ԴԵՏԵԿՏՈՐՆ առանձնացրել է «պատմության վերանայման անընդունելիության» թեզի՝ վերջերս ակտիվորեն շրջանառվող երեք օրինակ ու վերլուծել դրանք՝ պրոպագանդայի եւ պոպուլիզմի հատկանիշներ հայտնաբերելու տեսանկյունից։
ՀՀ եւ ՀՀԿ նախագահի պաշտոններն զբաղեցնող Սերժ Սարգսյանը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովում ունեցած իր ելույթում նշել է. «2015 թվականը Հայաստանի ժողովրդի համար խորհրդանշական է իր նորագույն պատմության երկու կարևորագույն իրադարձություններով. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Երկուսի հիմնական ուղերձն է՝ չմոռանալ մարդկային ողբերգությունները, դիմադրել պատմության վերանայման փորձերին և անցյալից դասեր քաղել՝ մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու նպատակով[1]»:
Երկրորդ օրինակը վերաբերում է ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը: Հեռուստահարցազրույցներից մեկում պարոն Շարմազանովը նշել է. «Ելքի» նախաձեռնությունը լավ կազմակերպված սցենար է, որպեսզի մենք հակադրենք մեր տարբեր ժամանակաշրջանների պատմությունը: Մենք ոչ թե պետք է հակադրենք խորհրդային հանրապետության, առաջին հանրապետության այսօրվա գործիչներին, այլ մենք պետք է ընդունենք իրենց ամբողջության մեջ իրենց պլյուսներով եւ մինուսներով… Վերանայումներն անհրաժեշտ են, բայց ամեն ինչը սեւացնել եւ ասել, որ եթե սա սովետական է՝ սա ջնջենք, մենք տենց տեղ չենք հասնի[2]»:
Եվ վերջապես, երրորդ օրինակն առնչվում է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի հայտարարություններին: Լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, ասել է. «Եթե թույլ տանք, որ ամեն հաջորդ սերունդը վերանայի ու մաքրագրի նախորդների պատմությունները, ապա մենք երբեք պատմություն չենք ունենա... Խորհրդային Հայաստանը եղել է ՀՀ նորագույն պատմության մեջ որպես էջ, երևույթ... Ոչ մի սուրբ քաղաքական գործիչ ինձ հայտնի չէ, բացի Վարդան Մամիկոնյանից, որը սրբացվել է Հայ Առաքելական եկեղեցու կողմից: Հետևաբար, կարող են լինել հարցեր, սակայն դա չի նշանակում, որ այդ էջը մեր պատմության մասը չէ[3]»:
ԴԵՏԵԿՏՈՐԸ, վերլուծելով նշված հայտարարությունները, եզրակացնում է՝ իշխող քաղաքական վերնախավն ապախթանում է հանրային երկխոսությունը, հանրային կարեւորություն ունեցող հարցի՝ ԽՍՀՄ քաղաքական ռեժիմի գնահատման շուրջ բանավեճը, չի խրախուսում քննադատական մտածողությունը, այլընտրանքային մոտեցումներ ունենալը։ Սովետական կուսակցական գործիչների գործունեության վերագնահատումը չխրախուսելը մտայնություն է առաջացնում, որ հակաիրավական գործունեւություն ծավալող ժամանակակից քաղաքական գործիչները եւս կարող են արդարացվել:
Ինչպես տեսնում ենք, հայտարարություններում օգտագործվում են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «պետք է դիմադրել», «ցանկանում են սեւացնել պատմությունը», «եթե թույլ տանք»: Հասկանալի է, որ, եթե կոչ անողն ասում է, որ որեւէ բանի «պետք է դիմադրել», ապա այդ բանը նա, բնականաբար, անհանդուրժելի երեւույթ է համարում։ Նման կոչ անողը, պարզ է, որ չի խրախուսի, որ հանրային քննարկում ծավալվի այնպիսի տեսակետների, մոտեցումների շուրջ, որոնց տարածմանը, ըստ վերջինիս, «պետք է դիմադրել»: Կամ բնական է, որ եթե քննադատելն ու դատապարտելը դիտարկվում են որպես «պատմության սեւացում», ապա դրանք չեն կարող խրախուսելի համարվել: «Եթե թույլ տանք» արտահայտությունը նշված համատեքստում ընթերցվում է որպես «պետք է թույլ չտալ»: Այս խոսքերը, հասկանալի է, որ արգելք են ենթադրում պատմության տարբեր դրվագները վերանայելու եւ վերագնահատելու համար:
Սերժ Սարգսյանի «պատմության վերանայման անթույլատրելիության» կոչում հստակ նկատվում է միտում՝ հանրությանը համոզել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի նկատմամբ խորհրդային շրջանում ձեւավորված վերաբերմունքի վերանայումն առնվազն անթույլատրելի է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը[4], Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը[5], Եվրոխորհրդարանն[6] ընդունել են որոշակի փաստաթղթեր, որոնցում հավասարեցվում են ստալինիզմն ու հիտլերիզմը, եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման պատասխանատվությունը դրվում է ինչպես Գերմանիայի, այնպես էլ՝ ԽՍՀՄ-ի վրա, ինչպես նաեւ՝ որ շատերը չափազանցված են համարում Երրորդ ռեյխին պարտության մատնելու գործում ԽՍՀՄ-ին ավանդաբար վերագրվող դերը, կարող ենք եզրակացնել, որ Սարգսյանը համոզում է հակադրվել եւ չթույլատրել այդպիսի մոտեցումների տարածումը: Խոսելով երկրի նախագահի դիրքից՝ Սերժ Սարգսյանը մարդկանց համոզում է չվերանայել ԽՍՀՄ պատմությունը, ինչը, հակառակը, խրախուսում են միջազգային հանրությունը, եվրոպական կառույցները։
Է. Շարմազանովի եւ Ա. Աշոտյանի խոսքերում ցանկություն է նկատվում հայ հանրությանը համոզելու, որ խորհրդային շրջանի հասարակական-քաղաքական գործիչները, պատմության այլ ժամանակաշրջանների գործիչների հետ մեկտեղ, հավասար վերաբերմունքի են արժանի եւ, որ անընդունելի է Հայաստանի պատմության խորհրդային շրջանի առանձնացումը նրա այլ շրջաններից: Քանի որ հայտարարություններն արվել են հայ բոլշևիկ գործիչների հասցեին հնչող քննադատությանը եւ նրանց դատապարտմանն ի պատասխան, ուրեմն, կարելի է պնդել, որ պրոպագանդվում է հետեւյալ գաղափարը՝ եթե հասարակական-քաղաքական գործիչն ազգությամբ հայ է եւ առանձին դրական բաներ է արել հայերի համար, թեկուզև՝ ազգի սուվերենության դեմ, ուրեմն, հակաիրավական, հաճախ նաեւ հակամարդկային իր գործունեությունը չպետք է խանգարի Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով նրա նկատմամբ հարգալից վերաբերմունք ունենալուն։
Է. Շարմազանովի եւ Ա. Աշոտյանի խոսքերում ԴԵՏԵԿՏՈՐԸ նկատել է նաև հետևյալ հնարքը՝ երբ դիմացինին խոսք, գաղափար է վերագրվում, կամ չափազանցվում է նրա ասածը եւ դրա հիման վրա դատողություն արվում։ Օրինակ՝ Արմեն Աշոտյանը, պատասխանելով փողոցների անվանափոխության նախագծի հեղինակներին, վերջիններիս մի բան է վերագրում, որը նրանք չեն ասել: «Ելքը» կամ նրա նախաձեռնությունը պաշտպանող որեւէ մեկը չի ասել, որ «Խորհրդային Հայաստանը մեր պատմության մի մասը չէ»։ Նախաձեռնության մեջ չկա դրույթ, որից կարելի կլիներ եզրակացնել, ինչպես ակնարկում է պարոն Աշոտյանը, որ վերջինիս ջատագովները պնդում են, թե կան սուրբ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ եւ որ միայն իրենց անուններով պետք է փողոցներ կոչել։ Նույնը կարելի է ասել պարոն Շարմազանովի խոսքի վերաբերյալ: Մասնավորապես, նշելով՝ «ամեն ինչը սեւացնել եւ ասել, որ եթե սա սովետական է՝ սա ջնջենք, մենք տենց տեղ չենք հասնի», Շարմազանովը նույնպես «Ելքի» նախաձեռնությանը եւ դրա համակիրներին վերագրում է խոսքեր, որոնք նրանք չեն ասել: Իրականում, փողոցների վերանվանման նախաձեռնության գաղափարական հիմքն այն է, որ անթույալտրելի է հակաիրավական, հակամարդկային արարքներ իրականացնող եւ (կամ) ժողովրդի սուվերենության կորստին տանող գործիչների նկատմամբ հարգանք տածելը՝ նրանց անվամբ փողոցների անունները պահպանելով:
Եզրափակելով՝ նշենք հետեւյալը՝ հայաստանյան քաղաքական վերնախավի տարբեր ներկայացուցիչներ, ի պատասխան իրենց հասցեին հնչող տարաբնույթ մեղադրանքների, հաճախ արդարանում են, թե ժողովրդավարեցումը երկար գործընթաց է, եւ, որ հանրության զգալի մասը դեռեւս չունի իրավական գիտակցություն։ Սույն վերլուծականով ցանկանում ենք ցույց տալ, որ ապախթանելով երկխոսությունը եւ բանավեճը, ըստ էության՝ աչք փակելով խորհրդային շրջանում կատարված հակաիրավական արարքների վրա, հենց քաղաքական վերնախավն է նպաստում հակադեմոկրատական գիտակցության խորացմանը։
Պատմության տարբեր դրվագների վերանայման, անցյալի քաղաքական գործիչների քննադատության ապախթանումը, դրանց մասին երկխոսության կանխումը նմանվում է իշխող (և իշխանական) տեսակետների պրոպագանդայի, որի դիմակայման ուղղությամբ աշխատանք պետք է տանի առաջին հերթին դեմոկրատական հանրությունը։ Կարծում ենք, որ այդ աշխատանքը, նախ պետք է իրականացվի նման հայտարարությունները չանտեսելու, պրոպագանդան բացահայտող հարցադրումներ առաջ քաշելու, ԽՍՀՄ պատմության օբյեկտիվ ուսումնասիրություն խթանելու եւ եղած ուսումնասիրությունները, փաստերը հանրայնացնելու միջոցով։
P.S. ԴԵՏԵԿՏՈՐԸ նաեւ առաջարկում է մի քանի հարց, որոնք հանրությանը կարող են օգնել վերոնշյալ պրոպագանդայի իրականացմանը դիմակայելու գործում։
· Դե՞մ եք այն պնդմանը, որ ԽՍՀՄ ստալինյան ժամանակահատվածի քաղաքական ռեժիմը մարդկության դեմ հանցագործություններ գործած տոտալիտար ռեժիմ էր։
· Եթե դեմ եք, ապա ինչպե՞ս եք բացատրում վերոնշյալը ապացուցող բազմաթիվ փաստերի գոյությունը եւ դրանց վերաբերյալ ձեւավորված քաղաքակիրթ աշխարհի վերաբերմունքը, որն արտահայտված է եվրոպական կառույցների մի շարք փաստաթղթերում։
· Եթե դեմ չեք, որ ստալինյան ռեժիմը տոտալիտար, մարդկության դեմ հանցագործություններ իրականացրած ռեժիմ էր, ապա ինչպե՞ս եք արդարացնում այդ ռեժիմին ծառայող բարձրաստիճան պաշտոնյաների հակաիրավական գործունեությունը։
· Ովքե՞ր են պատասխանատու գործած հանցանքների համար, եթե ոչ նրանք, ովքեր ի պաշտոնե պատասխանատու են այդ հանցանքների համար։
· Արդյո՞ք ազգությամբ հայ լինելը արդարացնող հանգամանք է հակաիրավական գործողություններ իրականացրած բարձրաստիճան պաշտոնյայի համար։
· Եթե առանձին լավ գործեր անելու համար կարելի է արդարացնել հակաիրավական գործողություններ, մարդկության դեմ հանցանքներ գործած պաշտոնյաներին, ապա, կարելի է արդարացնել նաեւ Ադոլֆ Հիտլերին, որի իշխանության օրոք կառուցված, օրինակ, հիանալի ավտոճանապարհները (ավտոբաները) մինչեւ հիմա անխափան ծառայում են ժողովրդին։
Հեղինակ՝ Էդգար Վարդանյան
[1] Տես՝ http://www.president.am/hy/statements-and-messages/item/2015/10/23/President-Serzh-Sargsyan-
[4]ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան բանաձեւի ռուսերեն թարգմանությունը տես հետեւյալ հղումով՝https://www.svoboda.org/a/1768840.html
[5]Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան բանաձեւի ռուսերեն տարբերակը տես հետեւյալ հղումով՝ https://www.coe.int/T/r/Parliamentary_Assembly/[Russian_documents]/[2006]/[Jan2006]/Res1481_rus.asp
[6]Եվրախորհրդի համապատասխան հռչակագիրը տես հետեւյալ հղումով՝ http://www.europarl.europa.eu/sides/getDoc.do?reference=P6_TA(2008)0439&language=EN