Շահարկումներ «բարոյականություն» հասկացության շուրջ

...

Բաղադրություն

 

 

Պետրոս Ղազարյանի հետ 08.07.2020թ. ունեցած հարցազրույցում Հայ առաքելական սուրբ եկեղեցու (ՀԱՍԵ) Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, անդրադառնալով ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ փաստաթղթում շարադրված հանրակրթական չափորոշիչների վերջնաարդյունքներին, ասում է. «Տպավորությունս այնպիսին է, որ հանրակրթությունը կարծեք թե Հայաստանում եղած լինի և մնացած լինի միակ կրթական հարթակը, որտեղ հնարավոր է ինչ-որ չափով հմտություններ սովորել կամ կրթական գիտելիքներ ձեռք բերել: Կարծեմ թե կանխավարկածն այնպիսին է, որ ընտանիքում երեխաները ոչինչ չեն սովորում, բարձրագույն կրթական հաստատություններում ոչինչ չպիտի սովորեն, փողոցում ոչինչ չպիտի սովորեն, հեռուստատեսությամբ, հանրային լրատվամիջոցներից օգտվելու հնարավորություն չպիտի ունենան: Այսինքն, մի գերմարդու համար սահմանված վերջնարդյունքներ են: Եվ դրա մեջ գերակշռող մեծամասնությունը (30-ից ավելի տոկոսը) տրամադրված է լինելու բնագիտական, ճարտարագիտական, մաթեմատիկական, տեխնոլոգիական գիտելիքներին»: Պ. Ղազարյան. «Ի՞նչ վատ ա»: Տեր Արշակ. «Վատ չի: Վատ չի: Իհարկե, վատ չի, բայց մեր նպատակը ընդամենը գիտելիքներով զինված քաղաքացի պատրաստելը չի»: Պ. Ղազարյան (չափորոշիչից մի հատված մեջբերելով). «… էստեղ գրած է` նյութական և հոգևոր արժեքներ, հայոց եկեղեցու և դավանանքի ճանաչում ու արժևորում»: Տեր Արշակ. «Սա հարյուրավոր կետերի միջից վերջին հատվածն է, այն դեպքում, երբ…»: Պ. Ղազարյան. «… այսինքն, սրբազան, ամեն կետում պիտի դա նշեի՞ն: Գրված է` եկեղեցու և դավանանքի արժևորում»: Տեր Արշակ. «Ամեն կետում չէ: Բարոյականության մասին ոչ մի խոսք չկա: Բարոյականություն բառը որևէ ձևով հիշատակված չէ տեքստում»: /տես 12:40-14:17/

Մի կողմ թողնենք հարցազրույցի վերոհիշյալ դրվագում և առհասարակ ամբողջ հարցազրույցում ՀԱՍԵ հոգևորականի կողմից հնչեցված բազմաթիվ անհիմն պնդումներն ու անճշտությունները և անդրադառնանք միայն «բարոյականություն» հասկացության բացակայության վերաբերյալ նրա դիտարկմանը: Դետեկտորի նկատել է, որ ոչ միայն հանրակրթական չափորոշիչների, այլև զանազան առիթներով «բարոյականություն» հասկացությունը դառնում է որոշ հոգևոր այրերի շահարկման առարկա, որի տակ թաքնված միտումներն ու դիտավորությունները, սակայն, անհրաժեշտ քննության ու արձագանքների չեն արժանանում: Այնինչ, առանց վերջիններիս քննության, անհասկանալի են մնում «բարոյականությունը» շահարկելու բուն շարժառիթները:

Սույն վերլուծության մեջ մենք քննության ենք առնում ՀԱՍԵ-ի որոշ հոգեւորականների կողմից շահարկվող «բարոյականություն» հասկացության միայն այն շարժառիթները, որոնք առնչվում են հանրակրթական չափորոշիչների բովանդակությանը: Անմիջապես փաստենք, որ կոնկրետ «բարոյականություն» բառը իսկապես վերոհիշյալ նախագծի շարադրանքում բացակայում է: Սակայն դրանից ուղղակիորեն չի հետևում, որ նախագծում առհասարակ բացակայում են բարոյականությանը առնչվող հղացքային չափանիշներն ու ձևակերպումները: Այստեղ «բարոյականություն» վերացական հասկացության փոխարեն ներկայացված են դրա կոնկրետ առումները: Ցանկացած բառարան ընթերցողին կտեղեկացնի, որ բարոյականությունը վերաբերում է մարդու վարքագծին և վերջինիս հիմքում ընկած բարու, ազնվության, պատասխանատվության, հարգանքի և հարակից այլ պատկերացումներին: Քննության առարկա փաստաթղթի ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ բաժնում այդպիսի բազմաթիվ պատկերացումներ են ներկայացված.

«Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։ Տարբեր մշակույթների, կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները»։

Բարոյականությանը վերաբերող պահանջներ և ակնկալիքներ ներկայացված են նաև նախագծի այլ հատվածներում` տարբեր աստիճանների շրջանավարտների համար.

Որպեսզի շրջանավարտը «Իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը», «ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը», «ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք», «ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետ-ներին և գաղափարներին», «ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից», «իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը», «հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը, ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ»:

Թվարկված օրինակները շատ դեպքերում արտահայտում են նաև բարոյականության վերաբերյալ քրիստոնեական մարդասիրական ընկալումները: Բարությունը, ուրիշներին աջակցելու պատրաստակամությունը, հարգանքը, քրիստոնեական բարոյականության հիմքում ընկած առանցքային պատկերացումներ են: Բացի դրանից, Հանրակրթական չափորոշիչների մասին ներկայումս գործող 2010թ. ընդունված  փաստաթղթում նույնպես բացակայում է «բարոյականություն» հասկացությունը: Դրա փոխարեն բազմաթիվ անգամներ օգտագործված է «բարոյական» հասկացությունը, այն էլ վերացական կերպով: Որևէ տեղ չի բացահայտվում թե ինչ են նկատի ունեցել փաստաթղթի հեղինակները` «բարոյական» բառի տակ:  Հետևապես, ինչու՞ է Տեր Արշակը դատապարտում մի հասկացության բացակայությունը, որը բացակայել է նաև նախորդ իշխանությունների օրոք և հենց ՀԱՍԵ-ի գործուն մասնակցությամբ ընդունված փաստաթղթում: Պ. Ղազարյանի հետ հարցազրույցի նույն դրվագի վերջնամասում Տեր Արշակը նկատում է. «Բայց ընդհանուր կոնտեքստում պետք է նայել և ասում եմ, պետք է նայել տոկոսային հարաբերակցության մեջ... դա ընդգծվում է: Դրա վկայություններից մեկն էլ այն է, որ Հայ եկեղեցու պատմություն առարկան արդեն տարալուծվելու է մյուս առարկաների մեջ» /14:50-14:58/: Այսինքն, կարող ենք ենթադրել, որ ՀԱՍԵ-ի եպիսկոպոսի իրական մտահոգությունը վերաբերում է հանրակրթության պարտադիր առարկայացանկից Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանելուն, որին, ի դեպ, ընդդիմանում են բազմաթիվ բաձրաստիճան հոգևորականներ:

Այսպիսով, «բարոյականություն» հասկացության բացակայության մասին մտահոգությունն անհիմն ու կեղծ մտահոգություն է, և հիմքեր կան ենթադրելու, որ դրա տակ ՀԱՍԵ-ի եպիսկոպոս Տեր Արշակ Խաչատրյանը, փորձում է թաքցնել մեկ այլ իրական մտահոգություն: Այն է. հանձին պարտադիր առարկայի կարգավիճակ ունեցող Հայ եկեղեցու պատմության դասագրքերի` հանրակրթության ոլորտում իրենց քարոզչական հարթակի կորուստը: Մյուս կողմից, նկատի ունենալով հայաստանյան հանրության մեջ «բարոյականություն» հասկացության հուզական ընկալումները և մեկնաբանությունները՝ կարող ենք ենթադրել, որ դրա բացակայության մատնանշումը նաև այլ` մետատեքստային նպատակ է հետապնդում:  «Բարոյականություն» հասկացության բացակայությունը, ըստ էության, նույնականացվում է բարոյականության բացակայությանը կամ անբարոյականությանը: Այսինքն կարելի է ասել, որ նախագծում այդ հասկացության բացակայության մատնանշումը նախագծի հեղինակներին վարկաբեկելու թաքնված միտում է պարունակում:  Այլապես ի՞նչ բացատրություն ունի ուրիշից պահանջել` պահպանելու մի բան, որը գոյություն չի ունեցել ո՛չ ձևական (հասկացության տեսքով), ո՛չ բովանդակային (հասկացությունը բացատրող կոնկրետ պատկերացումների տեսքով) առումով: Ի՞նչ բացատրություն ունի բացի այն մեկից, որը շահարկման հնարքների կիրառման պրակտիկայում հայտնի է որպես. «զրպարտիր, եթե վարկաբեկելու համար հիմնավոր փաստեր չունես»:

 

Նիկոլ Մարգարյան

17.07.2020