Ըստ ՀՀ Սահմանադրության՝ իշխանությունը (անգլ. power) պատկանում է ժողովրդին (անգլ. people): Նման դրույթ կա, առնվազն ֆորմալ առումով որպես ժողովրդավարական հռչակած, տարբեր պետությունների սահմանադրություններում: Սակայն դրանցում «իշխանություն» բառի փոխարեն երբեմն օգտագործվում են այլ համարժեք հասկացություններ: Օրինակ՝ Պորտուգալիայի Սահմանադրությունում նշվում է, որ ժողովրդին է պատկանում սուվերենությունը, Ֆրանսիայի Սահմանադրությունում ամրագրված է ազգային սուվերենության (ֆր. La souveraineté nationale) ժողովրդին պատկանելիության մասին դրույթ:
Այս կոնտեքստում, «Ժողովուրդ» ասելով, բնականաբար, պետք է հասկանալ կոնկրետ պետության քաղաքացիների ամբողջությունը: Ընդ որում, քաղաքացիները պետք է ունենան հավասար իրավունքներ: Եվ երբ ասվում է, որ իշխանությունը (կամ սուվերենությունը) պատկանում է ժողովրդին` նշանակում է, որ իշխանությունը պատկանում է պետության քաղաքացիների ամբողջությանը: Ժողովրդավարական պետություններում իշխանության իրականացումը որեւէ անհատի կամ խմբի, նույնիսկ ժողովրդի մեծամասնության գործը չէ: Օրինակ, արդեն հիշատակված Ֆրանսիայի սահմանադրությունում հստակ նշվում է, որ ժողովրդի որեւէ մաս, կամ առանձին անհատ չի կարող յուրացնել ազգային սուվերենության իրականացումը: ՀՀ Սահմանադրությունում նշվում է, որ «Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:
Եւ ուրեմն հստակ է, որ միայն ժողովուրդը (քաղաքացիների ամբողջությունը) կարող է իրացնել բացառապես իրեն պատկանող իշխանությունը (սուվերենությունը) եւ հենց այս տրամաբանությունն է ընկած ժողովրդավարական պետության կոնցեպցիայի հիմքում: Այս առումով կոպիտ սխալ է հանրային տիրույթում հաճախ հանդիպող արտահայտությունը, որ իշխանությունը պատկանում է քաղաքացուն՝ որեւէ առանձին քաղաքացի չի կարող ունենալ իշխանություն(սուվերենություն)` քաղաքացին ունի իրավունքներ, իսկ իշխանություն ունի քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդը:
Այսպիսով սխալ է ոմանց այն պնդումը, թե «իշխանության տերը ժողովուրդն է» արտահայտությունը՝ պոպուլիզմ է: Սակայն, երբ ժողովրդի որեւէ հատված անվանվում է «ժողովուրդ»՝ դա արդեն պոպուլիզմ է: Պոպուլիստական է այն պնդումը, թե իբր ժողովուրդը միատարր է եւ օժտված է անսխալականությամբ եւ առաքինությամբ: Ժողովուրդը բազմաշերտ եւ բազմատարր է, ինչը ենթադրում է, որ ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրացնելիս հանդես չի գալիս որպես մեկ դիրքորոշում ունեցող սուբյեկտ:
Հայաստանյան քաղաքական դաշտում «ժողովուրդ» հասկացության շուրջ շահարկումները հաճախ հանդիպող մանիպուլյացիաներից են: Հայաստանի ողջ քաղաքական պատմության ընթացքում տարբեր քաղաքական խմբեր եւ անհատներ սեփական կշիռը բարձրացնելու նպատակով մշտապես հայտարարել են, որ իրենք արտահայտում են ժողովրդի շահերը, որ իրենք անում են այն, ինչ ցանկանում է ժողովուրդը, որ իրենք ժողովրդի կողքին են, իսկ իրենց ընդդիմախոսները ժողովրդի դեմ են, չեն վայելում ժողովրդի աջակցությունը եւ այլն: Բոլոր նման հայտարարությունները, որոնք պոպուլիստական դիսկուրսի մաս են եւ խորթ են պլյուրալիստական ժողովրդավարության փիլիսոփայությանը, հատկապես հաճախակիանում են ընտրական փուլերում, ճգնաժամային իրավիճակներում, սոցիալ-քաղաքական խնդիրների խորացման ժամանակ եւ այլն:
Ուստի զինադադարի հաստատման հայտնի հայտարարության ընդունումից հետո սպասելի էր, որ վերոնշյալ տիպի հայտարարությունները հատկապես ինտենսիվանալու են, ինչը եւ տեղի ունեցավ: Ստորեւ ներկայացնենք մի շարք թարմ օրինակներ, որոնց հեղինակները գտնվում են ինչպես տարբեր քաղաքական ճամբարներում, այնպես էլ դրանցից դուրս՝
· «վարչապետը պաշտպանվում է սեփական ժողովրդից»
· «արդյո՞ք ցուցարարները ժողովուրդ չեն»
· «ժողովուրդը ցանկանում է վարչապետի հրաժարականը»
· «ժողովուրդը չի ցանկանում վարչապետի հրաժարականը»
· «ժողովուրդը չի կարող եւ չի հանդուրժելու պետության այդպիսի ղեկավարի»
· «ժողովուրդը ոտքի է կանգնել, որովհետև չի ուզում ընդունել դավաճանի կողմից մեզ պարտադրված պարտությունը»
· «2018-ին փողոցում ժողովուրդն էր»
· «ժողովուրդը Նիկոլին է հավատում»
· «ժողովուրդը Նիկոլին չի հավատում»
· «ժողովուրդը շնորհակալ է Ռուսաստանին եւ ՌԴ նախագահին»
· «ժողովուրդը իշխանություններին անիծում է, ժողովուրդը ձեր դեմ է դուրս եկել»,
· «Փաշինյանին ժողովուրդն իր մտքից արդեն դուրս է գրել»
· «միակ տարբերակը, որ մեր ժողովուրդը կարող է հույս ունենալ, դա այն է, որ դուք , որպես պարտության սիմվոլ, հեռանաք»
· «ժողովուրդը այս հարցերի լուծման հույսերը կապում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ ուղիղ դիմում է նրան՝ խնդրելով իր միջամտությունը»
· «ուժ եւ ողջամտություն կգտնեք՝ այլեւս չպայքարելու սեփական ժողովրդի դեմ»:
Ինչպես տեսնում ենք, բոլոր օրինակներում «ժողովուրդ» հասկացությունը դիտարկվում է որպես միատարր սուբյեկտ, որն ունի նախասիրություններ, հակակրանքներ եւ համակրանքներ: Վերոնշյալ յուրաքանչյուր օրինակի հիմքում առկա է հետեւյալ երեւույթը՝ ժողովրդին հղում անող պնդման հեղինակը ցանկանում է ցույց տալ, որ` ա) գիտի, թե որն է այդ միավորի՝ ժողովրդի դիրքորոշումը, բ) սեփական դիրքորոշումը համընկնում է ժողովրդի դիրքորոշմանը:
Ուստի իրավացի են բոլոր նրանք, որոնք նշում են, որ Ժողովրդի անունից իրավունք ունի խոսել միայն ժողովուրդը եւ հասարակության առանձին խմբերի ձայնը չպետք է վերագրել ժողովրդի ձայնին:
Բայց երբ ասում ենք, որ ժողովրդի անունից իրավունք ունի խոսել միայն ժողովուրդը, պետք է լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնենք հետեւյալ հարցերին պատասխանելու միջոցով՝ ինչպիսի՞ պայմաններում է «խոսում» ժողովուրդը եւ ինչպե՞ս ենք հասկանում, թե ի՞նչ է «ասել» այդ ժողովուրդը: Եւ այստեղ նույնպես պետք է հղում անենք ՀՀ Սահմանադրությանը, որտեղ նշված է, որ «ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»: Այսինքն Սահմանադրությունը վերոնշյալ ուղիներն է նշել որպես Ժողովրդի «խոսելու» միակ մեխանիզմ, որից դուրս «խոսելու» համար ժողովուրդը չունի գեթ մեկ այլ եղանակ:
Իսկ հիմա երկրորդ հարցի վերաբերյալ՝ ինչպե՞ս պարզենք, թե ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքում ի՞նչ «ասեց» ժողովուրդը: Պատասխանը հետեւյալ է՝ ընտրությունների կամ հանրաքվեի ամբողջական արդյունքներն են ժողովրդի «խոսքը»: Մենք չենք կարող ժողովրդի որեւէ հատվածի, թեկուզ բացարձակ մեծամասնության դիրքորոշումը դիտարկել որպես ժողովրդի դիրքորոշում: Այլ բան, որ մենք պետք է առաջնորդվենք ժողովրդի մեծամասնության դիրքորոշման համաձայն, քանի որ ըստ դեմոկրատական պետության սկզբունքի այդպես է արդար` լիակատար կոնսենսուսի փաստացի անհնարինության պայմաններում որոշումների կայացման ավելի արդար տարբերակ, քան «մեծամասնության սկզբունքը» չի գտնվել եւ այդ իսկ պատճառով այն ամրագրված է ժողովրդավարական երկրների սահմանադրություններում:
Որպես ամփոփում նշենք, որ ժողովրդի անունից խոսելը, ժողովրդին որոշակի միատեսակ հատկություններ, դիրքորոշում վերագրելը, ժողովրդի մի հատվածին որպես ժողովուրդ ներկայացնելը՝ մանիպուլյատիվ եւ պոպուլիստական հռետորաբանություն է:
Էդգար Վարդանյան
11/12/2020