ՄԱՍՆԱՎՈՐԻ ԻՐԱՎԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ՝ ՕՊԵՐԱՅԻ ԱՅԳՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

...

Բաղադրություն

  • Էմոցիայի շահարկում
  • Փաստերի և փաստարկների ընտրովի ներկայացում
  • Համատեքստից դուրս մեկնաբանություն
  • Ժամանակի գործոնի խաղարկում
  • Գլխավորի և ածանցյալի հակադրում կամ տեղափոխություն

 Մարտի 14-ին քաղաքապետարանն  սկսեց Օպերայի և բալետի թատրոնին կից հրապարակում տեղադրված մի քանի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Քաղաքապետարանի նախաձեռնությունը հանդիպեց սրճարանատերերի ու աշխատակիցների դիմադրությանը: Տեղի ունեցան բախումներ ոստիկանության հետ:

 Քաղաքապետարանի փաստարկն էր. սրճարանները կառուցվել են հանրային տարածքների ապօրինի տնօրինման արդյունքում, և դրանք  պետք է վերադարձվեն հանրությանը՝ որպես մշակութային միջավայր: Լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը  նշել է. «Մեր նպատակն է Օպերային հարակից տարածքների՝ տարիներ շարունակ գրավումից ազատումը: Սա մշակութային օջախ է, և դուք շատ լավ ծանոթ եք բոլոր այդ խոսակցություններին: Վերջապես եկել է մի իշխանություն, որի ձեռքերը ազատ են, կապված չեն ոչ մեկին ու ոչ մի բանից, և նա կարողանում է իրագործել երևանցիների ցանկությունը, ազատել մշակութային օջախ ներկայացնող տարածքը»:

Ընդդիմացող կողմը, որը ներկայացնում են սրճարանների տնօրենները և որոշ աշխատակիցներ, մեղադրում են քաղաքապետարանին՝ սեփականատերերի իրավունքների խախտման և սրճարանների աշխատողներին գործազրկության մատնելու մեջ:

Ապամոնտաժման ենթարկվող սրճարանների շահերը պաշտպանող փաստաբան Արթուր Մկրտչյանը Factor TV-ին տված  հարցազրույցում նշում է. «Մեզ ընդհանրապես օրինական, իրավական որևիցե ընթացակարգով ո՛չ ծանուցում, ո՛չ զգուշացում չի եղել: Պայմանագրով նախատեսված է, որ նույնիսկ պայմանագիրը վաղաժամկետ ընդհատելու դեպքում, դրանից երեք ամիս առաջ հողատարածքի վրա մեր անբաժանելի բարելավումներին փոխհատուցում տրվի: Մենք քաղաքապետարանից ստացել ենք ընդամենը մեկ գրություն, կարծեմ փետրվարի 13-ի ամսաթվով, որտեղ նշված էր, որ ձեր ենթավարձակալության պայմանագիրը դադարեցվում է և տրվում է ողջամիտ ժամկետ՝ տարածքն ազատելու համար: Մենք ողջամիտ ժամկետը դիտում ենք 2027 թվականը: Եթե իրենք այլ բան են գտնում, թող օրենքով նախատեսված կարգով այլ գրություն ուղարկեն»: «Ատմոսֆերա» սրճարանի համասեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանը նշում է, որ քաղաքապետարանի կողմից  չեն ներկայացվել իրավական այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կարող է իրականացվել սրճարանների ապամոնտաժումը, ինչի հետևանքով սրճարանների աշխատողները զրկվելու են  աշխատանքից: 

Այսպիսով, ըստ սրճարանատերերի և նրանց աջակիցների բերած առաջին փաստարկի, սրճարանների ապամոնտաժումը օրինական չէ: Նրանք պնդում են , որ նախապես զգուշացված չեն եղել կամ ուշ են տեղեկացվել, և իրենց չի տրվել ողջամիտ ժամկետ՝ նախապատրաստելու սրճարանների տեղափոխումը այլ վայրեր: Ավելին, նրանց շահերը ներկայացնող փաստաբան Արթուր Մկրտչյանը, փորձելով շահարկել  ողջամիտ ժամկետ արտահայտությունը, վերը ներկայացված իր հարցազրույցում նշում է, որ իրենց համար ողջամիտ ժամկետը 2027 թվականն է: Սակայն, Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի մարտի 13-ի պարզաբանումը՝ հրապարակված   իր ֆեյսբուքյան էջում, վկայում է, որ համաձայն  կնքված պայմանագրերի, դրանց վաղաժամկետ դադարեցման մասին  քաղաքապետարանը պարտավոր է ծանուցել  սեփականատերերին՝ մեկ ամիս առաջ: Քաղաքապետարանի հրապարակած լրացուցիչ փաստերից պարզ է դառնում, որ վերջինս պահպանել է այս պահանջը և պայմանագրի խզման որոշման մասին սեփականատերերին ծանուցել  դեռևս դեկտեմբերի 13-ին: Իսկ Փետրվարի 13-ին ևս մեկ անգամ ծանուցել է  վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետներում ազատել  համայնքին պատկանող տարածքը գույքից ու ինքնակամ շինություններից: Սակայն, սեփականատերերն անտեսել են քաղաքապետարանի՝ պայմանագրերից բխող այս պահանջն ու բարի կամքի դրսևորումը և կամայականորեն ընտրել պայմանագրի կետերի անտեսման ու դիմադրության ճանապարհը:  

Նշված տարածքների վարձակալությանը վերաբերող՝«Հետք» թերթի «Մենք գիտենք, թե ովքեր են տերերը» հրապարակումից պարզվում է, որ գործարքներն իրականացվել են օրենքը մանիպուլացնելու միջոցով և ունեն կոռուպցիոն բնույթ: Համաձայն այդ հրապարակման, դրանք ժամանակին վարձակալության են տրվել պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող կամ նրանց հովանավորչությունը վայելող անձանց (ԱԺ պատգամավորներ, ԱԱԾ պետ և այլն): Վարձակալության հանձնման գործընթացը չի իրականացվել թափանցիկության և մրցութային սկզբունքների կիրառման պայմաններում, ինչը արտոնյալ վիճակ է ապահովել վարձակալողների համար:

Դետեկտորը գտնում է, որ սրճարանատերերի բերած՝ իրավականությանը վերաբերող փաստարկը մանիպուլյատիվ է՝ կառուցված  փաստերի հատվածական և ընտրովի ներկայացման, կամայական մեկնաբանությունների, ժամանակի գործոնի խաղարկման և համատեքստից  դուրս ներկայացնելու հնարքների վրա:

Երկրորդ փաստարկը վերաբերում է այդ սրճարանների աշխատողներին  գործազրկության դատապարտելու վտանգին: Այն, որ նրանցից շատերն, իրոք, կկորցնեն  աշխատանքը՝ անվիճելի է: Սակայն, այստեղ նույնպես նկատելի են մանիպուլյացիոն որոշ հնարքների կիրառում. փաստերի հատվածական ներկայացում, զգացմունքների շահարկում, գերակայի և ածանցյալի հակադրում: Նախ այն, որ սեփականատերերը դեռևս երկու ամիս առաջ տեղյակ լինելով քաղաքապետարանի մտադրության մասին՝  չեն զգուշացրել իրենց աշխատակիցներին, խոսում է նրանց կողմից վերջիններիս նոր աշխատանք գտնելու խնդրի հանդեպ անտարբերության մասին: Երկրորդ, մտահոգություն հայտնելով իրենց աշխատակիցների՝ գործազրկության ենթարկվելու վտանգի առնչությամբ, սեփականատերերը միաժամանակ շատ ագրեսիվ ու թշնամական վարքագիծ դրսևորեցին «Ապերիտիվո» սրճարանի ներկայացուցչի հանդեպ, որը տեղում առաջարկում էր լուծել գործազրկության խնդիրը՝ իրենց և այլ սրճարանների կողմից պոտենցիալ գործազուրկներին աշխատանքի առաջարկ ներկայացնելու միջոցով: Սա ցույց է տալիս, որ իրականում, նրանց մտահոգությունը ոչ այնքան իրենց աշխատակիցների՝ գործազուրկ դառնալու հեռանկարն է, այլ տվյալ խնդրի  շահարկումը:

Մանիպուլյացիոն մեկ այլ հնարք էլ՝ սեփականատերերի և նրանց կողմնակիցների կողմից շրջանառվող՝ «կանաչ գոտիներ՝ ընդդեմ գործազրկության» բանաձևի հանրայնացում է: Դրանով գործազրկությունը հակադրվում է կանաչ գոտիների վերականգման՝ քաղաքապետարանի նախաձեռնությանը, և փորձ է արվում ստորադասել դրա հանրային կարևորությունը: Այստեղ իրականացվում է հանրայնորեն գերակա խնդիրը ածանցյալին հակադրելու և ըստ կարևորության դրանց տեղերը փոխելու մանիպուլյացիոն հնարքը: Այն իրավացիորեն  ենթարկվեց հանրության տարբեր շրջանակների քննադատությանը: Հատկապես կարևորվեց  հանրային կանաչ գոտիները բիզնես տարածքների վերածելու անթույլատրելիությունը, շեշտվեց, որ դա ժամանակին իրականացվել է ստվերային եղանակով՝ առանց հաշվի առնելու համայնքի բնակչության կարծիքը: Օրինակ՝ Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմյանը իր ֆեյսբուքյան էջում ցուցադրելով տարիներ առաջ Օպերայի բակում իրականացվող սրճարանների շինարարությունը՝ նշում է. «Լավ նայեք այս լուսանկարներին, որ նկարվել է մի քանի տարի առաջ: Ո՞վ է քանդում հանրայինը, կանաչ տարածքը, հուշարձանի պահպանության գոտին, որ սարքի սրճարան... Այս սրճարանների մեծամասնությունը ինքնակամ է կառուցվել, առանց թույլտվության: Մենք վերակառուցում ենք ապօրինաբար քանդված հանրայինը»:

Այսպիսով, Դետեկտորը գտնում է, որ սեփականատերերի կողմից քաղաքային իշխանություններին ներկայացված՝ հակաիրավականության և գործազրկության խորացման վերաբերյալ մեղադրանքերը հիմնավոր չեն և կառուցված են վերը թվարկված մանիպուլյատիվ հնարքների վրա:

Աղասի Թադևոսյան
30-03-2019
Լուսանկարը՝ Հասմիկ Կնյազյանի ֆեյսբուքյան էջից