Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանությունը նախապատրաստեց նյութեր՝ ՀԱԿ անդամ, ակտիվիստ Վարդան Հարությունյանի՝ իրեն ծեծի ենթարկելու հաղորդման հիման վրա: Իսկ ահա հունիսի 4-ին բերման ենթարկվեց Հարությունյանին ծեծի ենթարկելու գործով կասկածյալներից մեկը՝ ՀՅԴ-ական Յուրա Հովհաննիսյանը:
Հարկ է նշել, որ Վարդան Հարությունյանը 2015 թվականին ևս ծեծի էր ենթարկվել ՀՅԴ ներկայացուցիչների կողմից՝ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին ուղղված հարցի համար: Այն ժամանակ Հարությունյանը սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ո՛Չ» նախաձեռնության անդամ էր (ռեպորտաժի ժամանակ ասվում է):
Հովհաննիսյանի՝ բերման ենթարկվելուց հետո, ՀՅԴ ներկայացուցիչները նախաձեռնեցին, այսպես կոչված՝ «Ես եմ ծեծել» «ակցիան»: Կուսակցության անդամները ներկայանում էին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանական բաժին և Հարությունյանին ծեծի ենթարկելու մեղքը վերագրում իրենց: Ոստիկանություն այցելածների շարքում էին նաև ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը և ՀՅԴ՝ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը: Վերջիններս փորձում էին արդարացնել Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու դեպքը՝ օգտագործելով մանիպուլյատիվ որոշ թեզեր:
Մեր հիմնավորումները
ՀՅԴ-ականներն իրենց՝ «ակցիա» կոչվող նախաձեռնությամբ փորձեցին մարդուն բռնության ենթարկելու գործողությունն այս պարագայում ներկայացնել որպես արդարացված միջոց: Մասնավորապես՝ Գեղամ Մանուկյանը բռնությունն արդարացնելու ֆոնին շոշափեց ազգային արժեքների ոտնահարման, Արցախին և հոգևոր արժեքներին ուղղված հայհոյանքների, թոռնիկների աչքի առաջ իրենց կուսակից ընկերոջ վրա հարձակվելու զգայուն թեմաները:
Նշենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի, յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Եթե որևէ անձ համաձայն չէ մեկ այլ անձի արտահայտած կարծիքի և հնչեցրած մտքերի հետ և գտնում է, որ դրանք վիրավորում են իր բարոյականությունն ու պատիվը, ապա այդ հողի վրա ծագած հակասությունը կարգավորվում է իրավական դաշտում: Մարդու արտահայտած կարծիքի և տեսակետի, օգտագործած բառապաշարի հետ անհամաձայնությունը չի տալիս ինդուլգենցիա՝ բռնություն գործադրելու համար:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, որին միացել է նաև Հայաստանը, հանրահռչակվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություննները: Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելվում է մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելը:
Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ մարդը բարձրագույն արժեք է, և այլ ազգային կամ մշակութային արժեքներ չեն կարող մարդուց վեր դասվել:
«Արցախ», «եկեղեցի», «ազգային արժեք» հասկացությունների զգայուն շղթան շահարկելն արվեց, որպեսզի հասարակության մոտ բացասական տրամադրություն ստեղծվի դեպի տուժողը:
Հաշվի էր առնվել այն, որ հայ հասարակության մի մեծ շերտ դժվար է ընդունում ազգային մտածողությունից դուրս եկողներին: Նման դեպքերում անգամ հաշվի չեն առնվում մարդու իրավունքներն ու ազատությունները, որ ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ, իսկ թվացյալ ազգայինը «խնամվում» է նույն ատելությամբ ու հայհոյանքներով, ինչից դժգոհում են հենց իրենք՝ դաշնակցականները:
Արծվիկ Մինասյանն իր հարցազրույցում առավել շեշտադրված է շահարկել Արցախի թեզը. «..տևական ժամանակ է` ինչ հրապարակային կոչեր են հնչեցվում արցախյան ազատամարտի հերոսների նկատմամբ, հնչեցվում են հրապարակային սպառնալիքներ` արցախյան ազատամարտի խորհրդանիշ Պարգև սրբազանի հասցեին: Հնչեցվում են սպառնալիքներ՝ Արցախի նախագահի հասցեին, արցախյան պատերազմում մարտնչած հայորդիների հասցեին...»,-մասնավորապես նշել է Մինասյանը:
Նախ, սրանք անհասցե և ընդհանրացված մեղադրանքներ են, որոնց նպատակը տպավորություն ստեղծելն է, թե իբր, իշխանությունների հետ կապված կոնկրետ անձինք սպառնալիքներ են հնչեցնում Արցախի էլիտայի և հոգևորականության հասցեին, իսկ ՀՅԴ անդամները հակազդում են այդ անձանց՝ իրենց «ակցիայով»: Այսինքն, մարդուն ֆիզիկական բռնության ենթարկելը և այդ բռնությունը պաշտպանելը նրանք ներկայացնում են որպես քաղաքական ակցիա :
Հարկ է նշել, որ ժողովուրդն է ստեղծում հերոսի իր ընկալումը, և ժամանակի ընթացքում հերոսները կարող են փոփոխվել: Հետևաբար, շարունակ հերոսների՝ ավանդական ստեղծված կերպարին հղում անելը շեղում է հասարակությանը՝ նոր իրողություններում, նոր արժեքային համակարգով հերոսներ փնտրելու հնարավորությունից:
ՀՅԴ-ն իր գործողությունն անվանեց «ակցիա»: Բառ, որը ՀՀ քաղաքացիների համար, հատկապես հեղափոխական պայքարից հետո՝ շատ հոգեհարազատ է: Եզրույթն օգտագործվեց, որպեսզի հասարակությունն ընդունի այն պատրանքը, որ անզեն մարդուն հանկարծակի ֆիզիկական բռնության ենթարկելը քաղաքացիական պայքարի ձև է, եթե այն իրականացվում է հանուն ազգային արժեքների:
Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանը նշել են նաև, որ մարզերից ևս իրենց աջակցություն են հայտնում՝ այցելելով տեղի ոստիկանական բաժանմունքներ: Սա ևս մանիպուլյատիվ հնարք է՝ ցույց տալու համար, որ իրենց նախաձեռնությունը մասսայական է, իսկ ոստիկանական բաժին ներկայանալը համարձակ քայլ՝ ուղղված ազգայինի պահպանմանը:
Մինասյանը կոչ է արել իշխանություններին՝ օր առաջ վերջ տալ երկրում տիրող այս վիճակին, երբ առանձին անձանց կողմից հնչում են անհանդուրժողություն և թշնամություն սերմանող կոչեր: Տպավորություն է, թե գործադիրի ու օրենսդիրի օրակարգը պետք է լինի ֆեյսբուքյան առանձին օգտատերերի գրառումների կամ իշխանությունների հետ կապ չունեցող որոշ հրապարակային միջոցառումների ժամանակ հնչեցված խոսքերի գրաքննությունը: Իրականում, իշխանությունները բազմիցս դատապարտել են բռնության և ատելության յուրաքանչյուր խոսք, այդ հարցերը քննարկվել են նաև ԱԺ նիստերի ժամանակ:
Այսպիսով, ատելության դեմ բռնությամբ պայքարելու գործելաոճը ՀՀ Սահմանադրության, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, իսկ դրան աջակցելու կոչեր հնչեցնելը՝ հերթական կեղծ օրակարգի շրջանառում:
Ի հավելումն նշենք, որ ՀՅԴ՝ մայիսի 23-ի հանրահավաքի ժամանակ, Տարոն Տոնոյանն իր ելույթում ասել էր. «...չկա սեր և հանդուրժողականություն, կա բացահայտ ատելության մթնոլորտ, որը սերմանվում է ոչ թե հակահեղափոխականների, այլ իշխանությունների կողմից: Հայտարարում ենք, որ դաշնակցությունն արդեն ունի իր օրակարգը, որն է՝ լինել առանցքային ընդդիմություն, շտկել իշխանության սխալները, թույլ չտալ Ռուբիկոնն անցնել: Այսօր մենք եկել ենք դեղին քարտերով: Դաշնակցությունը դավադիր չի նստում և սպասում, որ իշխանությունը ձախողվի, որովհետև այս իշխանությունների ձախողումը մեր ժողովրդի, պետության ձախողումն է..»:
Փաստորեն, ՀՅԴ հայաստանյան կառույցի գործելակերպից և դիրքորոշումից պարզ է դառնում, որ անզեն մարդու նկատմամբ որպես հաշվեհարդար իրականացվող ֆիզիկական բռնությունը, եթե այն կատարվում է իր անդամների կողմից և հիմնավորվում է ազգային նպատակներով՝ տեղավորվում է սիրո և հանդուրժողականության հայեցակարգի շրջանակում:
Արփի Ավետիսյան
10-06-2019