Հայաստանում քաղաքական ուժերի վարկանիշի վերաբերյալ սոցիոլոգիական հարցումները մշտապես եղել են քաղաքական կուսակցությունների շահարկումների առարկա, և 2019թ. մայիսին ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (այսուհետ՝ ՄՀԻ) հարցումների արդյունքների հրապարակումը ևս զերծ չմնաց այդ միտումից: Շահարկող քաղաքական ուժերի մեջ կրկին ամենախանդավառը և, ըստ էության, միակը՝ ՀՀԿ-ն էր: Հուլիսի 9-ին՝ նշված հետազոտության արդյունքների հրապարակումից մեկ օր անց, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ 3-րդն Է: Այսօր հրապարակվել են ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Բազմաթիվ հետաքրքիր տվյալներ կան: Ակնհայտ են հասարակության վստահության անկումը գործող իշխանությունների հանդեպ և հասունացող քաղաքական ապատիան: Իշխանությունը ժողովրդի միամտության հաշվին զավթած Փաշինյանն ի վիճակի չէ, ըստ այդ տվյալների, բավարարել հասարակությանը շռայլորեն տրված խոստումները: Հատկանշական է, որ հանրային ընկալման դաշտում սրվել են սոցիալական խնդիրների ընկալումները՝ աշխատավարձեր, թոշակներ, գործազրկություն: Միաժամանակ, մեր բնակչության համար մտահոգիչ են մնում անվտանգության, նոր պատերազմի սպառնալիքները և Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները: Զարմանալի չէր նաև, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը երկրում ունի 3-րդ վարկանիշը՝ ԻՄ ՔԱՅԼԻՑ և ԲՀԿ-ից հետո: Կասկած չկա, որ ժամանակի ընթացքում ժողովուրդը էլ ավելի է մերժելու պոպուլիզմն ու ստերը և վերադառնալու է դասական քաղաքական դաշտ: Մնում է, որ այդ ընթացքում երկրին չի հասցվի անվերականգնելի վնաս»: Այնուհետև նա հղում է ՄՀԻ-ի կազմած այն դիագրամը, որտեղ արտացոլված է ՀՀԿ-ի վարկանիշը: Նույն օրը ֆեյսբուքյան իր էջում ՄՀԻ-ի հետազոտության արդյունքներին մասնակի անդրադարձավ նաև ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Մամիջանյանը:
ՀՀԿ փոխնախագահ Ա. Աշոտյանի գրառման և ՄՀԻ-ի հետազոտության արդյունքների համեմատությունից տպավորություն է ստեղծվում, որ նրա գլխավոր նպատակը ոչ թե սոսկ ՀՀԿ-ի վարկանիշային առաջընթացը բարձրաձայնելն է, այլ՝ ՀՀ ներկա իշխանությունների ձախողումներից խոսելը: Սակայն, ինչպես պարզ է դառնում ՄՀԻ-ի՝ 2018թ. հոկտեմբերին և 2019թ. մայիսին անցկացրած հարցումների արդյունքների համեմատությունից՝ Ա. Աշոտյանի մատնանշած ձախողումները չեն փաստարկվում վերոհիշյալ հետազոտության մեջ ներկայացված քանակական տվյալներով, ավելին՝ մեծամասամբ վկայում են հակառակ միտումների մասին, ինչը թույլ է տալիս պնդել, որ գործ ունենք հերյուրանքի, կեղծ եզրահանգումների և հանրային կարծիքի շահարկման բազմաթիվ փաստերի հետ:
Մեր հիմնավորումները
Նախ, ՀՀԿ-ի՝ երրորդ հորիզոնականում հայտնվելու մասին: Ա. Աշոտյանն իր գրառման մեջ փորձում է այն ներկայացնել իբրև բացառիկ նվաճում: Մինչդեռ խոսքն ընդամենը 2018թ հոկտեմբերի հարցումների համեմատ 3 տոկոս աճ գրանցելու մասին է (էջ 39 և 43), որը, ինչպես իրավացիորեն նկատում են տարբեր բանախոսներ (1, 2), կարող է տեղավորվել հարցման հնարավոր սխալանքի՝ 2-2,5 տոկոս սանդղակի շրջանակում, հատկապես, երբ պոտենցիալ (երկրորդ տեղով) ձայների առումով, ՀՀԿ-ին տրվելիք քվեների քանակն աննշան է: Շատ ավելի մեծ (21 տոկոսային կետով և ևս 2 տոկոս՝ առաջին քվեարկությամբ) աճ է գրանցել ԲՀԿ-ն (էջ 39 և 43), որը նախընտրում է լռել դրա մասին: ԲՀԿ-ի նման մոտեցումն ավելի ռացիոնալ է, որովհետև հասարակական կարծիքի վրա քաղաքական ուժերի իրական ազդեցության կարևորությունն ընդգծվում և նաև ստուգվում է ԱԺ ընտրությունների ժամանակ: 2018թ. հոկտեմբերի հարցումների համաձայն՝ մի շարք կուսակցություններ, այդ թվում՝ ՔՊ-ն և ՀՀԿ-ն, ավելի ցածր վարկանիշ ունեին (համապատասխանաբար՝ 60 և 2 տոկոս), բայց 2018թ. ԱԺ ընտրություների ժամանակ ստացան ավելի շատ ձայներ (համապատասխանաբար՝ 70.4 և 4.70), իսկ ԲՀԿ-ն, ընդհակառակը` 2 տոկոսով ավելի ցածր վարկանիշ ապահովեց (8.26՝ 10 տոկոսի փոխարեն): Իսկ եթե Աշոտյանը նկատի ունի իրենց կուսակցության կողմից նոր Սահմանադրությամբ՝ ԱԺ-ի համար գծած քաղաքական ուժերի հարաբերակցության այն ձևաչափը, որտեղ պետք է ներկա լինեին քաղաքական երեք ուժեր, հավանաբար՝ մեկն ընդդիմադիր, և ենթադրում է, որ 2019թ. հարցումների արդյունքները երրորդը լինելու հնարավորություն է ուրվագծում իրենց համար (հետևում թողնելով ԼՀԿ-ն), ապա նման ոգևորությունը վաղաժամ է, քանի որ մինչև ԱԺ հաջորդ ընտրությունները 4 տարի կա, և մինչ այդ, ինպես ասում են՝ «դեռ շատ ջրեր են հոսելու»: Այսինքն՝ «երրորդ տեղի» մասին խոսելը նույնպես, Ա. Աշոտյանի գրառման գլխավոր նպատակը չէ:
Այսպիսով, առավել կարևորություն է ձեռք բերում նրա այն միտքը, որը հաջորդում է գրառման վերնագրին ու փոքրիկ նախաբանին, և որտեղ նա հայտարարում է «գործող իշխանությունների նկատմամբ վստահության անկման» ու «հասունացող քաղաքական ապատիայի» մասին: Սակայն, նա խուսափում է կոնկրետ նշել, թե վստահության անկման ինչ գործակիցների մասին է խոսքը, և օրինակ՝ ՄՀԻ-ի կողմից 2018թ հոկտեմբերին և 2019թ մայիսին իրականացրած հարցումների արդյունքներով, քանակական ինչպիսի փոփոխություններ են դրանք կրել: Մեզ մնում է ենթադրել, որ խոսքը գրառման հաջորդ մասում հիշատակված՝ աշխատավարձերի, թոշակների, գործազրկության, ինչպես նաև, նոր պատերազմի սպառնալիքի, անվտանգության և Արցախի խնդրի կարգավորման հետ կապված ակնկալիքներին վերաբերող գործակիցների մասին է, չնայած, այս դեպքում ևս, Ա. Աշոտյանը խուսափում է կոնկրետ վիճակագրություն բերելուց: Ի տարբերություն նրա՝ Դետեկտորը պարտադիր է համարել հղել ՄՀԻ-ի հետազոտությունում առկա վիճակագրական տվյալները, որովհետև Աշոտյանի գրառման առիթը հենց ՄՀԻ-ի հրապարակած վիճակագրությունն է:
Ըստ այդմ՝ ինչպիսի՞ քանակական պատկեր է մեզ հրամցնում ՄՀԻ-ի կողմից անցկացված վերոհիշյալ ուսումնասիրություն/ներ/ը: Նախ՝ աշխատավարձերի, թոշակների և գործազրկության մասով: ՄՀԻ-ի անցկացրած երկու հարցումների (2018թ. հոկտեմբերի և 2019թ մայիսի) արդյունքների համեմատությունը ցույց է տալիս, որ ներկա իշխանությունների ամենամեծ ձեռքբերումների սանդղակում աշխատատեղերի ստեղծումը մնացել է նույն տեղում: Այսինքն՝ ցուցանիշի բարելավում կամ վատթարացում չկա: Սակայն, բարելավում առկա է աշխատավարձերի բարձրացման ցուցանիշում: Եթե այն, իբրև այդպիսին, բացակայում էր 2018թ հոկտեմբերի հարցումների ժամանակ, ապա 3 տոկոս ցուցանիշով այն հայտնվում է 2019թ մայիսի պատասխաններում (էջ 5 և 6): Նման առաջխաղացում առկա է նաև թոշակների բարձրացման պարագայում (տես՝ նույն տեղում): Մեջբերվող դիագրամում (աշխատատեղերի ստեղծմանը վերաբերող պատասխաններում) երկու հարցումների միջև տարբերությունները բացակայում են, իսկ ահա, երկրի առջև ծառացած անհանգստացնող խնդիրների շարքում՝ գործազրկությունը 2018թ. 5 տոկոսից նվազել է 1 տոկոսի (համապատասխանաբար` էջ 26 և 24):
Նույն հարցին (երկրի առջև ծառացած ամենից շատ մտահոգող խնդիրների առնչությամբ) տրված պատասխանների համեմատությունները հիմք են տալիս մերժել նաև Ա. Աշոտյանի կեղծ անհանգստությունները՝ «անվտանգության, նոր պատերազմի սպառնալիքների և Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների» վերաբերյալ: Քննվող ժամանակահատվածում երկրի ազգային անվտանգության վերաբերյալ հարցվողների մտահոգությունը մնացել է նույն՝ 8 տոկոսի մակարդակում (էջ 26 և 24), իսկ Կառավարության ամենամեծ ձախողումների տեսանկյունից՝ այն 8 տոկոսից (էջ 6) նվազել է 4 տոկոսի (էջ 7): Ակնհայտ նվազումն առկա է նաև քաղաքական անկայունության առումով. քննվող ժամանակահատվածում այն 22 տոկոսից իջել է 9 տոկոսի (էջեր 6 և 7):
Երկու հարցումների միջև տվյալների վատթարացման միտում կա միայն նոր պատերազմին առնչվող անհանգստության և Արցախի հիմնախնդրի հետ կապված հարցերում (այս երկուսը, ըստ էության, փոխկապակցված են): Նոր պատերազմի վտանգի վերաբերյալ մտահոգությունը 2018թ. հոկտեմբերի՝ 21 և 30 տոկոսային կետերից (որպես երկրորդ պատճառ) բարձրացել է 24 և 34-ի (էջ 26 և 24): Արցախի հիմնախնդրի վերաբերյալ անհանգստությունն աճել է 2 տոկոսով (նույն տեղում): Թեև այս տվյալները միայն Հայաստանի իշխանության կամքով և գործունեությամբ չեն պայմանավորված և կապված են արտաքին գործոնների հետ: Մյուս կողմից, Արցախի հիմնախնդրի սրացված ընկալման մեջ ծանրակշիռ ներդրում ունեն հենց ՀՀԿ-ական քարոզիչները, որոնք տարբեր լրատվամիջոցներով շարունակաբար մեղադրանքներ են հնչեցնում՝ այդ հիմնախնդրի լուծման հարցում ՀՀ ներկայիս իշխանություների «ձախողման և նոր պատերազմի սպառնալիքի» վերաբերյալ: Պետք է հատուկ ընդգծենք, որ այս երկու հիմնախնդիրները ՀՀԿ քարոզչության առաջնային թիրախներն են: Հավանաբար, նաև դրանով է պայմանավորված ՀՀԿ վարկանիշի 3 տոկոսով աճը (սխալանքը նկատի ունենալով):
Առանձին անդրադարձի կարիք ունի նաև Ա. Աշոտյանի ակնարկած՝ հայաստանյան հասարակությունում «հասունացող քաղաքական ապատիան»: ՄՀԻ-ի վերոհիշյալ հարցումներում քաղաքական ապատիայի շարժի վերաբերյալ կոնկրետ տվյալները բացակայում են: Թերևս ապատիայի մասին հիշվում է միայն ապագայի հանդեպ լավատեսության վերաբերյալ հարցում, ըստ որի՝ ապագայի հանդեպ ապատիան քննվող ժամանակահատվածում աճել է 7 տոկոսով (էջ 17): Այնուամենայնիվ, քաղաքական ապատիայի և իշխանության նկատմամբ վստահության պակասի աճից խոսելու` Աշոտյանի մեծ ցանկության դեպքում անգամ, չէր կարող նրան հայտնի չլինել քաղաքական գործընթացներին բնորոշ ոսկե օրինաչափությունը, ըստ որի, հասարակության մեջ քաղաքականության նկատմամբ հետաքրքրությունը վերելք է ապրում ընտրությունների նախօրեին՝ ընտրողների հետ քաղաքական ուժերի ակտիվ աշխատանքի, շռայլվող խոստումների և լավատեսության քարոզների շնորհիվ և անկում ապրում ընտրություններից հետո՝ ընտրողների հետ շփումների նվազման, խոստումներից գործի անցնելու և իրական խնդիրներին առերեսվելու փուլում: Հենց դրա մասին են վկայում ՄՀԻ երկու հարցումների արդյունքների վրա հիմնված՝ ներքոբերյալ աղյուսակի տվյալները (Էջ 42):
Ժամանակամիջոց |
Ո՞րչափ եք հետաքրքրված քաղաքականությամբ |
||
Ցածր հետաքրքրվածություն |
Միջին հետաքրքրվածություն |
Բարձր հետաքրքրվածություն |
|
Մայիս 2019թ |
43 |
26 |
30 |
Հոկտեմբեր 2018թ |
30 |
29 |
40 |
Կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ ՄՀԻ-ի հրապարակած տվյալները մերժում են նաև «ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ հասարակության վստահության անկման» մասին Աշոտյանի թեզը: Ըստ այդմ, իշխանության վարկանիշը գրեթե չի փոփոխվել (տես էջ 39 և 43 ): Հատկանշական է, որ նույն հարցումների համաձայն՝ հայաստանյան հասարակությունում պատկառելի թիվ են (56 տոկոս) կազմում ՀՀԿ-ն մերժողները (էջ 44), ինչին սակայն, Ա. Աշոտյանը չի անդրադառնում: Իսկ դրանք վկայում են ՀՀԿ-ի նկատմամբ մեր հասարակության ունեցած բացասական վերաբերունքի անփոփոխ լինելը: Բացի այդ, ՀՀ գործող իշխանություններից դժգոհության ավելացումը միավորներ չի փոխանցում ՀՀԿ-ին: Ըստ ՄՀԻ տվյալների՝ ենթադրելի է, որ դրանք կարող են ուղղորդվել ԲՀԿ-ին: ՄՀԻ հետազոտությունները նաև հուշում են, որ բազմաթիվ ցուցանիշների առումով (այդ թվում՝ վերը նշվածների մեծ մասի), 2018թ տվյալներն ավելի բացասական են, քան 2019-ինը: Եվ պատճառն այն է, որ 2018թ. հարցումների ժամանակ ՀՀ իշխանության մեջ (ի մասնավորի՝ ԱԺ-ում) ՀՀԿ-ն տակավին գործուն ներկայություն ուներ: Այս ամենն, անշուշտ, գերադասելի է սքողել, քան՝ խոստովանել: Դրան ծառայող լավագույն հնարքը Աշոտյանի պարագայում՝ սեփական կուսակցությանը իբրև հաջողակ, իսկ քաղաքական հակառակորդին իբրև ձախողակ ներկայացնելն է: Այսինքն՝ «երրորդ տեղը» լինելու մասին բարձրաձայնումը երրորդական նշանակություն ունի և ընդամենը առիթ է՝ իրական փաստերից լսարանի ուշադրությունը շեղելու և իշխանության «ձախողումների» վրա կենտրոնացնելու համար, ինչը, անցած մեկ տարում ՀՀԿ-ականների՝ հասարակության աչքում սեփական վարկանիշը բարձրացնելու գլխավոր մարտավարությունն էր: Իսկ դա, ինչպես ցույց են տալիս նաև վերոնշյալ հետազոտությունների ամփոփ արդյունքները, հաջողությամբ չի պսակվում:
Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան
22-07-2019