ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ

...

Բաղադրություն

  • Իրավական հասկացության բովանդակության սելեկտիվ մեկնաբանություն

 

 ԴԵՏԵԿՏՈՐՆ արձանագրել է, որ ներկայումս հասարակության որոշակի շրջանակներում քննարկումներ են ծավալվում վարչապետի հրաժարականից հետո ԱԺ լուծարման, արտահերթ ընտրությունների անցկացման սահմանադրաիրավական հարցի վերաբերյալ:

ԴԵՏԵԿՏՈՐԸ սույն քննարկումներում գտել է մանիպուլյատիվ բնույթ ունեցող մի շարք տարրեր, որոնք առնչվում են սահմանադրական կարգավորումների կամայական մեկնաբանությունների հետ: Ուստի, ԴԵՏԵԿՏՈՐԸ վերլուծական բնույթի հոդված է պատրաստել վարչապետի հնարավոր հրաժարականից հետո ծագող իրավական բնույթի հարցերի վերաբերյալ՝ տալով դրանց պատասխանները:

 

Մեր հիմավորումները

Արդյո՞ք  ՀՀ Սահմանադրությունը թույլ է տալիս առանց վարչապետի հրաժարականի կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ

ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է ԱԺ լուծարման, արտահերթ ընտրությունների անցկացման երկու պայման. առաջինը կապված է վարչապետ չընտրվելու, երկրորդը՝ ԱԺ կողմից կառավարության ծրագիրը չհաստատելու հետ: ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ արտահերթ ընտրություններ են տեղի ունենում, երբ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային Ժողովն արձակվում է իրավունքի ուժով:  ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. եթե Ազգային Ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային Ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային Ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային Ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Սրանք ՀՀ գործող Սահմանադրությամբ նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման  լեգալ պայմաններն են: Հատկանշական է, որ ՀՀ իրավակարգի որևէ այլ իրավանորմով, արտահերթ ընտրությունների անցակացման որևիցե այլ պայման չի նախատեսվում:

ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրում է, որ առանց ՀՀ Սահմանադրության փոփոխման հանրային իրավունքի դոկտրինայից բխող՝ ԱԺ լուծարման ևս մեկ ձևակերպված այլընտրանքային տարբերակ կարող է գոյություն ունենալ, ինչի կիրառումը, սակայն, ներկա քաղաքական իրողությունների խորապատկերում ոչ նպատակահարմար կլիներ:  Բանն այն է, որ այն կիրառելի է միմիայն ծայրահեղ իրավիճակներում (ինչն այլևս հոկտեմբերյան իրադարձությունից հետո առերևույթ բացակայում է):

Այդ տարբերակը հետեւյալն է. հանրային իրավունքի դոկտրինալ աղբյուրներում՝ դեռևս ֆրանսիացի հեղինակավոր պետականագետ Մորիս Օրիույից, նշմարվում է «սահմանադրության մեջ սահմանադրության» կամ «սահմանադրության մնացած նորմերին գերակայող նորմերի» կոնցեպտը (super-légalité constitutionnelle): Այս կոնցեպտի համաձայն, իշխանության աղբյուրի՝ սուվերենի (ժողովրդի) կամքը, հիմնական իրավունքներն ու ազատությունները գերակա են սահմանադրական մնացած կարգավորումների նկատմամբ: Դրանցով սահմանափակվում և կաշկանդվում է պետությունը: Այս կոնցեպտն իր արտացոլումն ունի նաև ՀՀ Սահմանադրության մեջ: ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածները՝ ՀՀ սահմանադրական կարգավորումների իրավատրամաբանության շրջանակներում ունեն արժեքային առումով գերակա բնույթ, քանի որ Սահմանադրության 203-րդ հոդվածի համաձայն, սույն հոդվածներն անփոփոխելի են, փոփոխման ենթակա չեն:

ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածներում ուղղակիորեն բացահայտված է, որ իշխանության աղբյուրը (սուվերենը) ժողովուրդն է, ով ուղղակիորեն և (կամ) պատվիրակված իրացնում է իր իշխանությունը (2-րդ հոդված): Ուստի՝ հանրային իշխանությունը և դրա մարմինները կաշկանդված են սուվերենի կամքով: 

Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածների իրավակարգավորման տրամաբանությունից երևում է, որ ծայրահեղ անհրաժեշտ իրավիճակներում (ինչպիսին, մինչեւ վերջերս, առկա էր հետհեղափոխական Հայաստանում) սուվերենի կամքը կարող է արտահայտվել ուղղակիորեն՝ առանց դրա իրացման ձևական կարգի: Այսպիսով, սույն դեպքում պիտանի և անհրաժեշտ միջոց է, որպեսզի արտահերթ ընտրությունների անցկացման հանրաքվեի (պլեբիսցիտ) դրվի հիփոթետիկ նախագիծ՝ շրջանցելով ԱԺ-ն:

Սույն կոնցեպտի կիրառելիությունը սահմանափակված է ծայրահեղ իրավիճակներում՝ հանրային դեմոկրատիային ուղղակիորեն առկա վտանգի պայմաններում (ինչը, ինչպես արդեն նշվեց, խնդրո առարկա դեպքում բացակայում է):

Արդյո՞ք Սահմանադրության 149-րդ հոդվածը նախատեսում է, որ քվեարկության առաջին փուլում ԱԺ-ն անպայման պետք է առաջադրի վարչապետի թեկնածու, ապա այդ քվեարկությունից հետո, 7-օրվա ընթացքում, նոր թեկնածու չառաջադրվելու և չընտրվելու դեպքում՝ ԱԺ-ն կհամարվի լուծարված:

ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ  վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից  առաջադրված վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային Ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Այս նորմն ամենևին չի ենթադրում, որ առաջին փուլում անպայման պետք է որևէ մեկին առաջադրեն և քվեարկեն, որ սկսված համարվի վարչապետի ընտրության երկրորդ փուլը:  «Քվեարկություն» տերմինը Սահմանադրության մեջ ունի և′ դրական իմաստ, այսինքն՝ «քվեարկության դնել» (105-րդ հոդված 5-րդ մաս, 115-րդ հոդված 2-րդ մաս, 157-րդ հոդված 1-ին մաս), «քվեարկությանը մասնակցել և քվեարկել» (95-րդ հոդված 1-ին մաս, 95-րդ հոդվածի 2-րդ մաս, 103-րդ հոդված 1-ին մաս), և′ բացասական իմաստ, օրինակ՝ քվեարկության համար անհրաժեշտ թվով պատգամավորների չմասնակցելը, չքվեարկելը: Վերջին՝ բացասական իմաստը կիրառելի է այն դեպքերի վրա, երբ, օրինակ, քվեարկությանը չեն մասնակցում անհրաժեշտ թվով պատգամավորներ: Օրինակ, սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, և եթե օրինակ՝ քվեարկությանը մասնակցել են ընդհանուր թվի 3/5-ից պակաս պատգամավորներ, ապա քվեարկությունը համարվում է չկայացած: Սա ամենևին կապ չունի նիստի «քվորում» (իրավազորության) հասկացության հետ, որը Սահմանադրության 102-րդ հոդվածի իմաստով համարվում է առկա, եթե նիստին մասնակցում են պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Այս տրամաբանությամբ շարժվելով, կարող ենք պնդել, որ վարչապետի քվեարկությանը կարող է քվորում լինել, սակայն քվեարկությունը չկայանա իսկ չկայացված քվեարկությունը այս դեպքում նույնպես քվեարկություն է:

Այսպես, ինչպես երևում է, քվեարկությունը լինում է և՛ կայացած, և՛ չկայացած: Այս երկու դեպքերն էլ ընգրկվում են Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ «քվեարկությունից հետո» հասկացության բովանդակության մեջ:

Ամփոփելով սույն հարցի պատասխանը, կարելի է նշել, որ այն անձինք, ովքեր պնդում են, որ անպայման պետք է առաջադրվի վարչապետի թեկնածու և քվեարկվի,  սելեկտիվ են մեկնաբանում վերոնշյալ հասկացության բովանդակությունը:

 

Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան
            16-10-2018