ԱԺ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾԱԴՐՎԱԾ «ՃՆՇՄԱՆ» ՄԱՍԻՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԸ

...

Բաղադրություն

  • Իրավաքաղաքական դիսկուրսը սուբյեկտիվ բարոյական ընկալումների տիրույթ բերելը
  • Քաղաքական ճնշումը որպես հանցագործություն ներկայացնելը

 

ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրում է, որ հանրային դիսկուրսում շրջանառվում է մի տեսակետ, որի համաձայն Ազգային ժողովի վրա Նիկոլ Փաշինյանի և հանրային լայն զանգվածների կողմից գործադրվել է իրավական և բարոյական առումով անթույլատրելի ճնշում: Ավելին՝ ոմանք նույնիսկ  պնդում են, որ սրանով, ըստ էության, կատարվել է քրեորեն պատժելի արարք:

ԴԵՏԵԿՏՈՐԸ փաստում է, որ սույն տեսակետի ներկայացուցիչների կողմից օգտագործվել են իրավաքաղաքական դիսկուրսը սեփական բարոյական ընկալումների տիրույթ բերելու, քաղաքական ճնշումը որպես հանցագործություն ներկայացնելու մանիպուլյատիվ հնարքները:

 

Մեր հիմնավորումները

 

Դեմոկրատական  կամ դեմոկրատիայի ձգտող հանրույթներում քաղաքական գործընթացների վճռորոշ սուբյեկտը սուվերենն է (ինքնիշխան ժողովուրդը): Այս տրամաբանությամբ առաջնորդվելով, ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ով իր իշխանությունը իրացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց միջոցով:

Այս հոդվածից բխում է, որ ՀՀ-ում ճանաչվում է ժողովրդաիշխանության իրականացման երկու անմիջական ձև. ազատ ընտրություններ և հանրաքվեներ, ինչպես նաև՝ ժողովրդաիշխանության իրացման մեկ անուղղակի միջոց՝ սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց միջոցով  (ժողովրդի կողմից պատվիրակված լիազորությունների միջոցով և շրջանակում):

Ավելին՝ սույն հոդվածի 3-րդ մասը, որպես ուղղակի և անուղղակի ժողովրդավարության համար մարտնչող պաշտպանություն սահմանող նորմ, նշում է. «իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից՝ հանցագործություն է»:

Այսպես, սահմանադրության 2-րդ հոդվածը, ըստ էության, սահմանում է հանրային-քաղաքական կյանքի կազմակերպման և գործառութավորման հիմնադրույթները: Հոդվածից բխում է, որ հանրային-քաղաքական գործընթացի հիմնական սուբյեկտը ինքնիշխան ժողովուրդն է, որի շահերի բավարարմանն է ուղղված ամբողջ հանրային իրավական ինստիտուտների և մարմինների գոյությունը: Ընդ որում, եթե որևէ հանրային-իշխանական մարմին՝ լինի դա ներկայացուցչական կառավարման մարմին (Ազգային Ժողովը), թե գործադիր իշխանության մարմին (Կառավարությունը), չունի բավարար հանրային աջակցություն, և նրա նկատմամբ հանրային ծանրակշիռ զանգվածների կողմից տածվում է ակտիվ անվստահություն, ապա այն պետք է դադարեցնի տվյալ տեսքով (պաշտոնյաներով) և համամասնությամբ իր գործունեությունը:

Ուստի, հանրային-քաղաքական գործընթացի սահմանադրական կարգավորման տրամաբանությունից ելնելով, կարող ենք փաստել, որ նմանատիպ ակտիվ անվստահությունը (իմա՝ «ճնշումը») սահմանադրությամբ նախատեսված՝ ինքնիշխան ժողովրդի անքակտելի իրավունքն է: Հետևապես, իրավական և բարոյական առումով՝ այն չի կարող համարվել   անթույլատրելի:

Այս համատեքստում, իհարկե, դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ ցանկացած պետության բոլոր քաղաքացիները կամ քաղաքացիների 80-90 տոկոսը մասնակցեն հանրային-իշխանական որևէ մարմնի, քաղաքական ուժի կամ ուժերի նկատմամբ ակտիվ անվստահություն հայտնելու գործընթացին: Նման պարագայում կարևորվում է ո՛չ թե «բոլորի» մասնակցությունն  այդ գործընթացին, այլ՝ տվյալ քաղաքական ուժի, ուժերի, մարմինների լեգիտիմության պակասը, և դրան հարաբերակցված՝ հանրային ծանրակշիռ ակտիվ անվստահության գոյությունը, ինչն առկա է այսօրվա Հայաստանում՝ նախկին իշխանությունների և ԱԺ-ի հարաբերական մեծամասնության նկատմամբ : Մոտ 3 մլն բնակչությամբ երկրի պարագայում, ի աջակցություն ներկայիս իշխանությունների՝  տասնյակ հազարավորների մասնակցությամբ  շտապ հավաքների առկայությունը, տարբեր հարցումների համաձայն Նիկոլ Փաշինյանի՝ 90 տոկոս և ավելի վարկանիշը, Երևանի ավագանու ընտրություններին հեղափոխական` << Իմ քայլը>> դաշինքի ստացած 82 տոկոս ձայները և այլ նմանատիպ ցուցիչներ, վերոնշյալ՝  հանրային  ակտիվ անվստահության վառ ապացույցն են:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով նախատեսված իրավանորմին, ըստ որի՝  Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն, քրեորեն պատժելի արարք է համարվում, ապա հարկ է նշել, որ այս հանցակազմի պարտադիր հատկանիշը նշված արարքի՝ բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կատարումն է, մինչդեռ ապրիլյան հեղափոխությունից մինչև հոկտեմբեր, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի  միջոցով որևէ  բան չի պարտադրվել ԱԺ պատգամավորներին: Ընդհակառակը, հեղափոխությունն իրականացվել է օրինաչափ, թավշյա, ոչ բռնի գործողությունների տրամաբանության շրջանակներում: Ուստի, վերը նշված քրեաիրավական նորմին հղում անելով  հեղափոխության հակաիրավականությունն ապացուցելու փորձերը  ո՛չ միայն որևէ աղերս չունեն իրականության հետ, այլև  պարունակում են մանիպուլյատիվ բնույթի տարրեր: Մասնավորաբար, սրանով  փորձ է արվում՝ «հանրային ճնշումը» քրեորեն պատժելի արարք ներկայացնել:

 

Տիգրան Ղազարյան

19-10-2018

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյան/Hetq.am