանդված չէր քաղաքացիների՝ ազատ կամարտահայտության սկզբունքով, և ընտրական գործընթացներն անցնում էին տարբեր՝ քրեական և վարչական  բնույթի իրավախախտումների զուգորդմամբ: Այսինքն՝ ընտրողների նկատմամբ իրականացվում էին տարատեսակ ճնշումներ, գնվում էին նրանց ձայները, և շատերի մոտ ստեղծվում էր համոզմունք, որ ամեն ինչ կանխորոշված է: Արդյունքում, ընտրողների մի զգալի հատվածը կատարում էր ոչ քաղաքական, պարտադրված ընտրություն՝ հիմնականում տեղային հեղինակությունների ուղղորդմամբ, որոնցից շատերն, ի վերջո,  հայտնվում էին խորհրդարանում:

Հետհեղափոխական քաղաքական իշխանությունը, այս առումով, արդեն իսկ դրսևորել է բավականաչափ քաղաքական կամք՝ քաղաքացիների ազատ կամարտահայտության սկզբունքին համաչափ ընտրությունների կազմակերպման հարցում. մասնավորապես՝ Երևանի ավագանու, Էջմիածնի, Հրազդանի, Արմավիրի, Կապանի քաղաքապետերի ընտրություններն այդ մասին են փաստում:

Այս դիտանկյունից, հանրային ակնկալիքներում չի նշմարվում որևէ նախադրյալ, որ խորհրդարանական ընտրությունները կանցնեն պակաս վստահության պայմաններում, քան վերը նշված տեղական նշանակության ընտրությունները: Ուստի՝ կարելի է պնդել, որ քաղաքացիների ազատ կամարտահայտության իրացումը վտանգված չէ՝ ինչպես  նախկին քաղաքական իշխանության ժամանակ:

Սակայն, նույնիսկ այսպիսի պայմաններում, երբ իշխանությունները ցուցաբերում են բավարար կամք՝ ազատ և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու հարցում, չի բացառվում, որ «ռեյտինգային ընտրակարգը»  հնարավորություն տա որոշ քաղաքական ուժերի՝ օգտագործել էլեկտորատի մի  հատվածի ցածր իրավագիտակցությունը և տեսականորեն թույլ տա կոնկրետ անձերի ապաքաղաքական հեղինակության հաշվին՝ որոշ շրջաններում լուրջ արդյունքներ գրանցել, ինչպես դա արվում էր նախկինում:

Սակայն, ԴԵՏԵԿՏՈՐԸ գտնում է, որ այս պատճառաբանմամբ պնդել, որ ընտրական իրավունքի ոչ պատշաճ իրացման հետևանքով ազատ ընտրությունների արդյունքում կունենանք «կիսաքաղաքական» կամ «ապաքաղաքական» խորհրդարան, ակնհայտ անհիմն է և իր այս պնդումը հիմնավորում է հետևյալ  դիտարկումներով.

  «Ապաքաղաքական պառլամնետ»-ի թեզը սուբյեկտիվ բարոյաէթիկական և գնահատողական արժևորումներով պայմանավորված՝ որոշակի առումով արհամարհանք է հանրային դեմոկրատիայի հիմնական բաղադրատարրի՝ քաղաքացիների ազատ կամարտահայտության սկզբունքի նկատմամբ: Եթե մարդիկ առանց ճնշման, առանց ընտրակաշառքի ընտրելու են ոչ «ճիշտ» մարդկանց, ապա որքան էլ դա մեզ դուր չգա, մենք պետք է ընդունենք դա որպես փաստ, որպես ընտրողների որոշակի խմբի  կամարտահայտություն: Եվ, բացի այդ, պատգամավորի «վատ» որակը դեռ չի նշանակում «ապաքաղաքական» որակ. քաղաքականությունը կապված է «իշխանություն», «կառավարում», «ուժ» չեզոք հասկացությունների հետ, քաղաքականությունը կարող է լինել ինչպես լավ, այնպես էլ՝ վատ որակի:

  Ապագա պառլամենտը՝ ինչպես նախկինը, մեծամասամբ  բաղկացած է լինելու համամասնական ցուցակով ընտրված պատգամավորներից, ինչը նշանակում է, որ պառլամենտի որակը մեծամասամբ պայմանավորված է լինելու հե՛նց համամասնականով ընտրված պատգամավորներով:

  Ամենայն հավանականությամբ, «Իմ քայլը» դաշինքն ազատ  և արդար ընտրությունների արդյունքում ստանալու է ձայների մեծամասնությունը և պարզ է, որ այդպիսի արդյունք դաշինքը կարող է արձանագրել «քաղաքական խոսք» ունեցող անձանց շնորհիվ և ոչ՝ հակառակը:

 

Ելնելով այս դիտարկումներից, ԴԵՏԵԿՏՈՐԸ անհիմն է համարում այն պնդումը, որ «ռեյտինգային» քվեակարգի արդյունքում ունենալու ենք «ապաքաղաքական» կամ «կիսաքաղաքական» խորհրդարան:

 

Հեղինակ՝  Տիգրան Ղազարյան

12-11-2018

Լուսանկարը՝ Sputnikarmenia