Դետեկտորը արձանագրում է, որ վերջին շրջանում որոշ փորձագետների եւ հիմնականում՝ նախկին իշխանությունը ներկայացնող գործիչների կողմից ինտենսիվ շրջանառվում է այն թեզը, թե, իբր, Հայաստանում հաստատվում է «միահեծան կառավարում», «միանձնյա իշխանություն»: Հարկ է նկատել, որ մերթընդմերթ նույնաբովանդակ կարծիքներ են հնչում նաեւ ռուսական մամուլում: Նմանատիպ խոսակցություններն ավելի հաճախակիացան հատկապես Երեւանի ավագանու ընտրություններից հետո, երբ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը չափազանց մեծ առավելությամբ հաղթեց ընտրություններում՝ ստանալով քվեարկության մասնակիցների 81 տոկոսից ավելի քվե: Ոմանք իշխանությունների այս բարձր վարկանիշը դիտարկում են որպես Հայաստանում ավտորիտար, միահեծան կառավարման հաստատմանը տանող երեւույթ: Որքանո՞վ է հիմնավոր նման մոտեցումը. Դետեկտորը կպատասխանի այս հարցին՝ նման տեսակետներ պարունակող որոշ տեքստեր վերլուծելու միջոցով:
Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է. «Եթե նման տրամադրության ներքո կազմակերպենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կունենանք միանձնյա, միահեծան պառլամենտ, որտեղ չի կարող ընդդիմություն ձեւավորվել»։
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է . «Հայաստանը նման քայլերով գնում է դեպի դիկտատուրա։ Սովետի ժամանակ էլ բոլորը Ստալինին ծափահարում էին, ընտրություններին էլ շատ բարձր մասնակցություն էր լինում։ Նույնը 1933թ. Ադոլֆ Հիտլերի մոտ էին ավելի ուժեղ էյֆորիաներով գնում։ Իսկ ո՞վ է ասել, որ մեծամասնության այդ կարծիքը ճիշտ է... Եթե ԱԺ-ն գնաց ցրման, Հայաստանում վերջ է դրվում բազմակարծությանը, Հայաստանում գալու է պետական մակարդակով Նիկոլի պաշտամունք, վերջ։ Պարզ է, չէ՞, թե այս էյֆորիկ ֆոնի վրա ինչ է լինելու»:
Դետեկտորը գտնում է, որ նման գնահատականներն իրենց բնույթով մանիպուլյատիվ են, քանի որ հիմնված են կեղծ պատճառահետեւանքային կապի, իռելեվանտ համեմատությունների վրա:
Մեր հիմնավորումները
Երեւանի ավագանու ընտրություններից հետո դիտորդները եւ քաղաքական ուժերը, այդ թվում՝ «Իմ քայլի» մրցակիցները եւ ընտրություններին չմասնակցող ՀՀԿ-ն հայտարարեցին, որ ընտրությունները չեն կեղծվել: Շատերը հիմնավոր կերպով նշեցին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները նման կլինեն ավագանու ընտրությունների արդյունքներին: Սակայն, Բաղդասարյանին մտահոգում է այնպիսի սցենարը, ուր, նրա կարծիքով, մենք կունենանք «միանձնյա, միահեծան պառլամենտ, որտեղ չի կարող ընդդիմություն ձեւավորվել»: Ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, որ Բաղդասարյանը չի ասում, որ ընտրությունները չեն լինի ազատ եւ արդար, սակայն, չնայած այդ հանգամանքին, նա գտնում է, որ դրանց արդյունքում պառլամենտը կլինի «միանձնյա» եւ «միահեծան»: Նշենք, որ վերջին բառերն այս կոնտեքստում ունեն ակնհայտ բացասական կոննոտացիա. «միանձնյա» բառը նշանակում է միայն մեկ անձի կողմից վարվող, կատարվող, մեկ անձի ձեռքում կենտրոնացված, իսկ «միահեծան» բառը նշանակում է բացարձակ իշխանությամբ եւ իրավունքներով օժտված, ավտոկրատիկ: Այսինքն, «միանձնյա պառլամենտ»՝ կնշանակի միայն մեկ անձի ձեռքում գտնվող, միայն մեկ անձի կողմից վարվող պառլամենտ, իսկ «միահեծան» բառն էլ ենթադրում է, որ պառլամենտը դառնալու է բացարձակ իշխանությամբ եւ իրավունքներով օժտված:
Փաստացի, Բաղդասարյանը Փաշինյանի եւ նրա թիմի նկատմամբ ցուցաբերվող մեծ աջակցությունը նույնականացնում է իշխանության բռնազավթման երեւույթի հետ, քանզի՝ միանձնյա/միահեծան բառերի հարանշանակությունը հենց իշխանությունը յուրացնելն է: Մինչդեռ, ազատ եւ արդար ընտրություններում գերակշռող մեծամասնություն ստանալը լեգալ եւ լեգիտիմ իրավիճակ է, ուստի՝ չի կարող նպաստել ակնհայտ բացասական իմաստ ունեցող եւ ժողովրդավարական պետության ինստիտուտների հետ կապ չունեցող «միանձնյա» եւ «միահեծան» պառլամենտի ստեղծմանը: Եթե ազատ եւ արդար ընտրությունների պարագայում որեւէ քաղաքական ուժի կողմից գերիշխող մեծամասնություն ստանալը համարվեր միանձնյա եւ միահեծան պառլամենտի ստեղծմանը տանող երևույթ, ապա այն ի սկզբանե կբացառվեր ժողովրդավարության տեսությունում եւ պրակտիկայում: Ի դեպ, որպեսզի բացառվեն իրավիճակները, երբ պառլամենտը կարող է մնալ առանց ընդդիմության, ՀՀ ընտրական օրենսգիրքը որոշակի սահմանափակումներ է մտցնում՝ սահմանելով մեկ քաղաքական ուժին պատկանող հնարավոր մաքսիմալ մանդատների շեմը (այլ հարց է, թե որքանով է արդարացի նման մոտեցումը): Ըստ ընտրական օրենսգրքի (96 հոդված, երկրորդ մաս), որեւէ քաղաքական ուժ չի կարող ունենալ Ազգային Ժողովի մանդատների 2/3-ից ավելին, այսինքն՝ 67%: Ուստի, Բաղդասարյանի մեկ այլ մտահոգությունը, որ պառլամենտը կմնա առանց ընդդիմության, նույնպես անհիմն է հենց միայն այն պատճառով, որ խորհրդարանում մեծաքանակ ընդդիմության գոյությունը երաշխավորված է օրենքով: Բացի դրանից, տեսականորեն, Փաշինյանի թիմի կողմից բոլոր մանդատները ստանալու պարագայում անգամ, չի կարող լինել միահեծան իշխանության վտանգ, քանի որ հեղափոխական հանրությունը բազմաշերտ է ու բազմազան. այսօր մարդկանց միավորել է ժողովրդավարական հեղափոխությունն ավարտին հասցնելու եւ հեղափոխության ինստիտուցիոնալիզացիայի անհրաժեշտությունը, սակայն բազմաթիվ այլ հարցերում նրանց տեսակետները տարբեր են, եւ վերոնշյալ սցենարի դեպքում, տեսակետների տարբերությունը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի դե ֆակտո ֆրակցիաների ձեւավորմանը, որոնք էլ կստանձնեն խորհրդարանական ընդդիմության դերը:
Ինչ վերաբերում է Շարմազանովի թեզերին, նա՝ հիշատակելով երկու տոտալիտար համակարգերում՝ ստալինյան ԽՍՀՄ-ում եւ հիտլերյան Գերմանիայում իշխանությունների նկատմամբ եղած հանրային աջակցության բարձր մակարդակը, նշում է, որ Հայաստանը գնում է դեպի դիկտատուրա: Որպեսզի ընթերցողի համար համոզիչ լինի սեփական թեզը, նա փաստացի զուգահեռներ է անցկացնում այդ ռեժիմների ղեկավարների ունեցած բարձր հանրային աջակցության եւ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի բարձր վարկանիշի միջեւ: Նման համեմատությունը, ըստ ամենայնի, արվում է այն բանի համար, որպեսզի ընթերցողի մոտ Փաշինյանը եւ նրա թիմը ասոցացվեն տոտալիտար համակարգերի եւ նրա առաջնորդների բացասական կերպարների հետ: Շարմազանովը փորձում է ապացուցել նաև, որ Փաշինյանի նկատմամբ ժողովրդի աջակցությունն իռացիոնալ է, հուզական, այնպիսին է, ինչպիսին էր Գերմանիայի եւ ԽՍՀՄ-ի ժողովուրդների աջակցությունը իրենց երկրների առաջնորդների նկատմամբ եւ որ նման աջակցությունը շատ վատ հետեւանքներ է ունենալու՝ ինչպես եղավ վերոնշյալ ռեժիմների դեպքում: Մինչդեռ, ինչպես արդեն պարզաբանեցինք, որեւէ քաղաքական ուժի նկատմամբ բարձր հանրային աջակցությունն ինքնին չի կարող հակասել դեմոկրատական պետության սկզբունքներին. իշխանությունները կարող են ունենալ բարձր հանրային աջակցություն ինչպես տոտալիտար, այնպես էլ՝ դեմոկրատական պետություններում:
Ի դեպ, հետաքրքրական է, որ ռուսական ՙԿոմերսանտը իր՝ «Երեւանը չի դիմանա ուրիշներին. ինչպես է Նիկոլ Փաշինյանը ձեւավորում միանձնյա իշխանության մոդելը» հոդվածում, առանց որեւէ հիմնավորման, Փաշինյանի նկատմամբ հանրային բարձր աջակցությունը (ինչպես նաեւ ընտրություններին առանց «Ելք» դաշինքը կազմող այլ կուսացությունների գնալը) միանձնյա իշխանության ձեւավորման ցուցիչ է դիտարկում:
Հայտնի է, որ ժողովրդավարական պետություններում, մի քանի ծանրակշիռ քաղաքական ուժերի գոյությամբ պայմանավորված՝ հաճախ որեւէ առանձին քաղաքական ուժ ընտրությունների արդյունքում չի ստանում շատ բարձր տոկոսներ: Սակայն, անցումային ընտրությունների ժամանակ, երբ երկիրը դեմոկրատական շարժման հաղթանակի շնորհիվ ավտորիտար պետությունից անցում է կատարում դեպի ժողովրդավարություն, օրինաչափ է հեղափոխական դեմոկրատական քաղաքական ուժի կողմից էլեկտորալ բարձր ցուցանիշների արձանագրումը: Օրինակ, 1989-ին Լեհաստանում կոմունիստական ռեժիմի տրասֆորմացիայի ժամանակ իրականացված ընտրությունների արդյունքում, դեմոկրատական հանրության մեծամասնության շահերը ներկայացնող «Սոլիդարնոստ» դաշինքը ստացել է խորհրդարանում կոմունիստական կուսակցության քվոտայից դուրս նախատեսված բոլոր հնարավոր տեղերը:
Փաշինյանի եւ նրա թիմի բարձր վարկանիշը տրամաբանական է եւ կանխատեսելի՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հենց վերջիններս են հիմնականում նախաձեռնել եւ համակարգել «Թավշյա հեղափոխություն» անունը ստացած և ժողովրդի լայն մասնակցությամբ իրականացված քաղաքացիական դիմադրության արդյունավետ արշավը, եւ քանի որ շատերի համոզմամբ՝ հեղափոխությունը դեռ չի ավարտվել, տրամաբանական է հանրության շարունակական աջակցությունը հեղափոխություն նախաձեռնողների եւ համակարգողների նկատմամբ:
Այսպիսով, ԴԵՏԵԿՏՈՐ-ը անհիմն եւ մանիպուլյատիվ է համարում բոլոր այն պնդումները, որ Փաշինյանի բարձր վարկանիշը, արտահերթ ընտրությունների պահանջը հանգեցնում են «միահեծան պառլամենտի» և «միանձնյա իշխանության» ձեւավորմանը:
Հեղինակ՝ Էդգար Վարդանյան
06.10.2018
Լուսանկարը՝ Reuters