ԷՅՖՈՐԻԱՅԻ ԱՌԱՍՊԵԼԸ

...

Բաղադրություն

  • Կեղծ պատճառահետևանքային կապ
  • Եզրույթների շփոթ և ոչ ճշգրիտ մեկնաբանում
  • Անհիմն պնդում և ապատեղեկատվություն

 

ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրում է, որ նախկին իշխանությունների ճամբարի որոշ ներկայացուցիչներ  շարունակում են ակտիվորեն շրջանառել այն թեզը, որ հասարակությունը գտնվում է էյֆորիայի մեջ: Նմանատիպ մտքեր են արտահայտում նաև որոշ մեկնաբաններ, որոնք, ըստ էության, ժամանակին ողջունել են թավշյա հեղափոխությունը, ինչը և նպաստում է այս թեզի առավել հանրայնացմանը: Էյֆորիայի թեզի կողմնակիցներից շատերը նշում են, որ նման մթնոլորտում ձևավորվում է ապագաղափարական, միակուսակցական համակարգ, ինչն անառողջ և դատապարտելի երևույթ է:

 ԴԵՏԵԿՏՈՐՆ անհիմն, իրար հակասող և մանիպուլյատիվ է համարում նման պնդումները: Փաստացի, դրանց  հեղինակները հասարակությունը դիտարկում են որպես միատարր զանգված, ապա այդ գոյություն չունեցող զանգվածին վերագրում են  իռացիոնալ վարք և դրա հիման վրա  եզրակացնում, որ ներկայիս քաղաքական գործընթացները վտանգավոր են Հայաստանի  ժողովրդավարական զարգացման տեսանկյունից:    Իրականում, հասարակության մեջ, իրոք, կարող են լինել բազմաթիվ խմբեր, որոնք  Փաշինյանի և նրա թիմի հետ տարբեր հարցերում  անհամաձայնություններ ունենալով, պատրաստ են սատարել նրանց՝ համարելով, որ  վերջիններս  ներկայացնում են իրենց շահերը, և  քվեարկելով նրանց օգտին, թույլ չեն տա  հակահեղափոխությանը գլուխ բարձրացնել, ավելին՝ կնպաստեն հեղափոխության ձեռքբերումների պահպանմանն ու  ամբողջական իշխանափոխությանը, որի  արդյունքում կունենանք ավելիին հասնելու  հնարավորություններ:

 

Մեր հիմնավորումները

Սկսենք նախկին իշխանական ճամբարի ներկայացուցիչ, սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի` lenta.ru-ին տված հարցազրույցում առաջ քաշած որոշակի թեզերի դիտարկումից:  Նա կանխատեսում է, որ Հայաստանում կձևավորվի միակուսակցական խորհրդարան՝ մեկ և միակ քաղաքական միավորի լիակատար գերիշխանությամբ: Նախ, հարկ է նշել, որ հայաստանյան ընտրությունների արդյունքում չի կարող ձևավորվել  միակուսակցական խորհրդարան թեկուզ այն պարզ պատճառով, որ ըստ Ընտրական օրենսգրքի, ԱԺ  մանդատների առնվազն 1/3-ը պետք է տրվի ընդդիմադիր ուժերին, որոնք պետք է լինեն առնվազն երկուսը, և չկա որևէ հիմնավորում, թե ինչու այդ երկու ուժերը չպետք է ընդդիմադիր լինեն:  Այսինքն, նույնիսկ եթե մեկ քաղաքական ուժ ստանա ընտրողների 100% ձայները, միևնույն է՝ ԱԺ-ն չի կարող լինել միակուսակցական, և դրա մասին չեն կարող չիմանալ քաղաքական հայտարարարություններ անող սուբյեկտները: Ուստի՝ կարող ենք հիմնավորապես պնդել, որ նման հայտարարությունները մանիպուլյատիվ բնույթ ունեն և ուղղված են ապագա խորհրդարանի նկատմամբ քաղաքացիների մոտ բացասական պատկերացում ձևավորելուն: Ի դեպ,  «Իմ քայլը»  դաշինքը, լինելով հեղափոխական հանրության մի զգալի հատվածը ներկայացնող ուժ, բավականին բազմաշերտ է: Եվ  մեծ է հավանականությունը, որ այդ ուժի ներսում տարբեր խմբակցություններ կձևավորվեն կամ, առնվազն՝ կարծիքների բազմազանություն կլինի:

Քոչարյանը նաև նշում է, որ  ձևավորվելու է «նոր քաղաքական մոնոպոլիա», որը լուրջ վնաս է հասցնելու երկրին: Նա պնդում է, որ երկրում դադարելու է գործել զսպումների և հակակշիռների համակարգը, և որ մեկ կուսակցության վառ ընգծված դոմինանտությունը հասարակության՝ «քաղաքականապես հիվանդ լինելու վկայություն է»: 

 Իհարկե, մեծ է հավանականությունը, որ ապագայի կառավարությունը ձևավորի Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը: Սակայն, դա ամենևին չի ենթադրում, որ Հայաստանում քաղաքական մոնոպոլիա է ձևավորվելու, և որ չեն գործելու զսպումների և հակակշիռների մեխանիզմները: Միակուսակցական կառավարությունները բնական երևույթ են դեմոկրատական պետությունների համար. այդպիսի կառավարություններ ձևավորվում են այն ժամանակ, երբ ընտրությունների արդյունքում մեկ քաղաքական ուժ ստանում է ձայների բացարձակ մեծամասնությունը, և անհրաժեշտություն չի լինում ձևավորել կոալիցիոն կառավարություն: Եվ որևէ հիմք չկա պնդելու, թե միակուսակցական կառավարությունը պակաս ժողովրդավարական է, քան կոալիցիոնը: Եթե ժողովրդավարության տեսությունում  ժողովրդավարական համարվեր միայն կոալիցիոն կառավարությունը, ապա  դեմոկրատական երկրները պարտավոր կլինեին օրենսդրորեն ամրագրել դա: Իրականում, միակուսակցական կառավարությունը ընտրողների հետ ունի ավելի ուղիղ և հստակ կապ, և կարող է առավել անկաշկանդ կատարել իր հիմքում ընկած քաղաքական ուժի նախընտրական խոստումները, քան կոալիցիոն կառավարությունը: Վերջինիս ծրագիրը, համեմատած առաջինի՝ հետընտրական տարբեր ուժերի միջև ձերքբերված կոմպրոմիսի արդյունք է, որին հասնելու գործընթացին ընտրողներն այլևս չեն մասնակցում իրենց քվեով: Այդուհանդերձ, կառավարության երկու տիպերն էլ ժողովրդավարության շրջանակներում ընդունելի և ընդունված ձևեր են: 

Վերադառնալով Քոչարյանի հարցազրույցին՝ նշենք նաև, որ վերջինս,  կասկածի տակ չդնելով ապագա արտահերթ ընտրությունները ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու հանգամանքը, նշում է, որ կուսակցություններն ընտրություններին պատրաստ չեն, և այդ իսկ պատճառով դրանց արդյունքները միանգամայն կանխատեսելի են:

Նախ՝ հարց է առաջանում. ի՞նչ  է նշանակում՝ պատրաստ չեն ընտրություններին: Հեղափոխության հենց առաջին օրերից ասվել և կառավարության ծրագրում ամրագրվել է, որ Հայաստանում մեկ տարվա ընթացքում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ, իսկ դա նշանակում է, որ քաղաքական ուժերը հնարավորություն ունեին հենց այդ պահից սկսած՝ պատրաստվել այդ ընտրություններին: Բացի այդ, խորհրդարանական կառավարման համակարգին բնորոշ է արտահերթ  խորհրդարանական ընտրությունների հաճախակի անցկացման պրակտիկան, ու, թեև հայաստանյան մոդելն իր կայուն մեծամասնության և այլ դրույթներով պայմանավորված, զգալիորեն դժվարացնում է այն,  միևնույն է, քաղաքական ուժերը միշտ պետք է պատրաստ լինեն վաղաժամկետ ընտրությունների:

Ուստի՝ կուսակցությունների անպատրաստ լինելը չի կարող հիմք դառնալ ընտրությունների չանցկացման կամ անցկացնելու դեպքում՝ դրանք պակաս ժողովրդավարական համարելու համար: 

Քոչարյանը նաև չի հիմնավորում, թե ինչու պետք է կապ լինի ընտրությունների արդյունքների կանխատեսելիության և քաղաքական ուժերի անպատրաստ լինելու միջև.  նման անվերապահ պնդումը  մանիպուլյատիվ է հնչում:  Ինչպես արդեն նշել ենք,  չի բացառվում, որ «Իմ քայլը» դաշինքն ընտրությունների արդյունքում ունենա բացարձակ մեծամասնություն, հիմնականում դա  պայմանավորված կլինի «Իմ քայլի» չափազանց բարձր վարկանիշով, քանի որ դաշինքի կազմում են թավշյա հեղափոխության նախաձեռնողներից շատերը՝  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Իր հարցազրույցում Քոչարյանը նաև նշում է, որ էլեկտորատի մի մասը էյֆորիկ վիճակի մեջ է  և պատրաստ չէ առարկայական քննարկման: Նաև ավելացնում է, որ հասարակության ծայրահեղ էմոցիոնալ գրգռվածության պարագայում անխուսափելի է քաղաքական մոնոպոլիայի ձևավորումը:  Նա իր դատողություններին գիտական հիմնավորում է փորձում տալ՝  նշելով, թե սոցիալական հոգեբանությունը պնդում է, որ էմոցիոնալ գրգռվածության վիճակում հասարակությանը չի կարելի լուրջ որոշումներ կայացնել: Ի դեպ, այս թեզն այսօր շատերի կողմից է շրջանառվում, այդ թվում՝ հեղափոխության որոշ աջակիցների:

 Նախ՝ ի՞նչ փաստերի կամ գաղափարների հիման վրա են արվում վերոնշյալ դատողությունները, ի՞նչ նշաններ կան, որ կարող են հիմք ծառայել նման դատողությունների համար: Քոչարյանը որևէ կերպ չի հիմնավորում իր այդ թեզը, և ընթերցողը պետք է կամ հավատա դրան, կամ՝ ոչ:
Փորձենք, այնուամենայնիվ, ինքներս ենթադրել, թե  էյֆորիայի թեզի հիմքում ինչպիսի դատողություններ կարող են լինել: Հնարավոր է, ասենք,  մտածեն, որ «Իմ քայլի», Նիկոլ Փաշինյանի չափազանց բարձր վարկանիշն անբնական է, որ նման ահռելի աջակցություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ մարդիկ գտնվում են  անբնական հոգեվիճակ
ում:

Մենք կարող ենք հիմնավոր կերպով պնդել, որ հասարակությունը մեծ ոգևորություն է ապրել, երբ իր ակտիվ մասնակցությամբ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել (մի բան, որ շատերին անհավանական էր թվում), և երկրում սկիզբ է դրվել նոր, լեգիտիմ իշխանության ձևավորման գործընթացի: Կասկած չի կարող լինել, որ այդ ոգևորությունը բնական և օրինաչափ է, և էնդորֆինների մեծ քանակը, որ ստացել են մարդիկ, խթանել է բուռն դրական էմոցիաների առաջացում, ինչը և ընդունված է կոչել էյֆորիկ վիճակ (էյֆորիա բառի հիմքում «լավ» եւ «կրող» հուներեն բառերն են): Խնդիրը կոնկրետ այս բառը չէ, սրա փոխարեն և սրան համարժեք՝ այլ բառեր էլ են  օգտագործվում. օրինակ՝ ոգևորություն, զգացմունքային գրգռվածություն, և այլն: Ուղղակի, հասարակությունը չի կարող գտնվել պերմանենտ էյֆորիկ վիճակում. բաղձալի հաղթանակի արդյունքում առաջացած էյֆորիան տևում է մի քանի ժամ, առավելագույնը՝ մի քանի օր: Սրա վառ ապացույցն է՝ երկրպագուների կողմից ֆուտբոլային թիմի գերկարևոր հաղթանակը տոնելու տևողությունը, որը երբեք չի գերազանցում մի քանի օրը, իսկ ավելի հաճախ՝  մի քանի ժամը:  Եթե այդպես չլիներ, մարդկային խմբերը չէին կարող արդյունավետ գործառնել, և տարատեսակ հաղթանակները կարող էին նրանց շատ երկար ժամանակով կտրել հասարակական կյանքից, իսկ հաճախակի հաղթանակների դեպքում՝ մարդիկ, ընդհանրապես, կարող էին և չվերադառնալ նորմալ վիճակի:  

Բացի այդ, երկրում տեղի ունեցող մի շարք գործընթացներ իրենց հերթին ապացուցում են, որ հայ հասարակությունը հեռու է էյֆորիայի մեջ լինելուց, այլապես, ինչպե՞ս կարող է կառավարող ուժի թեկնածուն ՏԻՄ ընտրությունների արդյունքում  պարտվել որոշ համայնքներում: Կամ, ինչպե՞ս է հնարավոր, որ էյֆորիկ վիճակի մեջ գտնվող հանրությունում հեղափոխությանը սատարած մեծ թվով  մարդիկ խիստ քննադատաբար վերաբերվեն Փաշինյանի կողմից՝  իրենց համար ոչ ցանկալի մարդկանց պաշտոններ տալուն: Իսկ «Իմ քայլի», կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը բացատրող ամենահամոզիչ վարկածը, մարդկանց ռացիոնալ ընտրությունն է. մարդիկ իրականացրել են հեղափոխություն և ցանկանում են պաշտպանել,  անդառնալի դարձնել այն: Նրանք կարող են մտածել՝ թեև այսօր կան բացթողումներ, սակայն, հեղափոխության նպատակների զգալի մասն իրականացվում է, և հեղափոխության էլ ավելի խորացման և հակահեղափոխություն թույլ չտալու համար հարկավոր է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը կառավարման անհրաժեշտ  լծակներ ունենան:  Եվ այստեղ էական չէ՝ արդյո՞ք բոլորը գիտեն, թե որն է այդ թիմի սոցիալ-տնտեսական հայեցակարգը,  որոնք են տարբեր ոլոտներին վերաբերող ծրագրերը, և այլն: «Իմ քայլին» սատարող մարդկանց շարժառիթը   հեղափոխության օրակարգի իրականացմանը նպաստելն է: Կարող ենք ենթադրել նաև, որ այդ ահռելի աջակցությունը չի լինի, եթե հանկարծ «Իմ քայլը» զգալիորեն շեղվի այդ օրակարգից:

Ի դեպ, ժամանակին էյֆորիայի թեզի կողմնակիցներից շատերը, այդ թվում՝ Քոչարյանը, պնդում էին, թե Փաշինյանը չունի լուրջ հանրային  աջակցություն, իսկ հիմա, ըստ նրանց,  պարզվում է՝ այդ աջակցությունն այն աստիճանի է, որ ընտրությունների արդյունքներն արդեն իսկ կանխորոշված են:

Այսպիսով, ԴԵՏԵԿՏՈՐՆ արձանագրում է, որ անհիմն է հասարակության էյֆորիկ վիճակի մասին թեզը. «Իմ քայլը» դաշինքի հնարավոր հաղթանակին նպաստող հանգամանքները բացատրող Քոչարյանի պնդումը հիմնված է սխալ պատճառահետևանքային կապի վրա:  Կեղծ փաստարկների վրա են հիմնված նաև  Հայաստանում միակուսակցական պառլամենտ և միակուսակցական համակարգ ձևավորվելու վերաբերյալ պնդումները:

 

 Հեղինակ՝ Էդգար Վարդանյան

16-11-2018