Նախաձեռնելով Օպերայի տարածքը ապօրինի շինություններից ազատելու ֆիզիկական գործընթացը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում մարտի 14-ի առավոտյան դիմեց երևանցիներին. «Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը»:
Նույն օրը ֆեյսբուքում և համացանցում արագորեն տարածվեցին մի շարք օգտատերերի բացասական արձագանքները՝ քաղաքապետի դիմումի վերաբերյալ: Ի մասնավորի՝ ՖԲ օգտատեր Հարություն Հարությունյանը (TV5-ի գլխավոր խմբագիր) իր էջում գրեց. «Կրիտերիաներն են փոխվել, տղերքը ազատագրում էին Արցախը, սրանք՝ օպերայի շրջակայքը: #գոնե_բառերը_ընտրելուց_զգույշ_եղեք: Ումի՞ց եք ազատագրում: Մարդ կա երազում է հզոր Հայաստան, ազատ ու միացյալ Հայաստան, ուժեղ երկիր, մարդ էլ կա երազել ա ազատագրի օպերայի շրջակայքը»: Իսկ մեկ այլ օգտատեր՝ Արգիշտի Կիվիրյանը (Armenia Today լրատվական-վերլուծական գործակալության համակարգող), գրեց. «Շուշի ու Աղդամ ազատագրողները այդքան չեն հպարտացել իրենց արածով, ոնց որ սրանք Օպերայի հայաթում մի քանի պալատկա քանդելով ու դրա անունը Օպերայի ազատագրում դնելով»: Մոտավորապես նույն կարծիքն արտահայտեց նաև Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկի՝ «Շոկոլադնիցայի» մենեջեր Լաերտ Պողոսյանը՝ ասելով, թե. «Մարդիկ ազատագրում են Շուշին ոչ թե Օպերան: Էստեղ թուրք չկա: Ազգին պետք չի ըտենց վիրավորել» (Տե՛ս 4.20 րոպեից):
ԴԵՏԵԿՏՈՐԸ գտնում է, որ քաղաքապետի դիմումին ի պատասխան արված գրավոր և բանավոր արձագանքները պարունակում են շահարկման մի շարք հնարքներ. Դիմումի տեքստում օգտագործվող առանցքային հասկացության գործառնական շրջանակի կամայական նեղացում, դիմումի տեքստում ներկայացվող հիմնախնդիրը այլ հարթությունում գտնվող հիմնախնդրի հետ արհեստական համադրում, ընդհանուր կամ էթնիկ ծագման շահարկում:
Առանցքային հասկացության գործառնական շրջանակի կամայական նեղացումը դրսևորվում է շահարկողների կողմից՝ դիմումի մեջ օգտագործվող «ազատագրել» բառը Շուշի, Աղդամ, Արցախ տեղանուններին հարաբերելու միջոցով:
Դիմումում ներկայացվող հիմնախնդիրն այլ հարթության հիմնախնդրի հետ արհեստական համադրումն իրականացվում է ներհամայնքային և ներպետական իրավական կարգավորում ենթադրող խնդիրը միջպետական և միջազգային կարգավորում ենթադրող հիմնախնդրի հետ համեմատելու միջոցով:
Ընդհանուր կամ էթնիկ ծագման շահարկումը դրսևորվում է ապօրինի շինություններ իրականացրած կողմին քաղաքապետարանի դիրքից իբրև թուրք ներկայացնելու հնարքում: Դա առկա է «Շոկոլադնիցայի» մենեջերի խոսքում և ուղղակի կամ անուղղակի ակնարկվում է մյուս շահարկողների (Ա. Կիվիրյանի) ստատուսներում:
Մեր հիմնավորումները
«Ազատագրում» բառի գործառնական շրջանակը իրականում բավականին ընդարձակ է և վերաբերում է ցանկացած ֆիզիկական տարածքի ազատագրմանը: Ավելին, այն միայն ֆիզիկական կիրառություն չունի և վերաբերում է նաև տարբեր իրավունքներին (օրինակ՝ կանանց էմանսիպացիա), հոգեկան և ֆիզիոլոգիական կախվածությանը, որոշակի արատավոր սովորույթներից կախվածությանը և այլն: Անցած երեք տասնամյակներում «ազատագրում» բառը հայաստանյան պաշտոնական դիսկուրսում առավելապես օգտագործվել է Արցախի հիմնախնդրի հետ կապված: «Գուգլ» որոնողական համակարգում «ազատագրում» բառի որոնումը առաջին հերթին բերում է «Շուշիի ազատագրում», «Տողի ազատագրում», «Աղդամի ազատագրում» էջերը: Բառի չեզոք՝ բառարանային բացատրությունն իր այցելություններով հազիվ 4-րդ տեղում է: Ուստի՝ այդ հնարքը կիրառողները, նկատի ունենալով «ազատագրում» հասկացության նշանային նմանօրինակ ծանրաբեռնվածությունը, միտում ունեն լսարանի համար վերահաստատել հասկացության՝ թվացյալ նեղ նշանակությունը: Դիմելով նման հնարքի, շահարկողները «ազատագրելը» կիրառելի են դարձնում միայն տարածքային խնդիրներ ունեցող պատերազմող երկրների հարաբերությունների համար:
Այդուհանդերձ, հայաստանյան հանրության որոշակի շրջանակներում «ազատագրում» բառն ընկալելի է նաև քաղաքային հանրային տարածքների ազատագրման խնդրի համատեքստում: Դեռևս 2013թ.-ից ֆեյսբուքում ստեղծվել է «Ազատագրում» խումբը, որի էջում ծավալվել է նաև ապօրինի զավթված հանրային տարածքների ազատագրման, հանրությանը դրանք վերադարձնելու շուրջ քննարկումներ (ի դեպ, հանրային տարածքների ազատագրման պայքարին նախկինում աջակցություն է ցուցաբերել նաև Օպերայի ազատագրումը հեգնող Ա. Կիվիրյանը): Քաղաքային տարածքների զավթման դեմ քաղաքացիական պայքարի տարբեր հատվածներում բազմաթիվ անգամներ հնչեցվել է «ազատագրում» բառը: Երևանի նորընտիր քաղաքապետ Հ. Մարությանը ևս ակտիվ մասնակցություն է ունեցել նման կարգի միջոցառումներին: Նրա՝ քննության առարկա դիմումը բխում է նաև Թավշյա հեղափոխության դիսկուրսից, որում հռչակվել է «Ժողովրդից գողացվածը ժողովրդին վերադարձնելու» թեզը: Հանրային բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ Օպերայի շրջակայքի տարածքները, ըստ քաղաքային ադմինիստրացիայի՝ հիմնականում յուրացվել են անօրինական՝ զավթման գործողությունների հետևանքով: Դրա դրսևորումներն են՝ հատկացված տարածքների ապօրինի ընդարձակումը, անթույլատրելի շինությունների կառուցումը և տարածքների վարձակալության համար սահմանված վճարների անհամապատասխան չափերը (օրինակ՝ ամսական 90.000-դրամով վարձակալելը): Ի դեպ, «զավթել» բառը նույնպես ունի գործառնական լայն շրջանակ և չի վերաբերում միայն միջպետական տարածքներին, ինչպես նաև միայն ֆիզիկական տարածքներին:
Նշեցինք, որ շահարկման հնարքներից մեկը՝ դիմումի տեքստում ներկայացվող հիմնախնդիրն այլ հարթության հիմնախնդրի հետ արհեստական համադրումը, իրականացվում է ներհամայնքային և ներպետական իրավական կարգավորում ենթադրող խնդիրը միջպետական և միջազգային կարգավորում ենթադրող հիմնախնդրի հետ համեմատելու միջով: Օրինակ՝ Երևան քաղաքի ենթակայության տակ գտնվող Օպերայի տարածքը ապօրինի շինություններից ազատելը համադրվում է Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի իշխանությունների և Մինսկի խմբի համանախագահող երկրների մասնակցությամբ կարգավորման ենթակա արցախյան հիմնախնդրի հետ: Հավանաբար կարիք կա հիշեցնելու, որ քաղաքային տարածքների տնօրինումը իրականացվում է ՀՀ օրենքներին («Քաղաքաշինության մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և այլն) և ՏԻՄ որոշումներին համապատասխան: Իսկ միջպետական տարածքային խնդիրները լուծվում են միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով: Շահարկողների կողմից մի հիմնախնդրի արհեստական համադրումը այլ հարթության հիմնախնդրի հետ, նպատակ ունի համոզել հանրությանը, որ ՏԻՄը զբաղված է երկրորդական՝ ավելի ստորակարգ խնդրի լուծմամբ: Այսինքն՝ շահարկողները իշխանություններին անուղղակի մեղադրում են հիմնախնդիրների առաջնահերթությունները դասակարգելու անկարողության մեջ:
Ընդհանուր կամ էթնիկ ծագման շահարկումը, ինչպես ասվել է, դրսևորվում է ապօրինություն թույլ տված (ապօրինի շինարարություն իրականացրած) կողմին՝ քաղաքապետարանի դիրքից իբրև թուրք ներկայացնելու հնարքում: Օրինակ, Ա. Կիվիրյանը գրում է. «Հա, դեմներդ թուրք էր, դուք էլ ազատագրեցիք, կարայիք նման տրամաբանությամբ մի 300 հոգու էլ փռեիք, որ լրիվ արդար լիներ…»: Այս հնարքով շահարկողները փորձում են խնդիրը տեղափոխել էթնիկ հարթություն և այն լուծել ոչ թե պետական-իրավական այլ ազգակցական՝ չգրված նորմերի շրջանակներում: Միևնույն ժամանակ, շահարկողները քաղաքային իշխանություններին անուղղակի մեղադրում են ոչ բավարար հայ լինելու մեջ, որոնք տարբերություն չեն տեսնում հայերի և թուրքերի միջև: Իրականում, Երևանի քաղաքապետարանը փորձում է խնդիրը լուծել սեփականատերերի և կազմակերպությունների (մի կողմից) և ՏԻՄ (մյուս կողմից) իրավական փոխպարտավորությունների հարթությունում՝ անկախ դրանց ղեկավարների ու անդամների էթնիկ, կրոնական, ռասայական ծագումից:
Ակնհայտ է, որ դիմելով շահարկման վերոհիշյալ հնարքներին, շահարկողները հետապնդում են մի շարք նպատակներ: Նախ, բուն խնդրի՝ ապօրինի շինություններից Օպերայի շրջակայքը ազատելու գործընթացի խոչընդոտում: Այդ նպատակի իրականացման համար կարևոր դեր ուներ ՏԻՄ-ի ու դրա ղեկավարի վարկաբեկումը՝ վերջինիս ոչ արհեստավարժ, մանրախնդիր և նվազ ազգասեր ներկայացնելու ճանապարհով: Ի դեպ, բացառված չէ նաև շահարկողների կողմից հնարավոր իշխանափոխության ակնկալիքը: Օրինակ, Ա. Կիվիրյանը նույն օրվա ավարտին մեկ այլ ստատուսում գրում է. «Գլոբալ առումով Ռոբերտ Քոչարյանը ու իր թիմակիցները կարող են ոչինչ չանել՝ ընդամենը հանգստ նայել թե ոնց են այս իշխանությունները հասարակությանը խումբ առ խումբ, հերթով հանում իրենց դեմ ու դարձնում ոխերիմ թշնամի։ Այսպես որ գնա վերջում հասարակությունը իշխանությունը սկուտեղի վրա հանձնելու ա Քոչարյանին, մենակ թե պրծնի այս դեբիլներից…»:
Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան
01-04-2019