ԱՎԱՆԴԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԱՎԱՆԴԱԿԱՆՈՎ ՄԱՍ 1-ԻՆ IS THIS LOVE?

...

Բաղադրություն

 

Վերջին տասնամյակում հայաստանյան հրապարակախոսական տեքստերում ավանդույթ է դարձել ավանդականից խոսելն ու այն իբրև փաստարկ ներկայացնելը: Ընդ որում, ավանդականն իբրև փաստարկ և իբրև հղում օգտագործվում է ինչպես քաղաքական ու կրոնական գործիչների, այնպես էլ տարբեր լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների և գիտնականների հրապարակային տեքստերում: Ուշագրավն այն է, որ հաճախ այդ փաստարկումներն ու հղումներն օգտագործվում են առանց կոնկրետ ձևակերպումների և հետազոտական հիմքերի: Այսինքն, կարելի է ասել՝ գործ ունենք դեմագոգիայի և շահարկման դրսևորումների հետ: Հաշվի առնելով նշված հանգամանքը, ինչպես նաև՝ հրապարակախոսական լսարանին հետագա շահարկումներից զերծ պահելու նպատակադրումը, առաջիկա մի քանի հոդվածներում կանդրադառնանք ավանդականի շահարկման տարբեր դրսևորումներին:

   Սույն հոդվածը վերաբերում է ավանդական ընտանիքում «տիրող սիրո և հանդուրժողականության» շահարկմանը: Այս փաստարկը հղվել է տարբեր լրագրողների և կրոնական գործիչների կողմից: Սակայն նվազ ակնկալելի էր, որ այն կարող էր հղվել գիտության ներկայացուցչի կողմից: Մասնավորապես՝ սեռաբան դոկտոր Նարինե Ներսիսյանը մի հարցազրույցի առիթով ֆեսյբուքյան իր էջում գրառել է. «Հայկական ավանդական ասելիս՝ չգիտես ինչու, այսօր փորձում են հասկանալ այն ընտանիքը, որտեղ տիրում են խավարամտություն և վայրագ բարքեր, որտեղ տղամարդը գերիշխում է կնոջը, անգամ բռնության ենթարկում նրան։ Սա լրիվ ԹԱՐՍ պատկերացում է։ ՇԻՏԱԿՆ այն է, որ ավանդական ընտանիքում տիրում է սեր և հանդուրժողություն, ամուսինների միջև կա փոխադարձ խնամք և հոգատարություն»։

 

Մեր հիմնավորումները

     Սեռաբան Նարինե Ներսիսյանը, ըստ էության, տալիս է ավանդական ընտանիքի և ներընտանեկան հարաբերությունների կամայական ձևակերպում, քանի որ չի նշում,  թե ինչպիսի հետազոտությունների վրա է հիմնված իր դատողությունը, և կոնկրետ որ ժամանակահատվածի ընտանիքին է այն վերաբերում: Մեր այս հարցադրումները կարևորվում են հատկապես այն իրողությամբ, որ նման կարծիք արտահայտող անձը գիտնական է և ոչ թե՝ քաղաքական կամ կրոնական գործիչ: Այսինքն, հարգարժան գիտնականը պետք է քաջածանոթ լիներ ասելիքը որոշակի հասկացությունների ստույգ ձևակերպմամբ և հետազոտական որոշակի նյութերի հիման վրա ներկայացնելու գիտական նրբություններին:

     Իրականում, հայկական ընտանիքում «սիրո և հանդուրժողականության» ինչպիսի՞ նկարագիր են մեզ մատուցում ավանդական ընտանիքի ուսումնասիրությանը վերաբերող հետազոտական նյութերը, որոնք վերաբերում են որոշակի ժամանակահատվածի և իրենց մեծաթիվությամբ ու կրկնությամբ թույլ են տալիս համեմատություններ ու զուգահեռներ անցկացնել: Այդպիսիք են մի շարք հայ ազգագրագետների (Ե. Լալայան, Ս. Լիսիցյան, Բենսե և այլք[i]) կողմից կատարված՝ ընտանիքի առաջին ազգագրական ուսումնասիրությունները, որոնք  իրականացվել են 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին: Նրանց կողմից գրանցված ազգագրական նյութը, հաշվի առնելով բանասացների տարիքը, կարող է լավագույն դեպքում վերաբերել 19-րդ դարի սկզբներին: Սակայն վստահության մակարդակով ավելի արժեքավոր են նույն ազգագրագետների ուղղակի (մասնակցային) դիտումները, որոնք հրապարակվել են նրանց կողմից իրականացված հարցազրույցների հետ միասին: 19-րդ դարից ավելի վաղ արված նման բնույթի հետազոտություններ չկան, կան իհարկե չհամակարգված, պատահական գրառումներ՝ առանց ժամանակային որոշակիության և նույնիսկ եզակի բնույթ ունեցող:  Այսինքն, գիտական տեսանկյունից մենք կարող ենք առավել հավաստի խոսել 19-րդ դարի երկրորդ կեսի (որոշակի վերապահումներով՝ 19-րդ դարի առաջին կեսի) և 20-րդ դարի սկզբներին վերաբերող հայկական ընտանեկան ավանդույթների մասին:

Այսպիսով, ի՞նչ են վկայում վերոհիշյալ ազգագրական նյութերը հայ ընտանիքներում տիրող «սիրո և հանդուրժողականության» մթնոլորտի մասին:

Առաջին ակնառու հանգամանքն այն է, որ ամուսնություններն առավել հաճախ իրականացվել են առանց ամուսնացողների (առավել ևս՝ կանանց) կամքը և ընտրությունը հաշվի առնելու: 19-րդ դարում Արևելյան Հայաստանի գրեթե բոլոր ազգագրական շրջաններում հանդիպում էր օրորոցախազը, որը կարող էր արվել նույնիսկ մինչև երեխաների 1 տարին լրանալը: Իսկ միջին ամուսնական տարիքը տատանվել է 10-14 տտ. միջև: Գանձակի գավառում ազգագրագետ Ե. Լալայանը ներկա է եղել 8 տարեկան մի աղջկա նշանադրությանը, որը նկարագրում է հետևյալ կերպ. «Հայրը գրկեց նրան և կանգնեցրեց թախտի վրա, որ փոքր-ինչ երևա: Եվ երբ քահանան առաջարկեց աջ ձեռքը մեկնել, որ մատանին դնեն մատը, նա ձախը մեկնեց: Խեղճ աղջիկը ապշած կուչ էր եկել, նրա դեմքի արտահայտությունից երևում էր, որ չի հասկանում թե ինչ են անում յուր հետ: Երբ քահանան հարցրեց, թե համաձա՞յն է ամուսնանալու փեսացու երիտասարդի հետ, նա շարունակեց անշարժ մնալ և կարծես չհասկացավ հարցը: Այն ժամանակ քահանան բարկացած հրամայեց նրան, որ գլուխը շարժե: Եվ նա իսկույն շարժեց»: »Գյուղացիների ասելով, եթե աղջկան գդակով խփեք, և նա վայր չընկնի՝ արդեն պսակվելու ժամանակն է, նա արդեն ուժեղ է և կարող է աշխատել»: Այսինքն, զավակներին ամուսնացրել են նույնիսկ սեռահասուն չդարձած: Ամուսնության համար վճռորոշ է եղել ամուսնացողների ծնողների ու ավագ ազգականների կարծիքը: Վերջիններս բռնացել են նրանց կամքին և պարտադրել իրենց ցանկությունը: Նրանք են որոշել, թե որ ընտանիքից և ում հետ պետք է ամուսնանան իրենց երեխաները:

Երեխաների ամուսնության ժամանակ ծնողները կարևորել են խնամի ընտանիքին ճանաչելը («փորձած թանն ավելի լավ է, քան անփորձ մածունը» սկզբունքով), ինչպես նաև՝ ֆինանսական ու նյութական որոշակի շահավետ գործարքը: Ամուսնության համաձայնության ընթացակարգն, ըստ էության, առևտուր էր, որի ժամանակ կողմերը որոշակի ֆինանսական ու նյութական միջոցներ են փոխանակել՝ սակարկման միջոցով: Նույն պատճառով է, որ տվյալ ժամանակահատվածի ամուսնական սովորույթներում հանդիպում է լևիրատի սկզբունքը. երբ ամուսնու մահից հետո նրա կնոջը կնության էին տալիս մահացածի եղբայրներից մեկին՝ ամուսնության համաձայնության արդյունքում ձեռք բերված նյութական ու ֆինանսական արժեքների կորստից, ինչպես նաև՝ նոր հարսանեկան ծախսերից խուսափելու նպատակով:

Տնտեսական նպատակահարմարությամբ էր պայմանավորված նաև այն հանգամանքը, որ հարսնացու կամ փեսացու ընտրելիս ծնողներն ուշադրություն են դարձրել թեկնածուների ֆիզիկական կարողություններին, ճարպկությանը, աշխատասիրությանը, բաժինքին:

Ամուսնության նպատակը, բացի կոնկրետ փոխանակային օգուտներից, եղել է նաև աշխատուժի վերարտադրությունը: Եթե հարսնացուն չբեր էր լինում, ապա ընտանիքը կարող էր նրան հետ ուղարկել կամ փեսան կարող էր երկրորդ կին բերել: Աշխատուժի վերարտադրության մեջ առաջնահերթությունը տրվում էր արու զավակ ունեցողներին: Միայն դուստրեր ունեցող կանայք ընտանիքում նվազ հարգանքի էին արժանանում, նույնիսկ նույնացվում էին չբեր կանաց հետ:

Երիտասարդ ամուսիններին արգելված էր ուրիշների ներկայությամբ ուշադրության ազդակներ փոխանցել: Նրանք պիտի ձևացնեին, որ միմյանց չեն ճանաչում: Նրանց դիմելաձևերը ևս հարմարեցված էին այդ պահանջին և մեկը մյուսին դիմում կամ հիշատակում էին անուղղակի միջոցներով: Միևնույն սեղանի շուրջ միասին նստելն  անգամ չէր թույլատրվում: Ամուսիններն, ըստ էության, կարող էին իրար հետ ուղղակի հաղորդակցվել միայն մեկուսի՝ երբ գիշեր էր, կամ ավելի ճիշտ՝ գիշերվա խավարի մեջ:

Հիշյալ ժամանակահատվածում կասկածելի է նաև ավանդական ընտանիքում երեխաների նկատմամբ դրսևորվող սիրուց խոսելը: Արդեն նշվեց, որ ամուսնացնելուց նրանց կարծիքը հաշվի չէր առնվում: Հատկապես աղջիկ զավակներին շատ վատ էին  վերաբերվում՝ համարելով նրանց ավելորդ ուտող բերան, և երազում էին շուտափույթ «մարդու տալ»: Մի շարք ազգագրական շրջաններում վկայված են դեպքեր, երբ ծնողները որոշել են ավելի վաղ ազատվել դստրերի պատճառելիք հոգսից՝ նրանց  նորածին վիճակում սպանելով:

Ազգագրական նյութերը վկայում են նաև, որ երիտասարդ ծնողներին արգելվել է մեծահասակների ներկայությամբ իրենց զավակներին գրկել-սիրելը: Անգամ ծծկեր երեխային կերակրելու համար երբեմն անհնրաժեշտ էր տարիքով մեծերի (սկեսուր, ավագ տեգրակին) թույլտվությունը, այլապես՝ նորածինը կարող էր շարունակել լալ և լրիվ ուժասպառ լինել: Հիշյալ ազգագրական նյութերը վկայում են նաև, որ նույնիսկ ծնողների նկատմամբ սերն ու հարգանքը պայմանավորված են եղել որոշակի տնտեսական գործոններով: Ծերանալուն և աշխատունակությունը կորցնելուն զուգահեռ, նրանք կորցրել են իրենց նկատմամբ ակնածանքը և անուշադրության ու հեգնանքի  ենթարկվել: Հատկապես աննախանձելի է եղել տարեց ծնողների վիճակը, երբ մահացել է զուգընկերներից մեկը, և մյուսը միայնակ է մնացել: Տարեցները բախտավորություն են համարել զուգընկերոջ հետ միաժամանակ մահանալը,  որպեսզի չմնան երիտասարդ հարսների և իրենց որդիների հույսին (էյթաճին մնալ - Շիրակի խոսվածք): Նմանատիպ հաղորդումներ՝ բազմաթիվ օրինակներով, գրանցվել են տարբեր ազգագրական շրջաններում, և դրանց կարելի է ծանոթանալ սույն տեքստի վերջում ներկայացված գրականության մեջ:

Այսպիսով, 19-րդ դարի ավանդական ընտանիքների մեծ մասում, իսկապես, տիրապետող են եղել խավարամիտ բարքերը, բռնությունը և տղամարդու գերիշխանությունը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև քննվող ժամանակահատվածում ընտանիքների գերակշիռ մասը ստեղծվում էր տնտեսական նպատակներով և ուներ ֆիզիկական աշխատուժի վերարտադրության խնդիր: Դա պահանջում էր որոշակի հիերարխիկ հարաբերություններ և ընտանիքի անդամների կոշտ դերային բաշխում: Հիերարխիկությունը պայմանավորված էր նաև աշխատանքային փորձի փոխանցման պոստֆիգուրատիվ բնույթով: Այսինքն, աշխատանքային և առօրեական կարևոր փորձառությունը փոխանցվում էր ավագներից երիտասարդներին, ինչի շնորհիվ ավագներն ունեին գերակա սոցիալական դիրք: Եվ քանի որ տվյալ ժամանակահատվածի իշխող տնտեսաձևում (երկրագործական-անասնապահական) առավել կարևոր դեր ուներ տղամարդը, ապա սոցիալական հիերարխիայի ամենավերին աստիճանը զբաղեցնում էին տարեց տղամարդիկ: Հաջորդ գործոնը, որով պայմանավորված էր  նման խիստ  աստիճանակարգությունն ու  բռնության առկայությունը՝ կլիմայական ու աշխարհաքաղաքական դաժան պայմաններն էին, որոնք խրախուսում էին հնարամիտ և ֆիզիկապես ուժեղ տղամարդու կարևորումը: Հետևապես, սիրո այն լուսավորյալ պատկերացումը, որը մենք այսօր ունենք՝ իբրև ազատ ընտրություն և կամք դրսևորելու հնարավորություն, ինչը ժամանակակից ընտանիքների ստեղծման կարևոր պայման է, 19-րդ դարի ընտանիքում չէր կարող տեղ ունենալ: Ուստի, անհիմն են 21-րդ դարասկզբի՝ սիրո մասին մեր ընկալումներով՝ 19-րդ դարի ներընտանեկան հարաբերությունները բացատրելը, առավել ևս՝ դրանք ժամանակակից իրականության վրա արտապատկերելու փորձերը: Այդ փորձերն առավել անհիմն են, եթե չես տիրապետում համապատասխան հետազոտական նյութին:

 25-05-2019

Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան



[i] Սույն տեքստը հղումներով չծանրաբեռնելու համար այստեղ բավարարվում ենք հիշատակելով միայն վերոհիշյալ ազգագրագետներին, նրանց աշխատությունները և աշխատությունների այն էջերը, որտեղ ընթերցողը կարող է գտնել սույն տեքստում արվող դատողությունների հիմքերը:

Այդ գրականության մեծ մասը, բարեբախտաբար, թվայնացվել է և մենք կարող ենք դրանք ներկայացնել էլեկտրոնային հասցեներով: Ահավասիկ՝ Լալայան Ե., Ջավախք, ընտանեկան բարք. Ամուսնութիւն և հարսանեաց սովորոյթներ, Ընտանեկան բարք. Տղաբերք և կնունք, Լալայան Ե.,Վարանդա Ընտանեկան բարք. Ամուսնութիւն և հարսանեաց սովորութիւններ, Ընտանեկան բարք. Տղաբերք և կնունք, Ընտանեկան կեանք, Լալայան Ե., Գանձակի գավառ, Ընտանեկան բարք. Ամուսնութիւն և հարսանիքի սովորութիւններ, Տղաբերք և կնունք, Ընտանեկան կեանք, Լալայեան, Ե.  Վայոց ձոր, Տղաբերք և կնունք; Մովսիսյան Ս. (Բենսե), Հարք (Մշո Բուլանըխ); Լիսիցյան Ս., Լեռնային Ղարաբաղի հայերը (ազգագրական ակնարկ), Լիսիցյան Ս., Զանգեզուրի հայերը, Քաջբերունի, Ընտանեկան կեանք եւ սովորութիիներ: