ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ» ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում նրա կողմնակիցների, պաշտպանների և որոշ այլ գործիչների կողմից շրջանառության մեջ է դրվել մի թեզ, որով փորձում են նրան ներկայացնել որպես «քաղաքական բանտարկյալ» (1, 2, 3, 4, 5, 6):
«Քաղաքական բանտարկյալ» հասկացությունը հայաստանյան հանրային խոսույթում կիրառվել է բազմիցս: Բանտարկության ենթարկված բազմաթիվ քաղաքական ու քաղաքացիական գործիչների նույնպես փորձել են ներկայացնել որպես «քաղբանտարկյալներ»: Գրեթե բոլոր դեպքերում, որպես կանոն, հղում է կատարվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2012 թ.-ին ընդունված բանաձևին, որով սահմանվում է «քաղաքական բանտարկյալ» եզրույթը:
Բացառություն չէ նաև այս դեպքը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, մայիսի 15-ին՝ Քոչարյանի դատավարության ընթացքում, վկայակոչելով ԵԽԽՎ 2012 թ. 1900 բանաձևի 3-րդ մասի բ, դ, ե կետերը, հայտարարեց, որ իր պաշտպանյալը քաղաքական բանտարկյալ է։
Արդյո՞ք Ռ. Քոչարյանի դեպքում կարելի է կիրառել «քաղաքական բանտարկյալ» եզրույթը: Տրամաբանորեն դիտարկելով այս հարցը, նկատում ենք, որ այստեղ օգտագործվում է «Չհիմնավորված համանմանություն» մանիպուլյացիոն հնարքը: Բանն այն է, որ ըստ արդեն իսկ հիշատակված բանաձևի բ, դ, ե կետերի՝ ազատությունից զրկված անձին քաղաքական բանտարկյալ կարելի է համարել երբ.
բ) անձի ազատազրկումը տեղի է ունեցել զուտ քաղաքական՝ որևէ հանցանքի հետ առնչություն չունեցող պատճառներով,
դ) քաղաքական դրդապատճառներով՝ անձը, այլ անձանց համեմատ, խտրական կերպով է ազատազրկվել,
ե) ազատազրկումը ակնհայտորեն հետևանք է անարդար դատավարության, ինչը առերևույթ կապված է իշխանությունների ունեցած քաղաքական դրդապատճառների հետ:
Բ կետում մենք գործ ունենք «Չհիմնավորված փաստերի օգտագործում» մանիպուլյացիոն հնարքի հետ: Ապացուցելու համար, որ Ռ. Քոչարյանի ազատազրկումը տեղի է ունեցել այս կետի տրամաբանությամբ, պետք է նախ հիմնավորվի, որ այն իր հիմքում զուտ քաղաքական դրդապատճառներ է ունեցել. այսինքն՝ Քոչարյանն իր քաղաքական գործունեությամբ լուրջ վտանգ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, և վերջինս, կանխելու կամ չեզոքացնելու համար այդ վտանգը, ճնշում է գործադրել իրավապահ մարմինների վրա և զրկել նրան ազատությունից: Նախ՝ որևէ ուղղակի կամ անուղղակի ապացույց չկա առ այն, որ Քոչարյանի ազատազրկումը տեղի է ունեցել վարչապետի ուղղակի հրահանգով կամ միջամտությամբ: Երկրորդ՝ որպեսզի Քոչարյանը վտանգ ներկայացներ Փաշինյանի իշխանության համար, ապա մինչ ազատազրկումը նա գոնե պետք է մտադրություն հայտներ քաղաքականություն վերադառնալու մասին: Մինչդեռ նա այդպիսի հայտարարություն է արել այն ժամանակ միայն, երբ ՀՔԾ-ի կողմից կայացվել է կալանավորման որոշում: Իսկ մինչ այդ, ինչպես անձամբ Ռ.Քոչարյանն է հայտարարել հուլիսի 26-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ինքը քաղաքականություն վերադառնալու մտադրություն չի ունեցել: Իսկ եթե հաշվի առնենք, որ, ըստ որոշ հարցումների՝ Քոչարյանի կալանավորման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աննախադեպ բարձր վարկանիշ ուներ նախկին իշխանությունների ցածր վարկանիշի ֆոնին, ապա Քոչարյանի՝ քաղաքական իմաստով վտանգ ներկայացնելու փաստարկը դառնում է զրոյական:
Դ կետի հետ կապված՝ նախ պետք է հասկանալ, թե Ռ. Քոչարյանը որ անձանց համեմատությամբ է խտրական կերպով ազատազրկվել: Ռ. Քոչարյանի կարգավիճակով և այն հոդվածով, որով նա մեղադրվում է, ՀՀ-ում առաջին անգամ է դատավարություն տեղի ունենում, և չեն կարող լինել անձինք, որոնց հետ համեմատելով՝ կարող ենք որոշել. Քոչարյանը խտրական կերպով է բանտարկվել, թե՞ ոչ: Իսկ եթե հաշվի առնենք դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի՝ մայիսի 18-ի որոշման համաձայն Ռ. Քոչարյանին կալանքից ազատ արձակելու հանգամանքը, ապա կարելի է ասել՝ այս «խտրականությունն» ի օգուտ իրեն է եղել:
Ե կետին հղման դեպքում գործ ունենք «Հիմքի կռահում» (petitio principii) տրամաբանական սխալի հետ, երբ որպես թեզիսի ապացույց, առաջադրվում է այնպիսի փաստարկ, որը ենթադրում է ապացուցման ենթակա թեզիսի ճշմարտացիությունը: Այս դեպքում, որպես փաստարկ է բերվում մի դրույթ, որը պետք է ապացուցել փաստարկման վերջնարդյունքում: Անարդար դատավարության հստակ սահմանումը խիստ սուբյեկտիվ մեկնաբանություն է, որը կա՛մ պետք է հաստատվի որևէ այլ դատավարությամբ, որով կորոշվի սույն դատավարության անարդար լինելը, կա՛մ դատավարության անարդար լինելու հետ կապված՝ գոնե հանրային դիսկուրս պետք է լինի, որն ակնհայտորեն բացակայում է, ինչում կարող ենք համոզվել՝ մեդիայի բովանդակային վերլուծությամբ:
Ե կետի երկրորդ մասի առնչությամբ՝ պետք է սահմանել, թե ինչ նկատի ունենք «քաղաքական դրդապատճառ» ասելով: Ռ. Քոչարյանը 2018թ.-ի հուլիսի 26-ին «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում նշել էր, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը «քաղաքական վենդետա» է. սրանով կարելի է ենթադրել, որ քաղաքական դրդապատճառը «վենդետան» է: Այդ դեպքում պետք է ընդունենք, որ ոչ մի նոր ձևավորված իշխանության օրոք չպետք է դատապարտվեր նախորդը: Հարց է ծագում. արդյո՞ք քաղբանտարկյալներ էին, օրինակ, Նյուրնբերգյան դատավարությունում մեղադրյալի կարգավիճակ ունեցողները, արդյո՞ք քաղբանտարկյալներ էին բոլոր նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնք իշխանությունը կորցնելուց հետո կանգնել են դատարանի առաջ: Այս կերպ, Քոչարյանի և նրա կողմնակիցների կողմից, կարծես, շրջանառության մեջ է դրվում «Իրավական ռելյատիվիզմի» գաղափարաբանությունը, ըստ որի, իրավական նորմերի գործառնությունը կախված է զուտ տվյալ պահին իշխող ուժի կամքից և մոտիվներից: Այսինքն, նրանք ինչ-որ առումով ընդունում են, որ իրենց իշխանության օրոք իրենք էլ կարող էին այդ կերպ վարվել ձեռքի տակ եղած իրավական լծակների հետ: Այս դեպքում Ռ. Քոչարյանը կանգնած է բացառող բաժանարար երկընտրանքի առջև, որի դեպքում դատողություններից մեկի ճշմարտացիությունը բացառում է մյուսինը. նա կա՛մ ընդունում է, որ իրավական նորմերը գործում են հարաբերականորեն, ինչից հետևում է, որ իր իշխանության օրոք էլ գործել է իրավական այդ տրամաբանությունը, կա՛մ ընդունում է, որ քաղաքական դրդապատճառները կարող են և կապ չունենալ իրավական պատասխանատվության ենթարկվելու հետ:
Այսպիսով, վերոնշյալ բոլոր կետերի վերլուծության հիման վրա կարող ենք եզրակացնել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին որպես «քաղաքական բանտարկյալ» ներկայացնելը պարզ մանիպուլյացիա է:
Հեղինակ՝ Լևոն Բաբաջանյան
27-05-2019