ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ և ՈՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՀԻՄՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

...

Բաղադրություն

  • Անհիմն քննադատություն

ԴԵՏԵԿՏՈՐԸ նկատում է, որ վերջին շրջանում կառավարությանն ուղղված քննադատության առաջնային թիրախներից մեկը ԱԺ-ում  ներկայացված ծրագիրն է։

Այդ քննադատություններից ԴԵՏԵԿՏՈՐՆ առանձնացրել և վերլուծել է խորհրդարանական ընդդիմության երկու ուժերի առաջնորդների հետևյալ հայտարարությունները. ԲՀԿ նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը մասնավորապես հայտարարել է. «Մի հատ կետ ցույց տվեք, որ 2019-2023  թվականը, որ որևիցե տեղ նշվածա, թե որ ոլորտում ինչքան գումար պետք է դրվի, առաջին կվարտալ, երկրորդ, չորրորդ և դրա դիմաց  ինչ պետք է ստանան։ Քաղաքական հեղափոխության համար անհրաժեշտ է, որ ժողովուրդն ունենա դուխ և կամք,  իսկ տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, փողի աղբյուրը, ժամկետը և մեխանիզմը, որը այսօր բացակայում ա»։

Ծրագրից նույնատեսակ դժգոհություն ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ում խոսքով՝ «ծրագիրը հնարավոր չէ մշտադիտարկման ենթարկել,  մեկ տարի հետո հնարավոր չի տեսնել՝մենք ուր ենք հասել», ինչպես նաև «ծրագիրը իրականացնողները հայտնի չեն»։

 

Այլ կերպ ասած, խորհրդարանական ընդդիմությունը քննադատում է կառավարությանն այն բանի համար, որ վերջինիս ներկայացրած ծրագիրը չի համապատասխանում ընդունված չափանիշներին։ Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները, սակայն, վկայում են, որ  վերոնշյալ քննադատությունը միանգամայն հիմնազուրկ է:

 

Մեր հիմնավորումները

 

ԴԵՏԵԿՏՈՐԸ սույն հոդվածում անդրադառնում է ոչ թե կառավարության ծրագրի բովանդակային քննադատությանը, այլ միայն վերոնշյալ հայտարարություններին, որոնք վերաբերում են ծրագրի կառուցվածքին, դրա չափելիությանը և այլն: Մենք փորձելու ենք պարզել՝ արդյոք ընդունելի է կառավարության՝ նման կառուցվածք, ոճ ունեցող ծրագիրն ընդհանրապես: Այս հարցին պատասխանելու համար շարժվել ենք հետևյալ տրամաբանությամբ. Հայաստանը Եվրամիության հետ կնքել է համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր և ձգտում է եվրոպական ստանդարտներին մոտեցնել իր օրենսդրությունը, վարչարարությունը և այլն։ Եթե Հայաստանի կառավարության ծրագիրը նման լինի  Եվրամիության անդամ դեմոկրատական երկրների ծրագրերին, նշանակում է՝ այն չի հակասում եվրոպական ընդունված ստանդարտներին, ուստի՝ ընդդիմության քննադատությունն անհիմն է: Սա իհարկե չի նշանակում, որ եվրոպական երկրների կառավարությունների ծրագրերը միատեսակ են, կամ չեն կարող թերի լինել և քննադատության ենթարկվել, սակայն, եթե դրանք ընդունվել են, նշանակում է՝   համապատասխանում են կառավարության ծրագրերին ներկայացվող՝ առնվազն նվազագույն չափանիշներին:

 

ԴԵՏԵԿՏՈՐԸ որպես օրինակ ուսումնասիրել  է եվրոպական երկու դեմոկրատական երկրների՝ Լիտվայի և Ռումինիայի կառավարությունների՝ վերջին տարիներին ընդունած ծրագրերը։ Համեմատական  դիտարկման համար ընտրել ենք վերոնշյալ երկու երկրները,  քանի որ դրանք Եվրամիության՝ առավել զարգացած տնտեսությամբ և ժողովրդավարությամբ երկրների լիգային հասնելու  համար բազմաթիվ խնդիրներ  ունեն լուծելու և այդ առումով նմանվում են ներկայիս Հայաստանին։ Ուսումնասիրելով տնտեսապես ավելի զարգացած Լիտվայի  և պակաս զարգացած Ռումինիայի օրինակները՝ ԴԵՏԵԿՏՈՐԸ խնդիր է դրել պարզել. արդյո՞ք այդ երկրների կառավարությունների ծրագրերում առկա են մեխանիզմներ,  տարեկան պլանային կատարողականներ և թվային այնպիսի տվյալներ,  որոնց բացակայության համար քննադատվում է մեր կառավարության ծրագիրը և ըստ այդմ՝  որոշել, թե որքանով են հիմնավոր ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ հնչեցվող քննադատությունները։

 

Օրինակ՝ Լիտվայի 2016 թվականի ծրագիրը, որը 156 էջանոց ծավալուն փաստաթուղթ է, սկսվում է խոստովանությամբ, թե բռնությունը, արտագաղթը, աղքատությունը խոչընդոտում են Լիտվայի քաղաքացիների երջանկությանը: Ապա լիտվական կառավարության ծրագիրը ներկայացնում է, թե ինչպես է պատկերացնում այս խնդիրների լուծումը՝ առաջարկելով «հինգ ներդաշնակ հիմունքների սկզբունքը». ներդաշնակ անհատ, ներդաշնակ հասարակություն, ներդաշնակ կրթություն և մշակույթ, ներդաշնակ տնտեսություն և կառավարում։ Լիտվայի կառավարությունն իր  հիմնարար նպատակը համարում է ներդաշնակության պահպանումը՝ առանց թվերի, իրականացնողների անունների, մեխանիզմների և ժամանակացույցերի։ Փոխարենը, ոլորտային հարցերին վերաբերող հատվածներում, Լիտվայի կառավարությունն իր ծրագրում ավելի շատ գործածել է խոստում արտահայտող բայեր՝  մենք կուսումնասիրենք, կխրախուսենք, կնորոգենք, կաշխատենք, կավելացնենք, կամրացնենք, կապահովենք, կաջակցենք, կբարելավենք և այլն։

ԴԵՏԵԿՏՈՐԻ ուսումնասիրած մեկ այլ՝ Ռումինիայի կառավարության 2015-ի ծրագրում, նույնպես բացակայում են հայաստանյան նոր կառավարության քննադատների կողմից հնչեցված պահանջներին համապատասխանող դրույթները։ Ռումինիայի կառավարության կողմից ընդունված ծրագիրն ավելի շատ քաղաքականության ուղղության և առաջնահերթությունների գծանշում է,  քան կոնկրետ թվերի և ժամկետների հաշվարկ։ Ռումինացիներն իրենց ծրագրում նույնպես խոստանում են օպտիմալացնել, բարելավել, ամրապնդել, պարզեցնել, աջակցել առանց հստակ նշելու՝ երբ, ովքեր և ինչպես։ Ռումինիայի կառավարության ծրագրի հասանելի տարբերակը պարունակում է ընդամենը 9 թիվ, որոնցից միայն մեկն է հստակ տոկոսային խոստում, այն է՝ մինչև 2020 թվականը վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացված էներգիայի սպառումը հասցնել 24 տոկոսի:

 

Լիտվայի և Ռումինիայի ծրագրերի օրինակներն, իհարկե, եվրոպական երկրների կողմից միակ ընդունելի ձևաչափը չեն։  Այդպիսի ծրագրերի կողքին կարելի է դիտարկել օրինակ՝ Նիդեռլանդների և Բելգիայի թագավորությունների կառավարությունների ծրագրերը, որոնք պարունակում են մանրակրկիտ հաշվարկներ և ակնկալվող արդյունքների կանխատեսումներ:

Վերջիններիս չափելիությունը մեծ է,  հնարավոր է փուլ առ փուլ դիտարկել կատարողականները։ Սա նշանակում է, որ Եվրամիությունում գոյություն ունեն և' այսպես կոչված՝ «տեսլական-ծրագրեր», և' «կատարողական-ծրագրեր»։ Այսինքն, երկուսն էլ ընդունելի են ժողովրդավարության ուղին բռնած երկրների համար։ Փաստորեն, մեր կողմից դիտարկված հայտարարությունների հեղինակները ծրագրի միայն երկրորդ տարբերակն են համարում «ճիշտ», այնինչ, ինչպես ցույց տվեցինք վերևում, ծրագրերի երկու տեսակներն էլ կարող են համարվել «ճիշտ» և եվրոպական ստանդարտներին համահունչ: Ուստի, հնչող մեղադրանքները, որ ՀՀ կառավարության ծրագիրը  չի համապատասխանում «ճիշտ» ծրագրի չափանիշներին, անհիմն են:

 

 

Հ.Գ. Ի դեպ, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2013, 2014, 2016 թվականների ծրագրերում առկա են բազում խոստումներ՝ արտահայտված թվային, տոկոսային տվյալներով, հստակ նշված են նաև դրանց հասնելու մեխանիզմները։ Օրինակ՝ նախկին կառավարությունը խոստանում էր 2013-2016  թվականների ընթացքում «զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի միջոցով, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, նվազագույն աշխատավարձ/աղքատության գիծ հարաբերակցության առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,  աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով, 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում»  և շատ ու շատ ավելի օգտակար գործեր։ Սակայն, այդ հիմնական դրույթները և խոստումները այդպես էլ կյանքի չկոչվեցին և չիրագործվեցին։

 

Հեղինակ՝ Էլինա Չիլինգարյան

03-03-2019

Լուսանկարը՝ ԱԺ պաշտոնական կայքից