Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի հետեւանքով 2020թ․ նոյեմբերին Հայաստանը ոչ միայն ծանր կորուստներ ունեցավ, այլեւ հայտնվեց արտաքին քաղաքական ծանրագույն մարտահրավերների առաջ։ Դրանց թվում են գերիների ճակատագիրը, ներկալված անձանց հայտնաբերումն ու վերադարձը, զոհվածների աճյունների վերադարձն ու ճանաչումը, ռուսական խաղաղապահ ուժերի առկայությամբ Արցախի յուրաքանչյուր բնակավայրի ու մետրի սահմանագծումը, Արցախում կառավարման և պաշտպանության ուժերի հեռանկարի հարցը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների գծումը, ՀՀ զինված ուժերի վերակազմակերպումն ու ՀՀ սահմանային խնդիրների սպասարկումը, վերջապես՝ տեղահանված հայերի վերաբնակեցումը, սոցիալական երաշխիքները, վիրավորների բուժումն ու խնամքը։
Այս բոլոր հարցերի կողքին առաջ եկավ նաեւ ներքաղաքական սուր ճգնաժամը։ Ակնհայտորեն, Հայաստանի (այդ թվում՝ Արցախի) առջև ծառացած խնդիրները մեծապես խորքային և ճակատագրական են, ուստի դրանց շուրջ խորքային քննարկումների խիստ անհրաժեշտություն կա՝ թե՛ օպերատիվ խնդիրների, թե՛ հեռանկարային լուծումների առումով։ Սակայն հասարակական-քաղաքական էլիտաներից ավելի հաճախ լսվում է մեկ հարցի քննարկում՝ իշխանափոխության հարցը։
Հանրային էլիտաներում քաղաքական մտքի սնանկության այսպիսի պայմաններում խիստ նեղ է նաեւ լրագրողական հարցադրումների շրջանակը։ Այն սահմանափակվում է քաղաքական էլիտայի թելադրած օրակարգով՝ հրաժարակա՞ն, թե՞ ոչ։ Այդ հարցադրումներում նվազ լսելի են վիրավորների, զոհվածների ընտանիքների, սահմանամերձ շրջանների բնակիչների, զինծառայողների (նաեւ՝ պահեստազորայինների և կամավորների), տեղահանված արցախցիների մտահոգությունները։
Բազմաթիվ հետազոտություններ կան այն մասին, թե ինչպես են լրագրողները ներքնայնացնում էլիտաների առաջ քաշած օրակարգերը, թեզերն ու եզրակները (frame)։ Եթե մի ժամանակ մեդիային էր վերագրվում հանրային օրակարգի ստեղծումը (agenda building theory), ապա՝ պարզապես սահմանումը (agenda setting), ներկայում քննարկվում է նաեւ մեդիայի կողմից եզրակների սահմանումն ու հանրային սեփականություն դարձնելը (agenda framing)։ Մեդիա հետազոտությունների քիչ մասն է անդրադառնում մեդիայի քաղաքական տնտեսությանը, այսինքն՝ լրատվամիջոցների ֆինանսավորման և քաղաքական-գաղափարական ներշնչման աղբյուրներին, որոնք էլ մեծապես պայմանավորում են մեդիայի կողմից օրակարգերի թե ստեղծումը, թե՛ սահմանումը, և թե՛ եզրակումը։
Այդպիսի տեսություններից է, օրինակ, ամերիկացի մամուլագետ Ռոբերտ Էնթմանի սահմանած «ջրվեժի ակտիվացման մոդելը»։ Ըստ այդ մոդելի, ամերիկյան նախագահի վարչակազմն է կանգնած ջրվեժի գագաթին․ այն եզրակում է ուղերձներ, որոնք անմիջապես որդեգրում է մնացած էլիտան՝ քաղաքական գործիչներ, նախկին պաշտոնյաներ, փորձագետներ և այլն, ապա այդ նույն եզրակներով ուղերձները փոխանցում լրատվամիջոցներին, որոնք էլ դրանք փոխանցում են լայն հանրությանը՝ ընթերցող, դիտող, լսող լսարաններին։
Հետպատերազմական Հայաստանում քաղաքական գործիչներին լրագրողները հիմնականում ուղղում են ա՛յլ քաղաքական գործիչների բարձրացրած հարցեր՝ հրաժարականի, արտահերթ ընտրությունների և ժամանակավոր կառավարության մասին։ Պատերազմից առավելագույնս տուժած մարդկանց հարցադրումները մնում են ստվերում։ Տպավորություն է ստեղծվում, որ, ինչպես Էնթմանի առաջարկած մոդելում, մեդիան որդեգում է միայն էլիտաների օրակարգը, իսկ լայն լսարանների օրակարգը այդպես էլ «վերև» չի հասնում։
Ըստ Էնթմանի, գահավիժող «ջուրը» «գետնին» հասնելով որոշ չափով հետ՝ դեպի վեր է ցայտում, բայց այդ ցայտերը մեծ մասամբ չեն կարող այնքան բարձր լինել, որ հասնեն գոնե մեկ աստիճան վերեւ՝ մեդիային։ Ներկայում, երբ սոցիալական մեդիան գրեթե յուրաքանչյուրին հնարավորություն է տվել սոլո-լրատվամիջոց դառնալ, ջրի ցայտերը շատ ավելի բարձր են թռչում և չեն կարող չազդել մեդիայի վրա։ Սակայն, սա եւս հետազոտության լուրջ թեմա է, քանի որ ակնհայտորեն ոչ բոլորին է հաջողվում նույնքան լսելի լինել սոցիալական ցանցերում, և լսելի լինելը կարծես մնում է էլիտաների կամ առնվազն քաղաքականապես ակտիվ անհատների ու շրջանակների մենաշնորհը։
Ստացվում է, որ լայն լսարանների հետ թե՛ էլիտաների, թե՛ մեդիայի կապը միակողմանի է։ Հայաստանում մեդիա հետազոտությունների պակասի պայմաններում դժվար է ասել, թե լրագրողներն ավելի շատ շահարկում են, թե՞ շահարկվում։ Ամենայն հավանականությամբ՝ երկուսն էլ։ Մի կողմից նրանք ենթարկվում են էլիտաների օրակարգերի ազդեցությանը, մյուս կողմից իրենք են լայն լսարաններին ենթարկում այդ օրակարգերին։
Ընդորում, լրագրողական այսպիսի մոտեցումների իներցիան և մշակույթը այնքան համատարած է, որ էլիտաների օրակարգերին ենթարկվում են ոչ միայն հայտնի քաղտնտեսություն ունեցող լրատվամիջոցների ներկայացուցիչները, այլեւ միանգամայն պարկեշտ եւ անկախ լրագրողի համբավ ունեցող մարդիկ։
Համենայնդեպս, պատերազմական դրությունը ևս մեկ անգամ վկայում է, որ օրվա հրամայական է թափանցիկացնել լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրների մասին տեղեկությունները, լրատվամիջոցներում ներքին կանոնագրքերի մշակումն ու ընդունումը, ինչի արդյունքում ոչ միայն լայն լսարանները կհասկանան տվյալ լրատվամիջոցի աշխատանքի ուղղվածության դրդապատճառները, այլեւ լրագրողներն իրենք հետեւողական կլինեն, որպեսզի իրենց աշխատանքով ստվեր չգցեն իրենց ֆինանսավորող կամ գաղափարաբան կազմակերպության վրա։ Գուցե այդ դեպքում մեդիան ավելի հակված կլինի միջնորդի դեր կատարել ոչ միայն էլիտայի և էլիտայի միջեւ, այլեւ լայն լսարանների և էլիտայի միջեւ։
Ծովինար Նազարյան
15/12/2020