ԼՂ-Ի ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԱՆՀԻՄՆ ՆՈՒՅՆԱՑՈՒՄԸ

...

Բաղադրություն

  • Կեղծ նույնացում
  • Անհիմն պնդումներ

Պատերազմն ու նոյեմբերի 10-ի եռակողմ (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) հայտարարությամբ հաստատված զինադադարը, ինչպես և սպասվում էր, Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հարցի շուրջ անհիմն պնդումների առիթ դարձավ։ Դետեկտորն առանձնացրել է կեղծ պնդման մի դեպք, որը կապված է ԼՂ-ի տարածքը՝ որպես ԽՍՀՄ-ի ժամանակ գոյություն ունեցած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածք,  իր հարակից 7 շրջաններից չտարանջատելու հետ։

Դեկտեմբերի 8-ին հրապարակված տեսանյութում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ Ղարաբաղը մերժելով։ «Նիկոլ Փաշինյանը մի անձնավորություն է, որն իր ողջ գիտակից քաղաքական հասարակական կյանքում մերժել է Ղարաբաղը։ Մերժել է Ղարաբաղը և այսպես կոչված «արցախիզմը», որովհետև ամբողջ այդ փաթեթը, այն ողնաշարը, որը մենք բոլորս կառուցել էինք Արցախի շուրջ, Նիկոլ Փաշինյանը մերժում էր»,- ասել է Միքայել Մինասյանը։ Որպես իր պնդման վկայություն կամ հիմնավորում Միքայել Մինասյանը երկու բան է նշում։ Նախ Մինասյանը վկայակոչում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը։ Ավելի ուշ նա հիշատակում է Նիկոլ Փաշինյանի՝ 2001 թվականին գրված մի հոդված, որի մասին ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը հարց էր տվել Փաշինյանին 2018 թվականին։ Նախ անդրադառնանք «Երկրի հակառակ կողմը» գրքին, ապա նաև՝ 2001 թվականի հոդվածին։   

«Երկրի հակառակ կողմը» գրքում Նիկոլ Փաշինյանի հոդվածներն են, որոնք նա գրել է 2008-2009 թվականներին։ Այդտեղ ընդամենը մի քանի պարբերություն կա, որը վերաբերում է Ղարաբաղի մասին իր պատկերացումներին։ Փաշինյանը գրում է, որ հիշում է, թե ինչպես իր կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Աղդամում կանգնած նայում է դեպի Արևելք ընկած դաշտավայրերին։ «Ինչպե՞ս կարելի է այս հողերը վերադարձնել Ադրբեջանին»,- բարձրաձայնում է Աննա Հակոբյանը, ըստ Փաշինյանի։ Շարունակությունը, որն արդեն Փաշինյանի մենախոսությունն է, մեջբերում ենք ամբողջությամբ «Մենք մեր թերթում [«Հայկական Ժամանակում»] քննադատում ենք կոշտ գծի կողմնակիցներին, իսկ շաբաթ-կիրակի ինքներս էլ ասում ենք` ոչ մի թիզ հող թշնամուն։ Ի՞նչ է սա, կեղծի՞ք։ Ավելի շուտ` սրտի և ուղեղի հակամարտություն։ Սիրտն ուզում է, ուզում է, որ դաշտավայրն իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղն ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, եւ առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության»։            

ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացի շրջանակներում 1997-ից հրապարակված պաշտոնական կամ ոչ պաշտոնական փաստաթղթերում ու հայտարարություններում հստակ տարանջատված է ԼՂ տարածքը նրա հարակից 7 շրջաններից։ Փաստաթղթերի տակ նկատի ունենք 1997-ի Փաթեթային, հետո՝ Փուլային, 1998-ի Ընդհանուր պետություն տարբերակները, ինչպես նաև՝ 2007 թվականի Մադրիդյան սկզբունքները և 2011 թվականի Կազանի փաստաթղթի հրապարակված հատվածը։ 2020 թվականի հոկտեմբերի սկզբին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համառոտակի ներկայացրեց ԼՂ հարցի լուծման վերաբերյալ այդ պահին քննարկվող տարբերակը, որը հայտնի է «Լավրովի պլան» անունով։ Այս տարբերակներում, հատկապես՝ Մադրիդյան սկզբունքներում, հստակ առանձնացվում է ԼՂ-ն (որի տակ հասկացվում է Խորհրդային Միության տարիներին Ադրբեջանի կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը) իր հարակից 7 շրջաններից, որոնք 1994-ի զինադադարից հետո գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ։ Եթե ԼՂԻՄ-ը Խորհրդային Միության տարիներին Ադրբեջանի կազմում որպես ինքնավար մարզ էր՝ գերազանցապես հայկական բնակչությամբ, ապա ԼՂԻՄ-ին հարակից այդ 7 շրջանները որեւէ հատուկ կարգավիճակ չունեին Ադրբեջանի ՍՍՀՄ-ում ու գերազանցապես ադրբեջանցիներով էին բնակեցված։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում»: Շահումյանի շրջանը, սակայն, 1994-ի զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ էր։ Արցախի Հանրապետության սահմանադրությունում հղում է արված անկախության հռչակագրին, իսկ եզրափակիչ և անցումային դրույթներում նշված է (հոդված 175), որ «Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը [ընդգծումը մերն է,- Դետեկտոր] հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո»։         

Կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ 1997-1998թթ փաստաթղթերում հայկական զորքերը պարտավորվում էին դուրս գալ ԼՂ-ի հարակից 6 շրջաններից, բացառությամբ՝ Լաչինի շրջանի, իսկ ըստ մյուս տարբերակների՝ հայկական զորքերը դուրս էին գալու նաև Լաչինի շրջանից, բացառությամբ Լաչինի միջանցքի։ Աղդամը՝ այն 7 շրջաններից մեկը, որի մասին հիշատակել էր Նիկոլ Փաշինյանը «Երկրի հակառակ կողմ»-ում, ըստ բոլոր այդ տարբերակների հանձնվելու էր Ադրբեջանին։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս հրապարակային հայտարարել է, թե ինքը Կազանում պատրաստ էր ստորագրել այն փաստաթուղթը, որով հայկական կողմերը պարտավորվում էին դուրս գալ ԼՂ հարակից 7 շրջաններից։ Մեկ այլ առիթով նա շեշտել է «Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ»։

Այսինքն՝ Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ, առնվազն հայտարարությունների ու բանակցային սեղանին գտնվող փաստաթղթերի մակարդակում, համաձայնել են ԼՂ հարակից շրջաններից հայկական զորքերի դուրս բերմանը մի բան, որը, թվում է թե դժկամությամբ ընդունելի է համարել նաև Նիկոլ Փաշինյանը 2008-2009 թվականներին իր գրած հոդվածաշարքում։ Զուտ այն փաստը, որ որևէ մեկը կողմ է եղել ԼՂ հարակից 7 շրջաններից հայկական զորքերի դուրս բերմանը, սակայն, հնարավոր չէ բնութագրել որպես «Ղարաբաղը մերժել»։ Դա կարելի կլիներ բնութագրել որպես «Ղարաբաղը մերժել», եթե Ղարաբաղի տակ հասկացվի ոչ թե ԼՂ-ն՝ նախկին ԼՂԻՄ-ը, այլ Աղդամը և ԼՂ-ին հարակից մյուս շրջանները։ Բայց այդ դեպքում ստացվում է, որ ՀՀ բոլոր ղեկավարներն էլ մերժել են Ղարաբաղը, քանի որ բոլորն էլ հրապարակայնորեն համաձայնել են ԼՂ հարակից շրջաններից հայկական զորքերի դուրս բերմանը։

Այլ հարց է, թե իրականում ՀՀ ղեկավարները պատրա՞ստ են եղել հրաժարվել հարակից 7 շրջաններից (և եթե այո՝ ապա ինչի՞ դիմաց), թե՞ առերևույթ համաձայնելով դրանց, բանակցությունները տարել են այնպես, որ հնարավոր չլինի Ադրբեջանի ու Հայաստանի միաժամանակյա համաձայնությունն առաջարկվող լուծման (հաշտեցման) տարբերակներին, միգուցե այն հույսով, որ հարակից շրջանները հավերժ մնան հայկական ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, թվում է, իսկապես պատրաստ է եղել ԼՂ հարակից 6 շրջանների զիջմանը՝ հաշտության պայմանագրի շրջանակներում անվտանգության երաշխիքների ու երկարաժամկետ խաղաղության հաստատման դիմաց[1]։ Նիկոլ Փաշինյանը ևս, դատելով 2008-ի հոդվածաշարքից, համաձայն է եղել ԼՂ հարակից շրջաններն ադրբեջանին հանձնելուն։ Ի դեպ, այդ ժամանակ՝ 2008-2009 թվականներին, Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմում էր։ Սերժ Սարգսյանը, սակայն, դատելով Բելառուսի նախագահի հետ վերջինիս՝ օրերս հրապարակված մասնավոր խոսակցությունից, որի իսկությունը հաստատել է երրորդ նախագահի գրասենյակն ու որի մասին հիշատակում է նաև Միքայել Մինասյանը, 2016-ին հրաժարվել է ԼՂ հարակից շրջանները զիջելուց՝ պատճառաբանելով, որ դրանք նվաճվել են 5 հազար հայերի զոհվելու շնորհիվ։ Այսինքն՝ հնարավոր է, որ թեև առերևույթ Սերժ Սարգսյանը պատրաստ է եղել ԼՂ հարակից շրջանները հանձնելուն՝ համաձայնելով Կազանի փաստաթղթին ու հայտարարելով, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, սակայն իրականում այնպես է բանակցել, որ հնարավոր չլինի Ադրբեջանի հետ հաշտեցումն ու ԼՂ հարակից շրջանների հանձնումն ադրբեջանին։          

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա վերջինս ԼՂ հարակից շրջանների հանձնմանը կողմ դիրքորոշում է հայտնել նաև 2001 թվականի մի հոդվածում, որին 2018-ին հղում էր անում ՀՀԿ-ական պատգամավորը և որի մասին հիշատակեց Միքայել Մինասյանը՝ որպես ապացույց այն բանի, թե իբր Նիկոլ Փաշինյանը «Ղարաբաղը մերժելով» եկավ իշխանության։ Փաշինյանն իրականում գրել էր, որ հնարավոր չէ այնպիսի դիվանագիտություն, որ ԼՂ հարակից շրջաններն ադրբեջանին չվերադարձվեն։ «․․․․ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ։ Եկեք նրբանկատորեն շրջանցենք հարցի ամենացավոտ կողմը և հարցը դիտարկենք խաղի կանոնների [հավանաբար նկատի ունի միջազգային իրավունքի,-Դետեկտոր] տեսանկյունից։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին»,- գրել է Փաշինյանը։

2016 թվականից սակայն, այդ թվում՝ վարչապետ դառնալուց հետո, Փաշինյանը կոշտացրել է իր դիրքորոշումը ԼՂ հարցում, համենայնդեպս՝ հրապարակայնորեն: Այսպես, 2016-ին, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս Տեր-Պետրոսյանի թիմում չէր, նա քննադատում է ԼՂ հարցում Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը։ «Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ Ղարաբաղի հարցում այսպես կոչված մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես Լավրովի պլան: Դա մի խայտառակ ու ստորացուցիչ լուծում է Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Փաշինյանը: 2020 թվականի հունվարին Փաշինյանը, բացասական կոնտեքստում մեջբերելով Մադրիդյան սկզբունքները (ավելի ճիշտ՝ հրապարակված ոչ պաշտոնական տեքստը), ասում է, որ իրեն առաջարկվել է շարունակել բանակցությունները ըստ այդ սկզբունքների, և այդ առաջարկին իր պատասխանը եղել է այն, որ ինքը չի կարող բանակցել Արցախի ժողովրդի անունից։ 2020 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ պատերազմն ընթացքի մեջ էր, Փաշինյանն իր ուղերձում ասում է, որ ինքը հրաժարվել է խաղաղության դիմաց ԼՂ հարակից տարածքները հանձնելու վերաբերյալ քննարկումից։ Հոկտեմբերի 19-ի ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանն ասում է, որ պատերազմը հնարավոր կլիներ կանխել, «եթե հանձնեինք տարածքները և համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում»[2]։ Նոյեմբերի 10-ին, երբ ստորագրվեց զինադադարը, Փաշինյանը ուղիղ եթերով ասում է, որ ԼՂ հարակից 7 շրջանների հանձնումը՝ առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու, միակ տարընթերցում չթողնող թեզն է եղել ամբողջ բանակցությունների պատմության մեջ, սակայն ինքը չի հավատացել, որ դա ճիշտ ճանապարհ է։

Այսպիսով՝ կարելի է հիմնավորապես պնդել, որ մինչև 2008 թվականը Նիկոլ Փաշինյանը համաձայն է եղել ԼՂ հարակից 7 շրջանները զիջելու գաղափարին, սակայն 2016-ից կոշտացրել է իր դիրքորոշումը։ Բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները ԼՂ հարցում հնարավոր չէ բնութագրել որպես «Ղարաբաղը մերժել», անկախ նրանից՝ 2001-2008, թե՞ 2016-2020 թվականների դիրքորոշումների մասին է խոսքը։ Այդպիսի բնութագրում հնարավոր չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղը չի կարելի նույնացնել նրա հարակից շրջանների հետ, որովհետև ԼՂ-ն անկախ է հռչակվել նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքներում, որովհետև բանակցվող բոլոր փաստաթղթերում կա ԼՂ-ի ու հարակից շրջանների հստակ տարանջատում և որովհետև Փաշինյանին նախորդող Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ առերևույթ համաձայնել են հարակից շրջաններն ադրբեջանին հանձնելուն։ Միքայել Մինասյանը, անտեսելով այս ամենը, «Ղարաբաղ» բառն օգտագործում է այն իմաստով, կարծես թե Ղարաբաղը դա ԼՂ-ին հարակից շրջաններն են, ինչն ակնհայտ կեղծ նույնացում է։

 

Հրայր Մանուկյան

14/12/2020

[1] ԼՂ հարցի լուծման Տեր-Պետրոսյանի պնդումներն ու պատկերացումները այն մասին, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ լուծել ԼՂ հարցը, առիթ դարձան, որ այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, այն ժամանակվա ԱԱԾ ղեկավար Սերժ Սարգսյանի ու ՊՆ Վազգեն Սարգսյանի հետ միասին հրաժարական պարտադրեն Տեր-Պետրոսյանին։ Տեր-Պետրոսյանը, սակայն, 2016-2017թթ ևս մեկ անգամ վերահաստատեց ԼՂ հարցի լուծման իր պատկերացումները (տես այստեղ, այստեղ և այստեղ)՝ շեշտելով, որ ԼՂ հարակից շրջանները չզիջելու դեպքում կա՛մ կլինի պատերազմ, կա՛մ էլ Հայաստանը մի օր սանկցիաների տակ կընգնի։

[2] ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտնման մեխանիզմ` հանրաքվե, և ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակ նախատեսված էր Մադրիդյան սկզբունքներում (կամ դրա ոչ պաշտոնական տեքստում)։ Դա նույնը չէ, ինչ «անորոշ կարգավիճակ» ասվածը, երբ կարգավիճակին ընդհանրապես անդրադարձ չկա։ Չի բացառվում, որ «Լավրովի պլան» կոչվող տարբերակում խոսքը ոչ թե միջանկյալ կարգավիճակի, այլ, ինչպես Փաշինյանն է նշել, անորոշ կարգավիճակի մասին է, թեև չի բացառվում նաև, որ Փաշինյանը ճիշտ չի ներկայացնում կարգավիճակին վերաբերող հատվածը։