Մայիսի 16-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ, «մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը դատարանում ասել է. «Նշվում է մամուլի ազատության մասին և այլն, և այլն, և այլն: ՀՀ 32 հեռուստաընկերություններից սահմանափակումների են ենթարկվել միայն 9-ը, մնացածն առանց խափանման աշխատել են: Որևէ սահմանափակում ինտերնետի նկատմամբ ևս չի եղել: Խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները գործել են 1002 բնակավայրերից մեկում՝ Երևանում՝ ՀՀ տարածքի 2 տոկոսում: 2008թ.-ին ՀՀ-ում կար 39 թերթ, որից 15-ին է վերաբերել սահմանափակումը»:
ԴԵՏԵԿՏՈՐԸ Ռոբերտ Քոչարյանի խոսքում հայտնաբերել է «Ոչ պիտանի հասկացությունների վկայակոչում», «Խոսքի ազատության սահմանափակումների անհիմն արդարացում` խոսքի ազատության սահմանափակման «քանակական», «աշխարհագրական մասշտաբների» վկայակոչման միջոցով» մանիպուլյատիվ հնարքները։
Հիմնավորում
Խոսելով «մամուլի ազատության» մասին՝ Ռոբերտ Քոչարյանը լռում է 2008 թ․ մարտի 1-ին իր կողմից ստորագրված ՆՀ-35-Ն՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի հետևանք հանդիսացող մի շարք կարևոր հանգամանքների մասին:
Հիշյալ հրամանագրի 4-րդ կետով սահմանվում էր արտակարգ ռեժիմի պայմաններում Երևան քաղաքում նախատեսվող սահմանափակումների ցանկը: Հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետով համակարգվում էր զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը: Մասնավորապես՝ նշված էր. «Զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»: Դատական նիստի ընթացքում ընդունելով նշված սահմանափակումների փաստը՝ Ռոբերտ Քոչարյանը շրջանցում էր այն իրողությունը, որ դրա հետևանքով զանգվածային լրատվության միջոցները վերածվում էին պետական մարմինների և պաշտոնատար անձանց խոսափողի, զրկվում տեղեկությունների և գաղափարների տարածման ազատությունից:
Մինչդեռ, 2003թ.-ին ընդունված և 2008թ. մարտի 1-ին գործող՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, զանգվածային լրատվության միջոցի հիմնական գործառույթը հասանելի տեղեկատվության տարածումն էր, որի նպատակը «ազատորեն, անկախ պետական սահմաններից՝ տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու»՝ մարդու սահմանադրական իրավունքի իրացումն էր :
Օրենքի սույն դրույթի և հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետի համադիր վերլուծությունից երևում է, որ Ռոբերտ Քոչարյանը ՆՀ-35-Ն հրամանագրով վերացրել էր «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ «զանգվածային լրատվություն» հասկացությունը:
Խոսելով մամուլի ազատության սահմանափակման մասին՝ Ռոբերտ Քոչարյանը չի անդրադառնում նաև այն հարցին, թե ինչպես պետք է ապահովվեր հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետի կիրարկումը: Դրա համար տրամաբանորեն երեք տարբերակ կար․ որոշակի լրատվամիջոցների զրկել տեղեկատվություն տարածելու հնարավորությունից, (և) կամ հարկադրել լրատվականներին՝ տարածել միայն պաշտոնական տեղեկատվություն, (և) կամ ենթարկել նրանց գրաքննության՝ նախքան տեղեկատվության տարածումը: Եվ չնայած այս երեք միջոցներն արգելված էին «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով, սակայն հենց դրանց կիրառման մասին են փաստում 2008թ.-ին գործող լրատվամիջոցների սեփականատերերը, խմբագիրները և լրագրողները:
Նշանակում է՝ նախագահի հրամանագիրը հակասել է 2008թ.-ին գործող «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին, չնայած գործող Սահմանադրության 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերը (նախագահի հրամանագրեր, կառավարության, ԱԺ որոշումներ) ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով»:
Ռոբերտ Քոչարյանը լռում է նաև այն կարևոր հարցի մասին, թե ինչու է մարտի 13-ին՝ արտակարգ դրության վիճակի վերացմանը նախորդող շաբաթվա ընթացքում, ստորագրել նոր՝ ՆՀ-38-Ն հրամանագիրը, որն ամբողջությամբ փոփոխում է ՆՀ-35-Ն հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը. «Արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն (…), ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը»:
Համեմատության համար նշենք, որ մարտի 1-ի՝ ՆՀ-35-Ն հրամանագրի 4-րդ ենթակետով սահմանված էր. «Զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»: Ակնհայտ է, որ մարտի 13-ի՝ ՆՀ-38-Ն հրամանագիրը զանգվածային լրատվության ազատության սահմանափակման առումով ավելի «մեղմ» է և առերևույթ չի հակասում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի դրույթներին։ Սակայն, Քոչարյանը չի նշում՝ արդյոք այն փոփոխելու պատճառը ՆՀ-35-Ն հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետում պարունակող՝ ազատ մամուլի գործունեությունը խաթարող և ՀՀ օրենսդրությանն ու ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտականություններին ակնհայտորեն հակասող խախտումներն են, որոնցով, ըստ էության, դադարեցվում էր ազատ մամուլի գործունեությունը ՀՀ-ում։
Ռոբերտ Քոչարյանը չի անդրադառնում նաև այն հարցին, թե ինչու «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվության» տարածումն արգելելը սահմանված չէր մարտի 1-ի հրամանագրով և սահմանվեց մարտի 13-ի՝ ՆՀ-38-Ն հրամանագրով, երբ իրավական առումով՝ արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում ողջամիտ է սկզբից ևեթ սահամանափակել ակնհայտ սուտ տեղեկատվության տարածումը:
Արդյո՞ք դա չնախատեսելու պատճառն այն էր, որ մարտի 1-ի հրամանագրով փաստացի վերացվել էր օրենքով նախատեսված՝ «զանգվածային լրատվություն» հասկացությունը, իսկ գործող լրատվամիջոցների վրա դրվել էր «պաշտոնական լրահոս» հաղորդողների պարտականություն, և այլևս իմաստ չուներ այլ սահմանափակում կիրառելը:
Այս հարցերին անդրադառնալու փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը նշում է․ «ՀՀ 32 հեռուստաընկերություններից սահմանափակումների են ենթարկվել միայն 9-ը», «1002 բնակավայրերից մեկում՝ Երևանում, ՀՀ տարածքի 2 տոկոսում», «39 թերթից 15-ին է վերաբերել սահմանափակումը»: Նա լավ գիտակցում է, որ իրավաբանական դիտանկյունից՝ քննարկման առարկա է ոչ թե մարդու իրավունքների սահմանափակումների քանակը և աշխարհագրությունը, այլ սահմանափակումների բնույթը, համաչափությունը և իրավական ծավալը: Ռոբերտ Քոչարյանը, օգտագործելով քննարկման առարկա հարցի վերաբերյալ որոշակի՝ ոչ պիտանի հասկացություններ («քանակ», «աշխարարհագրություն»), փորձ է անում խեղաթյուրել կատարվածի էությունը և ազդել հանրային կարծիքի վրա:
Քոչարյանը փորձում է համոզել՝ քանի որ մարտի 1-ի մամուլի նկատմամբ կիրառված ծայրահեղ սահմանափակումները ծավալով «փոքր» են եղել և «լոկալ» բնույթ են կրել, ուրեմն դրանք արդարացված են և դրանց դերն ու նշանակությունը ընդհանրապես այն չէ, ինչ ներկայացնում են իրեն քննադատողները եւ դատապարտողները:
Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան
23-06-2019