ԿԵՂԾ ԽՈՍՈՒՅԹՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐԸ

...

Բաղադրություն

  • Մեկ փաստի կամ հանգամանքի կարևորության ուռճացում
  • Ապատեղեկատվություն, իրականության անտեսում կամ խեղաթյուրում
  • «Օտարերկյա գործակալներ» պիտակավորում

 

ԿԵՂԾ ԽՈՍՈՒՅԹՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐԸ[i]

 

 

Շաբաթներ առաջ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի գրասենյակի մոտ մի խումբ մարդիկ՝ ոստիկանության նախկին աշխատակից Նարեկ Մալյանի գլխավորությամբ, ցույց էին իրականացնում: Վերջինս Սերժ Սարգսյանի իշխանության օրոք եղել է ոստիկանապետ Վ. Գասպարյանի խորհրդականը: Ցույցի մասնակիցներից էր նաև ՀՀԿ կուսակցության նախընտրական ցուցակի իններորդ հորիզոնականը զբաղեցրած Մենուա Հարությունյանը: Հետաքրքիր է, որ ցույցի ակտիվ մասնակից էր նաև մեկ այլ նախկին ոստիկան Ռոբերտ Մելքոնյանը, որը քաղաքացիական ակտիվիստների մեջ հայտնի է Բազազ մականունով։ Վերջինս  դիտվում է նաև որպես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք ընդդիմադիր շարժումների և քաղաքացիական նախաձեռնությունների ճնշմանն ուղղված ոստիկանական գործողությունների ընթացքում խիստ բացասական վարքագիծ դրսևորած մեկը: Որպես ավտորիտար ռեպրեսիվ համակարգի ներկայացուցիչ՝ նրան լավ են հիշում նաև Մաշտոցի պուրակի պահպանմանը նվիրված  քաղաքացիական նախաձեռնությունների մասնակիցները:

Երբեմնի ոստիկանապետական բռնատիրության ներկայացուցիչ, իսկ ներկայումս՝ յուրայինների կողմից քաղաքացիական ակտիվիստ անվանվող Նարեկ Մալյանն իր ելույթում արեց հայտարարություն, թե Ջորջ Սորոսը հավաքագրել է «օտարերկյա գործակալների», ում օգտագործում է մեր պետականությունը քանդելու նպատակով, և որ «նրանց  տասնամյա ջանքերի շնորհիվ վարկաբեկված է ոստիկանությունը, իրավապահ և դատական համակարգը, կրթական համակարգը»: Հայտնի է, որ  դատաիրավական և ոստիկանական համակարգերը վարկաբեկվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ հասարակության լայն խավերի շահերը ոտնահարելու և ավտորիտար ռեժիմին սպասարկելու արդյունքում։ Նման մի շարք մանիպուլյացիոն պնդումներին, որոնք  ուղղված են իրողությունները ոչ ճշգրիտ ներկայացնելուն, հաջորդում է «Սորոսի գործակալներ», «ամենապիղծ, ամենատականք, ամենակեղտոտ» բնութագրումները, և ներկայացվում «Սորոսի վաստակներին» Հայաստանից վռնդելու առաջարկ: Ելույթն ավարտվում է այն համոզվածությամբ, որ Սորոսի հիմնադրամն ունի «ջեբի» նախարարներ ու պատգամավորներ, այնուհետև հաջորդում է  ամփոփումը. «Այստեղ են (նկատի ունի Սորոսի գրասենյակը)  որոշումները կայացվում: Այստեղից են որոշումները պարտադրվում մեր իշխանությանը: Մենք, ըստ էության, եկել ենք արգելափակենք մեր բուն կառավարության շենքը: Այստեղից է կառավարվում  մեր երկիրը: Սա է մեր կառավարության շենքը: Բոլոր ցուցարարները՝ բոլոր հարցերով կարող են գալ այստեղ, որովհետև այստեղից են բոլոր հրահանգներն իջեցվում մեր իշխանությանը: Սա է սատանայի որջը: Սա է ամեն պղծության որջը»:  Նույն մտքերն են արտահայտված նաև Ն.Մալյանի տարածած հայտարարության մեջ. «Սորոսի սինդիկատից տարիներ շարունակ վճարված՝ արտաքին ազդեցության գործակալներն այսօր Ազգային ժողովում պատկառելի ներկայացվածություն ունեն: Կառավարության կազմում նրանց քանակն ու աստիճանը սարսափելի է: Այդ բոլոր մարդիկ միայն մեկ տեր ունեն. այդ տերը Ջորջ Սորոսն է որի ներկայացուցչի՝ Լարիսա Մինասյանի տրված հրահանգներն անվերապահորեն և առանց քննարկման ի կատար են ածում: ՀՀ որևէ քաղաքական ուժ կամ պաշտոնյա որևէ ազդեցություն չունի այդ մարդկանց որոշումների և գործունեության վրա: Արտաքին ազդեցության գործակալական ցանցը մոլախոտի նման պարուրում և ոչնչացնում է ցանկացած առողջ ծիլ: Իրավիճակն աղետալի է, հապաղումը՝ կործանարար»: 

Հարց է առաջանում ո՞րն է « Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրանսենյակի առջև իրականացված ակցիայի բուն նպատակը: Դրա համար փորձենք վերլուծել նշված ելույթի տեքստը: Այն կազմված է  երկու հիմնական մասից: Տեքստի առաջին մասում իրականացվում է Սորոսի կերպարի դեմոնիզացիա և կառուցվում դավադրապաշտական սխեմա, համաձայն որի, Սորոսի հիմնադրամն ունի Հայաստանը կործանելու ծրագիր, և այդ նպատակով  հավաքագրում է գործակալներ: Տեքստի երկրորդ հատվածում այդ դեմոնիզացված կերպարը նույնացվում է ներկայիս իշխանությունների հետ և խոսքի որոշ դրվագներում օտարերկյա գործակալներ են հայտարարվում ոչ միայն  ՀՀ գործող իշխանությունները, այլև՝ հեղափոխություն իրականացրած քաղաքացիական գործուն ուժերը: Հաճախ են գործածվում վիրավորանքներ, պիտակավորումներ, խտրական, ագրեսիվ ու պրովոկացիոն արտահայտություններ՝ ուղղված մարդկանց մոտ բացասական զգացմունքների և քայլերի ձևավորմանը:  Տեքստը հիմնականում կառուցված է փաստարկումներից զերծ, կեղծ հայտարությունների վրա: Հատկանշական է, որ 24News լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի կողմից Նարեկ Մալյանին ուղղված այն հարցին, թե՝ ինչ փաստեր ու ապացույցներ  ունի իր կողմից ներկայացված այն պնդմանը, թե իբր՝ Հայաստանում վիճակն ապակայունացնելու համար այսօրվա կառավարության ամենավերին շրջանակները հրահանգ են ստանում Սորոսի կողմից, ոչ միայն չի տրվել պատասխան, այլև՝ Մալյանի հետ հավաքված մարդկանց կողմից լրագրողի հանդեպ հնչեցվել են սպառնալիքներ ու կիրառվել որոշակի ճնշումներ: Մեկ այլ հրապարակման մեջ հեղինակը, անդրադառնալով Ն.Մալյանի փաստարկներին, մեկ առ մեկ ներկայացնում է դրանց կեղծ և շինծու բնույթը:

Ակնհայտ է, որ նման տեսքտերի տարածումը ունի ներկա խոսույթների վրա ազդեցություն թողնելու նպատակ: Խոսույթի վերլուծության տեսության մեջ կան հանգուցային նշանի և էկվիվալենտների հասկացություններ: Հանգուցային համարվում են այն նշանները, որոնց շուրջ կառուցվում են գործողություններն ու իմաստները, իսկ էկվիվալենտները՝ հանգուցային նշանի բովանդակությունը ձևավորող ենթաիմաստներն են[ii]: Մեր կողմից քննարկվող դեպքի պարագայում թվում է՝ հանգուցային նշանը «Սորոսի հիմնադրամն» է, քանի որ այն առաջնայնորեն թիրախավորված է: Բայց խոսույթի վերլուծության տեսանկյունից այս միջադեպի դիտարկումը թույլ է տալիս ասել, որ իրականում այն (Սորոսի հիմնադրամը) էկվիվալենտ է, իսկ հանգուցային նշանը ՀՀ նոր իշխանություններն են: Իսկ այս գործողության նպատակը իրական հանգուցային նշանի՝ ՀՀ նոր իշխանությունների վարկանիշի վրա բացասական ազդեցություն գործելն է: Այսինքն, թիրախավորելով «Սորոսի» հիմնադրամը, փորձ է արվում խոսույթի մակարդակում ներկա իշխանություններին՝ որպես հանգուցային նշանի, հաղորդել բացասական բովանդակություն՝ ազդու բացասական էկվիվալենտ ձևավորելու միջոցով: Սա ակնհայտ մանիպուլյատիվ հնարք է. «Բաց հասարակության հիմնադրամների» դեմոնիզացման միջոցով հարվածել ներկա իշխանությունների վարկանիշին և հեղինակազրկել ավանգարդի դերակատարում իրականացրած հեղափոխական երիտասարդությանը: 

Վերլուծության սկզբում պատահական չնշեցինք ցույցի առաջնորդների անունները: Խոսույթի վերլուծության տեսությունում, մասնավորապես, պերֆորմատիվ բնույթի խոսույթներում, երբ տվյալ պահին ասվող խոսքն ուղղված է իրականությունը կառուցելուն, կարևոր դրույթ է համարվում կոնվենցիոնալությունը, այսինքն՝ այն պայմանականությունները, թե ով է ասում  և ինչ պայմաններում է ասվում խոսքը[iii]: Եթե գողը խոսում է գողության դեմ պայքարի, կարգազանցը՝ կարգ ու կանոնի հաստատման, օրինախախտը՝ օրենքների ստեղծման, կամ կոռուպցիոները՝ կոռուպցիայի կանխարգելման մասին, նրանցից ոչ մեկը չի ապահովում անհրաժեշտ կոնվենցիոնալություն, և նրանց խոսքը մանիպուլյատիվ է՝  ուղղված  ոչ թե իրողությունները ճշմարտացիորեն նկարագրելուն, այլ՝ կեղծելուն: Այսօր քաղաքացիական ակտիվիստներ ներկայացող մարդիկ, որոնք տարիներ շարունակ ծառայել են ժողովրդավարությունը և մարդու իրավունքները բռնաճնշող քոչարյանական ու սերժսարգսյանական վերնախավի կողմից գլխավորվող ՀՀԿ-ական ռեժիմին, իսկ որոշներն էլ՝  եղել  դրա վառ ներկայացուցիչները, չեն ապահովում այն անհրաժեշտ կոնվենցիոնալությունը, որը կարող է երաշխավորել ասվածի համարժեքությունը և ծառայել որպես իրականությունը ադեկվատորեն նկարագրելու միջոց: Ավելին, ժողովրդավարությունից, պետականության ամրապնդումից, հասարակական առողջ համակեցությունից և այլ արժեքներից խոսող այս անձինք տարիներ շարունակ եղել են ժողովրդավարությունը և քաղաքացիների իրավունքները ոտնահարող ՀՀԿ-ական ավտորիտար համակարգի մասը և ուղղակի կամ անուղղակի՝ աջակցել  քաղաքացիական հասարակության դեմ պայքարին, պետականության թուլացմանը, մարդկանց շարունակական ունեզրկմանը և այլ բացասական երևույթների, որոնց դեմ նրանք հիմա խոսում են: Այսինքն,  խոսույթի այն հիմնարար պայմանը, թե ով է խոսքն ասողը՝ չի ապահովում անհրաժեշտ կոնվենցիոնալությունը և մանիպուլյատիվ է:  Բավական չէ, որ իրենք չեն ապահովում խոսքն ասողի արժանահավատության հիմնարար պայմանը, իրենց տեքստն էլ կառուցված է կեղծ ու հորինված փաստարկումների վրա:

 

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Նարեկ Մալյանի գլխավորությամբ՝ իբրև թե «Սորոսի» հիմնադրամի դեմ իրականացվող ակցիան, իրականում, ուղղված է այսօրվա իշխանությունների, հեղափոխական ու քաղաքացիական արժեհամակարգով աչքի ընկնող երիտասարդության և Թավշյա հեղափոխության դեմ: Որպես դրված նպատակին հասնելու միջոց՝ կիրառվում է Հայաստանի նոր, հեղափոխական իշխանությունների վերաբերյալ մանիպուլյատիվ խուսույթներ ձևավորելը: Դրա համար գործածվում են իրականության կեղծ ներկայացման, «մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծելու», հեղափոխական երիտասարդությանն ու նոր իշխանություններին  «օտարերկյա գործակալներ» պիտակավորելու, հանգուցային և էկվիվալենտ նշանների տեղերը փոխելու, պերֆորմատիվ դիսկուրսի կոնվենցիոնալության պայմանը խախտելու ու մի շարք այլ, մանիպուլյատիվ հնարքներ: 

 

 



[i] Ներկայացվածը երեք հոդվածից կազմված շարքի առաջին հրապարակումն է: Հոդվածների այս շարքը նվիրված է վերջին շրջանում քաղաքացիական պայքարի դաշտում իրականացվող մանիպուլյատիվ գործողություններին, դրանց գլխավոր դերակատաների, թաքնված նպատակների ու թիրախների վերլուծությանը:

[ii] Jorgensen Ph. 2002. Discourse analyses: A theory and method. London-Thousand Oaks-New Delhi: Sage publication, pp. 42-43.

[iii] Austin J. 1999. How to do things with words. Oxford: Clarendon press, pp.12-18.

 

 

Հեղինակ՝ Աղասի Թադեւոսյան

25-06-2019

Լուսանկարը՝ Yerevan Today