ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ «ՀԵՏՄԱՀՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ՄԱՍ 1-ԻՆ՝ ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ

...

Բաղադրություն

  • «Խորհրդային» պիտակի շահարկում
  • Գիտական հիմնավորումների անտեսում
  • Գիտականի անվան տակ վարդապետական քարոզչություն

 

Ամիսներ առաջ (2019թ. փետրվարին) հայաստանյան լրատվամիջոցներում և Ֆեյսբուք սոցիալական ցանցում բուռն քննարկումների թեմա դարձան վարչապետ Ն. Փաշինյանի (նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի) կողմից Պապ թագավորի մասին հիշատակումները (1, 2, 3, 4): Այդ քննարկումների ժամանակ եղան տարբեր մեկնաբանություններ՝ սկսած քաղաքական կուրսի փոփոխության մասին պնդումներից մինչև սպանության սիմուլյացիայի մասին կռահումները: Մեկնաբանությունների մեջ ամենաուշագրավը պատմական աղբյուրներն արհամարհելու՝ վարչապետին ուղղված ուղղակի կամ անուղղակի մեղադրանքներն էին և դրանց վտանգավոր հետևանքների մասին նախազգուշացումները (1, 2, 3, 4):

Դետեկտորի կարծիքով այդ մեկնաբանությունները, որոնք արվել են հիմնականում գիտական կոչում ունեցող պատմաբանների կողմից, բերված փաստարկումներով և առաջարկած լուծումներով՝ ունեն որոշակի արտագիտական միտվածություն և պարունակում են շահարկման տարրեր ու  վարդապետական քարոզչություն:

 

Մեր հիմնավորումները


Վարչապետի կողմից Պապ թագավորին վերաբերող մեջբերումները քննադատվում են խորհրդային պատմագրությանը տուրք տալու պատճառաբանությամբ: Այսպես` պ.գ.թ. Արմեն Մանվելյանը (Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի անդամ) իր «Նոր Հայաստանի սիմվոլիկան, կամ ինչու՞ Պապ թագավոր» հոդվածում գրում է. «Եվ չնայած գիտական փաստերի բացակայությանը, շարունակվում է Պապի, Արշակ Երկրորդի ու նույնիսկ Վասակ Սյունու «սրբադասման» գործընթացը, որի համար շատերը որպես հիմք նշում են, ասենք՝ Ստեփան Զորյանի «Պապ թագավոր» պատմավեպը: Այստեղ կարևոր է հիշել, որ հայ ժողովրդի պատմության մեջ բացասական կերպար ունեցող այս անձանց «արդարացման» գործընթացին ակտիվ կերպով լծված էր սովետական պատմագիտությունը, որին ձեռնտու էր հակաեկեղեցական համբավ ունեցող պատմական կերպարի ստեղծումն ու տարածումը Խորհրդային Հայաստանում՝ քարոզչական նպատակներով, ու «Պապ թագավոր» վեպը տեղավորվում էր այդ քարոզչության տրամաբանության մեջ»: «Ու մոտ հազար յոթհարյուր տարի առաջ սպանված Հայոց թագավորի շուրջ փորձ է արվում ձևավորել մի կերպար, որ իրականության մեջ շատ քիչ ընդհանրություն ունի պատմական այն աղբյուրների հետ, որոնք գրել են նրա մասին: Ու եթե հավատանք Մովսես Խորենացուն ու Փավստոս Բյուզանդին, իսկ կարծես թե նրանց առանձնապես չհավատալու հիմք չունենք, ապա մեր առաջ հառնում է բավականին բացասական կերպար՝ զարհուրելի հատկանիշներով ու որակներով»:

Մեկ այլ պատմաբան՝ պ.գ.թ. Միհրան Հակոբյանը (Քառյակ մեդիայի հիմնադիր) ֆեսյբուքյան իր էջում գրում է. «Սովետական պատմագիտությունը Պապ թագավորի կերպարի և այդ շրջանի իրադարձությունների մասին սեփական մեկնաբանությունն ուներ: Պապի մասով աթեիստական-հակաեկեղեցական պետության տեսակետը չէր կարող հակաեկեղեցական և «հակաարևմտյան» չլիներ: Չէ՞ որ այդ շրջանի «Արևմուտքը» Բյուզանդիան էր: Ի դեպ, հայկական ընկալումներում Կոստանդնուպոլսի անկումից հետո «Արևմուտքը» դարձավ Ֆրանկների Երկիրը, հետո` Բրիտանական Իմպերիան, հիմա արդեն` Միացյալ Նահանգները: Իրականում, սովետական պատմագիտության կողմից «սրբադասված» Պապ թագավորի կերպարը` իր ռեֆորմներով հանդերձ, վիճելի է թե՛ գիտական, թե՛ քաղաքական մեկնաբանության ու մ.թ. 4-րդ դարի աշխարհաքաղաքական իրողությունները վերլուծելու տեսանկյունից»:

Այսինքն, ըստ վերոհիշյալ հեղինակների՝ խորհրդային պատմաբանների կողմից Պապ թագավորի կերպարի և գործունեության մասին մեկնաբանությունները վստահելի չեն զուտ այն պատճառով, որ նրանք խորհրդային գաղափարախոսության կրողներ են: Մինչդեռ, ցանկացած պատմաբանի առաջին հերթին պետք է հետաքրքրի մեկ այլ պատմաբանի վերլուծության օբյեկտիվությունը՝ անկախ նրանից, վերլուծողը խորհրդայի՞ն գիտնական է, նախախորհրդայի՞ն, թե՞ հետխորհրդային: Փորձենք հասկանալ, թե որքանով են, օրինակ, հակագիտական կամ ոչ օբյեկտիվ խորհրդային պատմաբաններ Հ. Մանանդյանի, Լեոի, կամ ասենք` Լ. Բաբայանի հիմնավորումները: Նշված հեղինակները խոսում են հակասություններից ու փաստերից, որոնք իսկապես առկա են Փավստոս Բյուզանդի «Հայոց պատմության» մեջ: Եվ դրանցից մեկն այն է, որ Բյուզանդի Պատմության մեծ մասը հեղինակի կողմից Պապին տրված գնահատականներն են, և ոչ թե՝ իրադարձությունների չեզոք հղումները: Ավելին, Պապի ու նրա հոր՝ Արշակ 2-րդի վերաբերյալ գնահատականներն ունեն կրոնական և միստիկ երանգավորում: Օրինակ, ինչպե՞ս վստահել Բյուզանդի այն տեղեկության օբյեկտիվությանը, թե Փառանձեմն իր որդուն (Պապին) նվիրել էր դևերին, և նա մանկությունից ապրում էր դևերի հետ, որոնք սպիտակ օձերի կերպարանք ունեին ու ապրում էին նրա ծոցում: Եվ դա  այն դեպքում, երբ ժամանակի օտարազգի պատմագիր Ամիանոսը միստիկ գնահատականներ տալու փոխարեն վերլուծում է Պապ թագավորի՝ իբրև քաղաքական գործչի վարքը՝ նրան համարելով պարկեշտ մարդ, ով ինտրիգների ու վատությունների զոհ է (Լեո, Երկերի ժողովածու, հ. 1, Եր., 1966, էջ 478): Կամ, միթե՞ իրականությանը չի համապատասխանում մեկ այլ խորհրդային պատմաբանի՝ Հ. Մանանդյանի հետևյալ դիտարկումը. «Փավստոսի մոտ, որ կուսակցական պատմիչն է Գրիգոր Լուսավորչի տոհմի և Մամիկոնյանների, պատմական այս շրջանի անցքերը ներկայացված են այլայլված ձևով, իսկ պատմական խոշոր դեմքերը, որ հակառակորդ էին այդ տոհմերի, նկարագրված են ամենամռայլ ու քստմնելի գույներով» (Հ. Մանանդյան, Քննական պատմություն, հ. Բ, մաս Ա, էջ 154, Եր. 1957): Ի դեպ, Բյուզանդի Պատմության մեջ առկա հակասությունների մասին խոսում են ո՛չ միայն խորհրդային գիտնականները: Պատմության հայտնի ուսումնասիրող, գերմանացի հայագետ  Յոզեֆ Մարքվարտը նույնպես բազմաթիվ դիտարկումներ է արել դրանում առկա անհամապատասխանությունների և հեղինակի (Բյուզանդի) կանխակալ մոտեցումների վերաբերյալ (I. Marqwart, Südarmenien und die -Tigrisquellen, S. 155-156): Փավստոսի պատմության մեջ առկա հակասություններին  ծավալուն հոդված է նվիրել Լ. Բաբայանը , որտեղից էլ մեջբերել ենք Յ. Մարքվարտին վերաբերող հղումը:

Վարչապետ Փաշինյանի կողմից Պապ թագավորի հիշատակմանը վերաբերող քննադատություններում ակնհայտ է Ստ. Զորյանի պատմավեպիՊապ թագավոր») հիշատակումը: Սա պատահական չէ. դրանով ակնարկ է արվում , որ Ն. Փաշինյանը Պապի մասին գիտի ընդամենը գեղարվեստական աղբյուրից, ինչը  վարկաբեկող է վարչապետի համար: Այնինչ, Փաշինյանը խոստովանում է, որ Պապի մասին այլ նյութեր է կարդացել: Վերջերս դա հաստատեց նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

    Եվ այսպես՝ վիճարկելով խորհրդային պատմաբանների գիտական մոտեցումները, ի՞նչ են ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջարկում վիճարկող (ժամանակակից) պատմաբանները: Ըստ էության, նրանք առաջարկում են գիտականի փոխարեն վստահել Բյուզանդի (նաև Խորենացու) կրոնական-վարդապետական մեկնաբանություններին (տես՝  պ.գ. թեկնածուներ Ա. Մանվելյանի և Մ. Հակոբյանի տեքստերում մեր ընդգծումները): Սա մի մոտեցում է, որը համահունչ է նախորդ՝ հանրապետական իշխանությունների գաղափարախոսությանն ու նրանց կողմից վարած քաղաքականությանը, որտեղ կրոնական տեսակետը կարող էր պետական հովանավորչությամբ վեր դասվել գիտականի նկատմամբ: Այլապես, ինչո՞վ բացատրել, օրինակ՝ կաթողիկոս Գարեգին Բ-ի միջնորդությամբ՝ 2009թ. հանրակրթական հաստատությունների համար նախատեսված և արդեն տպագրված պատմության դասագրքի հետկանչն այն պատճառաբանությամբ, որ այնտեղ ինչ-որ սխալ տվյալներ են հայտնվել: Իսկ իրական պատճառն այն էր, որ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմագիտության դոկտոր Բ. Հարությունյանը նոր ուսումնասիրությունների հիման վրա պարզել էր, որ քրիստոնեության ընդունման և գրերի գյուտի տարեթվերը ենթակա են փոփոխության, որոնք էլ, ըստ այդմ՝ փոփոխվել էին վերոհիշյալ դասագրքում:

  ՀԱԵ-ի որոշ ներկայացուցիչների կողմից այսօր էլ ակտիվ փորձեր են արվում՝ միջամտելու հանրակրթության և նույնիսկ քաղաքականության խնդիրներին, ինչի վկայությունն են դպրոցներից մեկում ՀՀ ԿԳՆ նախարարի և քահանայի միջև վերջերս տեղի ունեցած միջադեպը, կամ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի առիթով մեկ այլ քահանայի ակտիվության դրսևորումը, որը նույնիսկ հայտարարում էր թե Հայաստանը չպիտի լինի աշխարհիկ պետություն: Ն. Փաշինյանի՝  ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ Պապ թագավորի հիշատակումը հենց եկեղեցու և պետության գործառույթների տարանջատման  հորդորն էր պարունակում, որը խախտվել է նախորդ իշխանությունների ժամանակ:

Ի դեպ, պատահական չէ, որ Փաշինյանի «պատմական» հիշատակումը վիճարկող նյութերից մեկում հեղնակը գրեթե հորդորում է   Փաշինյանին՝ հաճո լինել եկեղեցուն : Օրինակ՝ Արմլուրն իր կայքում տեղադրած հեղինակային հոդվածումՓաշինյանի համար հայ թագավորներից նախընտրելին Պապ թագավորն է. ինչո՞ւ»), գրում է. «Տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանը ցանկանում է նմանվել Պապ թագավորին` թե՛ իր ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ: Մտահոգիչն է, որ բարեպաշտ, աստվածասեր, եկեղեցասեր հայոց թագավորներից, ինչպիսին եղել են Աբգարը, Տրդատը, ներկայիս վարչապետը նախընտրում է ոչ դրական  բնութագիր ունեցող  Պապինին»: Այդուհետ, նույն հրապարակման մեջ շարունակվում է թվարկվել, թե ինչ վատ բաներ է արել Պապը՝ եկեղեցու տեսանկյունից:

 

Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան

 

26-04-2019