ՀԱՅԵԼԱՅԻՆ ՇԱՀԱՐԿՄԱՆ ԾՈՒՂԱԿՈՒՄ

...

Բաղադրություն

  • Հայելային շահարկման կիրառում
  • Անհիմն, անիրատեսական պնդումներ
  • Բուն նպատակի սքողում կամ մեղմացում (էվֆեմիզացիա)

 

 

Շուրջ 10 ամիս է ինչ սոցիալական մեդիայում և համացանցում թեժ քննարկման առարկա է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ճակատագրի հարցը: Չնայած դժվար է միանշանակ պնդել, թե նշված թեմայի շուրջ քննարկումներն իրականում քննարկումներ են: Ուշադիր հետևելու դեպքում կարելի է նկատել, որ հիմնավորումներն ու փաստարկումները դրանցում քիչ տեղ ունեն: Կողմ և դեմ հատվածները մեծամասամբ փոխանակվում են մեղադրանքներ և արդարացումներ պարունակող ուղերձների միջոցով: Ընդորում, ԿԳՄՍՆ-ն հաճախ հանդես է գալիս հենց արդարացողի կարգավիճակում:

Դետեկտորը կարծում է, որ քննարկման նման տարօրինակ միջավայրի ձևավորման հիմնական առիթը ԿԳՄՍՆ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն են` Հայոց եկեղեցու պատմությունը Հայոց պատմություն առարկայի շրջանակներում ինտեգրելու մասին: 30.10.2019թ News.am-ին տրված հարցազրույցում այժմ արդեն նախկին փոխնախարար Ա. Անափիոսյանը իմասնավորի ասում է հետևյալը. «Եթե մեր առջեւ դնում ենք խնդիր, որ աշակերտներն իմանան, կարևորեն ու հասկանան Հայոց եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ, տարբեր մասնագետների հետ խորհրդակցելով իմ կարծիքն է, որ այն լավագույնս կարելի է ներկայացնել հայ ժողովրդի պատմության առարկայի շրջանակներում»: Մեկ այլ հարցազրույցում, որը նույն ամսաթվով հրապարակել է Հայկական ժամանակը, Ա. Անափիոսյանը պնդում է հետևալը. «Ինտեգրված տարբերակով սովորեցնելը լավագույն մեթոդն է, որով կարող է մեր եկեղեցու դերն ու կարևորությունն արժևորվի հասարակությունում: Արհեստական առանձնացնելով՝ իրականում մեծ չարիք արեցին սովորողներին, որովհետև հիմա երեխաները նախ չեն պատկերացնում, որ դրանք նույն բանն են, և կան անվերջ բողոքողներ»: Այդուհետ` 04.11.2019 ֆեյսբուքյան լայվում վարչապետ Փաշինյանը պաշտպանեց ինտեգրման գաղափարը, հիմնավորելով թե. «աշակերտները միայն կշահեն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի` «Հայոց պատմություն» առարկայի մեջ ինտեգրելուց»: Ավելի ուշ՝ 10.07.2020թ. ԿԳՄՍՆ նախարար Ա. Հարությունյանը, Ազատության հետ հեռավար հարցազրույցում, հաստատեց նախկին փոխնախարարի դատողությունը. «Կոչ եմ անում չտրվել սադրանքներին, ձեր երեխաները անցնելու են Հայ եկեղեցու պատմությունը Հայոց պատմություն առարկայի շրջանակում, շատ ավելի բարձր որակով, դրանք անջատ չեն, դասաժամը չի կրճատվելու»:

Դետեկտորի կարծիքով` Հայոց եկեղեցու պատմությունը (այսուհետ` ՀԵՊ) Հայոց պատմություն (այսուհետ` ՀՊ) առարկայի շրջանակներում ինտեգրելու մասին որոշումը շահարկում է, քանի որ`

  1. Չնայած առարկաների անվանումներում «պատմություն» հասկացության օգտագործմանը, ՀԵՊ-ը և ՀՊ-ը հետապնդում են տարբեր ուսումնական նպատակներ ու խնդիրներ,
  2. ՀԵՊ-ը ՀՊ-ի մեջ ինտեգրելը անհնար է ՀԵՊ դասագրքերի մեծ մասի բովանդակությունը պահպանելու տեսանկյունից,
  3. Ինտեգրումը խնդիրներ է ստեղծում նաև  երկու առարկաների համար հատկացված ժամաքանակները միավորելու առումով:

Նախ՝ առաջին պնդման վերաբերյալ. 2012թ հրապարակված առարկայական չափորոշիչներում հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտների համար սահմանված ՀԵՊ -ի ուսումնական նպատակները էականորեն տարբերվում են  ՀՊ-ի համար 2019թ չափորոշիչների նախագծում՝ նույն դպրոցների շրջանավարտների համար սահմանված (վերջնարդյունքներ) նպատակներից։ Դրանք առնվազն երկուսն են

       ՀԵՊ-ի նպատակը առավելապես բարոյական-դաստիարակչական է, ՀՊ-ի նպատակը՝ մասնագիտական-իմացական։

       ՀՊ-ն միտված է գլխավորապես մտավոր որոշակի կարողություններ զարգացնելուն, իսկ ՀԵՊ-ը՝ գլխավորապես վարքագծային ու հոգևոր կարողություններ մշակելուն։

Անտեղյա՞կ են ԿԳՄՍՆ-ում նշված տարբերությունների մասին։ Իհարկե՝ ոչ։ ԿԳՄՍՆ նախկին փոխնախարար Ա. Անափիոսյանը, իր ավելի վաղ դիտարկումներում ՀԵՊ բովանդակությունը, մեր կարծիքով, արդարացիորեն համարում է քարոզչական և անհամատեղելի հանրակրթության հետ (1`3:02 -3:30; 2`00 – 1:00): Բացի այդ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ( այսուհետ՝ ՀԱՍԵ) ներկայացուցիչները պարբերաբար հիշեցնում են ՀԵՊ-ի՝ ՀՊ-ից տարբեր նպատակների մասին (1, 2)։ Երկու առարկաների նպատակների ու խնդիրների տարբերության մասին արտահայտվել են նաև ոլորտի այլ փորձագետներ։

Երկրորդ։ Նախորդ հոդվածում ցույց ենք տվել, որ ՀԵՊ դասագրքերի մեծ մասի բովանդակությունը պատմաքննական չէ։ Հետևապես ՀԵՊ-ը ՀՊ-ի մեջ ինտեգրելն անհիմն ու անիրատեսական է նաև բովանդակային առումով։ Ուշագրավ է, որ երբ ԿԳՄՍՆ-ին սկսեցին քննադատել ՀՊ-ի մեջ ՀԵՊ բովանդակության ու թեմատիկ ինտեգրման անհնարինության համար, հրապարակում հայտնվեցին ՀԵՊ-ից դուրս մնացած թեմաները այլ առարկաների մեջ ինտեգրելու խոստումները։ Հետո վերջիններիս քննադատները հանրությանը պարզաբանեցին (1, 2), որ նույնիսկ այդ դեպքում ՀԵՊ-ի բազմաթիվ կարևոր թեմաներ դուրս են մնում դասագրքերից։

Երրորդ: Երկու առարկաների ինտեգրումն անիրատեսական է նաև դրանց համար հատկացված ժամաքանակների միավորման տեսանկյունից։ Չնայած այդ հանգամանքին, ԿԳՄՍ նախարար Ա Հարությունյանը հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ ՀԵՊ «դասաժամը չի կրճատվելու»։ Այս շահարկումը նույնպես քննադատության արժանացավ «Ներկայումս «Հայոց պատմություն» առարկան հիմնական դպրոցում դասավանդվում է 204 ժամով, իսկ «Հայոց եկեղեցու պատմությունը»՝ 132 ժամով։ Միավորման պարագայում կստացվեր 336 ժամ, մինչդեռ ներկայացված նախագծում «Հայոց պատմությանը» հատկացված է 255 ժամ։ Ավագ դպրոցում «Հայոց պատմությունը» ներկայումս անցնում են 170 ժամով, «Հայոց եկեղեցու պատմությունը»՝ 68 ժամով։ Ներկայացված նախագծում «Հայոց պատմությանը» հատկացված է 172 ժամ, այսինքն՝ «Հայոց եկեղեցու պատմության» ժամերն «անհետանում» են․․․»: Նույն քննադատության մեջ խոսվում է նաև ինտեգրման հետևանքում մեկ կամ երկու դասաժամերի շրջանակում մի քանի խտացված թեմաներ ուսուցանելու անարդյունավետության մասին։

ՀԵՊ-ը ՀՊ-ի մեջ ինտեգրելու գաղափարի շահարկող բնույթը հաստատող մեկ այլ փաստ էլ այն է, որ ԿԳՄՍՆ պաշտոնյաները հրաժարվում են խոստովանել, որ, ըստ էության, այդ ինտեգրման հետևանքով ՀԵՊ-ը իբրև առարկա հանվում է հանրակրթական առարկայացանկից։ Տարբեր հարցազրույցներում լրագրողների՝ առարկան հանելու մասին ուղղակի հարցադրումներին տրվում են այդ հանգամանքը մերժող կամ խուսանավող պատասխաններ (1, 2Բայց միթե՞ նույն անվամբ առարկայի հետայսու չգոյությունը նույնական չէ առարկայի առհասարակ վերացմանը։ Ի վերջո, ինտեգրման հետևանքում ոչ թե նոր անվամբ (օրինակ «Հայ ժողովրդի և հայոց եկեղեցու պատմություն») առարկա է ստեղծվում, այլ մեկի անվանումը դուրս է գալիս, իսկ մյուսինը՝ մնում։ Ի հավելումն, դուրս եկող առարկայի հետ, դուրս են գալիս նաև նրա նպատակներն ու խնդիրները, բովանդակության և հատկացված դասաժամերի նշանակալի մասը։

Բայց վերոհիշյալ հանգամանքը չի խոստովանվում և հերթական արդարացումներին հետևում են հերթական քննադատությունները։ Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ ԿԳՄՍՆ-ն հայտնվել է պարբերական արդարացումների մի ծուղակում, որը իր իսկ շահարկման՝ էվֆեմիզացիա, հնարքի կիրառման հետևանքն է: Ուստի հարց է ծագում, թե ինչու՞ է (դիտավորյալ կամ ոչ) ԿԳՄՍՆ-ն դիմել այդ անհեռանկար շահարկմանը: Ինչու՞ նա ուղղակի չի հիմնավորել ՀԵՊ-ի թերությունները և հանրակրթական առարկայացանկում դրա գոյության աննպատակահարմարությունը: Ինչու՞ գոնե պնդում չի արել այլընտրանքային տարբերակի` ՀԵՊ-ի փոխարեն «Կրոնների պատմություն» (կամ «Կրոնագիտություն») առարկան մտցնելու մասին, որի վերաբերյալ նախկին փոխնախարար Ա. Անափիոսյանը, ի դեպ, ակնարկում է իր հարցազրույցներից մեկում: Ենթադրաբար, ՀԱՍԵ-ն դեմ է եղել այլընտրանքային տարբերակին և, տեղի տալով ՀԵՊ-ի դասագրքերի բովանդակությունը բարելավելու՝ ՀԱՍԵ –ի համառությանը, մյուս կողմից` զգուշանալով հանրության շրջանում դժգոհությունների ալիքից,  ԿԳՄՍՆ-ն փորձել է ՀԱՍԵ-ի շահարկումը  օգտագործել նրա իսկ դեմ: Ի մասնավորի, ՀԱՍԵ-ի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 28012020թմի հարցազրույցում արտահայտել է ՀԱՍԵ տարբեր ներկայացուցիչների կողմից բազմիցս կրկնվող այն մեկնաբանությունը, թե՝ «Հայ եկեղեցու պատմությունը ոչ ոք չի բաժանում հայ ժողովրդի պատմությունից: Դասագրքի (ՀԵՊ-ՆՄ) նպատակն էլ հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից բաժանելը չէ»։ Հետևապես, նախարարությունը հավանաբար շարժվել է սույն տրամաբանությամբ. եթե ՀԱՍԵ-ն համարում է, որ ՀԵՊ-ը ՀՊ-ից անջատ պատմություն չէ, ուրեմն առարկան էլ չի կարող անջատ լինել ՀՊ-ից, և ՀԵՊ-ը ՀՊ-ի մեջ ինտեգրելու մասին որոշում կայացնելով, կարելի է ազատվել ՀԵՊ առարկայից։  Այսինքն ԿԳՄՍՆ-ն դիտավորյալ դիմել է շահարկման մի հնարքի, որը կարելի է կոչել հայելային շահարկում: Հայելային շահարկման էությունն այն է, երբ շահարկման օբյեկտը շահարկողի կողմից կիրառվող մանիպուլիատիվ հնարքը կրկնօրինակում և վերաուղղում է շահարկողի դեմ։ Հենց այդ մանիպուլյատիվ գործողության հետևանքով էլ ԿԳՄՍՆ-ն հայտնվել է ծուղակային վիճակում:

Այսպիսով, ամփոփելով ամրագրենք հետևյալը. ԿԳՄՍՆ-ն արդարացիորեն սխալ համարելով ՀԵՊ առարկայի գոյությունը, ցանկացել է հանել այդ առարկան, սակայն, հավանաբար փորձելով մեղմել ՀԱՍԵ-ի և որոշ շրջանակների  հնարավոր դիմադրությունը, հռչակել է անիրատեսական, անհիմն նպատակ, այն է՝ ՀԵՊ-ը ՀՊ-ի մեջ ինտեգրելը: Այդպիսի ինտեգրումն իրականում անհնարին է, ինչը չէր կարող չգիտակցել նախարարությունը։ Ուստի ԿԳՄՍՆ-ի պնդումը, որ նա ցանկանում է ինտեգրել ՀԵՊ-ը ՀՊ-ի մեջ, շահարկող բնույթ ունի:

 

 

Նիկոլ Մարգարյան

18.08.2020