ՊԱՌԱԿՏՄԱՆ ԳԱՂԱՓԱՐՈՎ ՏՈՉՈՐՎԱԾՆԵՐԸ

...

Բաղադրություն

  • Անհիմն պնդում և ապատեղեկատվություն
  • Արցախի ժողովրդի ընտրության իրավունքի արհամարհում
  • Անհիմն մեղադրանքներ Հայաստանի իշխանությունների հասցեին

Սույն տարվա մայիսի վերջին և հունիսի սկզբներին մի շարք լրատվամիջոցներում Հայաստանի իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքների մեջ շեշտվեց Արցախում պառակտում, դավադրություն և ապակայունություն հրահրելու մեղադրանքը: Նախ՝ իրար հետևից նման մեղադրանք հնչեցրին նախկինում ՀՀ ազգային անվտանգության հարցերով տարբեր պաշտոններ զբաղեցրած՝ Գ. Իսագուլյանը (31:15-38:26), Գ. Եղիազարյանը (19:48-22:16) և Դ. Շահնազարյանը (9:37-10:05): Հետագայում այդպիսի մեղադրանքներ հնչեցրին նաև (Է. Շարմազանովը (35:52-36:57), Ա. Ենոքյանը (23:00-24:00):

Այդուհանդերձ, ամենաընդգրկունն ու հանգամանալիցը հենց «Ազգային անվտանգության կուսակցության» նախագահ Գ. Իսագուլյանի՝ մայիսի 31-ին «Դեմ-դիմաց» հաղորդաշարի ժամանակ ներկայացրած մեղադրանքն էր, որտեղ ասվում էր հետևյալը. «Պառակտում են Ղարաբաղը, պառակտում են (31:15 -32:10): Տեսեք՝ Արցախում ինչ իրավիճակ էր. Բակո Սահակյանի երկու մրցակիցները ընտրությունների (խոսքը 2012թ ԼՂՀ անցկացված նախագահական ընտրությունների մասին էՆՄ) ժամանակ՝ Մասիս Մայիլյանը և Վիտալի Բալասանյանը նշանակվել են երկու ամենակարևոր պաշտոնների. Մ. Մայիլյանը՝ արտգործնախարար, Վ. Բալասանյանը՝ անվտանգության խորհրդի քարտուղար: Արցախում ստեղծվել էր բացարձակ միակամություն: Ժողովուրդը միասնական էր: Իշխանությունը միասնական էր: Հայաստանից հիմա էնտեղ պառակտում են: Ս. Բաբայանն ասեց, որ մինչև Հայաստանի իշխանությունների թույլտվությունը չլինի, ես Արցախ չեմ գնա: Ոչ միայն հիմա Արցախ է գնացել, Արցախում արվում են հայտարարություններ, որ վայել չի Ս. Բաբայանին: Ինձ թվում է, թե էստեղ ուղղակի ցուցում է տված: Արայիկ Հարությունյանի (Արցախի նախկին վարչապետ - ՆՄ) երեկվա արած հայտարարությունները ինձ համար շատ ցավ են (33:30-34:40): Մինչև մեկ տարի կամ երկու ամիս առաջ, որ Արցախում լինում էի, էնտեղ Արմենիա հյուրանոցի մոտ իրար մոտենում, ջերմ բարևում էին բոլորը՝ Խանումյան Հայկը, բոլորը: Ճիշտ է, ԱԺ-ում իրար ինչ ասես ասում էին, բայց համերաշխությունը նկատելի էր, որ գյուղ որ գնայիք: Հիմա, էթում ես, տեսնում ես, որ ինչ-որ խումբ կա իրար չեն մոտենում, բարև չեն տալիս» (37:30-38:26):

Դետեկտորը կարծում է, որ վերոհիշյալ բանախոսների կողմից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքները անհիմն են, պարունակում են ապատեղեկատվություն, ինչպես նաև, Արցախի ժողովրդի ընտրության իրավունքի անտեսում:

Մեր հիմնավորումները

Գ. Իսագուլյանի մեղադրանքից պարզ է դառնում, որ խոսքը Արցախի քաղաքական վերնախավում առկա հակասությունների մասին է: Ըստ էության, նույնը նկատի ունեն նաև մյուս մեղադրողները: Հղված ելույթում Իսագուլյանը ակնարկում է, որ պառակտումը հրահրվում է Ս. Բաբայանի մուտքն Արցախ՝ Փաշինյանի կողմից հավանության արժանալու հետևանքով: Ընթերցողին տեղեկացնենք, որ Արցախի նախկին պաշտպանության նախարար Ս. Բաբայանը պատրաստվում է մասնակցել ԼՂՀ նախագահական 2020թ. ընտրություններին և այդ նպատակով արդեն հանդիպումներ է ունենում Արցախի տարբեր համայքներում: Իսագուլյանի ասածից տպավորություն է ստեղծվում, իբր, Ս. Բաբայանը մինչև Ն. Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության գալը երբեք չի եղել Արցախում և  Բաբայանի Արցախ գնալով լարվածություն է ստեղծվում Արցախի քաղաքական վերնախավի հարաբերություններում:

Նախ պետք է նշել, որ Ն. Փաշինյանը, թեկուզ ի պաշտոնե, իրավունք չունի սահմանափակելու որևէ մեկի ազատ տեղաշարժի իրավունքը, և Իսագուլյանի անուղղակի պահանջը՝ Փաշինյանի կողմից Ս. Բաբայանի մուտքը դեպի Արցախ սահմանափակելու վերաբերյալ անօրինական է: Երկրորդ փաստն այն է, որ Ս. Բաբայանը Արցախ մուտք և ելք է ունեցել մինչև Թավշյա հեղափոխությունը և դեռ 2016թ-ից սկսած նա բազմաթիվ անգամներ այցելել է Արցախի տարբեր համայքներ, ունեցել է հանդիպումներ տարբեր քաղաքական գործիչների հետ: Եվ վերջապես, Ս. Բաբայանի և Արցախի տարբեր քաղաքական գործիչների (այդ թվում Արցախի ներկայիս իշխանությունում պաշտոն զբաղեցնող) միջև լարված հարաբերությունները ոչ թե մի քանի շաբաթվա կամ նույնիսկ մեկ տարվա, այլ տասնամյակների վաղեմություն ունեն, ինչի մասին հայաստանյան և արցախյան հանրությունը տեղեկացավ դեռևս 1990-ական թթ. վերջերին՝ Ս. Բաբայանի հայտնի դատավարության առիթով: Իսկ մեկ ամիս առաջ Վ. Բալասանյանի և Ս. Բաբայանի միջև փոխադարձ հրապարակային մեղադրանքների (1, 2) շնորհիվ իմացանք նաև, որ նրանց միջև թշնամությունը շատ ավելի վաղ ծագում ունի և հասնում է մինչև 1990-ականների սկզբները:

Բանն այն է, որ դեռ մինչև սույն թվականի հունիսի 13 -ը Արցախի ԱԽՔ-ի պաշտոնը զբաղեցնող Վ. Բալասանյանը նույնպես պատրաստվում է մասնակցել Արցախի առաջիկա ընտրություններին և ստեղծել է «Հանուն Արցախի» համազգային շարժումը, որին միացել է (տես 37:30-37:40) նաև Գ. Իսագուլյանը, որը ներկայում Բակո Սահակյանի՝ անվտանգության հարցերով խորհրդականն է: 2020թ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում երրորդ հավանական թեկնածուն Արցախի նախկին  վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն է, որը ներկայանում է իբրև Հայաստանում Թավշյա հեղափոխության կողմնակից, որը, ըստ Իսագուլյանի ակնարկների՝ բարդ հարաբերություններ ունի Վ. Բալասանյանի հետ և ըստ ԶԼՄ հրապարակումների՝ լարված հարաբերություններ՝ Ս. Բաբայանի հետ: Վերջինիս վկայությունն է, օրինակ,  Ս. Բաբայանի գրասենյակի կողմից Ա. Հարությունյանի հասցեին վերջերս հնչեցված մեղադրանքները և դրա արձագանքները: Հայաստանում Թավշյա հեղափոխությունը ողջունող մյուս քաղաքական ուժի՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հ. Խանումյանը, ըստ էության, համակրում է Ս. Բաբայանին և դեռևս առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու մտադրության մասին չի հայտարարել (տես նաև 1, 2): Եթե նկատի ունենանք նաև Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի այն հայտարարությունը, որ 2020թ ընտրություններում նա չի պատրաստվում առաջարկել իր թեկնածությունը, ապա ստացվում է, որ  մրցակցությունը ծավալվելու է երեք հիմնական թեկնածուների միջև՝ Ա. Հարությունյանի, Վ. Բալասանյանի և Ս. Բաբայանի: Ուստի  Գ. Իսագուլյանի նկատած հակադրությունն ու պառակտումն,  ըստ էության, նշված անձանց միջև է և պայմանավորված է վաղաժամ մերկնարկած նախընտրական գործընթացներով: Այսպիսով, նաև պարզ է դառնում, որ պառակտումը այս երկու խմբավորումների միջև պայմանավորված չէ արտաքին գործոններով, համենայն դեպս, ՀՀ ներկայիս իշխանությունների գործունեությամբ, և ունի էնդոգեն (ղարաբաղյան) պատճառներ և պատմություն: Ի դեպ, Արցախի՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Ա. Հարությունյանը մի հարցազրույցում նույնպես ակնարկում է, որ դավադրությունները կազմակերպվում են բուն Արցախում:

Այնուամենայնիվ, բացատրության կարիք ունի այն հանգամանքը, թե ինչով են պատճառաբանվում ՀՀ իշխանություններին՝ Արցախում պառակտում հրահրելու մասին մյուս բանախոսների մեղադրանքները: Հատկապես, որ լայն հանրությանը հայտնի չեն տեղեկություններ, որ նրանք ևս ուղղակի կապ ունեն Արցախի առաջիկա նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի աջակցելու գործընթացին, ինչպես որ Գ. Իսագուլյանի պարագայում է:

Վերջին ամիսներին վերոհիշյալ բանախոսների հրապարակային ելույթների համեմատությունը, սակայն, թույլ է տալիս արձանագրել, որ այդ ելույթներում առկա են գնահատականներ և պիտակումներ, որոնք միավորում են նշված բանախոսներին: Դա Թավշյա հեղափոխության նկատմամբ հեգնական վերաբերմունքն է և տարբեր առիթներով ՀՀ իշխանություններին վարկաբեկելու առիթը բաց չթողնելու միտումը (տես 1, 2, 3, 4, 5): Ըստ էության, նշված բանախոսները շահարգրգռված են Արցախում ներկա գեներալական բնութագիր ունեցող քաղաքական վերնախավի պահպանմամբ, ինչը ՀՀ նախկին իշխանությունների՝ Արցախի ներքին գործերին միջամտելու և ուղղորդելու արդյունքն է: Նախկինում Արցախում եղել են այնպիսի իշխանություններ, որոնք «ձեռք են տվել» ՀՀ իշխանություններին և Արցախի ներկայիս իշխանական վերնախավը ևս այդ քաղաքականության արտացոլումն է: Նույնը պահանջում և ակնկալում են նաև Գ. Իսագուլյանը և մյուս բանախոսները՝ մեղադրելով ՀՀ իշխանություներին՝ որ չեն միջամտում Արցախի գործերին: Նշենք, որ բանախոսների ակնկալած սցենարի իրագործման պարագայում, ըստ էության, ԼՂՀ-ում իբրև նախագահական ընտրությունների մրցակից թեկնածուներ են մնում արցախյան ներկա իշխանության մեջ մինչև վերջերս մաս կազմած թեկնածուներ՝ Ա. Հարությունյանն ու Վ. Բալասանյանը: Վերջիններիս ցանկացած մեկի ընտրության պարագայում վերարտադրվում է ՀՀ նախորդ իշխանությունների կողմից ԼՂՀ-ում ձևավորված քաղաքական իշխանությունը: Չտեսնելով կամ չցանկանալով Արցախի ներսում իշխանության խնդիրը ինքնուրույն լուծելու հեռանկար, վերոհիշյալ բանախոսները փորձում են նախկին իներցիայով ներքաշել Հայաստանի իշխանություններին, որի դժկամությունն այդ հարցում պիտակում են իբրև պառակտողական: Այնինչ, Արցախում իշխանական մարմինների ընտրությունը Արցախի ժողովրդի կամարտահայտման իրավունքն է, որը հաշվի առնելը, սակայն,  բանախոսների կողմից դիտարկվում է իբրև պառակտում: Սա, անշուշտ, անհեթեթություն լինելուց զատ, նաև Հայաստանի ներկա իշխանություններին շահարկելու ակնհայտ միտում է պարունակում իր մեջ:

Մյուս կողմից, Արցախի ներկա՝ ըստ էության ռազմաքաղաքական իշխանական վերնախավում պաշտոններ զբաղեցնող տարբեր անձինք որոշակի պատասխանատվություն ունեն Ապրիլյան պատերազմում հայկական բանակի ունեցած ձախողումների համար: Եվ պատահական չէ, որ ինչպես ՀՀ ներկայիս իշխանությունների հասցեին հնչեցվող պառակտման մասին մեղադրանքները, այնպես էլ բանակի մարտական ոգին գցելու մասին մտահոգությունները (որոնց անդրադարձել ենք նախորդ հրապարակման մեջ) հատկապես ուժեղացան հենց ՀՀ ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշումից հետո:

Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան

 23-06-2019