ԽՆԴՐԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ ՀՆԱՐՔ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

...

Բաղադրություն

  • Մայիսի 9-ի օրվա խորհրդի օգտագործում` ի շահ մեղադրյալի
  • «Համերաշխություն» եզրույթի մանիպուլյատիվ շահարկում

 

Մայիսի 7-ին Արցախի Հանրապետության ներկայիս նախագահ Բակո Սահակյանը և Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Դիմումը պարունակում է որոշ  մանիպուլյատիվ թեզեր, որոնց կանդրադառնանք ստորև:

 

Մեր հիմնավորումները

 

Նախագահները նշում են, որ «ավանդույթ» կա Մայիսի 9-ի տոնակատարությունների ժամանակ հյուրընկալել նաև Արցախի նախկին ղեկավարներին: «Ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրը։ Ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում եւ Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հարգարժան հյուրերի, Արցախի Հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության եւ բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր հաղթանակը...»,- ասվում է նախագահների  դիմումում:

Նախ նշենք, որ դժվար է հիշել մայիսի 9-ի որևէ տոնակատարություն՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, որտեղ ներկա է եղել Քոչարյանը՝ ՀՀ նախագահի իր պաշտոնավարման ավարտից հետո: Նա ներկա է եղել միայն 2009 և 2011 թվականների սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառումներին: Հետևաբար, վերոնշյալ «ավանդույթը» Ռոբերտ Քոչարյանի դեպքում չի գործել, և նախկինում՝ բոլոր երեք նախագահների ներկայությունն ապահովելու այսպիսի շահագրգռվածություն չի եղել:

Այստեղ ուղղակի հղում է արվում օրվա խորհրդին. Արցախյան պատերազմի ժամանակ և Արցախի Հանրապետության ստեղծման ճանապարհին Ռոբերտ Քոչարյանի մասնակցությանը: Այս առումով պետք է հաշվի առնել, որ իրավական հարթությունում  այսպիսի զգացմունքային պատկեր ստեղծելը՝ առաջ քաշելով պատերազմին մասնակցության, հաղթանակի կերտման թեզերը, մանիպուլյատիվ են, քանի որ այս զգայական ֆոնը և մայիսի 9-ի տոնակատարություններին Քոչարյանի մասնակցության անհրաժեշտությունն ընգծելով՝ նախագահներն  առաջարկում են խափանման միջոցը փոխել ողջ դատավարության ընթացքում նաև: Ղուկասյանը և Սահակյանը մասնավորապես նշում են, որ պատրաստ են հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու եւ կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։

Այստեղ նախագահները հղում են կատարում Քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված անձնական երաշխավորության քրեադատավարական ինստիտուտին և պատրաստակամություն  հայտնում անձնական երաշխավորություն տալ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու համար: Արցախի հանրապետության նախկին և գործող նախագահներն իրենց այս քայլով ցանկանում էին վարույթ իրականացնող մարմնին համոզել, որ խոսքով և հետագայում նաև վճարվող գումարով կերաշխավորեն մեղադրյալի պատշաճ վարքագիծը` վարույթ իրականացնող մարմնի պահանջով ներկայանալը, չթաքնվելը և դատավարությունից բխող այլ պարտականությունների իրականացումը: Սակայն նախագահները հաշվի չեն առել, որ գործը`մեղադրական եզրակացությամբ, դեռևս ապրիլի 22-ին ուղարկվել էր դատարան, հետևաբար՝ գլխավոր դատախազի հնարավորությունների շրջանակի մեջ չէր այլևս խափանման միջոցի հարցը քննարկելը:

Միաժամանակ հարկ է նշել, որ մեղադրող կողմը բազմիցս փաստարկներ է ներկայացրել և այդ փաստարկների հիման վրա դատական ակտեր են կայացվել, որով մերժվել են Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունները նրան ազատ արձակելու վերաբերյալ, քանի որ, ըստ մեղադրող կողմի, առկա է եղել գործի քննությանը Քոչարյանի կողմից խոչընդոտելու վերաբերյալ հիմնավոր կասկած:

Նախագահները նման պաթետիկ դիմումով ցանկացել են նաև հասարակության մոտ թարմացնել հիշողությունը՝ կապված Քոչարյանի Արցախյան պատերազմում մասնակցության և Արցախի Հանրապետության առաջին նախագահ լինելու հետ:

Դիմումի եզրափակիչ մասում ասվում է հետևյալը. «Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում եւ Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության եւ միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլեւ ամբողջ աշխարհի ու նաեւ հակառակորդի համար»: Ինչպես նկատեցինք՝ դիմողները օգտագործում են «համերաշխություն» բառը, որը հետհեղափոխական Հայաստանի հիմնարար սկզբունքներից է և ներկայիս կառավարող ուժի կողմից առաջ տարվող թեզերից: Այսինքն նախագահներն ուզում են տպավորություն ստեղծել, որ իրենց խնդրանքի կատարումը տեղավորվում է նոր Հայաստանի տրամաբանության մեջ:

Այստեղ դիմում են բազմիցս օգտագործված՝  «ազդակ ամբողջ աշխարհին ու նաև հակառակորդին» կապակցությանը, որն այս համատեքստում մանիպուլյատիվ է, քանի որ փորձ է արվում մեկ մարդու ազատ արձակվելը ներկայացնել որպես ծանրակշիռ և ազդեցիկ քայլ, որը դրական կդիտվի աշխարհի կողմից, իսկ հակառակորդի մոտ միասնական պետության տպավորություն կստեղծի: Կարելի է կարծել, որ ողջ աշխարհը սպասում էր Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը և մայիսի 9-ին նվիրված տոնակատարություններին մասնակցությանը: Իսկ իրականում աշխարհի, ավելի կոնկրետ, իրավական պետությունների եւ միջազգային կազմակերպությունների համար լուրջ ազդակ է Հայաստանի Հանրապետության՝ իրավական և օրենքի գերակայության, ժողովրդավարության ու անկախ դատական համակարգ ունեցող պետություն լինելը: Միաժամանակ, հակառակորդին որևէ բան ապացուցելու թեզը տարիներ շարունակ գերիշխող մանիպուլյացիա է եղել՝ հասարակությանը որևէ քայլի դրդելու կամ նույն հասարակությանը որևէ քայլից կամ բողոքի ալիքից հետ պահելու համար:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ իրավական դաշտում զգացմունքային խոսույթներով հանդես գալը, հասարակության մոտ սահմանադրական կարգի տապալման և կաշառք վերցնելու գործով մեղադրվող նախկին նախագահին «Արցախյան պատերազմ, հաղթանակ, Արցախի առաջին նախագահ» զգայուն իրադարձային շղթայի ներքո ներկայացնելը, նպատակ է հետապնդում մայիսի 9-ի հաղթանակների շղարշի ներքո Քոչարյանին առանձնակի դրական և կարևոր գործիչ ներկայացնել  ու քրեական գործից շեղել դեպի «հայրենասիրական» օրակարգեր:

 

Հեղինակ՝ Արփի Ավետիսյան

12-05-2019