2018թ. նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքում հրապարակվեց կուսակցության խորհրդի կողմից հաստատված՝ Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակի և ԱԺ առաջիկա արտահերթ ընտրությունների մասին հայեցակարգի նախագիծ, որը բաղկացած էր 5 ենթաբաժնից. 1) 2018թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին իրավիճակի զարգացման հիմնական հանգրվանների գնահատական, 2)Փաշինյանի պաշտոնավարումը. սպասումներ և իրականություն, 3)Հայաստանի Հանրապետական կուսակցության սխալներն ու բացթողումները, արձանագրած արդյունքները, 4)կուսակցության առաջիկա անելիքները, 5)կուսակցության խորհրդի որոշումը (այն է՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին): Մի կողմ թողնելով այս փաստաթղթի քաղաքական բաղադրիչը՝ ուսումնասիրենք ՀՀԿ-ի մատնանշած տնտեսական արդյունքները:
Հանրապետական կուսակցության հայեցակարգային հայտարարության մեջ ԴԵՏԵԿՏՈՐԸ նկատել է մանիպուլյատիվ տարրեր: Ներկայացված պնդումներում նկատելի են խեղաթյուրված տվյալներ, ընտրողաբար ներկայացված են միայն դրական ցուցանիշները, այնինչ, նախագծի սխալներ և բացթողումներ բաժնում պետք է արտացոլված լինեին տնտեսական վատթարացած ցուցանիշները, որոնք օբյեկտիվորեն կփոխանցեին սոցիալ-տնտեսական իրական պատկերը Հայաստանում, ՀՀԿ-ի ղեկավարման տարիներին:
Առաջին շոշափելի տնտեսական հաջողությունը, որն ըստ ներկայացված հայեցակարգի նշել է ՀՀԿ-ն, դրամական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքի կրկնակի աճն է: 2006 թվականին ՀՆԱ-ն դրամական արտահայտությամբ կազմել է 2,656 մլրդ դրամ, իսկ արդեն 2017 թվականին այն կազմել է 5.580 մլրդ դրամ: Մի կողմ թողնենք այն թվային ուռճացումը, որ այս 2 թվերի հարաբերակցության արդյունքում աճը եղել է ոչ թե կրկնակի, այլ՝ 1.8 անգամ: Խնդիրն այստեղ բոլորովին այլ է: Հաշվի առնելով, որ ներկայացված են անվանական ցուցանիշներ, կարևոր է դիտարկել նաև այդ տարիների գնաճի մակարդակը, ինչը հնարավորություն կտա պատկերացում կազմել ՀՆԱ-ի իրական աճի մասին: Ինչպես գիտենք, Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի նպատակադրում է 4 տոկոսանոց գնաճի մակարդակ, որի կատարման հնարավոր շեղումը սահմանվում է 1.5 տոկոսային կետ: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ տարվա գնաճն իր մեջ ներառում է նախորդ ժամանակահատվածինը: Եվ եթե արձանագրված ՀՆԱ-ի՝ 1.8 անգամ աճից հանենք այդ տարիների կուտակված գնաճը, ապա բոլորովին այլ պատկեր կստանանք: Բացի այդ, եթե համեմատենք նույն ՀՆԱ-ն, սակայն՝ դոլարային արտահայտությամբ, կտեսնենք, որ 2017 թվականի դրությամբ դեռևս չի վերականգնվել նախկին՝ 2007 թվականի մակարդակը:
Հայաստանի Համախառն ներքին արդյունքը և 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն
2008-2017թթ.-ին
Ուշադրության արժանի երկրորդ մանիպուլյացիոն տարրը վերաբերում է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին: Այստեղ մենք ականատես ենք կրկնակի մաթեմատիկական հնարքի: Ինչպես գիտենք, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն հաշվարկելու համար անհրաժեշտ է ՀՆԱ-ն բաժանել բնակչության թվի վրա: Թե ինչպես է այս հարաբերակցության համարիչը ուռճացվել գնաճի միջոցով, արդեն անդրադարձանք նախորդ պարբերության մեջ: Սակայն, սրան զուգահեռ՝ նվազել է Հայաստանի բնակչության թիվը. hենց ՀՀԿ-ի իշխանության տարիներին, մեր երկրի մշտական բնակչությունը անկախության ողջ ժամանակահատվածի ընթացքում առաջին անգամ նվազեց 3 միլիոնից: Այսինքն, մի կողմից ուռճացվել է կոտորակի համարիչը, մյուս կողմից՝ կրճատվել հայտարարը, և բնական է, որ դրանից ավելի մեծ արդյունք է երևում:
Բացի այդ, նկատելի է, որ ՀՀԿ-ն ներկայացրել է միայն այն ցուցանիշները, որոնք դրական բնույթ ունեն և լռում է նրանց մասին, որոնք կարող են քննադատության տեղիք տալ: Օրինակ՝ ՀՀԿ-ի իշխանության 10 տարիների ընթացքում շուրջ 5 անգամ ավելացել է ՀՀ պետական պարտքը՝ 2006թ.-ի 2․1 մլրդ ԱՄՆ դոլարի համեմատ 2017թ. հասնելով 9․9 մլրդ դոլարի, և այդ 9.9 մլրդ դոլարի պարտքը պետք է մարեն գալիք սերունդները: Այնպես որ, դեռ հարց է. արդյո՞ք այդ տարիներին դրական աճ առհասարակ եղել է, թե ընդհակառակը՝ գերակշռել են բացասական երևույթները:
Երրորդ դիտարկումը. ՀՀԿ-ում բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման մասին խոսում են՝ հրապարակելով միջին ամսական աշխատավարձի շուրջ երեք անգամ, և միջին ամսական կենսաթոշակի՝ շուրջ 3.7 անգամ աճի մասին տվյալներ: Ըստ ներկայացված թվերի, միջին ամսական աշխատավարձը 2006թ.-ի 62,293 դրամի փոխարեն 2017-ին կազմել է 184,170 դրամ, իսկ միջին ամսական կենսաթոշակը 10,912 դրամի փոխարեն՝ 40,296 դրամ։ Բնականաբար, այստեղ խոսքը անվանական աշխատավարձի և անվանական կենսաթոշակի մասին է։ Հայտարարության հեղինակները կրկին մոռանում են, կամ միտումնավոր չեն խոսում գնաճի մասին:
Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տեղեկատվության, 2006-2017թթ. սպառողական ապրանքների համախառն գնաճը ՀՀ-ում կազմել է մոտ 62.6%։ Եթե ՀՀԿ-ի հրապարակած միջին ամսական անվանական աշխատավարձի և միջին ամսական անվանական կենսաթոշակի թվերից հանենք 62.6% գնաճը, ապա պարզ կդառնա, որ համադրելի գներով իրական աշխատավարձը 2006թ.-ի 62,293 դրամի փոխարեն 2017-ին կազմել է ընդամենը 68,843 դրամ, իսկ իրական կենսաթոշակը՝ 2006թ.-ի 10,912 դրամի փոխարեն 2017-ին կազմել է ընդամենը 15,063 դրամ։ Այսինքն, աշխատավարձի բազմակի աճի մասին խոսելն ուղղակի անիմաստ է , քանի որ արձանագրված չնչին բարելավումը պարզապես համադրելի չէ ներկայացված պատկերի հետ:
Որպես չորրորդ՝ կարևորագույն շեշտադրում, ՀՀԿ-ի կողմից ներկայացվում է ՀՆԱ-ի կառուցվածքի փոփոխությունը: Համաձայն հայեցակարգային փաստաթղթի, ծառայությունների ոլորտը 2017 թվականին 2006-ի համեմատ ավելացել է շուրջ 3 անգամ՝ կազմելով ՀՆԱ-ի 50.4 տոկոսը: Սակայն այստեղ պետք է նշել, որ այդ բարձր ցուցանիշն արձանագրվել է ոչ թե ծառայությունների ոլորտի կտրուկ և առաջանցիկ աճի, այլ իրական հատվածի մյուս ոլորտների աճի դանդաղման հաշվին:
Հինգերորդ մանիպուլյացիոն երևույթը պետական բյուջեի հարկային եկամուտներին անդրադառնալիս է դրսևորվել։ Ըստ ՀՀԿ-ի, 2006-2017 թվականների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են 162 տոկոսով, իսկ պետական բյուջեի եկամուտները (հարկային եկամուտներ՝ գումարած ոչ հարկային եկամուտներ)՝ 139 տոկոսով: Այստեղ, նախևառաջ, կասկածելի է իրականացված վարչարարությունը. չէ՞ որ ըստ 1-ին կետի, ՀՆԱ-ն դրամական արտահայտությամբ աճել է 2 անգամ, այդ դեպքում՝ ինչո՞ւ հարկային եկամուտները, որոնք, ի դեպ, գոյանում են նույն ՀՆԱ-ից, աճել են ընդամենը 1.6 անգամ: Սա ակնհայտ թերացում է, այլ ոչ՝ ձեռքբերում, որը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ մեծ տեղ են ունեցել ստվերը և հարկային հավաքագրումների անհավասարությունը:
Վերոնշյալին զուգահեռ, ՀՀԿ-ի հայտարարության տեքստում բացակայում է նաև անդրադարձը բնակչության կենսամակարդակը բնութագրող այնպիսի ցուցանիշներին, ինչպիսիք ենք՝ աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը, դրամի արժեզրկումը, ժամկետանց վարկային պարտավորությունների ավելացումը և այլն, ինչը ևս մեկ անգամ թույլ է տալիս պնդել, որ ներկայացված փաստարկները միակողմանի են և ներկայացնում են այդ տարիների զարգացումների թվացյալ դրական կողմերը, ինչը, բնականաբար, չի կարող արտացոլել իրական տնտեսական պատկերը:
Նախագծում որպես ձեռքբերում՝ նշված է հետևյալ միտքը. «ԵԱՏՄ համահիմնադիր անդամ դառնալուն զուգահեռ՝ ստորագրեց ԵՄ հետ փոխգործակցության շրջանակային համաձայնագիր, կարողացավ իր թեկնածուներով համալրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ԵԱՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնները»:
ԴԵՏԵԿՏՈՐԸ փաստում է, որ ԵԱՏՄ ոչ մի պայմանագրով ամրագրված չէ Հայաստանի՝ համահիմնադիր երկիր լինելու հանգամանքը: Իրավական տեսանկյունից, ԵԱՏՄ համահիմնադիր տերմինը առհասարակ կիրառելի չէ, և միայն այս հանգամանքը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն ցանկանում է արհեստականորեն մեծ կշիռ տալ իր գործունեությանը: Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ԵԱՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնները էստաֆետային են և յուրաքանչյուր 3 տարին մեկ փոխանցվում են անդամ հաջորդ երկրին՝ ըստ այբբենական կարգի: Ուստի, այստեղ մեծ ջանքեր պետք չէր գործադրել, որ այբբենական կարգով առաջինը հանդիսացող Հայաստանը ստանա հիշյալ պաշտոնները:
Ամփոփելով վերոնշյալ դիտարկումները, ԴԵՏԵԿՏՈՐԸ փաստում է, որ ՀՀԿ-ի կողմից ներկայացված տնտեսական տվյալները համատեքստից կտրված են և զգալիորեն խեղաթյուրված։ Ընտրողաբար ներկայացվել են առանձին վերցրած դրական ցուցանիշներ` անտեսելով տնտեսության վիճակը բնութագրող այնպիսի կարևորագույն ցուցիչների տվյալները, ինչպիսիք են՝ աղքատությունը, պետական պարտքը, աշխատավարձերը, գնաճը և այլն, որոնք, իրականում, վկայում են ՀՀԿ-ի ծրագրի մանիպուլյացիոն բնույթի մասին:
Հեղինակ՝ Մերի Հովսեփյան
04-12-2018
Աղբյուրների ցանկ՝