ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ԹԵԶԸ

...

Բաղադրություն

  • Մեկ փաստի կամ հանգամանքի կարևորության ուռճացում
  • Կեղծ պատճառահետևանքային կապ
  • Կեղծ հակադրությունների ստեղծում ու շահագործում

 

ԴԵՏԵԿՏՈՐԸ  փաստում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի համատեքստում Հայաստանի Հանրապետական կուսակցության  ներկայացուցիչները տարատեսակ առիթներով հայտարարում են, որ ՀՀԿ-ն ներկա իրավիճակում միակ ընդդիմությունն է, ապագա խորհրդարանի բազմակարծության երաշխավորը,  իշխանության միակ նեցուկը ներքին ու արտաքին քաղաքականությունում։

Վերջերս Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ազատություն ռ/կ-ի հետ հարցազրույցում հայտարարել էր. «...Էս երկիրը ձևական ընդդիմության կարիք չունի: Մեր երկիրը իրական ընդդիմության կարիք ունի, որոնք երկուսն էլ՝ իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ, պետք է յուրաքանչյուրն իր գործառույթն անի և պաշտպանի Հայաստանի Հանրապետության շահը: Իսկ էդ ընդդիմությունը ես եմ, մենք ենք, ուրիշ չկա․․․ ո՞ւր ա, ո՞ր մեկն ա խոսել․․․ Եթե սևի-սպիտակի կռիվ ա, եթե մեծամասնությունը Փաշինյանն ա, իսկ մյուս կողմն էլ՝ ով որ համամիտ չի, պիտի ստեղ ըլնի: Ինձ պիտի պաշտպանի, ես եմ քննադատել»։

Մեկ այլ տեղ, ՀՀԿ ներկայացուցիչ,  պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը նշել էր. «Հայկական խորհրդարանը, իր նորօրյա հայ հեղափոխականների 70 տոկոսանոց հավաքանակով, իրավիճակի փրկության միակ հույս է տեսնելու իր խորհրդարանական հակակշիռների մեջ: Այսինքն ընդդիմությանը, բայց ոչ թե ձևական, սեփական բիզնեսից վախեցած, կամ արևմտյան ու այլ գրպանային ընդդիմությանը, այլև իրական քաղաքական գործընթացների արդյունքում ձևավորված, քաղաքական մեծ փորձ, կենսագրություն և հմտություններ ունեցող, գաղափարական ամուր հենքի վրա կանգնած ընդդիմության: Որքան էլ տարօրինակ է, ապագայում Նիկոլ Փաշինյանի համար, արտաքին բարդ իրավիճակներից ու կառավարման արդյունավետության ապահովման գործում միակ իրական փրկօղակը լինելու է Հանրապետականը: ... Ապագա նորացվող Հանրապետականը միակ քաղաքական ընդդիմադիր հենարանն է լինելու, որի վրա առանց վարանելու դժվար պահերին կարողանալու է հենվել ապագա իշխանությունը՝ հանուն պետության ու ժողովրդի: ... իսկ ես, մտահոգվելով պետության ճակատագրի մասին, առաջարկում եմ դադարեցնել քաղաքական տեռորը քաղաքական ուժերի նկատմամաբ (սա չի վերաբերում հակակոռուպցիոն իրական պայքարին, մենք բոլորս պետք է ձգտենք նվազեցնել կոռուպցիան ու դրա դրսևորումները մեր երկրում) և հաշվի նստել այն ուժի հետ, որն ապագայում ընդդիմադիր դաշտի միակ իրական գործընկերն է լինելու, ում հետ միասին պետք է պայքարել հանուն անվտանգ, խաղաղ, արդար ու ապահով Հայաստանի (եթե իհարկե իշխանափոխության նպատակներն ազնիվ են)»:

Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ հայտարարելով, որ «...բոլոր նրանք ովքեր քննադատում են մեզ, նշանակում է, որ բոլոր նրանք ովքեր հավանում են այդ կուսակցություններին, պետք է ձայնը տան պարոն Փաշինյանին, որովհետև բոլորը, ով քննադատում է մեզ պայքարում է անցյալի հետ, իսկ պետք է պայքարել ապագայի համար։ Ապագայի համար կարող են պայքարել գործող իշխանությունը և իշխանությանը քննադատող ուժ. այսօր դա ՀՀԿ-ն է։ Մեզ քննադատող հաջողակ ուժը Նիկոլ Փաշինյանի ուժն է։ Եթե ուզում են քվեարկել այն ուժի համար, որը հավասարակշռելու է Նիկոլ Փաշինյանին, պետք է քվեարկի Հանրապետականի օգտին»։

ԴԵՏԵԿՏՈՐԸ այս հայտարարություններում նկատում է պրակտիկ հետազոտություններով չհիմնավորված, մանիպուլյացիոն  մի շարք  պնդումներ.  «կեղծ հակադրությունների ստեղծումն ու շահագործում», «մեկ փաստի կամ հանգամանքի ուռճացում», «կեղծ պատճառահետևանքային կապի ստեղծում»։  

Նշելով, որ  վերոնշյալ հայտարարություններում կիրառվել է «մեկ փաստի կամ հանգամանքի ուռճացում» մանիպուլյատիվ հնարքը, նկատի ենք առնում ՀՀԿ-ի հայտարարությունների հիմնական թեզը, այն է՝ միայն մենք ենք քննադատում հեղափոխության արդյունք իշխանություններին, ուստի,  միայն մենք ենք ընդդիմություն, իսկ մնացած ուժերը ողջունում են հեղափոխությունը և դրա արդյունքում ձևավորված իշխանություններին, ուրեմն դրանք ընդդիմություն չեն։  Այսինքն, ՀՀԿ-ի տրամաբանությամբ, ընդդիմություն համարվելու առանցքային չափանիշը՝ հեղափոխության, դրա արդյունքների ու  կառավարող ներկայիս խմբի հասցեին հնչեցված քննադատությունն է։  Նախ՝ այս թեզը կեղծ է, հենց միայն այն պատճառով, որ ՀՀԿ-ն գործող իշխանությունների միակ քննադատողը չէ։ Կան բազմաթիվ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժեր (ՔՈ կուսակցություն, «Մենք» դաշինք, Լուսավոր Հայաստան եւ այլն), որոնք քննադատում են իշխանություններին իրենց խոստումները չկատարելու, օրինակ՝ նոր ԸՕ-ն չանցկացնելու, արդարադատությունը սելեկտիվ կատարելու, դեկապիտալիզացիայի օրենքը առկախելու, արտաքին քաղաքական կուրսը անփոփոխ թողնելու և այլ հարցերի կապակցությամբ,  և  ՀՀԿ-ն ոչ մի առումով մենաշնորհ չունի այս հարցում։

 Բացի այդ, ըստ քաղաքագիտական մոտեցումների, իշխանություն հասկացության երկու հիմնական ընկալում կա. մեկը՝ օրգանականն  է, երբ իշխանությունը և ընդդիմությունը ընդհանուր իշխանական համակարգի մաս են դիտարկվում, և երկուսն էլ, ինչ-որ առումով, իշխանություն են համարվում։ Ակնհայտ է, որ այս մոտեցման համաձայն, հայաստանյան որևէ քաղաքական ուժ չի կարող համարվել ընդդիմադիր: Մյուսը ֆորմալիստական մոտեցումն է, համաձայն որի՝ իրավական առումով իշխանություն ունեցող կուսակցությունից կամ դաշինքից  դուրս մնացած բոլոր քաղաքական ուժերը ընդդիմություն են։ Հանրային ազդեցություն ունեցող ցանկացած ուժ արդեն իսկ ընդդիմություն է այնքանով, որքանով հայտարարում է իր քաղաքական հավակնությունների մասին։ Եվ հասկանալի է,  որ այս մոտեցման համաձայն, «Իմ քայլից» բացի բոլոր հայաստանյան լեգալ քաղաքական ուժերն ընդդիմադիր են: Այս փաստարկներն ի ցույց են դնում ՀՀԿ- ի առաջ քաշած թեզի սնանկությունն ու մանիպուլյատիվ բնույթը:

ՀՀԿ-ի հայտարարություններից տրամաբանական մի հարց է առաջանում՝ արդյո՞ք քննադատությունը ընդդիմության միակ գործառույթն է, և արդյո՞ք կառավարող խմբին ուղղված քննադատությամբ է պայմանավորված ընդդիմություն լինել կամ չլինելը։ Այստեղ ԴԵՏԵԿՏՈՐԸ հայտնաբերել է քննադատելու և ընդդիմություն լինելու միջև «կեղծ պատճառահետևանքային կապի» ստեղծում մանիպուլյատիվ հնարքը։  Ստացվում է, որ բոլոր քննադատողներն ընդդիմություն են: Սակայն տարբեր խմբեր եւ մարդիկ կարող են քննադատել կառավարությանը եւ չմասնակցել իշխանության համար պայքարին եւ այդպիսով չլինել ընդդիմություն:

Հանրապետականների տրամաբանությունից ելնելով՝  ստացվում է, որ  ընդդիմիություն կարող են կոչվել ներկայիս իշխանությանը քննադատող՝ ռեակցիոն, հահակեղափոխական ուժերը, որոնք ձգտում են ամեն կերպ վերականգնել նախկին կարգը, խաղի նախկին կանոնները: Ավելին, ոմանք, օրինակ՝ ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դ. Շահնազարյանը, նշում են, որ միայն «այսպես կոչված հեղափոխությունը»  չընդունողները կարող են կոչվել ընդդիմություն:

Բայց, իրականում, ռեակցիոն ուժերը չեն կարող ընդդիմություն լինել։ Ռեակցիոն է հանրային լեգիտիմություն չունեցող, դեմոկրատական ռեժիմի սկզբունքները չհարգող, մեր պարագայում՝ հեղափոխության հետևանքով իշխանությունից զրկված, հեղափոխությանը հակադրվող, հեղափոխության գոյությունը ժխտող հակադեմոկրատական, հակասիստեմային ուժը կամ ուժերը։ Նրանք չեն ունեցել լեգիտիմություն որպես իշխանություն և չունեն լեգիտմություն որպես ընդդիմություն։   Ընդդիմադիր քաղաքական ուժը նույնպես պետք է լեգիտիմ լինի եւ պետք է ընդունի մարդու իրավունքների վրա հիմնված դեմոկրատական ռեժիմի սկզբունքները. չէ՞ որ այն վաղվա կառավարության պոտենցիալ ձեւավորողն է, և հենց լեգիտիմ իշխանությունն ու ընդդիմությունն են ձևավորում ժողովրդավար հասարակարգի իշխանության փոխլրացնող համակարգը, երբ ընդդիմությունը ցանկացած պահի, անհրաժեշտության դեպքում կարող է փոխարինել իշխանությանը ու դառնալ իշխանություն:

            Մյուս թեզը, որն առաջ է քաշում ՀՀԿ-ն, վերաբերում է «գրպանային ընդդիմություններին»։ Քաղաքական այլ կուսակցություններին և ուժերին ՀՀԿ-ն մեղադրում է, որ վերջիններս համագործակցում և աշխատում են իշխանությունների հետ և միայն ՀՀԿ-ին են քննադատում՝ վերածվելով իշխանության «գրպանային ընդդիմության»։ Բայց արդյո՞ք իշխանությունների հետ որոշ հարցերում համագործակցելը, որոշ հարցերում միակարծիք լինելը բավարար պայման է «գրպանային ընդդիմություն» համարվելու համար։ Այն պարագայում, երբ ՀՀԿ-ն ինքն է հայտարարում, որ իրենք կառուցողական ընդդիմություն են, իշխանությունների «թիկունքն» են լինելու ապագա խորհրդարանում ու իշխանության համար «նեցուկ», «փրկօղակ»  կլինեն արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու գործում։
 Մյուս կողմից, երբ ընդդիմության ներկայացուցիչները քննադատում են այլ ընդդիմադիր ուժերին, ի՞նչ տրամաբանությամբ ենք նրանց «գրպանային» համարում. չէ՞ որ քաղաքական խայտաբղետ դաշտը  ֆուտբոլային հանդիպում չէ, երբ ունենք երկու հստակ հակադիր կողմ, որոնք պայքարում են իրար դեմ: Քաղաքական դաշտում բազմաթիվ կողմեր կան, որոնք պայքարում են ոչ միայն իշխանությունների, այլև ընդդիմադիր տարբեր ուժերի հետ՝ հանուն ընտրողի քվեի։  Սա բնական պայքար է, քանի որ ցանկացած քաղաքական ուժ ունի իր օրակարգը, որն, ըստ սահմանման, տարբեր է մյուսների քաղաքական հավակնություններից, և պայքարն այստեղ բոլորի դեմ է՝ իշխանություն, թե այլ ընդդիմադիր ուժեր:

             

Ամփոփելով՝ ԴԵՏԵԿՏՈՐԸ  արձանագրում է,  որ ՀՀԿ-ի կողմից արդեն տևական ժամանակ շրջանառվում է «միակ ընդդիմության» կեղծ թեզը, որն իր բնույթով մոլորեցնող է, փաստարկվածությունից զուրկ և միտված է հասարակությունն ապակողմնորոշելուն և  որակազուրկ ընտրություններ ներկայացնելուն: Նպատակ ունենալով քաղաքացիների ընտրությունը սահմանափակել սև ու սպիտակի՝ միակ իշխանության ու միակ ընդդիմության բինար հակադրության կեղծ օրակարգով, ՀՀԿ-ն ընտրական հաջողության որոշակի հույսեր է տածում:

 

Հեղինակ՝ Գոռ Մադոյան

22-11-2018