ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱԿԱԿՇԻՌ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԵՂԾ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

...

Բաղադրություն

  • Հարցի իրավական և քաղաքական բովանդակության ձևախեղում

 

 

ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրել է, որ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններից պարզ է դառնում, որ ՀՀ-ում մի շարք հանրային գործիչներ, ըստ էության, աղճատված պատկերացում ունեն ԱԺ-կառավարություն հանրային իրավական հարաբերությունների մասին: Մասնավորապես, նրանցից ոմանք դիտում են ԱԺ-ն որպես կառավարությանը քաղաքական հակակշիռ: Ուստի, իրենց հրապարակային խոսքերում լայնորեն շահարկում են սույն գաղափարը:

ԴԵՏԵԿՏՈՐԸ սույն «խոսելաոճում» գտել է մանիպուլյատիվ բնույթի մի շարք տարրեր, որոնք, ըստ էության, ձևախեղում են հարցի քաղաքական և իրավական բովանդակությունը:

 

Մեր հիմնավորումները

Պարզելու համար, թե արդյո՞ք ՀՀ Ազգային ժողովը հանդիսանում է քաղաքական հակակշիռ ՀՀ կառավարությանը, անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ սահմանադրաիրավական հարաբերությունների մեջ են գտնվում հանրային իշխանության տարբեր ճյուղեր ներկայացնող սույն մարմինները:

2015թ. հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Ազգային ժողովի բացառիկ իրավասությանն է վերապահվել վարչապետի նշանակման (149-րդ հոդվածի 1-ին մաս), կառավարության ծրագրի հաստատման (151-րդ հոդված), պետական բյուջեի ընդունման (110-րդ հոդված), վարչապետին անվստահություն հայտնելու (115-րդ հոդվածի 1-ին մաս), կառավարության կողմից օրինագծի ընդունման կապակցությամբ դրված վստահության (157-րդ հոդվածի 1-ին մաս) հետ կապված հարցերի լուծումը:  Այսինքն, նշված սահմանադրական փոփոխությունների շնորհիվ ՀՀ-ն դարձել է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություն, որտեղ գործադիր իշխանությունը ձևավորվում է Ազգային ժողովի կողմից և քաղաքական պատասխանատվություն է կրում նրա առջև: Ուստի, սահմանադրական կարգավորումների տրամաբանության շրջանակներում, քաղաքական առումով՝ կառավարությունն ինքնաբավ չէ, և չի կարող ծագել կառավարությանը՝ Ազգային ժողովի կողմից քաղաքական հակակշռման խնդիր: Այսինքն,  չի կարող լինել մի իրավիճակ, երբ հանրային իշխանության սույն մարմիններն ունենան միմյանց հակադեմ քաղաքական շահեր: Այս առումով, հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, վարչապետ է ընտրվում կայուն խորհրդարանական մեծամասնության (կամ կայուն կոալիցիոն մեծամասնության) ներկայացուցիչը (51+ → 54 տոկոս պատգամավորական տեղեր ունեցող ուժի կամ կոալիցիոն ուժերի): Այս հանգամանքը ևս փաստում է Ազգային ժողովի՝ կառավարությանը քաղաքական հակակշռման իրավական աննպատակության մասին: Այսպիսով՝ ակնհայտ է, որ Սահմանադրությունն ԱԺ կողմից կառավարությանը քաղաքական հակակաշռման խնդիր չի ձևակերպում:

Այլ է հարցը, երբ խոսքը հանրային իշխանության ճյուղերի միջև «զսպիչների-հակակշիռների» (checks and balances) հանրային-իրավական մեխանիզմի առկայության մասին է: Վերջինս առկա է յուրաքանչյուր դեմոկրատական պետությունում: Սույն «մեխանիզմը»՝ ձևակերպված իրավագետ Շ.Լ. Մոնտեսքյոյի կողմից, ոչ թե  հանրային-քաղաքական շահերի հարցերին է անդրադառնում, այլ՝ հանրային իշխանության ճյուղը իրականացնող մեկ մարմնի՝ մյուսի համեմատ գործառութային ինքնուրույնության, ինչպես նաև մեկ մարմնի՝ մյուսի կողմից գործառութային լիազորությունների հնարավոր «սեփականաշնորհման» կամ խոչընդոտման զսպման հարցերին : Սա, իհարկե, ինքնանպատակ չէ, քանի որ հանրային իշխանության ճյուղերի միջև հավասարակշռման պակասը կարող է հանգեցնել  դեմոկրատական կարգերին ուղղակի սպառնացող վտանգի ի հայտ գալուն : 

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հանրային իշխանության մարմինների կազմավորման, դրանց գործառույթների և լիազորությունների վերաբերյալ մի շարք կարգավորումներ հենց նշված «զսպիչների-հակակշիռների» մեխանիզմի տարրեր են: Այսպես, ԱԺ-կառավարություն փոխհարաբերության առումով հետաքրքրական կարող է լինել արտակարգ դրության հայտարարման կարգը: Սահմանադրության 120-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կառավարությունը սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին: Սակայն, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում, իրավունքի ուժով անհապաղ գումարվում է ԱԺ հատուկ նիստ:  Սույն նիստում ԱԺ-ն պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը (120-րդ հոդված, 3-րդ մաս): Կան նմանատիպ փոխադարձ հակակշռման և զսպման տարրեր պարունակող սահմանադրական կարգավորումների բազմաթիվ այլ օրինակներ ևս:

Այս ամենի քննարկումից ակնհայտ է դառնում, որ սահմանադրական կարգավորման տրամաբանությամբ, ՀՀ-ում Ազգային ժողովը որևէ դեպքում իր կողմից հետապնդվող քաղաքական շահի առումով հակակշիռ չէ կառավարությանը: Սակայն, դա չի նշանակում, որ ՀՀ-ում չկա փոխադարձ հակակշիռների և զսպիչների հանրային-իրավական մեխանիզմը: Ինչպես այլ դեմոկրատական երկրներում, այնպես էլ ՀՀ-ում, առկա է նման մեխանիզմ:

Այսպիսով՝ պնդումները, թե Ազգային ժողովը քաղաքական առումով հակակշիռ է կառավարությանը, ձևախեղում են սահմանադրական կարգավորումների տրամաբանությունը:

 

 

Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան

28-10-18