Ռոբերտ Քոչարյան անձի և նախագահի շուրջ զարգացումները Հայաստանում ինչ-որ փուլից ձևավորված քաղաքական համակարգի լավագույն բնութագրիչն են: 1998թ.-ից «միակ տղամարդու» ախտանիշով վարակված համակարգը բացահայտ ավտորիտար չէր դառնում` թերևս արտաքին աշխարհում ընդունելի մնալու համար միայն: Ներսում համակարգը բրգաձև էր, խաղի կանոնները` որոշակի. հավատարմությունը համակարգին խաղի մեջ մնալու միակ պայմանն էր:
Ակնհայտ է, որ «Մարտի 1-ի» անաչառ քննությունը տալու է բազմաթիվ, այդ թվում` համակարգային հարցերի պատասխաններ (այդպիսի ենթադրությունների հիմք տալիս են նաև մամուլի հրապարակումները), որոնք վերաբերելու են ոչ միայն Մարտի 1-ին: Որքան էլ ցավալի լինի, մարտի 1-ը հետևանք է ավտորիտարիզմի, քրեա-քաղաքական համակարգի բյուրեղացման, իշխանությունն ամեն գնով պահելու կամ այն «յուրայինին, ժառանգորդին» փոխանցելու՝ «նախկին համակարգի» ցանկության:
Համակարգային պատճառներն են, որ հասարակության մեծ մասին ստիպել են Ռ. Քոչարյանին ի սկզբանե թիրախավորել որպես մարտի 1-ի հիմնական պատասխանատու: Այն մարտի 1-ի, որը նախապատրաստվել է առնվազն մեկ տասնամյակ` 1998-2008թթ.: Ռ. Քոչարյանին որպես պատասխանատու դիտարկողները նրան համարում են նաև «Մարտի 1 ծնող համակարգի ճարտարապետ». սա ավելի խորքային ընկալում է (այս համատեքստում են 1998 և 2003թթ. կեղծված ընտրությունների մասին հարյուրավոր նյութերը): Տարընթերցումից խուսափելու համար նշենք, որ իրականում թիրախավորումն սկսվել է շատ ավելի վաղ, մինչև «Թավշյա հեղափոխությունը», իսկ հիմքում ընկած է համոզումը, որ բրգաձև, հիերարխիկ համակարգում հրահանգներ տալու իրավունք ունի միայն համակարգի գլուխը:
Այսպիսով, երբ խնդիրը դիտարկում ենք «Մարտի 1» համակարգի» տրամաբանությունում, ակնհայտ է դառնում, որ այն, ինչ այսօր արվում է իրավապահ համակարգի կողմից, ոչ թե 2008թ. մարտի 1-ի բացահայտում է, այլ մարտի 1 «ձևավորած համակարգի» բովանդակության բացահայտում՝ իրավունքի, նաև` իրավական պատասխանատվության տեսանկյունից: Համակարգային մոտեցումը խնդրին՝ նոր իրավիճակ է ստեղծում, քանի որ կտրուկ աճում է ոչ միայն «ճարտարապետի», այլ ամբողջ «կառույցի» գործողությունների իրավական գնահատականի հավանականությունը:
Նոր իրավիճակում, բնականաբար, աճում է մարդկանց թիվը, որոնք սկսում են գիտակցել «նախկին համակարգի» մաս լինելու վտանգավորությունը ոչ միայն քաղաքական ու բարոյական, այլ նաև՝ իրավական տեսանկյունից: Սրան նպաստում են նաև Ն. Փաշինյանի հայտարարությունները (անցումային արդարադատություն, թալանի վերադարձ, պատժի անխուսափելիություն):
Վ. Շիրխանյանի աղմուկ հանած նամակը Ռ. Քոչարյանին՝ պետք է դիտարկել այս համատեքստում: Վերլուծության արժանի է նամակի յուրաքանչյուր պարբերությունը, եթե հաշվի առնենք հեղինակի քաղաքական փորձառությունը: Նամակի որոշ հատվածներ, բազմաթիվ հարցեր բարձրացնելով, իրականում շատ կոնկրետ մանիպուլյացիաներ են:
Վերլուծենք հիմնական մանիպուլյատիվ պարբերություններից մեկը.
«1998թ. 30 մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59% և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73% ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41%՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ։»:
Տպավորություն է, որ հեղինակը «համակարգային պատասխանատվությունը» վերաուղղորդում է «անձերի պատասխանատվության» հարթություն: Հիշատակված անձերից երկուսը` Վ. Սարգսյանը, Կ. Դեմիրճյանը, արդեն չկան, իսկ Ռ. Քոչարյանը, որին մեղադրում է Շիրխանյանը՝ կալանավորված է:
Համակարգային տեսանկյունից խնդիրը դիտարկելու դեպքում, կարծես շարժառիթը պարզ է դառնում. Վ. Շիրխանյանը «նախկին» է` անկախ հասարակության` իր հանդեպ և իր` նոր իրավիճակի հանդեպ վերաբերմունքից և «նախկինում» եղել է «համակարգային էլիտայի» մաս, հետևաբար, եթե նույնիսկ չի կարողացել ազդել որոշումների վրա, տեղյակ է եղել դրանց մի մասի հակաիրավական բնույթի մասին: «Վ. Շիրխանյանը եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր («Հայոց Համազգային Շարժում» խմբակցության կազմում), հետագայում նշանակվել է պաշտպանության փոխնախարար (1995-99թթ.) (ընդգծումը հեղինակինն է)։ 1999-2000 թվականներին եղել է Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար»: Ժամանակի մամուլը շատ մանրամասն է անդրադարձել 1998թ. ընտրախախտումների տեխնոլոգիային ու մեխանիզմներին: Դրանք, դատելով նաև նամակի մեջբերված հատվածից, եղել են համատարած ու համակարգային:
Այժմ, փորձենք հասկանալ, թե ինչը, ում և ինչու է թիրախավորում Վ. Շիրխանյանը:
1. Անձեր. «Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59% և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ»։ Տպավորություն է, որ թիրախավորվում են միայն անձերը, մինչդեռ իրականում տրվում է համակարգի ախտորոշումը, քանի որ.
ա) համակարգը նախագահի թեկնածու է առաջադրել ռեյտինգ չունեցող մեկին և վերջինիս համար, «խոսքի ուժով» (՞) ապահովել շուրջ երեսուն տոկոս: Այստեղ դեռ որևէ հակաիրավական գործողություն չկա, հատկապես կիսաավտորիտար և ավտորիտար երկրներում նման դեպքերը բազմաթիվ են:
բ) սկսվում է ամենահետաքրքիրը. իրական քվեները (27%) ավելացվում են ավելի քան երկու անգամ, և տեղի է ունենում իշխանության բռնազավթում: Ինչպե՞ս, կամ ո՞ւմ թույլտվությամբ հարցերի պատասխանները չկան: Կարելի է ենթադրել, որ «ինքնահռչակման» հանցավոր, հակաիրավական բնույթը գիտակցելով՝ հեղինակը «հանում» է Վ. Սարգսյանին, (տես` համակարգը, այդ թվում`իրեն) բոլոր մեղքերը «բարդելով» Ռ. Քոչարյանի վրա. քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ: Դժվար է հավատալ. 27-ից մինչև 59 տոկոս ճանապարհն իրականում չափազանց երկար է մենակ անցնելու համար, եթե անցնողը նույնիսկ Ռ. Քոչարյանն է:
Այս հատվածից կարելի է բխեցնել ևս երկու եզրահանգում: Կամ Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո քաղաքական համակարգը փլուզված էր, որպես այդպիսին գոյություն չուներ և ձևավորվում էր ելման կետից, կամ` այն մտել էր «ավտորիտար» բյուրեղացման փուլ: Երկրորդ եզրահանգումը կարծես ավելի մոտ կարող է լինել իրականությանը:
2. Պարբերության երկրորդ հատվածը դարձյալ անձերի շեշտադրման վրա է կառուցվում. «Իսկ 73% ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41%՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով»։ Իրականում, նախորդ հատվածի նման, սա նույնպես համակարգի բնութագրում է. «բաժանվում են» պաշտոններն այն բանից հետո, երբ տեղի է ունեցել իշխանության փաստացի բռնազավթում: Վ. Սարգսյանին ու Կ. Դեմիրճյանին այս մասում թիրախավորելով, հետագա հատվածներում հեղինակը նշում է, որ Վ. Սարգսյանը հասկացել էր իրավիճակի վտանգավորությունը, ինչի արդյունքը եղավ Վ. Սարգսյան – Կ. Դեմիրճյան դաշինքը՝ խորհրդարանական ընտրություններում: Այս հայտարարությունը, սակայն, չի հանում այն պնդումը, որ գործ ունենք ավտորիտար համակարգի հետ, որի որոշումները անձերի ցանկության, այլ ոչ թե՝ Սահմանադրության շրջանակներում ընթացող քաղաքական գործընթացների արդյունք են: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում նամակից:
3. «Եվ իհարկե՝ խաբեցիր, ինչպես միշտ»: Իրականում, սա նույնպես համակարգի բնութագրում է. Վ. Սարգսյանը և քաղաքական էլիտայի այլ ներկայացուցիչներ համաձայնվել էին «խաբեբային» բերել Հայաստան, վստահել կարևոր պաշտոն (Ռ. Քոչարյանը նորելուկ չէր, հետևաբար շատերը պետք է իմանային, որ նա «խաբեբա» է): Այս օրինակով «ինքնաթիրախավորվում է» նաև Վ. Շիրխանյանը. Վ. Սարգսյանի մտերիմ փոխնախարարը չէր կարող գոնե մասամբ տեղեկացված չլինել:
Նամակի ընդամենը մեկ պարբերությունում, փաստորեն, Վ. Շիրխանյանը մի քանի անգամ դիմում է մանիպուլյացիայի:
Ինչո՞ւ:
Հարցի պատասխանը ենթադրությունների մակարդակում է, սակայն այդ ենթադրություններն այնքան էլ հեռու չեն իրականությունից, հատկապես՝ այսօրվա զարգացումների պայմաններում:
Ենթադրություն 1. Թիրախավորելով երեք մարդու` Վ. Սարգսյան, Կ. Դեմիրճյան և Ռ. Քոչարյան, նամակի հեղինակը վստահ է (հաշվի առնելով նրա քաղաքական փորձառութունը), որ առաջին երկուսի չափազանց բարձր հեղինակությունը բավարար է ու երկար կբավարարի, որպեսզի հատկապես՝ առաջինի պատասխանատվության խնդիրը օրակարգային չդառնա: Մնում է Ռ. Քոչարյանը: Եթե մինչև թավշյա հեղափոխությունը նրա պատասխանատվությունը քաղաքական ու բարոյական հարթությունում էր, ապա այսօր տեղափոխվում է իրավական հարթություն:
Ենթադրություն 2. «Միայն Ռ. Քոչարյանը». սա այն վիճակն է, որը ամենաձեռնտուն է համակարգի «բովանդակությունից» բխող գործողություններին (ընտրությունների կեղծում, ընտրակաշառք ու նման բաներ) մասնակից «նախկինների» համար, համենայնդեպս՝ նրանց, ովքեր գտնում են, որ Ռ. Քոչարյանը պետք է ենթարկվի պատասխանատվության: Իրականում սա ամենավտանգավոր մանիպուլյացիան է, որովհետև փոխում է / փորձում է փոխել գործընթացի բովանդակությունն ընդհանրապես՝ «նա հանցագործ է» ընկալումը դարձնելով «հանցագործը միայն նա է» ընկալում: Այս ընկալումից, իր հերթին բխում է այն, որ «այլ հանցագործներ» չկան, կան ընդամենը «մոլորյալներ»:
Եթե մշակութաբանական եզրույթ գործածենք, ապա տեղի է ունենում մեկ անձի «դեմոնիզացիա»՝ այլ ենթադրյալ «դեմոնների» արածն ու չարածը նրան վերագրելու ճանապարհով:
Հիմնական եզրահանգում. քննարկված պարբերությունը իրականում համակարգային երևույթը անձնավորելու, միայն անձնական պատասխանատվության հարթություն տեղափոխելու փորձ է: Ընդ որում, մանիպուլյացիաների օբյեկտ հանդիսացող անձերից երկուսը զոհվել են ողբերգական հանգամանքներում, իսկ հիմնական պատասխանատուն ձերբակալված է:
Այսպիսով, երևույթը որպես համակարգային չդիտարկելը հարյուրավոր «նախկինների» ուղղակի դուրս է դնում որպես «համամասնակից», «ընտրություն կեղծող», «ընտրություններ կեղծելու մասին իմացող, չհայտնող», «քաղաքական համակարգում վտանգավոր զարգացումների մասին տեղեկություն ունեցող, սակայն այդ տեղեկությունների վրա որևէ կերպ ազդել չկարողացող», լայն առումով` «ժողովրդավարությունը, իրավական պետությունն ու քաղաքացիական հասարակությունը որպես պետականաստեղծ արժեքներ անտեսողներ» ընկալվելուց:
«Հանցագործը միայն նա է» արտահայտությունը, այսինքն` իրավիճակը ոչ որպես համակարգային դիտարկելը, դառնում է յուրօրինակ փրկօղակ նախկին համակարգի հարյուրավոր ներկայացուցիչների համար (հիշենք, որ վերը բերված որոշ «զանցանքների» համար սահմանված է նաև քրեական պատասխանատվություն), այն դեպքում, երբ «նա հանցագործ է» (կամ «կասկածյալ», եթե առաջնորդվենք անմեղության կանխավարկածով) ձևակերպումը տեղ է թողնում ենթադրության համար, որ կարող են լինել այլ «հանցագործներ կամ կասկածյալներ» ևս:
Հեղինակ՝ Մխիթար Գաբրիելյան
08-04-2019