ՇԱՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԵՅՍԲՈՒՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ

...

Բաղադրություն

Շահարկման մի քանի դրսևորումների առումով սոցիալական մեդիան՝ հանձին Ֆեյսբուք սոցիալական ցանցի, և ավանդական մեդիան՝ հանձինս լրատվական էլեկտրոնային կայքերի և տպագիր ու աուդիո-վիդեո միջոցների, իրարից շատ չեն տարբերվում։ Ինչպես նկատում են ոլորտի փորձագետները՝ առավել հաճախ շահարկման ենթարկվող թեմաները երկու միջավայրերում էլ նույնն են՝ ազգային անվտանգության հիմնախնդիրներ, սեռական փոքրամասնությունների իրավունքներ, եկեղեցու դերի կարևորում։ Կարող ենք հավելել նաև բարեկեցության մակարդակի բարձրացումը և արտագաղթի միտումների կրճատումը։ Այդ թեմաները, ըստ Գայանե Աբրահամյանի՝ առավել շահարկվողներն են շատ երկրներում (Ֆրանսիա, Ավստրիա, Շվեդիա և այլն)։ Ավանդական լրատվամիջոցներից շատերն այսօր իրենց օգտահաշիվներն ունեն Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ տեղադրում են նույն  արտադրանքը, որը  ստեղծում և տարածում են սոցիալական ցանցից դուրս գտնվող իրենց լրատվական միջոցներում։ Բնականաբար, շահարկման շատ հնարքներ, որոնք օգտագործվում են Ֆեյսբուքից դուրս ստեղծած բովանդակություններում /կոնտենտ/, մեքենայաբար տեղափոխվում են նաև Ֆեյսբուք սոցիալական մեդիայի միջավայր։

 Սոցիալական ցանցը շահարկումների ծավալը մեծացնելու,   շահարկման ավելի շատ հնարքներ օգտագործելու, ինչպես նաև՝ շահարկումներն ավելի արագ տարածելու հնարավորություններ է ապահովում։  Ֆեյսբուք սոցիալական ցանցում իհայտ են գալիս նաև շահարկման նոր հնարքներ, որոնք բացակայում կամ գրեթե աննկատ են ավանդական լրատվամիջոցներում։

Շահարկումների ծավալի մեծացումը Ֆեյսբուք սոցիալական ցանցում պայմանավորված է մի շարք սահմանափակումների բացակայությամբ, որոնք առկա են ավանդական լրատվամիջոցներում և կարգավորվում են Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքով (2003թ) և ներքին գրախոսության չափանիշներով։ Փորձագետներն այդպիսի սահմանափակումներ են դիտարկում տեղեկույթի բովանդակության մեջ ապատեղեկատվության, չփաստարկված տեղեկությունների, վարկաբեկման, բռնության կոչերի, խտրական քարոզչության համար պատասխանատվություն կրելը, դրանց բողոքարկման դեպքում՝ հերքում տեղադրելը։ Սրանք սկզբունքներ են, որոնք Ֆեյսբուք սոցիալական ցանցում չեն պահպանվում։ Մեծ մասամբ, իհարկե այն պատճառով, որ դրանց պահպանումը կապված է որոշակի դժվարությունների հետ։ Օրինակ՝ խտրականության քարոզ պարունակող գրառումը բողոքարկելու և հեռացնելու համար բավականին մեծ ջանքեր են պահանջվում,հատկապես հայալեզու գրառումներում,, որոնց մեջ խտրականության առկայությունը ֆեյսբուքյան ալգորիթմը դժվարությամբ է նույնականացնում։ Մեդիա հետազոտող Սամվել Մարտիրոսյանը դժգոհում է, որ, այնուամենայնիվ,  մարդասիրական որևէ գրառում կամ  գրառման հեղինակ օգտատերը կարող է հեռացվել Ֆեյսբուքից՝ մի քանի հարյուր այլ օգտատերերի՝ անհիմն ու զպարտող բողոքների արդյունքում։ 

Ֆեյսբուքում նաև զրոյանում է բովանդակություն ստեղծողի արհեստավարժության նկատմամբ պահանջը։ Ով ցանկանում է՝ գրում է, ինչ բառապաշարով և գրագիտությամբ ցանկանում է՝ գրում է։ Այստեղ գրեթե ջնջվում են լրագրողի և ոչ լրագրողի սահմանները։ Բոլորը դառնում են մեդիա բովանդակություն արտադրող։ «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լ Բարսեղյանի դիտարկմամբ՝ ֆեյսբուքը մի մեծ լրատվական կայք է, որտեղ բոլորս գրում և աշխատում ենք Ցուկեռի (Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի-ՆՄ) մոտ։ Մշակութային մարդաբան Ա Թադևոսյանի դիտարկմամբ՝ նախկինում լրագրողին կամ հոդվածագրին կարգավիճակ էր տալիս լրատվամիջոցը՝ իր հարթակում հրապարակվելու և կարծիք հնչեցնելու համար հնարավորություն ընձեռելով։ Իսկ այսօր Ֆեյսբուքը բոլորին է կարգավիճակ տալիս։ Ըստ իս, այդ հանգամանքով է պայմանավորված նաև այն, որ այսօր Ֆեյսբուքում պարբերաբար գրառումներ կատարող շատ օգտատերեր ավելի հայտնի են, քան ավանդական լրատվամիջոցներում փաստարկված և համակողմանի վերլուծականներով հանդես եկող փորձառու հոդվածագիրները։

Մեկ այլ խնդիր է կոնկրետ դեպքերում տեղեկույթի բովանդակությունն ու դրա աղբյուրը ստուգելու և հղելու հնարավորության բացակայությունը, ինչը բացառվում է ավանդական լրատվամիջոցների պարագայում, սակայն Ֆեյսբուքյան գրառումները կարող են բազմիցս խմբագրվել կամ օգտատերերի կամքով հեռացվել իրենց էջերից։ Նման դեպքերում կատարվածը ամրագրելու կամ բողոքարկելու այլ տարբերակ չի մնում, քան,  օգտատերերի էջերում տեղադրված նյութերը հընթացս լուսանկարելը (սքրինշոթ), ինչը, միշտ չէ, որ արվում է։ Մյուս կողմից, ինչպես քաղաքագետ Էդգար Վարդանյանն է կարծում՝ Ֆեյսբուքում շահարկումը մեծ ծավալ ունի, որովհետև ենթակա չէ հանրային այնպիսի վերահսկողության, ինչպես ավանդական մեդիայի պարագայում է։

Ավանդական և սոցցանցային մեդիայի տարբերություններից մեկն էլ Ֆեյսբուքի օգտատերերի՝ բախումների նկատմամբ ծայրահեղ զգայունակ լինելն է։ Այստեղ շահարկումներն արագ արձագանքման, նաև օգտատերերի պրոֆիլների արագ նույնականացման շնորհիվ, հրահրում են հաճախակի և ծայրահեղ բախումներ, որոնց շարունակությունը երբեմն տեղափոխվում է իրական տարածք։ «Փաստերի ստուգման հարթակի» փորձագետ Հ Նազարեթյանի պատկերավոր դիտարկմամբ՝ «Ֆեյսբուքում բախումներն ավելի հաճախ ու առանց ձեռնոցի են։ Իսկ լրատվական կայքերում  բախումները ձեռնոցներով են»։ 

Ֆեյսբուքյան վերոհիշյալ «անսահմանափակությունները», իրենց հերթին, հակադարձ կերպով ազդում են ավանդական լրատվամիջոցների բովանդակության վրա։ Դա տեղի է ունենում երկու եղանակով՝ անուղղակի և ուղղակի։ Նախ՝ ընդհանուր մեդիա տիրույթում Ֆեյսբուքը գնալով ավելի մեծ հեղինակություն և ազդեցություն է ձեռք բերում, և իրադարձությունների ու դրանց մեկնաբանությունների զգալի մասին լսարանը ծանոթանում է հիմնականում սոցիալական ցանցի միջոցով։ Այդ միտումը հաշվի առնելով՝ ավանդական լրատվամիջոցներն իրենց օգտահաշիվներն են ստեղծում Ֆեյսբուքում։ Իսկ որոշ լրատվամիջոցներ (փորձագետներից ոմանք դրանց կոչում են «սունկ» լրատվամիջոցներ, ուրիշները՝ «ֆեյք» լրատվամիջոցներ կամ պայմանական լրատվամիջոցներ) հիմնվում են հենց Ֆեյսբուքում։ 

Ավանդական լրատվամիջոցների սկզբունքների ու բովանդակության վրա Ֆեյսբուքի ուղղակի ազդեցությունն ակնառու է հետևյալ միտման մեջ գնալով ավելի մեծանում է ավանդական այն լրատվամիջոցերի թիվը, որոնք իրենց բովանդակության մեջ ներառում  են ֆեյսբուքյան գրառումները և Ֆեյսբուքում ծավալվող իրադարձությունները։ Օգտվելով այս միտման առավելություններից, որոշ լրատվական կայքեր իրենց քարոզչական քաղաքականությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով՝ իրենց մեդիա բովանդակությունը ստեղծում են Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ տարբեր հոդվածագիր օգտատերերին պատվեր իջեցնելով, իսկ հետո այդ բովանդակությունը տեղափոխում են իրենց լրատվական կայքերի էջեր։ Հենց այդ միտումը նկատի ունենալով՝ մեդիա փորձագետ Գոռ Մադոյանը պնդում է, որ այսօր լրատվական տարբեր կայքեր դարձել են Ֆեսյբուքի տրանսլյատորներ։ Ֆեյսբուքի բովանդակության փոխանցմամբ զբաղվող լրատվական կայքերն այսօր հաճախ ավելի մեծ լսարան ունեն, քան տակավին ավանդական սահմանափակումներով առաջնորդվող լրատվական կայքերը։ Օրինակ՝ «blognews.am»-ը Ֆեյսբուքում ունի շուրջ 500000 –ի հասնող հետևորդներ, այն դեպքում, երբ «hetq.am»-ի բաժանորդների թիվը չի հասնում 200000-ի, իսկ հետխորհրդային Հայաստանում հիմնադրված ամենահին լրագրերից մեկի՝ «Առավոտի» օգտահաշվի («aravot.am»-ի) հետևորդների թիվը հազիվ մոտենում է 260000-ի սահմանին։ 

 Ֆեյսբուքի ընձեռած այս հնարավորությունները հաշվի առնելով՝ տարբեր կազմակերպություններ և օգտատերեր սոցիալական այս ցանցում հայտնի դարձած օգտահաշիվներ են գնում և իրենց հրապարակումները տարածում  դրանց միջոցով։ Օրինակ՝ վերջերս գնվել էր «Պարույր Սևակ» օգտահաշիվը։ Բայց, քանի որ անունը և բովանդակությունը կտրուկ փոխելՖեսյբուքը չի թույլատրում, գնորդն այն վերանվանվել էր՝ «Պարույր Սևակ նյուզ»։ )) Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր երկու էջ են պահում՝ պրոֆիլն ու  նոր բացված էջը, որոնցում կիսում են իրենց գրառումները՝ այդպիսով ապահովելով գրառումների առավել լայն տարածում։ Մյուս կողմից՝ հայտնի օգտատերերի անուններով բացվում են բազմաթիվ ֆեյք էջեր, որոնցում լրիվ հակառակ բովանդակությամբ և հակաքարոզչություն պարունակող տեղեկություններ են տարածվում։ Օրինակ՝ «Դուխով Հայաստան» օգտատերն իր էջում տարածել էր բռնություն իրականացնելու կոչեր, ինչը բարեբախտաբար հեռացվել էր՝ Ֆեյսբուքի ղեկավարությանը՝ «Փաստերի ստուգման հարթակի» կողմից ուղղված բողոքների հետևանքում։ Ս Մարտիրոսյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այսօր որոշ օգտատերեր վաճառում են իրենց օգտահաշիվները, ինչի  ականատեսն է եղել «list.am»-ում տեղադրված մի քանի հայտարարությունների օրինակով։ Անշուշտ, չի բացառվում, որ այդ օգտահաշիվները նույնպես կարող են դառնալ շահարկումների ու հակաքարոզչության հարթակներ։ Ֆեյսբուքում շահարկումների տարածման համար նոր հարթակներ ստեղծելու եղանակներից մեկն էլ՝ պարզ գաղտնաբառեր ունեցող օգտահաշիվները կոտրելն է, ինչն իրականացում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հաքերները։ Ս Մարտիրոսյանը նշում է, որ ազերի հաքերները վերջերս հայ օգտատերերի կոտրած օգտահաշիվների՝ շուրջ 10000–ի հասնող ցանկ(եր) են հրապարակել։

Անհերքելի փաստ է, որ սոցիալական ցանցերի հայտնվելով՝ մի կողմից ավելի հասանելի է դարձել տեղեկատվությունը, մյուս կողմից գրեթե անհնար է դարձել դրանից խուսափելը։ Ցանկացած ժամի ֆեյսբուքյան մեր էջը մտնելիս՝ անկախ մեր կամքից  առերեսվում եք տարբեր տեղեկությունների, որոնցով հագեցած է մեր լրահոսը։ Ընդ որում, որոշներն ավելի հաճախ են հայտնվում, քան՝ մյուսները։ Դեռ երկու տասնամյակ առաջ, մեր երկրում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների մասին հնարավոր էր տեղեկանալ ֆորմալ տեղեկատվական աղբյուրներից (հեռուստաալիքներ, տպագիր ու էլեկտրոնային թերթեր)՝ դրանց հայտնվելուն սպասելով, համացանցում դրանց դոմենները որոնելով կամ տեղեկատվության դիմաց վճարելով։ Ընդ որում, քաղաքական, տնտեսական, սպորտային և այլ տեղեկություններն այդտեղ հաճախ դասակարգված էին կա՛մ առանձին էջերում, կա՛մ կոնկրետ եթերաժամերի մեջ։ Ֆեյսբուքյան լրահոսում այդ ամենը հայտնվում է քաոտիկ կերպով և մեր էջը վերածվում է երկարաձիգ հիպերտեքստի։ Ֆեյսբուքում ավանդական լրատվամիջոցների կողմից մատուցվող տեղեկություններին ավելանում են առանձին օգտատերերի ծավալուն գրառումները, որոնք հաճախ պարզապես արտատպվում կամ վերարտադրվում են (այդ թվում ֆեյսբուքյան լայվերը) տարբեր տրանսլյատոր լրատվական կայքերի էջերում և կրկին վերադառնում են ֆեյսբուքյան լրահոս՝ աննշան փոփոխություններով։ Ֆեյսբուքն այսօր վերածվել է մի ահռելի լրահոսային միջավայրի։ Այս իրողության պայմաններում շահարկումները նույնականացնելն ավելի է բարդանում։ Մարդիկ հաճախ չեն հասցնում խորանալ իրենց յուրացրած տեղեկությունների մեջ։ Նրանց խնդիրը կարծես կամա-ակամա ավելի շատ բաների մասին իմանալն է և ոչ թե՝ «ինչո՞ւ են դրանք տեղի ունեցել» կամ «առհասարակ տեղի ունեցե՞լ են, թե՞ ոչ» հարցերի պատասխաններն ստանալը։ 

«Փաստերի ստուգման հարթակի» փորձագետ Սևադա Ղազարյանը շահարկումների՝ այսօր նկատվող կտրուկ աճը բացատրում է Ֆեյսբուքի միջոցով երկիրը կառավարելու միտումով։ Քաղաքական իշխանության ներկայացուցիչներն ավելի հաճախ լսարանին դիմում են ոչ թե հեռուստատեսության կամ ավանդական լրատվամիջոցների օգնությամբ, այլ ֆեյսբուքյան լայվերի ու գրառումների միջոցով։ Մյուս կարևոր գործոնը ըստ Ս Ղազարյանի՝ տեղեկությանը հրապարակայնորեն արագ արձագանքելու հնարավորությունն է, որը ավանդական լրատվամիջոցների տիրապետության ժամանակներում կարող էր օրեր տևել։ Երրորդ գործոնը շատերիս համար՝ Ֆեյսբուքը ողջ լրատվական դաշտի հետ նույականացնելն է։ Ֆեյսբուքյան օգտատերերի  ստվար մասն իրենց անհրաժեշտ տեղեկությունների 90 տոկոսից ավելին այսօր ստանում է Ֆեյսբուքից, կամ դրանց  գտնվելու վայրի  մասին իմանում է Ֆեյսբուքում տեղադրված էլեկտրոնային հասցեներից։

Չնայած, գրեթե բոլոր ֆորմալ և ոչ ֆորմալ լրատվական կայքերն իրենց օգտահաշիվներն ունեն Ֆեյսբուք սոցիալական ցանցում և գովազդի նշումներով տարածում են իրենց հրապարակումները, այնուամենայնիվ, դրանց առավել ինտենսիվ տարածումն ապահովում են առանձին օգտատերերը։ Շատերը լրատվական նորություններին ծանոթանում են իրենց  ընկերների էջերում տեղադրված հրապարակումներից։ Հատկապես այն օգտատերերի շնորհիվ, որոնք իրենց պատերին կիսված նյութերին տալիս են ծավալուն մեկնաբանություններ։ Այդ օգտատերերը, կարծես, որոշակի իմաստով հանդես են գալիս որպես տվյալ հրապարակումների ցենզորներ։ Նրանց հետևելով է, որ օգտատերերի մի մասը կողմնորոշվում է, թե որ աղբյուրի, որ հրապարակումներն են արժեքավոր, որին արժե ծանոթանալ և որին՝ ոչ։ Հետևորդ օգտատերերից ոմանք պարզապես չեն էլ ծանոթանում կիսված նյութերի բովանդակությանը, այլ՝ բավարարվում են դրանց վերաբերյալ իրենց ակտիվ օգտատեր ընկերոջ մեկնաբանություններով։ Օգտագործելով ամերիկացի սոցիոլոգ Փ Լազարսֆելդի հայտնի ձևակերպումը՝ կարելի է ասել, որ այդ օգտատերերը «մտքի առաջնորդներ» են, որոնք պարզապես տեղափոխվել են վիրտուալ սոցիալական ցանց և ավելի հասանելի դարձել առաջին աղբյուրից տեղեկություններին ծանոթանալու հակում կամ ժամանակ չունեցող, կամ դրանցից դժվարությամբ գլուխ հանող մարդկանց համար։ 

Վիրտուալ սոցիալական ցանցում նման «մտքի առաջնորդների» հեղինակությունն ավելի ազդեցիկ է դառնում է ոչ միայն նրանց առավել տեղեկացված լինելու և համոզիչ մեկնաբանություններ ներկայացնելու կարողությամբ պայմանավորված, այլև այն տեխնիկական հնարավորությունների շնորհիվ, որոնք ընձեռում է Ֆեյսբուքը։ Խոսքն ի մասնավորի՝ գրառումներն ու տեղադրված նյութերը հավանության արժանացնելու և կիսելու հնարավորության մասին է։ Գրառումների տակ «լայքերի» և «շեյրերի» քանակի մասին  ամրագրվող նշումները ֆեյսբուքյան հայալեզու շատ օգտատերերի համար կարևոր ցուցիչներ են՝ գրառման պարունակությանը վստահելու և դրա հեղինակի հանդեպ որոշակի ակնածանք ձևավորելու առումով։ Սա իր հերթին  նպաստում է մեկնաբանության մեջ ասվածի նկատմամբ վստահության աճին։ Բնականաբար, հաճախ այդ հանգամանքի գիտակցումը «մտքի առաջնորդներն» օգտագործում են հավանումների ու կիսումների քանակն արհեստական ճանապարհով ավելացնելու համար։ Գործի են դրվում ֆեյք օգտատերեր ստեղծելու, համախոհների օգնությանը դիմելու և այլ խորամանկ միջոցներ։ Այդ հնարքները, ի լրումն ասվածի, նպաստում են մեծամասնության մաս կազմելու կամ «ընդհանուր վագոնում» հայտնվել ցանկացող՝ անտեղյակ և քննադատական մոտեցում չունեցող հետևորդների թվի աճին։ 

«Մտքի առաջնորդներին» նույնականացնելու կարևոր ցուցիչներից մեկը՝ նրանց մեծ մասի օգտահաշիվների էջերի անարգել հասանելիությունն է։ Բոլոր ցանկություն ունեցողները կարող են հետևել նրանց գրառումներին՝ առանց նրանց օգտահաշիվների հետ ընկերանալու։ Մյուս կարևոր ցուցիչն այն է, որ «մտքի առաջնորդները» սովորաբար չեն արձագանքում իրենց գրառման տակ արվող մեկնաբանություններին (քոմենթներին), հազվադեպ են բանավեճի մեջ մտնում հակառակը պնդող կամ գրառման հիմնավորվածությունը կասկածի տակ առնող օգտատերերի հետ։ Պատճառը թվում է պարզ է՝ շահարկուների նպատակը ամեն կերպ իրենց ուղերձները տարածելն է, այլ  ոչ թե դրանց հիմնավորվածությունը վերանայելը։ Հոգեբաններն, ի դեպ, նշում են, որ շահարկուների անքակտելի հատկանիշներն են հանդիսանում՝ իրենց անսխալական և անփոփոխելի համարելը։

Մեդիա հետազոտողների (Ռ Աֆրիկյան, Ս Մարտիրոսյան) կարծիքով՝ Ֆեյսբուքում մենք գտնվում ենք «տեղեկատվական փուչիկի» մեջ։ Ֆեյսբուքյան ալգորիթմն է որոշում, թե  ինչ  տեղեկություն պետք է տեսնենք, երբ պարզապես վերուվար ենք անում մեր էջի լրահոսով: Յուրաքանչյուրիս «փուչիկը» տարբերվում է մյուսներից և ինչ -որ առումով հերմետիկ է։ Ճիշտ է, մեր էջի լրահոսի բովանդակությունը հաճախ պայմանավորված է նրանով, թե  ինչ էջեր ենք առավել հաճախ այցելում, որքան հաճախ ենք դրանք հավանում կամ կիսվում։ Է Վարդանյանի կարծիքով՝ մեզ համար ոչ ցանկալի խմբերում հայտնվելու պատճառներից մեկը՝ ամեն ինչ հավանելը կամ բացելն է։ Սակայն մեր լրահոսում հայտնվում են նաև տեղեկություններ, որոնցով մենք անմիջականորեն հետաքրքրված չենք։ Ինչպես, օրինակ, գովազդային նշումով քաղաքական, տնտեսական, կրթական, սպորտային, իրավական տարբեր բնույթի տեղեկությունները։ Մյուս կողմից, ըստ Ս Մարտիրոսյանի դիտարկման՝ մենք կարող ենք հավանել 10 էջ, բայց մեր լրահոսում դրանցից կհայտնվեն ընդամենը երկուսի հրապարակումները։ Այսինքն, մյուս 8 կայքերի առավել կարևոր հրապարակումները դուրս են մնում մեր լրահոսից։ Բացի այդ, մեր ընկեր օգտատերերի գրառումներից մեր լրահոսում հայտնվելու առավել մեծ հավանականություն ունեն այնպիսիք, որոնք ավելի երկար են շարադրված և ունեն լուսանկարի կցում։ Բնականաբար, այս նրբությանը ծանոթ են շահարկու օգտարերերից շատերը և վերջիններս այն օգտագործում են իրենց ուղերձներն ավելի մեծ թվով օգտատերերի էջերին տարածելու համար։ 

Որքանո՞վ է մտահոգող այս ամենը։ Ինչպե՞ս է հնարավոր կասեցնել շահարկումների այն ալիքը, որը տարածվում է Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով և կլանում նորանոր օգտատերերի։

Լ Բարսեղյանի կարծիքով՝ շահարկումները Ֆեյսբուքում տեղի են ունենում բաց դաշտում, հետևապես, դրանք սարսափելի չեն։ Դրանք կարճատև կյանք ունեն և չեն հասցնում շատ մեծ ազդեցություն ունենալ։ Սարսափելի կլիներ, եթե լրատվական դաշտը փակ լիներ ու ենթարկված լիներ մեկ քարոզչական ուժի, ինչպես օրինակ ժամանակին նացիստական Գերմանիայում, երբ ողջ լրատվությունը կառավարվում էր մեկ մարդու՝ Պ Գեբելսի կողմից։ Սարսափելի կլինի, եթե համացանցն անջատվի և մարդիկ մնան ասեկոսեների հույսին։  Մեդիա հետազոտող Ս Մարտիրոսյանը նկատում է, սակայն, որ Ֆեյսբուքը մի տարածք է, որտեղ հաղթում են «զոռբաներն» ու շատ փող ունեցողները։ Նրանք կարող են ավելի շատ բովանդակություններ (կոնտենտ) տեղադրել և տարածել, ինչը կարող է վտանգավոր լինել և սա կասեցնելու օրինական միջոցները գրեթե բացակայում են։ Շահարկումներից խուսափելու միակ միջոցը մնում է քաղաքացիների շրջանում մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը։ Սա հնարավոր է իրականացնել՝ մի կողմից դպրոցական ու բուհական դասընթացների, մյուս կողմից՝ կարճ տեսանյութեր պատրաստելու միջոցով, որոնցում կբացահայտվեն լրատվության նպատակները, գործառույթները և մեխանիկան։  

Մեդիա փորձագետներից ոմանք, այնուամենայնիվ, համարում են, որ մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը բավարար պայման չէ շահարկումների ազդեցությունը նվազեցնելու համար։ Գ Աբրահամյանը բերում է Ֆրանսիայի փորձը, որտեղ դեռ անցած դարի 70-ական թթ դպրոցներում մտցվել են Մեդիագրագիտության դասաժամեր, որոնք, սակայն, սպասվելիք արդյունքներ չեն ապահովել։ Գ Աբրահամյանի կարծիքով՝ բացի մեդիագրագիտությունից, դպրոցներում անհրաժեշտ է խրախուսել քննադատական մտածողությունը։ Ս Մարտիրոսյանը, համավարակով պայմանավորված՝    մարդկանց չիպավորելու վերաբերյալ շահարկումների տարածումը նկատի ունենալով՝ կարևոր է համարում նաև դպրոցներում Կենսաբանություն և Ֆիզիկա առարկաների պատշաճ ուսուցումն ու  յուրացումը։ Լ Բարսեղյանը կարծում է, որ շատ օգտակար կարող է լինել նաև դպրոցներում Տրամաբանություն առարկայի դասավանդումը։ Գ Մադոյանի կարծիքով՝ մեդիագրագիտությունից առաջ աշակերտներին նախ պետք է լեզվի մեխանիկան սովորեցնել, որպեսզի լավ իմանան լեզվի հնարավորությունները։ 

Է Վարդանյանը համոզված է, որ մեդիագրագիտությունից բացի կարևոր է «ագրեսիվ» կերպով որակյալ տեղեկատվության ապահովումը «Չպետք է ենթարկվել շուկայի թելադրանքին եւ սպասել, որ ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի։  Ադամ Սմիթի նշած «անտեսանելի ձեռքը» պետք է «տեսանելի» դարձնել եւ «գործի դնել»  »։ Գոռ Մադոյանը հիշեցնում է, որ պետությունն ինքն է լրատվության առիթ ստեղծողը, հետևապես, պետք է նախաձեռնող ու ոչ թե արձագանքող լինի։ Դա նշանակում է նաև, որ պետությունը պետք է հղի իրեն և ոչ թե դեղին սկզբնաղբյուրներ, ինչպես երբեմն տեսնում ենք մեր օրերում։

Մեդիա փորձագետ Արտակ Համբարձումյանը շահարկումներից խուսափելու և որակյալ տեղեկատվության պահանջարկ ձևավորելու անհրաժեշտ պայմաններ է համարում ավանդական լրատվամիջոցների հեղինակության բարձրացումը և մեդիա դաշտի կայացումը, ինչում պետական հաստատությունները կարող են կարևոր դերակատարում ունենալ։ Նրա կարծիքով՝ Ֆեյսբուքում վերահսկողություն իրականացնելը դժվար է և շատ զարգացած երկրներ (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) տակավին չունեն բավարար գործիքներ՝ այն վերահսկելու համար։ Համամիտ լինելով այդ կարծիքի հետ՝ Ա Թադևոսյանը հավելում է, որ որոշակի ջանքեր պետք է գործադրել Ֆեյսբուքի հեղինակությունը գցելու ուղղությամբ։ Նրա դիտարկմամբ՝ հիմա լուրջ և հիմնավորված խոսքը Ֆեյսբուքից տեղափոխվում է Թվիթեր: Այս առիթով պետք է հիշենք 6-8 տարի առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված խուճապը՝ Օդնոկլասնիկի սոցիալական ցանցի օգտատերերի՝ զանգվածաբար Ֆեյսբուք  տեղափոխվելու հետ կապված, ինչն ուղեկցվում էր՝ Ֆեյսբուքն անլուրջ տարածքի վերածելու մասին մտահոգություններով։ Այդ մտահոգությունները, ինչպես հետագայում պարզվեց, մեծ մասամբ հիմնավորված էին։ Սակայն, ներկայումս Ֆեյսբուքում շահարկումների և կենցաղային մակարդակի կոնտենտի հայտնվելը միայն այդ հանգամանքով չէպայմանավորված,, դրա համար այլ պատճառներ էլ կան.վերջին տարիներին Ֆեյսբուքի տեխնիկական հնարավորությունների ընդլայնումը, ալգորիթմային փոփոխությունները, մեծ թվով նոր լրատվամիջոցների հանդես գալը։ Ինչպես նաև, հայալեզու Ֆեյսբուքում՝ Թավշյա հեղափոխության հետևանքով տեղի ունեցած քաղաքական վերադասավորումները, հանրության հետ հաղորդակցվելու մշակույթի փոփոխությունը, ինչը՝ Ֆեյսբուքը դարձրեց հանրության հետ հաղորդակցվելու գլխավոր ուղեփողը։  

«Փաստերի ստուգման հարթակի» (ՓՍՀ) խմբագիր Անի Գրիգորյանը, հղելով մի շարք երկրներում Ֆեյսբուք սոցիալական ցանցում բռնությանն ու խտրականությանը վերաբերող բովանդակությամբ նյութերը հեռացնելու գործում փաստերի ստուգմամբ (factcheking) զբաղվող տեղական մասնաճյուղերի գործունեությունը, կարևոր է համարում այդ համակարգին հայաստանյան ներկայացուցիչների մասնակցությունը։ Քանի որ ֆեյսբուքյան ներկայիս ալգորիթմը դժվար է գլուխ հանում հայալեզու բովանդակություններից։ Նա  նաև կարևորում է ՀՀ մարզերում ու տարբեր տարիքային խմբերում մեդիագրագիտության կարճատև դասընթացների անցկացումը, որը ՓՍՀ-ն իրականացնում է վերջին տարիներին։ 

Ֆեյսբուք սոցիալական ցանցում շահարկման տարբեր դրսևորումների տարածումը սահմանափակելու և դրանց ազդեցությունը թուլացնելու առումով, անշուշտ ինստիտուցիոնալ տարբեր մակարդակներում (պետական մարմիններ, Ֆեյսբուքի տնօրինություն, համագործակցող կազմակերպություններ) վերահսկողության մեծացումը և ավանդական լրատվամիջոցների դերի բարձրացումը կարող են որոշակի բարերար ներգործություն ունենալ։ Նմանապես՝ կարևոր նշանակություն կարող է ունենալ տարբեր մակարդակներում (հանրակրթական, ոչ ֆորմալ դասընթացների, հեռուստա և ռադիո հաղորդումների) մեդիագրագիտության և օժանդակ (լեզու, տրամաբանություն, կենսաբանություն, ֆիզիկա, հոգեբանություն) դասընթացների կազմակերպումը։ Սակայն, ժամանակակից հասարակությունների կյանքում վիրտուալ սոցիալական ցանցերի դերի մեծացումը մի կողմից, և դրանց տեխնիկական հնարավորությունների հարստացումը մյուս կողմից, նպաստում են շահարկման նորանոր հնարքների կիրառմանը և դրանք տարածելու բազմահնար եղանակների ստեղծմանը։  Վաղուց նշմարվող այդ միտումները արագ արձագանքման միջոցառումներ են ենթադրում, որոնք ծանրաշարժ հաստատությունները հաճախ ի վիճակի չեն ապահովել։ Անհրաժեշտ են շահարկման նոր հնարքների և շահարկող նոր սուբյեկտների հայտնվելու վերաբերյալ ցանցային օգտատերերին պարբերաբար ծանուցող ազդագրեր և վերլուծություններ, որոնցում կբացահայտվեն շահարկումը նույնականացնող նորահայտ ցուցիչները, շահարկման թիրախները և շահարկման ակնկալելի հետևանքները։

Փորձագետներ

Աղասի Թադևոսյան – մշակութային մարդաբան, Դետեկտոր վերլուծական  առցանց հանդեսի վերլուծաբան

Անի Գրիգորյան – Փաստերի ստուգման հարթակի խմբագիր

Արտակ Համբարձումյան – մեդիա փորձագետ, Ազատություն ռադիոկայանի գործադիր պորդյուսեր

Գայանե Աբրահամյան –  նախկինում Հանրադիտակի և Ֆակտոր հ/ը խմբագիր, ներկայում՝ Աժ պատգամավոր

Գոռ Մադոյան – մեդիա փորձագետ, Դետեկտոր վերլուծական առցանց հանդեսի վերլուծաբան

Էդգար Վարդանյան –քաղաքագետ, Դետեկտոր վերլուծական առցանց հանդեսի խմբագիր, վերլուծաբան

Լևոն Բարսեղյան - «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ

Հովհաննես Նազարեթյան - Փաստերի ստուգման հարթակ, փորձագետ

Ռաֆայել Աֆրիկյան – Տեղեկատվության ստուգման կենտրոնի ղեկավար

Սամվել Մարտիրոսյան – մեդիա հետազոտող

Սևադա Ղազարյան - Փաստերի ստուգման հարթակ, փորձագետ

 

Նիկոլ Մարգարյան, մշակութաբան, Դետեկտոր վերլուծական առցանց հանդեսի վերլուծաբան

 

10052020