Ըստ PR-ի հայր համարվող Էդվարդ Բեռնեյսի, երբ որոշակի համոզմունքներ ունեցող որեւէ հանրույթ բանավոր կամ գրավոր եղանակով ներկայացնում է իր համոզմունքները, այն զբաղվում է պրոպագանդայով: Ըստ այդ մոտեցման, պրոպագանդան ինքնին չեզոք հասկացություն է: Ավելին, ըստ հեղինակի, եթե որեւէ հանրույթ գտնում է, որ որեւէ արժեքավոր ճշմարտություն է բացահայտել, ապա դրա տարածումը նրա պարտականությունը պետք է լինի: Սակայն, Բերնեյսը ընդունում էր, որ պրոպագանդան չարիքի է վերածվում, երբ նրա հեղինակները գիտակցաբար եւ դիտավորությամբ սուտ են տարածում, կամ երբ վերջիններիս նպատակը հանրության բարիքի տեսանկյունից դատապարտելի գործողություն իրականացնելն է:
Ամեն դեպքում, պրոպագանդան բաղկացած է որոշակի լեզվա-հոգեբանական հնարքներից, որոնց օգնությամբ փորձ է արվում ազդել մարդկանց գիտակցության վրա:
Դեռեւս 1937 թվականին ԱՄՆ-ում գտնվող «Պրոպագանդայի վերլուծության ինստիտուտը» նկարագրել էր պրոպագանդայի 7 հիմնական հնարքները, որոնք հայտնի են դարձել որպես պրոպագանդայի այբուբեն: Դրանք են` պիտակավորումը (Name-Calling), փայլուն ընդհանրացումը (Glittering Generality), փոխադրումը (Transfer), վկայակոչում հեղինակություններին (Testimonial), հասարակ ժողովուրդ խաղալը (Plain Folks), խաղաքարերի վերադասավորումը (Card Stacking) եւ կառք նվագախմբովը (Band Wagon).
«Դետեկտորը» կանդրադառնա վերոնշյալ գործիքներին՝ քարոզչական բնույթի հայաստանյան ժամանակակից տեքստերը վերլուծելու կոնտեքստում: Այս անգամ կխոսենք «պիտակավորում» հնարքի մասին:
«Պիտակավորում» հնարքի կիրառման հիմնական նպատակն է լսարանին համոզել առանց փաստերը հաշվի առնելու որևէ եզրակացություն ընդունել: Հնարքը կիրառողն իր համար թիրախ հանդիսացող երեւույթին, անձին, խմբին եւ այլն տալիս է գոյություն ունեցող կամ հորինված որեւէ անուն՝ պիտակ: Վերջինս պետք է ունենա բացասական կոննոտացիա կամ առնվազն որոշակի շրջանակներում որպես այդպիսին պետք է ընկալվի: Պիտակավորումը կոչված է «բացահայտել» պիտակավորվող թիրախի «էությունը»: Մեր կարծիքով, այս հնարքի արդյունավետության համար հիմք է ծառայում այն հոգեբանական էֆեկտը, երբ պիտակավորվողը առնվազն կասկածելի է դառնում հիմնականում այնպիսի լսարանի աչքերում, որը նախապաշարված է թիրախի նկատմամբ եւ/կամ բավարար կարողություն կամ ժամանակ չունի խորասուզվելու նրա հետ առնչվող խնդրի էության մեջ: Բացի այդ այս հնարքը պրովոկացիոն բնույթ ունի՝ այն կոչված է առաջացնելու թիրախի կամ նրա պաշտպանների էմոցիանալ դիմադրությունը, նրանց էմոցիոնալ, ոչ ռացիոնալ վեճի մեջ ներքաշելու եւ այդ դաշտում նրանց պարտության մատնելու:
Ստորեւ կբերենք հայաստանյան կամ Հայաստանին առնչվող մեդիա դաշտի տեքստերի դարձվածաբանական լեզվամթերքային տարրերի այնպիսի թարմ նմուշներ, որոնք հենց պիտակավորման հնարքի կիրառման օրինակներ են:
ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը իր հուլիսյան գրառումներից մեկի մեջ նշում է, որ իշխանությունները Հայաստանը վերածել են «բարոյահոգեբանական խոզանոցի» եւ որ Հայաստանում կոմֆորտ զոնայում են ապրում միայն Փաշինյանն ու իր ընտանիքը եւ «տրասֆեստիտ կարաբինաները»: Կառավարող ուժին նա բնութագրում է նաեւ որպես «մեյմունություն անող»:
Ինչպես տեսնում ենք, նախկին պատգամավորի թիրախը՝ ՀՀ կառավարող ուժն է, որին փակցվում են վիրավորական բնույթի, հոմոֆոբիայի եւ ատելության խոսքի հիման վրա կառուցված պիտակներ: «Խոզանոց» խիստ բացասական կոննոտացիա ունեցող մետաֆորը հեղինակը կապել է չեզոք իմաստ ունեցող «բարոյահոգեբանական» ածականի հետ եւ այդպիսով կառուցել նոր բացասական կոննոտացիա ունեցող մետաֆոր: Կոնկրետ այս դեպքում պիտակավորումը լսարանի մոտ կառավարող ուժի քաղաքականությունը զզվելի մի բանի հետ ասոցացիացիաներ ձեւավորելու նպատակ ունի: «Տրանսֆեստիտ կարաբինաներ» (ըստ հակահեղափոխական գիծ տանող ԶԼՄ-երի, Կարաբինա անունն է կրում ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը մասնակցած մի տրասվեստիտ երիտասարդ) պիտակը շահարկում է հասարակության որոշակի հատվածի հոմոֆոբ տրամադրությունները, ինչպես նաեւ այն մարդկանց տրամադրությունները, որոնք կվիրավորվեն, երբ նրանց անունը որեւէ կերպ կարող է ասոցացվել ԼԳԲՏ համայնքի հետ: Կոնկրետ այս, առերեւույթ ատելության խոսք պարունակող պիտակի օգտագործումով հեղինակը ցանկանում է վերոնշյալ տիպի մարդկանց մոտ ձեւավորել այնպիսի պատկեր, որ նրանց տեսակետից ամոթալի եւ/կամ ազգային նկարագրին դեմ գնացող անարժանապատիվ երեւույթը՝ տրանսվեստիզմը, ասոցացվի կառավարող ուժի եւ կոնկրետ Փաշինյանի եւ նրա ընտանիքի գործունեւության հետ: Դե իսկ «մեյմունություն անող» պիտակը կոչված է կառավարող ուժի համար անլուրջ կերպարի ձեւավորմանը:
Վերոնշյալ գրառման վերլուծությունը նաեւ լավ վկայությունն է այն թեզի, որ պիտակավորման հնարքի կիրառումը հիմնված է փաստերի անտեսման եւ էմոցիաների շահարկման եւ կեղծ պատճառահետեւանքային կապերի ստեղծման հնարքների վրա: Հեղինակը իր այդ գրառման մեջ որեւէ փաստ չի բերում, որը կամրապնդեր իր թեզերը, որոնք առաջ են քաշվել պիտակավորման հնարքի միջոցով:
Միհրան Հակոբյանը, որպես առաջ քաշած թեզերի հիմնավորում, երեք իրադարձություն է հիշատակում՝ Աշոտ Բլեյանին քաղմաս տանելը (նա՝ որպես բողոքի ակցիաներից մեկի կազմակերպիչ, բերման էր ենթարկվել), կառավարության դիմացից մի քանի հոգու բերման ենթարկելու փաստը եւ Աննա Հակոբյանի առաջնագիծ գնալն ու զինվորների կողմից նրան պատվի առնելը: Ուշագրավ է նաեւ, որ բոլոր փաստերը ներկայացվել են գնահատողական «սոուսի» ներքո եւ համատեքստից դուրս եւ ընթերցողը կարող է հասկանալ, թե որոնք են փաստերը միայն սկզբնաղբյուրը ստուգելով:
Այսպես, օրինակ, Հակոբյանը, նշում է, որ Կառավարության դիմացից անցորդ աղջիկներին ձեռնաշղթա են հագցրել ու քաղմաս տարել: Ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ հենց այնպես երկրի ուժային կառույցները կառավարության դիմացով անցնող ինչ-որ աղջիկների ձեռնաշղթա են հագցնում եւ ոստիկանություն տանում: Իրականում վերջիններս բերման են ենթարկվել, քանի որ, ըստ ոստիկանների, նրանք չեն ենթարկվել հակահամաճարակային կանոնները պահպանելու ոստիկանության պահանջին: Հակոբյանը նաեւ այնպիսի երանգ է հաղորդում միջադեպերին, կարծես, բերման ենթարկելն ինքնին անընդունելի եւ միայն բռնապետական երկրներին բնորոշ երեւույթ է:
Ինչ վերաբերվում է Աննա Հակոբյանի այցերին, ապա հարկ է նշել, որ երկրի ղեկավարի տիկնոջ կողմից զորամասերի հաճախումը ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, իսկ նրան պատվի առնելը՝ երկրի ղեկավարի տիկնոջ հանդեպ զինվորականի հյուրընկալության եւ հարգանքի նշան:
Ակնհայտ է, որ բոլոր այս փաստերը որեւէ կերպ չեն կարող հիմնավորել Միհրան Հակոբյանի պրոպագանդիստական թեզերը:
Մեկ այլ գրառման մեջ նույն անձը, դիմելով Հայաստանի թավշյա հեղափոխությունը սատարած աշխարհառչակ Սերժ Թանկյանին եւ Արսինե Խանջյանին, նրանց անվանում է «քաղաքական գաստրոլ տվողներ», «սեփական ՓՌ-ի համար հայրենիք կթողներ», «ապուշություն դուրս տվողներ», «հայրենիքի վրա ինքնահաստատվողներ»: Ինչպես տեսնում ենք, այստեղ նույնպես կիրառվել են վիրավորական բնույթ ունեցող մետաֆորներ: Ինչպես իր նախորդ գրառման մեջ, այստեղ նույնպես հեղինակը որեւէ հիմնավորում չի բերում, որը կարող էր «արդարացնել» վերոնշյալ պիտակները:
Ստորեւ բերված պիտակավորման օրինակները նույն տրամաբանության մեջ են եւ ընթերցողը, ինքնուրույն գնալով ներկայացված հղումներով, կարող է տեսնել, որ բոլոր դեպքերում վիրավորկան կամ զուտ մեղադրական բնույթի, իսկ որոշ դեպքերում նաեւ ատելության խոսք պարունակող պիտակների հետեւում չկա որեւէ տրամաբանական հիմնավորում:
Հայկ Մարտիրոսյանը ներկայիս կառավարող ուժը բնութագրում է որպես «դավաճանների հոգեբանությամբ, կիսագրագետ ոչնչություններից բաղկացած հակազգային, հակապետական մի խմբակ»: (Այստեղ զուտ մեղադրական եւ վիրավորական բնույթի պիտակավորում է):
Իսկ Արթուր Ղազինյանը Փաշինյանին անվանում է «ամենաանլուրջ իշխանության ամենաանպատասխանատու ղեկավար»: (Այստեղ նույնպես զուտ մեղադրական եւ վիրավորական բնույթի պիտակավորում է)
«Միաձայն քվեարկողները՝ քիսո-միսոները» այսպես է բնութագրում Էդիկ Անդրեասյանը խորհրդարանական մեծամասնությանը: Նույն հոդվածում նա նաեւ «ազգային խայտառակություն» եւ «ապուշություն» պիտակներ է փակցնում ԿԳՄՍ նախարարության կողմից հանրակրթական պետական առարկաների չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագծին, իսկ Հայոց եւ գրականության առարկաների հետ կապված նախատեսվող փոփոխություններ անողներին պիտակավորում է որպես այդ առարկաների «լկտի ամորձատման փորձ» անողների, «ազգային արժեքները պղծող եւ քյալագյոզություն իրականացնող մասնագիտական ապիկարների եւ լեզվական ապաշնորհների»: (Այստեղ նույնպես հիմնականում մեղադրական եւ վիրավորական բնույթի պիտակավորում է, որը սակայն կարող է պարունակել ատելության խոսքի տարրեր, եթե պարզվի, որ օրինակ «քիսո-միսոներ»--ի տակ պետք է հասկանալ ոչ միայն խորհրդարանական մեծամասնությանը, այլ որոշակի սոցիալական խմբի, որի ներկայացուցիչներն են խորհրդարանական մեծամասնությունը կազմող պատգամավորները):
Ռուսաստանցի Տիգրան Քեոսայանը Նիկոլ Փաշինյանին անվանում է մարդկանց «զոմբիացնող», «հայ ազգի՝ որպես մեկ միասնական արյունատար համակարգի ոչնչացնող», իսկ կառավարող ուժին անվանում է «соросята» (սորոսական երիտասարդներ (սոռոսականչիկներ)):
Նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով սահմանդրության փոփոխությունների վերաբերյալ քննարկումներից մեկին, նշում է. «Այսօր «սորոսական» և գրանտային կազմակերպություններից մեկի ղեկավարը փաստացի դեմ է հանդես եկել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Հայ Առաքելական եկեղեցու բացառիկությանն»:
Իլհամ Ալիեւը Հայաստանի կառավարող ուժին անվանում է «սորոսի ագենտներ»:
Ի դեպ, Ջորջ Սորոսի անունի շահարկման հիման վրա տարբեր տեսակի պիտակներ են օգտագործվում, օրինակ՝ սորոսական էմիսարներ, սորոսական շրջանակներ, ինչպես նաեւ մի շարք հայհոյանքի ձեւ ստացած բառակապակցություններ: Ի՞նչն է ընկած Ջորջ Սորոսի ազգանվան վրա կառուցված պիտակների հիմքում: Տարբեր երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի որոշակի շրջանակներ, որոնք հիմնականում առանձնանում են իրենց հակադեմոկրտական արժեքային համակարգով եւ վարքով, ակտիվորեն տարածում են այն նարատիվը, որ ֆիլանտրոպ եւ մեծահարուստ Ջորջ Սորոսը իբր նպատակ ունի թուլացնել պետությունները, աղավաղել ազգերի ինքնատիպությունը, վերացնել որոշակի արժեքներ, որոնք շատերի կողմից անվանվում են որպես «ավանդական արժեքներ»:
Այսպիսով «սորսական» պիտակի միջոցով փորձ է արվում հանրության որոշակի շրջանակների մոտ կոնկրետ ընտրված թիրախին ներկայացնել որպես Ջորջ Սորոսին վերագրվող այդ ենթադրյալ նախագծի մասնակից հակապետական, հակազգային, դրսից ֆինանսավորվող եւ ազգի, պետության, բարոյականության դեմ գնացող, ուստի եւ դատապարտման եւ պախարակման արժանի մեկի: Ի դեպ, այդպիսի պիտակի արժանանալու համար բնավ պարտադիր չէ, որ անձը, խումբը կամ կազմակերպությունը երբեւէ ֆինանսավորում ստացած լինի Ջորջ Սորոսի հիմնած Բաց հասարակության հիմնադրամներց՝ բավական է լինել ազատական, մարդու իրավունքների գերակայության ջատագով եւ/կամ ինտերնացիոնալիստ: (Սորոս ազգանվան հիման վրա կառուցված պիտակները տարբեր կոնտեքստներում կարող են հանդիսանալ թաքնված կամ բացահայտ ատելության խոսք, քանի որ նպատակ ունեն ատելություն սերմանել որոշակի աշխարհայացք ունեցող սոցիալական խմբի նկատմամբ: )
Ամփոփելով նշենք, որ «պիտակավորում» հնարքն ամենից հաճախ կիրառվող պրոպագանդիստական գործիքներից է: Այն հաճախ հիմնվում է էմոցիաների, կարծրատիպերի, մարդկանց վախերի շահարկման, մետաֆորների օգտագործման, վիրավորական եւ/կամ մեղադրական բնույթի գոյություն ունեցող եւ հորինվող բառերի վրա: Պիտակավորումը կարող է լինել միայն մեղադրական բնույթի՝ առանց արժանապատվություն վիրավորելու կամ/եւ ատելության խոսքի, սակայն, ամենից հաճախ, պիտակավորումը այդպիսին չէ: Պիտակավորման հնարքը, որպես կանոն, բացառում է ռացիոնալ, փաստերի եւ փաստարկումների վրա հիմնված բանավեճը:
Էդգար Վարդանյան
12-08-2020