ՈՉ ՎԵՐԲԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

...

Բաղադրություն

  • Ոչ վերբալ շահարկման միջոցներ

 

Ոչ վերբալ կամ ոչ բառային շահարկման միջոցներ են համարվում հարախոսքային և արտախոսքային[i] այն ուղերձները, որոնք կոդավորվում և առաքվում են զրուցակցի կամ լսարանի վարքը ուղղորդելու նպատակով: Ոչ վերբալ հարախոսքային միջոցները  բառերի բանավոր արտաբերման ժամանակ առաքվող ուղերձներն են, որոնք ուղղակիորեն կապված են բառերի արտասանության հետ, ինչպես օրինակ՝ ձայնի տոնը, ձայնի բարձրությունը, հաստությունը, խոսքի տեմպը, բառերի արտաբերման ժամանակ օգտագործվող վանկատումներն ու տառատումները, խոսքի սկզբում և միջակայքերում օգտագործվող դադարները:

 

Ոչ վերբալ արտախոսքային միջոցներ են դիմախաղը, ակնդետությունը, ձեռքերի և մարմնի այլ շարժումները, մարմնի դիրքը, վեգետատիվ բնույթի ուղերձները /ծանր կամ թեթև շնչելը, մաշկի գունափոխությունը, հորանջելը, լեզվի և բերանի չորանալը, ևն/, հաղորդակցության ժամանակ օգտագործվող միջանձնային տարածությունը, ինչպես նաև դրեսկոդը՝ հագուստը, զարդերը, սանրվածքը, շպարը, օծանելիքի հոտը և համը… Որոշ հետազոտողներ արտախոսքային միջոցների մեջ են դասում նաև այն տարածքը, որտեղ կազմակերպվում է հաղորդակցությունը: Թվարկված միջոցները համարվում են արտախոսքային, որովհետև դրանք կարող են հանդես գալ առանց խոսքի և բառերի: Բայց անհրաժեշտության դեպքում, դրանք կարող են նաև ուղեկցել խոսքին:

 

   Հատկապես քաղաքական հաղորդակցության ժամանակ ոչ վերբալ ուղերձները լայն կիրառություն ունեն և ծառայում են որպես լսարանը շահարկելու միջոցներ: Կան նաև շահարկման քաղաքական ոչ վերբալ միջոցներ, որոնք ունեն ստանդարտացված և արարողակարգային բնույթ.  դրանք յուրացնում են քաղաքական գործիչները՝ իբրև քաղաքական հաղորդակցության իմպերատիվ միջոցներ: Այդպիսիք են՝ բարևելու ձևը, ակնդետություն պահելը, կոստյումի կոճակներն արձակելն ու կոճկելը, տեսախցիկների առջև ժպտալն ու ողջունելը և այլն: Սակայն, յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարող է ունենալ նաև շահարկման զուտ իրեն հատուկ միջոցներ: Նկատի ունենք ոչ միայն շահարկման բացառիկ միջոցները, այլ նաև՝ շահարկման որոշակի հնարքներն առավել հաճախ օգտագործելու հանգամանքը: Այդ տեսանկյունից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը կարող է համարվել հայաստանյան քաղաքական իրականությունում ամենաինքնատիպ գործիչներից մեկը: Ռ. Քոչարյանը ոչ միայն հաճախ է դիմում ոչ վերբալ շահարկումների, այլև աչքի է ընկնում շահարկումների բավականին բազմազան գունապնակի օգտագործմամբ: Դիտարկենք նրա կողմից առավել հաճախ օգտագործվող ոչ վերբալ հնարքները:

 

Ցուցամատի և կտուցած ձեռքի օգտագործումը[ii]

 

Նկար 1
Նկար 1
Նկար 2
Նկար 3
Նկար 4

 

Ցուցամատը և կտուցած ձեռքն օգտագործվում են, հիմնականում, ափը դեպի զրուցակիցներն ուղղահայաց պարզելով կամ ափը դեպի ներքև վայրընթաց շարժումներ անելով: Կտուցած ձեռքը՝ պարզած ցուցամատով (մյուս մատները ծալված են ափի մեջ), ժեստի նվազեցված կամ ռեդուկցիայի ենթարկված տարբերակն է, որը կիրառվում է թելադրող կամ ցուցողական ուժգին ուղերձը թուլացնելու նպատակով: Այսինքն, պարզած ցուցամատն ուղղորդելու ավելի ուժգին ազդակ ունի, քան կտուցած ձեռքը: Մատների կտցումով քողարկվում է զրուցակցին կամ լսարանին բացահայտ ուղղորդելու մտադրությունը: Բացի այդ, կազմաքանդվում է ցուցամատով ժեստի ժամանակ մյուս մատներից կազմված բռունցքը, որը ևս, պարզած ցուցամատի դեպքում ուժեղացնում է ուղղորդելու ազդակը:  Ցուցամատով ժեստի և բռունցքի միջև կան կիրառական որոշակի նմանություններ, և հնարավոր է, որ առաջինը ծագել է վերջինից: Բայց, ենթարկվելով մշակույթի ու հաղորդակցության որոշակի էթիկական նորմերի ազդեցությանը, ցուցամատն առանձնացվել է բռունցքից: Սակայն, սպառնալիքով վարքը ուղղորդելու միտումը պահպանվել է վերբալ լեզվի մեջ՝ «ես քեզ ցույց կտա՛մ», «դու կտեսնե՛ս» արտահայտություններում, որոնց զուգահեռ երբեմն նաև օգտագործվում է դեպի զրուցակիցը կամ դեպի վեր պարզված բռունցքը: Այդուհետ, բռունցքից ցուցամատի անջատվելով, վերբալ լեզվի մեջ հայտնվել է նաև «աչքերդ կհանեմ»՝ սպառնալիք պարունակող արտահայտությունը: Ի տարբերություն սպառնալիք պարունակող ժեստի ավելի հին տարբերակների՝  կտուցի ժամանակ բռունցքը կիսով չափ բացված է, մատնեմատը և ճկույթը միայն թեթևակի են հպվում ձեռքի ափին:

 

Նախկինում լսարանի հետ հաղորդակցվելիս՝ Ռ. Քոչարյանն ավելի հաճախ օգտագործում էր հենց ցուցամատի տարբերակը: Սակայն վերջին հարցազրույցներում ավելի հաճախ ականատես ենք կտցային տարբերակի կիրառմանը, թեև,  երբեմն վերոհիշյալ բոլոր 3 տարբերակները կիրառվում են գրեթե միաժամանակ (տես նկարներ 1, 2, 3):

 

Կտուցով կամ ցուցամատով կոդավորվող վերոհիշյալ ժեստը Ռ. Քոչարյանն օգտագործում է նաև իր խոսքի առանձին հատվածները շեշտադրելու համար (տես 13:27-13:45, 32:42-32:43): Ընդ որում՝ դրա շահարկող բնույթը վերստին բացահայտվում է այդ շեշտադրումների ժամանակ (տես՝ նույն տեղում): Ի մասնավորի՝ երբ «կտուցի» հարվածները երբեմն չեն համապատասխանում (այսպես ասած՝ ավելանում կամ պակասում են) բառերի շեշտադրումների քանակին: Նշված ժեստի մանիպուլյացիան ակնհայտ է նաև այն դեպքերում, երբ Ռ. Քոչարյանն ինչ-որ բան է մերժում կամ ժխտում` «կտուցի» ուղղահայաց վայրընթաց շարժումներ անելով: Այսինքն, այս դեպքում ևս ակնհայտ է բառերի և ժեստի անհամապատասխանությունը, քանի որ համապատասխանությունը ենթադրում է ձեռքի հորիզոնական՝ ձախ և աջ տարուբերում և ոչ թե ուղղահայաց շարժում:

 

Աքցան նմանակող ձեռքեր

 

Նկար 5
Նկար 6

 

Երկու ձեռքերը պարզված են աքցանի պես, ափերը ուղղահայաց կամ կիսով չափ վեր են պարզված, մատները կիսածալած վիճակում են: Նվազեցված (ռեդուկցիայի ենթարկված) տարբերակը ցուցադրվում է միայն մեկ ձեռքով:

 

Որոշ հետազոտողներ հակված են կարծելու, որ ձեռքերի վերոհիշյալ դիրքը արտահայտում է կոդավորողի բացությունը, կամ օգնության դիմելու մտայնությունը[iii]: Սակայն մեր մեկնաբանությամբ՝ այն արտահայտում է զրուցակցին , լսարանը, կամ արծարծվող թեման ձեռքերի մեջ հավաքելու միտում, քանի որ նշված ժեստը Քոչարյանը սովորաբար օգտագործում է ասելիքի վերջում՝ ձեռքերը փակելով և դեպի իրեն ուղղելով, ինչն ավելի է ընդգծում «իր ձեռքերի մեջ» ինչ-որ բան  հավաքելու քողարկված մտադրությունը: Այդ ժեստը կիրառելիս՝  Քոչարյանի ձեռքերի մատները փոքր ինչ սեղմվում կամ փակվում են, ինչը նվազեցնում է «զոհի» դուրս պրծնելու հնարավորությունը (նկարներ 5 և 6):

 

Գնդակ մշակող ձեռքեր

 

Նկար 7
Նկար 8

 

 

 

Նկար 9
Նկար 10

 

Նկար 11
Նկար 12

 

Երկու ձեռքերի ափերը հերթականությամբ բարձրանում և իջնում են՝ իրենց առանցքի շուրջ պտտվելով և միջանկյալ տարածությունը պահպանելով, կարծես կրկնօրինակելով պրոֆեսիոնալ բասկետբոլիստի, որն իր ձեռքերի մեջ մշակում է բասկետբոլի գնդակը:

Թվում է, թե  «Գնդակ մշակող ձեռքերը» «Աքցան նմանակող» ժեստի միջանկյալ տարբերակներից է: Պարզապես, Ռ. Քոչարյանն իր «զոհին» աքցանում է՝ նրա հետ որոշ ժամանակ «խաղ անելուց» հետո: Այդպիսի ենթադրության համար հիմք է ծառայում հետևյալ հանգամանքը. ինչպես «Աքցանի» շահարկման դեպքում, այնպես էլ «Գնդակի մշակման» պարագայում, ժեստի կինետիկան իր ավարտին է հասնում ձեռքերը դեպի կոդավորողն ուղղվելով և մատները ափի մեջ ծալվելով (կամ ծալվում և արագ բացվում են): Այսինքն՝ ավարտը տեղի է ունենում «Աքցանի» տրամաբանությամբ: (Նկարներ 7-12)

 

Պարբերական և տևական ակնդետություն

Նկար 13

Ռ. Քոչարյանին բնորոշ ոչ վերբալ շահարկումներից մեկը հարցազրույցների ժամանակ զրուցակիցների նկատմամբ պարբերական և տևական ակդնետություն պահպանելն է: Ակնդետության օգտագործումը ժամանակակից քաղաքակրթություններում, ընդհանուր առմամբ, ընկալվում է իբրև զրուցակցի նկատմամբ ուշադրության և հարգանքի դրսևորում: Բայց տարբեր մշակույթներում կան որոշակի սահմանափակումներ և աչքերի մեջ նայելու որոշակի էթիկական նորմեր՝ պայմանավորված գենդերային և սոցիալական տարբերություններով: Օրինակ, չի խրախուսվում ինտիմ կապի (արյունակցական, ազգակցական, սեքսուալ) մեջ չգտնվող  աղջիկների ու տղաների ակնդետությունը: Կամ երիտասարդները չեն կարող երկար նայել ավագների աչքերին, եթե վերջիններս դա չեն պահանջում: Իսկ սոցիալական սանդղակում ավելի բարձր դիրք ունեցողները իրավունք ունեն նայել ավելի ցածր դիրք զբաղեցնողներին՝ երբ ուզում են և ինչքան ուզում են: Անգլոսաքսոնական հաղորդակցության մշակույթում, որը նաև լայն կիրառություն ունի քաղաքական և գործարար հաղորդակցության մեջ, ակնդետությունն ուղղված է զրուցակցի ճակատի եռանկյունուն, ինչը ներառում է ճակատի կենտրոնն ու  հոնքերի հատվածը: Այդպիսի ակնդետությունը ակնարկում է, որ հաղորդակցվողների ուշադրությունը սևեռված է ոչ թե զրուցակցից սեփական խոսքի նկատմամբ վստահության ազդակներ ստանալու, այլ զրուցակցին հարգանքի ազդակներ փոխանցելու վրա:

 

Բացի այդ, կան բնական սահմանափակումներ: Օրինակ, պրիմատների միջավայրում միմյանց աչքերի մեջ երկար նայելն ընկալվում է որպես ագրեսիվության դրսևորում: Անծանոթ կամ քիչ ծանոթ մարդկանց միջավայրում նույնպես տևական ակնդետությունը կարող է կոնֆլիկտի պատճառ դառնալ, ինչին հաճախ նախորդում են իրավիճակի վերբալ պարզաբանման փորձերը՝ «Ինչի՞ ես էդպես երկար նայում» կարգի հարցադրումներով: Ուսումնասիրված է, որ թե՛ պրիմատների, թե՛ մարդկանց միջավայրում 2-3 վայրկյանից ավել տևող ակնդետությունը կարող է անհանգստություն հարուցել: Նման դեպքերում կոնֆլիկտից խուսափելը հաջողվում է հաղորդակիցներից մեկի՝ իր ակնդետությունից հրաժարվելով. հայացքը մի կողմ թեքելով կամ մեջքով շրջվելով, այսինքն՝ տեղի տալով:

 

Ակնդետության՝ ուշադրության կամ հարգանքի մասին է վկայում ակնդիտողի հայացքում առկա հետաքրքրվածությունը կամ փոքր ինչ ցրվածությունը /ապակենտրոնացվածություն/, որը նույնպես շահարկման միջոց է՝ զրուցակցի բարեհաճությանն արժանանալու համար, հատկապես, տևական ակդնետության պարագայում: Վերջինս, այսպես կոչված՝ բաց կամ պոզիտիվ շահարկում է: Ռ. Քոչարյանի կողմից առավել հաճախ օգտագործվող ակնդետությունում հանդիպում են ուրիշ նշաններ: Նրա ակնդետությանը բնորոշ է, այսպես կոչված՝ ճակատի տակից հայացքը, այն ավելի շուտ նմանվում է հսկիչի նշանառու հայացքի, որի նպատակը զրուցակցին հսկողության տակ պահելն է: Քոչարյանն այդ հայացքը կիրառում է փոքր ընդմիջումներով, պարբերաբար սևեռուն հայացքը վերականգնելով, ինչի շնորհիվ կարողանում է հասնել նրան, որ զրուցակիցը ցույց է տալիս մասնակի կամ ամբողջական ենթակայության նշաններ: Մասնավորապես՝ սկսում է կրկնել Քոչարյանի որոշ շարժումներ կամ պակասեցնում է սեփական կինետիկան՝ մասնակի պարալիզացվելով: Քոչարյանի ակնդետության շահարկող բնույթը բացահայտվում է հատկապես նրա կողմից զարմանք բեմականացնելու ժամանակ: Իսկական զարմանքը ենթադրում է խուսափում ակնդետությունից և այսպես ասած՝ «դատարկ հայացքի» առկայություն: Սակայն Քոչարյանի դեպքում հաճախ զարմանքը շարունակում է ուղեկցվել նույն սևեռուն ակնդետությամբ, որի նպատակը, թերևս, ստուգելն է՝  արդյոք զրուցակիցը հավատում է իր զարմանքին: (Նկար՝ 12: Տես նաև նկարներ 1, 2, 3 ,4, 7, 8, 9, 10, 11, 12, 13):

 

Կզակի լարում կամ սրում

Նկար 14
Նկար 15

 

Ռ. Քոչարյանի ոչ վերբալ վարքում բավականին հաճախ օգտագործվող ուղերձներից մեկն է, որն ուղեկցվում է ներքին շուրթը վերինից փոքր ինչ առաջ և դեպի վեր ձգելով կամ վերին շուրթին ամուր սեղմելով: Ուղերձի նպատակը վճռականության ու անհողդողդության ցուցադրումն է, ինչը կարևոր ուղերձ է մասկուլինային քաղաքական մշակույթներում, ինչպիսին է նաև հայկականը: Այն ապահովում է լսարանի և զրուցակիցների համակրանքը, որոշ չափով՝ նաև վերջիններիս պաշտպանվածության զգացումը: Կզակի՝ նշված կինետիկան հանդիպում է նաև Բենիտո Մուսոլինիի, Բիլ Քլինթոնի, Կրտսեր Բուշի և Դոնալդ Թրամփի մոտ (տես նկարներ 14 և 15):

 

 

Քմծիծաղ դեմքի ձախ մասում

Նկար 16
Նկար 17

 

Սա, թերևս, Ռ. Քոչարյանի կողմից օգտագործվող ամենից հայտնի, նույնիսկ բրենդային ոչ վերբալ հնարքն է, որը միանշանակ մեկնաբանություն չունի մասնագետների և ոչ մասնագետ քաղաքացիների շրջանում: Քմծիծաղը, մեծամասամբ, ապակոդավորում են որպես հեգնական (ատելության) ժպիտ[iv], ինչն անժխտելի է և՛ իր դիմախաղային կառուցվածքով, և՛ այն վերբալ տեքստերով, որոնց արտաբերման ժամանակ սովորաբար հայտնվում է քմծիծաղի այդ տեսակը: Քոչարյանն այդպես քմծիծաղում է, երբ խոսում է իր հակառակորդների մասին կամ ինչ-որ անեկդոտ է պատմում, որը դարձյալ ակնարկ է պարունակում՝ ուղղված իր ախոյաններին կամ ոչ համախոհներին (տես օրինակ 1, 30:57-30:59): Մարտավարական առումով՝ որոշ հետազոտողներ հակված են այն համարել հաշտվողական կամ պարտվողական տրամադրության դրսևորում: Եթե նույնիսկ այդպես է, ապա Քոչարյանի օրինակով՝ քմծիծաղի այդ տեսակն արտահայտվում է դեմքի միայն մեկ՝ ձախ հատվածում: Այսինքն, լավագույն դեպքում, այն կարող է մեկնաբանվել իբրև կիսահարմարվողական կամ կիսապարտվողական: Դեմքի մյուս՝ աջ հատվածը, լարված չէ և համեմատաբար հանգիստ է: Այսինքն, դեմքի այդ հատվածն ուղերձ է հղում սառնասրտության և զգոնության մասին, իրավիճակը վերահսկելու մասին: Կարծես գործում է բերժերակյան հայտնի մենախոսության մեջ նկարագրվող հետևյալ վարքագիծը. «Մի ձեռքով այծի, ինչպես ասում են՝ մորուքը շոյել, իսկ մյուս ձեռքով կաղա՞մբը ջրել…»: (տես նկարներ 16, 17):

 

    Նշենք, որ Ռ. Քոչարյանի զինանոցում կան բազմաթիվ այլ ոչ վերբալ շահարկման միջոցներ, որոնք, սակայն, կա՛մ տիպական և հաճախակի գործածական չեն, կա՛մ կարող են ունենալ բազմանշանակ մեկնաբանություններ:

 

Ոչ վերբալ լեզուն կառավարվում է, այսպես կոչված՝ լիմբիկ, ոչ ռացիոնալ ուղեղային համակարգի կողմից, որը կապված է մեր անգիտակցականի հետ և պատասխանատու է մեր հույզերի համար: Այսինքն, մեր ժեստերը, դիմախաղը, ձայնի տոնի փոփոխոթյունը, և այլն՝ կարող են լինել ո՛չ անպայման խաբելու, ենթակայացնելու մտադրության դրսևորումներ, այլ՝ վախի, ափսոսանքի, ուրախության կամ հաղորդակցության միջավայրին հարմարվելու որոշակի դժվարությունների արտահայտություններ: Մյուս կողմից՝ գիտակցության արտադրանք կամ վերամշակման արդյունք հանդիսացող ոչ վերբալ ուղերձների մի մասը (էմբլեմներ, իլյուստրացիաներ, ադապտորներ, և այլն) տևական արդյունավետ օգտագործման հետևանքում ավտոմատացվում են՝ հայտնվելով ոչ ռացիոնալ ուղեղային համակարգի կառավարման տիրույթում և սկսում են կիրառվել անգիտակացաբար կամ բնազդաբար: Այսինքն, ոչ բնականը կամ մշակութայինը խառնվում է բնականին, ինչի պատճառով մենք չենք կարող միանշանակ մեկնաբանություններ տալ ոչ վերբալ լեզվի դրսևորումներին, այդ թվում նաև՝ պնդել  սույն հոդվածում արված մեկնաբանությունների 100 տոկոս ճշմարտացիությունը: Մենք կարող ենք պնդել միայն, որ կան որոշակի շահարկումներին բնորոշ ոչ վերբալ դրսևորումներ, որոնք թույլ են տալիս կասկածել՝ դրանք իբրև շահարկում օգտագործելու մասին: Հատկապես քաղաքական գործիչների և քաղաքական տեղեկատվության պարագայում նման կասկածներ ունենալը կարևոր է՝ հնարավոր բացասական ազդեցություններին չենթարկվելու և դրանցից խուսափելու համար:

 

 Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան

16-08-2019



[i] Հայալեզու գրականության մեջ հիմնականում օգտագործվում են՝ հարլեզվական և արտալեզվական եզրերը, ինչը մեր կածիքով սխալ է: Որովհետև ժեստերը, դիմախաղը և ոչ վերբալ հաղորդակցության մյուս միջոցները նույնպես լեզվական երևույթ են, մեկնաբանվում են լեզվի միջոցով, ունեն լեզվի՝ իրենց հատուկ կանոները: Խոսքը շատ ավելի լայն երևույթ է քան առանձին վերցրած՝ բառերի լեզուն, որովհետև ներառում է ոչ միայն բառերը, այլև որոշակի հույզերը որոնք ուղեկցում են բանավոր արտաբերվող բառերին՝ որոշակի ոչ բառային նշանների միջոցով: Դրանց մի մասի ուղեկցությունը խոսքում գրեթե պարտադրիր է, մյուսներինը՝ ոչ: Առաջինները մենք կոչում ենք հարախոսքային ուղերձներ, երկրորդը՝ արտախոսքային: Ավելի ընդարձակ բացատրությունը՝ հոդվածի նախաբանում:

 

[iii] Пиз А., Пиз Б. Язык телодвижений, М., 2007, с .47-50.

[iv] Экман П., Фризен У.  Узнай лжеца по выражению лица, “Питер”, 2010, էջ 150:, Наварро Дж., Карлинс М. Я выжу о чем вы думайте, Минск 2009, էջ 108-109