Հունվարի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով գնաճի ցուցանիշին՝ նշել էր․«Ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմելէ 1.8 տոկոս: Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգի չէր, բայց կառավարությունը և Կենտրոնական բանկը կարողացան հասնել գնաճի զսպմանը»:
Հրապարակմանն արձագանքել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով մասնավորապես գրել էր. «Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ի հեճուկս չուզողների, 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Այս առումով, նա գոհունակություն է հայտնել ԿԲ և կառավարության աշխատանքից։ Պարտավոր եմ նշել հետևյալը։ Նախ, եթե վարչապետն ուշադիր լիներ, ապա կտեսներ, որ 2018-ի գնաճը եղել է 2.5% և ոչ թե 1.8%։ Խոսքը տարվա միջին գնաճի մասին է և ոչ թե ծայրակետային։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսական աճի արագացման համար պետք է 4.5-6% գնաճ։ Ցածր գնաճը 2018-ին ցածր տնտեսական աճի (5-5.5%) պատճառներից մեկն է»։
ԴԵՏԵԿՏՈՐԸ վերոնշյալ հրապարակումներում հայտնաբերել է հանրությանն ապակողմնորոշող պնդումներ: Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվել է գնաճի փաստացի մակարդակը ոչ լիարժեք արտացոլող ցուցանիշ, իսկ Հ. Բագրատյանը, առանց մասնագիտական հիմնավորումներ ներկայացնելու, տվել է գնահատականներ` հարուցելով հասարակության ոչ մասնագետ շերտերի թյուրըմբռնումը։
Նախքան 2018 թվականին արձանագրված գնաճի ցուցանիշին և սրան առնչվող ապակողմնորոշող պնդումներին անդրադառնալը, հակիրճ մեկնաբանություն ներկայացնենք «գնաճ» հասկացության վերաբերյալ՝ ոչ մասնագետ մեր ընթերցողների համար:
Շատ հաճախ տարբեր քննարկումներում «թանկացում» և «գնաճ» եզրերը կանխամտածված կամ առանց դիտավորության նույնականացվում են: Թանկացումը առավել առօրեական տերմին է և բնորոշում է ապրանքի կամ ծառայության գնի բարձրացում որևէ տեղում՝ նախորդ որևէ ժամանակահատվածի համեմատ: Օրինակ` մեր բակի կրպակում երեկվա համեմատ հացը թանկացել է 20 դրամով, ինչը սակայն չի նշանակում, որ ՀՀ-ում առկա է հացի գնաճ: «Գնաճը» մասնագիտական տերմին է և ցույց է տալիս, թե ժամանակի որոշակի հատվածում, օրինակ` վերջին մեկ տարում, ընդհանուր առմամբ, միջինում որքան են փոփոխվել ապրանքների և ծառայությունների գները` տոկոսային մեծությամբ:
Անդրադառնալով գնաճի վերաբերյալ ԴԵՏԵԿՏՈՐԻ կողմից հայտնաբերված ապակողմնորոշող պնդումներին, պետք է փաստենք, որ դրանցից առաջինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրությանը ներկայացվում է մի ցուցանիշ, որը չի արտացոլում տվյալ տարվա գնաճի իրական և ընդհանուր մակարդակը տնտեսության մեջ: Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ ՀՀ-ում «գնաճ» տերմինը հիմնականում կիրառվում է, երբ խոսքը գնում է սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) հավելաճի տեմպի մասին: Հայաստանի պարագայում գնաճը սպառողական զամբյուղի 470 ապրանքների և ծառայությունների գների փոփոխությունն է՝ ՀՀ 10 մարզերում և Երևան քաղաքում:
Վիճակագրական տեսանկյունից այս ցուցանիշն ունի 2 ենթատեսակ: Դրանցից առաջինը 12-ամսյա գնաճի ցուցանիշն է, որը ցույց է տալիս գնաճի մակարդակը դիտարկվող ժամանակահատվածի վերջի դրությամբ. ասենք` հացի գինը 2018 թվականի դեկտեմբերին՝ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, և եթե սեպտեմբեր ամսին հացի գինը բարձրացել է, իսկ նոյեմբերին իջել՝ դա 12-ամսյա գնաճի ցուցանիշի մեջ որևէ կերպ չի արտացոլվում:
Երկրորդ ենթատեսակը գնաճի միջին ցուցանիշն է, որը ցույց է տալիս դիտարկվող ամբողջ ժամանակահատվածի գնաճի մակարդակը նախորդ տարվա ամբողջական ժամանակահատվածի նկատմամբ: Այսինքն, վերոնշյալ օրինակում բերված՝ հացի թանկացման և էժանացման ամբողջ գործընթացն այս ցուցանիշն արդեն միջինացված տեսքով ընդգրկում է իր մեջ:
Տնտեսության մեջ, որպես գնաճի հիմնական բնութագրիչ, կիրառվում է 2-րդ ենթատեսակը` գնաճի միջին ցուցանիշը, քանի որ այն, իր մեջ ներառելով ամբողջ տարվա զարգացումները՝ առավել ճիշտ է բնութագրում գների մակարդակի փոփոխությունը հասարակության համար: Անհրաժեշտ է նշել նաև, որ գնաճը բնութագրող այս 2 ցուցանիշներից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունն ու կարևորությունը և օգտագործվում է ըստ որոշակի նպատակի:
Եվ այսպես՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված 1.8% ցուցանիշը նախորդ տարվա ընթացքում 12-ամսյա գնաճի մակարդակն է, որը, համաձայն կիրառվող մեթոդաբանության, ներկայացնում է գնաճը տարեվերջի դրությամբ՝ չարտացոլելով տարվա ընթացքը: Այն առավելապես օգտագործվում է Կենտրոնական բանկի և մակրոտնտեսագետների կողմից` դրամավարկային քաղաքականության մշակման ժամանակ: Ստորև ներկայացված է այդ ցուցանիշի՝ 2017 և 2018 թվականների ամբողջական շարքը.
Այսպիսով, վարչապետի կողմից հրապարակված 1.8%-ը չի կարող համարվել 2018 թվականի գնաճը բնութագրող հիմնական ցուցանիշ, ուստի, 12-ամսյա գնաճի ցուցանիշը որպես 2018 թվականին տնտեսության մեջ գնաճը բնութագրող ցուցանիշ ներկայացնելը՝ հասարակությանն ապակողմնորոշող քայլ է։
Ինչ վերաբերում է մեր կողմից քննարկվող երկրորդ պնդմանը, որի հեղինակը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է, այն գնաճի միջին մակարդակը բնութագրող առավել ճիշտ ցուցանիշ է, որը 2018 թվականի արդյունքներով կազմել է 2.5%:
Հ. Բագրատյանն իր գրառման մեջ մեղադրում է վարչապետին անուշադիր լինելու մեջ, քանի որ, ըստ նրա, գնաճը ոչ թե 1.8, այլ 2.5% է: Մինչդեռ այստեղ խնդիրն անուշադրությունը չէ, այլ՝ բովանդակությամբ տարբեր ցուցանիշներ ներկայացնելը. 1.8%-ը տարեվերջի դրությամբ գնաճն է, իսկ 2.5%-ը՝ գնաճի միջին մակարդակը:
Գրառման վերջում Բագրատյանը նշում է, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսական աճի արագացման համար պետք է 4.5-6% գնաճ։ Ցածր գնաճը 2018թ.-ին ցածր տնտեսական աճի (5-5.5%) պատճառներից մեկն է:
Հարց է առաջանում. ինչու՞ է Բագրատյանը 5-5.5% աճի ցուցանիշը համարում փոքր, չէ՞ որ այն մեր երկրի՝ վերջին տասնամյակի զարգացումների համեմատ բավականին բարձր արդյունք է: Սակայն, այս վերլուծության շրջանակում նրա կողմից հնչեցված առավել կարևոր միտքն այն է, որ տնտեսական աճի արագացման համար անհրաժեշտ է 4.5-6% գնաճ: Այս պնդումն առնվազն մասնագիտական խորը ուսումնասիրության և հիմնավորման կարիք ունի, և նախկին վարչապետի, առավել ևս՝ տնտեսագետի կողմից այն մերկապարանոց ներկայացնելր՝ հասարակությանն ապակողմնորոշելու երանգ է ձեռք բերում։
Իրականում, չկա որևէ երաշխիք, որ գնաճի բարձր մակարդակը անպայմանորեն կխթանի տնտեսության զարգացումը: Բարձր գնաճը նաև անորոշություն է ստեղծում տնտեսվարող սուբյեկտների համար, և կարող է ոչ միայն չխթանել, այլ ընդհակառակը՝ էականորեն «տուգանել» տնտեսական աճը:
Անդրադառնալով մեր երկրի օրինակին՝ պետք է նշենք, որ Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության շրջանակներում նպատակադրում է 4(±1.5)% գնաճ, ենթադրվում է, որ այն տնտեսական աճի համար առավել բարենպաստ պայմաններ է ստեղծում: Սակայն, դա բնավ չի նշանակում, որ բարձր գնաճն անհրաժեշտ և բավարար պայման է բարձր տնտեսական աճի համար, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ ցածր գնաճի պայմաններում ապահովվել է բարձր տնտեսական աճ և՝ հակառակը: ՀՀ-ում գնաճը և տնտեսական աճը բնութագրող իրական ՀՆԱ-ի աճի՝ ստորև բերված գծապատկերը ցույց է տալիս, որ բարձր գնաճը դեռևս չի նշանակում բարձր տնտեսական աճ։
Ինչպես երևում է գծապատկերից՝ 2012 և 2017 թվականներին 7.2% և 7.5% իրական ՀՆԱ-ի աճն արձանագրվել է գնաճի բավականին ցածր` 2.6% և 1.0% պայմաններում, իսկ օրինակ՝ 2013 թվականի 5.8% գնաճի պայմաններում իրական ՀՆԱ-ի աճը կազմել է ընդամենը 3.3%: Սա, ըստ էության, Բագրատյանի կողմից առաջ քաշված թեզի ոչ լիարժեք լինելու պրակտիկ ապացույցն է:
Ամփոփելով՝ ԴԵՏԵԿՏՈՐՆ արձանագրում է, որ գնաճի վերաբերյալ հրապարակումներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներկայացրել են հանրությանն ապակողմնորոշող պնդումներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որպես 2018 թվականի գնաճի գնահատական, ներկայացվել է 12-ամսյա գնաճի ցուցանիշը, որը մասնագիտորեն ընդունված ցուցանիշից` միջին գնաճից, համեմատաբար ավելի լավատեսական է, իսկ Հրանտ Բագրատյանը ներկայացրել է գնահատականներ՝ առանց դրանց մասնագիտական հիմնավորումները ներկայացնելու:
Երկու դեպքում էլ, հնչեցված պնդումները կարող են ապակողմնորոշել տնտեսագիտական գիտելիքներ չունեցող քաղաքացիներին:
Հեղինակ՝ Հայկ Բեջանյան
17-02-2018