«Ժողովուրդ» օրաթերթը 08.03.2019թ. հրապարկել էր մի հոդված, որում մասնավորապես նշված էր. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատերազմ է հայտարարել առողջապահության համակարգի նախկին և ներկա պաշտոնյաներից շատերին: Միգուցե նախարարը որոշել է հեղափոխություն իրականացնել առողջապահական ոլորտում, բայց համակարգում նրա գործողությունները շատերը համարում են, ոչ ավել, ոչ պակաս, «գործ տալ»: Եվ այսպես` երեկ հայտնի դարձավ, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը: Նախաքննությամբ պարզվել է, որ Վահան Պողոսյանը 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2016թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի` ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլյոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառում նախարարության աշխատանքները համակարգող տեղակալի պաշտոնը, առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Վերջինս 2019թ. մարտի 7-ին ձերբակալվել է նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով: … Այս իրավիճակում ինչն է առավել մտահոգիչ: Բանն այն է, որ ՀՀ առողջապահության նախարարն առաջին անգամ չէ, որ, մեղմ ասած, գործ է տալիս առողջապահական համակարգի ներկա ու նախկին պաշտոնատար անձանց դեմ»:
ԴԵՏԵԿՏՈՐԸ սույն հոդվածում նկատել է լրատվամիջոցի կողմից մնացուկային արժեքների շահարկման, ապօրինության անուղղակի քարոզի, հակաիրավական լեզվամթերքի տարածման, անհայտ «շատերին» որպես հեղինակություն վկայակոչելու մանիպուլյացիոն հնարքների կիրառում:
Մեր հիմնավորումները
Քրեաիրավական ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումների տրամաբանությամբ՝ պարսավելի արարք է համարվում հանցանքի մասին իմանալն ու չհայտնելը: Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածով նախատեսված է առանձին հանցակազմ՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստման մասին իմանալու և չհայտնելու համար: Իսկ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածով նախատեսված է հանցակազմ՝ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին իմանալու և չհայտնելու համար (ինտելեկտուալ պարտակում): Այսպիսով, ՀՀ իրավական համակարգում առկա չէ հանցագործության մասին չհայտնելու տրամաբանություն, հակառակը՝ հանցագործության մասին չհայտնելը պարսավելի, քրեորեն պատժելի արարք է համարվում: Ավելին, «գործ տալ» արտահայտության կիրառումն, ինքնին, անընդունելի է իրավական դիսկուրսում, և որոշ լրագրողների կողմից նման բառապաշարի օգտագործումը խոսում է նրանց ցածր իրավագիտակցության մասին:
Հանցագործության մասին չհայտնելը կամ հանցակցին չբացահայտելը լայնորեն կիրառվում է քրեական ենթամշակույթում: Այդ ենթամշակույթի կանոններին համաձայն՝ «գործ» տվողն այլևս «իրենցը» չէ և պետք է պատժվի քրեական ենթամշակույթի կանոնների ամենայն խստությամբ, ընդհուպ՝մահապատժով:
Անհրաժեշտ է նաև նշել, որ բարձր իրավագիտակցություն և իրավական մշակույթ ունեցող հանրույթներում հանցագործության մասին չհայտնելը ասոցացվում է իրավական անգրագիտության, իրավական գիտելիքների ցածր մակարդակի հետ: Իրավական մշակույթ ունեցող հանրույթներում ցածր իրավագիտակցության պրոպագանդան հանդիպում է հասարակական լուրջ դիմադրության: Հայաստանում, նույնիսկ հեղափոխությունից հետո, դեռևս նման ցածր իրավագիտակցության հետևանք մնացուկային արժեքների միջոցով որոշակի շրջանակների կողմից իրականացվում է հանրային կարծիքի մանիպուլյացիա՝ հիմնված «գործ տվող» և «գործ չտվող» տարանջատման վրա:
«Ժողովուրդ» օրաթերթի վերոնշյալ հոդվածում մնացուկային արժեքների շահարկումից զատ առկա է նաև ապօրինության անուղղակի քարոզ: Օրաթերթն, ըստ էության, «գործ տալ» է համարում հանցագործության մասին հայտնելը: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում քննարկման առարկա դարձած գործը հատկանշական է նրանով, որ Վահան Պողոսյանը մեղադրանքի մի դրվագով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու մեջ: Այդ արարքի համար ազատազրկման ձևով առավելագույն պատժաչափը գերազանցում է 5 տարին, որը ՀՀ քրեական օրեսնգրքի 19-րդ հոդվածի համաձայն համարվում է ծանր հանցագործություն: Այսպիսով, եթե նախարար Արսեն Թորոսյանն աչքակապություն աներ հայտնաբերված չարաշահումների մասով, ապա այդ իսկ փաստով նա հանցանք կատարած կլիներ, քանի որ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք պարտակելը, ինչպես արդեն նշեցինք, քրեորեն պատժելի արարք է:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի այն պնդումը, որ թեև Արսեն Թորոսյանը որոշել է հեղափոխություն կատարել ոլորտում, սակայն համակարգում շատերը համարում են դա «գործ տալ»՝ հարիր չէ պատասխանատու լրագրությանը և պարունակում է քրեական ենթամշակույթի բարքերի շահարկում ու ապօրինության անուղղակի պրոպագանդա:
Հոդվածագիրը հղում անելով անորոշ մի խմբի՝ «շատերին», ու նշելով, որ այդ «շատերը» համարում են Թորոսյանին «գործ տվող», ըստ էության, վկայակոչում է «շատերին» իբրև հեղինակություն («շատեր» բառն ինքնին կարող է ծանրակշռություն հաղորդել) և դրանով իսկ փորձում արդարացնել լրագրողի համար ոչ պատշաճ բառամթերքի օգտագործումը:
ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրում է, որ իրավական պետություններում դեմոկրատական արժեքների և մարդու իրավունքների արժեքային համակարգի տարածման հարցում մեծ է լրագրության՝ իբրև հասարակական վերահսկող օղակի դերը: Տարածելով հակաիրավական գաղափարաբանություն՝ լրատվականը կորցնում է հասարակական վերահսկող օղակի դեր ստանձնելու իր հնարավորությունը՝ հարված հասցնելով դեմոկրատական արժեքների և մարդու իրավունքների արժեքային համակարգի կայացմանը:
Ի դեպ, ամերիկյան խոսքի ազատության պրակտիկայում առկա «shouting fire in crowded theater» մետաֆորիկ կանոնը, «Brandenburg v. Ohio, 395 U.S. 444 (1969)» ԱՄՆ Գերագույն դատարանում քննված գործով Գերագույն դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ խոսքի ազատության պաշտպանության տակ չեն ընկնում ապօրինության հրահրող կամ դրդող խոսքերը: Դետեկտորը գտնում է, որ այս սկզբունքի կիրառումը առավել քան արդիական է նաև ժամանակակից Հայաստանում:
Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան
24-03-2019